USD486.78
EUR574.01
RUB8.17
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Առանց դավանանքի կամ «արմատական ընդդիմադիրը»

Առանց դավանանքի կամ «արմատական ընդդիմադիրը»
16.03.2010 | 05:40

Ժամանակակից հեքիաթ-իրապատում
Լինում է, չի լինում, չկայացած մի կուսակցություն է լինում։ Էս կուսակցության անդամները մի երթուղային տաքսու ուղևորների քանակի են լինում։ Ոմանք կառարկեն` momento!, բա ո՞նց են դրանք բոլորի աչքերին «թոզ» փչում, թե համաժողովներ են գումարում, վարչության, ինչպես իրենք են ասում, պլենար նիստեր հրավիրում։ Արձանագրենք հակիրճ` պատահում է։ Նաև պարզաբանենք` ինչպես մարդ-թերթ է լինում, այնպես էլ` մարդ-կուսակցություն։ Համագումար կոչված շոուների ընթացքում էլ այս մարդ-կուսակցությունը գլխաքանակով լցնում է ցանկացած մեծության դահլիճ։ Եթե պետք լինի` իր չունեցած անդամներով մարզահամերգայինն էլ կլցնի։ Սակայն չշեղվենք մեր հեքիաթի բուն սյուժեից։
Էս չկայացած կուսակցությունը մի փոխնախագահ է ունենում, որն իրեն այդ չեղած կուսակցության նախագահ կարգելուց հետո անգամ այդպես էլ չի կարողանում ձերբազատվել «փոխ» բարդույթից։
Համառոտ ներկայացնենք այս «փոխ»-ի հիմնական պարունակությունը (հոգու, սրտի, ուղեղի)։ Եվ այսպես.
ա) եթե դիմացինը կրթական բարձր ցենզ ունեցող մեկն է, կաշվից դուրս է գալիս, որ ցուցադրի-հավատացնի, թե ինքը հայ քաղաքական մտքի գիգանտ է, հայկական սահմանադրության հայրը։ Իսկ «մտքին» կամ «հորը» ի՞նչ են անում. իհարկե, «կերակրում» են, շահում ու պահում։
բ) Եթե զրուցակիցը «հատակի» ներկայացուցիչ է, ինքն է հայտնվում «հատակում» (մի բան էլ ներքև) և լայն շառավիղով ի ցույց դնում փողոցային ժարգոնին տիրապետելու հմտությունը (խոստովանենք, որ այդ ասպարեզում Արևելքի մի շարք ակադեմիաների ակադեմիկոսի կոչում կարող է ակնկալել այս «փոխ»-ը)։
գ) Թերևս ամենակարևորը` ո՜նց է հայհոյում, միայն լսել է պետք, գլուխդ բռնած կփախչես։ Իր զայրույթն ու թշնամանքը հարուցածի յոթ պորտը խառնում է իրար. սրվում-ծամածռվում են դիմագծերը, ակնակապիճներից քիչ է մնում դուրս թռչեն աչքերը, ծղրտում է լաչառ կնոջ հանգով, թափահարում աջ ձեռքի վեր տնկած ցուցամատն ու միայն իրեն հասանելի պաթոսով ցուցադրում հայհոյանքի ժանրին ողջ լայնությամբ ու խորությամբ տիրապետելու իր վարպետությունը։ Նման իրավիճակներում սա իսկը չարի մարմնացում է. մոռանում է բոլորին ու ամեն ինչ` ինքն է, իր հակառակորդն ու սեփական հայհոյախոս լեզուն, որն այնպիսի ելևէջներով ու բառաբարդումներով է մթնոլորտ արտանետում ուղեղի գաղջ արտադրանքը, որ ակամա խոստովանում ես` մարդը, իսկապես, «աս» է այդ ասպարեզում, կարող է մրցակցել «հատակի» ցանկացած շերտի ներկայացուցչի հետ ու անպատճառ իրենը կլինեն հայհոյախոսության դափնիները։
դ) Եթե ակնկալիք ունի դիմացինից` ով ուզում է լինի այդ սուբյեկտը. բարեկամ (սխալ բառ օգտագործեցինք, որովհետև այդպիսիք նրա շրջապատում գրեթե չկան. նրա ունեցածն իր զոմբին է, մի քանի նազիր-վեզիրներն են, մեկ էլ պարբերաբար փոփոխվող, բայց վճարող «պատվիրատուները»), թե թշնամի, միևնույն է. «Ախպե՜ր ջան»,- կանչելով, ինչպես հայ ժողովրդական հեքիաթներում են հաճախ ասում` «շուլալվում» է դիմացինին ու «կարոտով» համբուրում։ Կարևորը, սակայն, համբույրը չէ, այլ այն, որ հաճախ իր գրկում հայտնվածի հեռանալուց հետո թքում է նողկանքով ու արտաբերում` «мразь!»։

Ընթերցողները, թերևս, արդեն կռահեցին մեր հեքիաթի «փոխ»-ի դավանած սկզբունք-պատվիրանները։ Այնուամենայնիվ, հետևելով Վլադիմիր Իլյիչի այն պնդմանը, թե` «կրկնությունը գիտության մայրն է», մեկ անգամ էլ թվարկենք դրանք.
1. Միշտ դատի՛ր, որ չդատվես։
2. Պատվի՛ր քո հորն ու մորը, եթե հարուստ են։
3. Շնացի՛ր, եթե գրպանիդ պարունակությունը շոշափելի է դառնալու։
4. Գողացի՛ր, եթե հոժարակամ չեն տալիս։
5. Ստի՛ր, եթե շահ ունես։
6. Աչքդ գցի՛ր քո մերձավորի տան, բիզնեսի, ընդհանրապես նրա ողջ ունեցվածքի վրա։ Ինչը քո մերձավորինն է, փորձի՛ր քոնը դարձնել։
7. Խնդիրները ժամանակի լուծմանը թողնելն ու ժամանակին հարմարվելը մանրապճեղների գործն է, զորեղները («փոխ»-ն իրեն ամենազոր է կարծում) ժամանակն են իրենց հարմարեցնում և ուզած պահին, ուզած ձևով լուծում անլուծելին։
8. Դրա՛մն է ամեն ինչ փոխում ու իր տեղը դնում, ո՛չ թե ժամանակը։
9. Քաղաքականության մեջ (մեր հեքիաթի «փոխ»-ը համոզված է, որ ինքը ժամանակակից քաղաքական դաշտի հիմնասյուներից է) սիրի՛ր միայն քեզ, մնացածներից (իմա` դիրք ու դրամ ունեցողներից) միայն փո՛ղ ակնկալիր։
10. Փո՛ղ... փո՛ղ... փո՛ղ... Փո՛ղն է աշխարհի Աստվածն ու հոգին, հավատն ու սերը։ ՈՒրեմն, սրի՛ր ճանկերդ ու ընկի՛ր Հայաստանի քաղաքական և տնտեսական դաշտերի ջանին` պոկի՛ր, ինչքան կարող ես ու ինչ կարող ես, պոկի՛ր, մինչև ճանկերիցդ արյուն հոսելը։

Կարծում ենք, արդեն հասկանալի է, որ մեր իրապատում հեքիաթի այս հերոսը քաղաքական դաշտի բարդ իրավիճակներում միշտ էլ իրեն զգացել է ինչպես ձուկը ջրում (թե հատկապես ո՛ր ձուկը, ամեն մեկը թող իր նախընտրած տեսակը մտաբերի)։ Նա այնքա՜ն լավ է «լողում», որ պատրաստակամ է դառնալու յուրաքանչյուր իրեն վարձակալողի «փոխ»-ը։ Բայց նրա դավանանքն իմացողները (Հայաստանը փոքր երկիր է` բոլորն էլ բոլորի մասին ամեն ինչ գիտեն) «փոխ»-ին գնելու ցանկություն հիմնականում գրեթե չեն դրսևորում։ Սա էլ ստիպված ինքնամատուցմամբ է զբաղվում. երբեմն բախտը ժպտում է (եթե լա՜վ է «շուլալվում» իր ապագա «զոհի» ոտքերին), երբեմն էլ` երես թեքում (ինչպես ՀՀՇ-ի դեպքում, օրինակ)։
Մինչ ՀՀՇ-ի հետ կատարվածին անցնելը, փաստենք, որ ՀՀՇ-ականները (թե՛ նախկին, թե՛ ներկա) սրանից փախչում են, ինչպես ժանտախտից։ Թե փորձեք հարցնել` ինչո՛ւ, կպատասխանեն. «No comment! Անմաքուր բաներից չենք խոսում»։ Նրանք միայն ասում են, թե այդ «փոխ»-ը «շա՜տ մութ ու վտանգավոր տիպ է», անգամ նրա` KГБ-ական ժամանակներից մեր օրերը հասած ծածկանունն են բարձրաձայնում (չէ՛, մենք այն առայժմ չենք բացահայտում)։
Անցնենք մեր ասելիքին. սրանից ուղիղ 3 տարի 10 ամիս առաջ այս «փոխ»-ը մի լավ «փիքր արեց» (բախտն այդ օրերին լքել էր նրան) ու ո՛չ ավելի, ո՛չ պակաս որոշեց դառնալ ՀՀՇ-ի «փոխ»-ը։ Հետո՞ ի՜նչ, որ կարճ ժամանակ առաջ ՀՀՇ-ին հայհոյելով կոկորդն էր պատռում` հուսալով, թե վերևներում, ի վերջո, կնկատեն իրեն («чем черт не шутит?», մեկ էլ տեսար որևէ պաշտոն առաջարկեցին, զորօրինակ, գյուղնախարարի)։ Նրա ճիգերը, սակայն, ի դերև ելան, այդպես էլ ո՛չ ոք չնկատեց «փոխ»-ին։
Հա, ուրեմն, մեր հերոսը սրանից ուղի՛ղ 3 տարի 10 ամիս առաջ սրտի ուզածին հասնելու նպատակով «աուդիենցիա» խնդրեց ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանից։ Հանդիպեցին։ «Փոխ»-ը լայն ժպիտը դեմքին տարածեց թևերը, գիրկն առավ ՀՀՇ փոխնախագահին. «Բա՛րև, ախպե՜ր ջան»։
Խորհրդային ժամանակների հայտնի «գենսեկի»` Լեոնիդ Իլյիչի նման մեր հերոսն էլ է սիրում գիրկն առնել հանդիպածին ու առավել ջերմեռանդությամբ սեղմել իր «պաչպչոցի» այն սուբյեկտին, որն աթոռ (կապ չունի բարձրն ու ցածրը` միայն չորս ոտք ու նստատեղ ունենա) զբաղեցնող օբյեկտ է։
Հա՛, ուրեմն ՀՀՇ փոխնախագահը «փոխ»-ի համբույրից անակնկալի եկած, ժպտաց մեր հեքիաթի հերոսին, հրաժարվեց նրա սրճա-մրգա-կոնֆետա-կոնյակային հյուրասիրությունից, ունկնդրեց սրա առաջարկները, հետո թե` «փոխ» ջան (չէ՛, Խաչատուրն այդպես չասաց, մենք ենք ասում), գնահատում ենք մեզ ծառայելու պատրաստակամությունդ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը քո «раскрутка»-ի կարիքը չունի։ «Arrivederci!» (իմա` ցտեսություն)։
Ընկալեցիք, չէ՞, ինչ «раскрутка»-ի մասին էր խոսքը։ «Փոխ»-ը փորձում էր վրեժխնդիր լինել ժամանակի իշխանություններից (մասնավորապես Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմից), որոնք (իր իսկ պնդմամբ) լքել էին իրեն, հանձնել բախտի քմահաճույքին։ Կարծում էր` ինքն այնքա՜ն հզոր է, որ եթե նման քայլ է կատարում, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատն անվերապահորեն պետք է շնորհ անի օգտվելու իր «բարեհաճությունից»։ Եվ ինչպե՞ս կարող են հրաժարվել, մտորում էր «փոխ»-ը, եթե կարճ ժամանակ անց խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Ինքն ինչե՜ր ասես չի անի ՀՀՇ-ի ու Տեր-Պետրոսյանի համար։ Հետո էլ 2008-ն է բախելու դուռը` նախագահական ընտրություններ են գալու, պայքարը թեժ է լինելու, հատկապես, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ քաղաքականություն վերադառնալու և նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնի։
Ինչպես և սպասվում էր, «փոխ»-ը չհուսահատվեց Խաչատուր Քոքոբելյանի մերժումից։ Ոլոր-մոլոր ճանապարհներով փորձեց «տետ ա տետ» զրուցել ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի հետ։ Վերջինս, սակայն, փոխանցեց, թե ինքն ընդհանրապես լավ է վերաբերվում «փոխ»-երին, բայց կոնկրետ այս «փոխ»-ի նկատմամբ «личный неприязнь» ունի, նրա հետ հարաբերվելուց սրտխառնոց է զգում։
Շա՜տ համառն էր այս «փոխ»-ը։ Որքան էլ ատում էր Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին, այնուամենայնիվ, պնդաճակատորեն որոշեց հանդիպել նրան ու քննարկել անքուն գիշերներին մշակած իր պլանը։ Պարզվեց, Վահագնը լավ է ճանաչում խորհրդային ժամանակների այս կոմսոմոլ-ակտիվիստին ու «չի ցանկանում առնչվել անմաքուր բաների», նրա սիրտն էլ էր խառնում։
Բորբոքվեց «փոխ»-ը, փրփրեց ինչպես գարնան գետ, որ մերժեցին իրեն, չօգնեցին համապատասխան հատուցմամբ դառնալու Լևոն Տեր-Պետրոսյանի «փոխ»-ը։ Իր փայփայած երազանքը փշրելու համար ՀՀՇ-ին պատերազմ հայտարարեց ու այդ անունը գրանցեց իր «սև ցուցակում»։
ՀՀՇ-ից հիասթափված «փոխ»-ը հիմա էլ անզուսպ մղումով շրջվեց պաշտպանության նախարարության կողմը և փորձեց դեպի Սերժ Սարգսյանը տանող ինչ-որ արահետ գտնել (չմոռանանք` ուղիղ 3 տարի 10 ամիս առաջ)։ Հետո՞ ինչ, որ տևական ժամանակ հայհոյախոսել էր նախարարի հասցեին, աջ ու ձախ անվանարկել նրան, մեղադրել մահացու բոլո՛ր մեղքերի մեջ, արտաքին բարեմասնությունները, հագուկապը քննարկման նյութ դարձրել։ Հետո՞ ի՜նչ, որ Սերժ Ազատիչի հանդեպ ժամանակ առաջ իրեն պահել է որպես վերջին ստահակ (հասկանալ է պետք` նրան հայհոյելով հերոսանալ էր ուզում), մարդուն, ի վերջո, խոսքերով պետք է դատել, ոչ թե գործերով։ Իսկ իր խոսքերը հիմա հօգուտ Սերժ Սարգսյանի են։ Բախտը կրկին չբերեց. Սերժ Ազատիչը ևս ոնց որ թե «личный неприязнь» ուներ անմաքուր բաների, իմա` այս «փոխ»-ի նկատմամբ, և արհամարհեց վերջինիս երկտակված «ռևերանսը» (խեղճի ողնաշարը քիչ մնաց ջարդվի, իսկ պաշտպանության անսիրտ նախարարն անհաղորդ մնաց նրա ցավին)։ Պարզվեց` ո՛չ ոք ցանկություն չունի նկատելու նրան ու հարաբերվելու հետը։
«Կատաղախտով» բռնկված «փոխ»-ը հասկացավ, որ սրտի ուզածին հասնելու համար ո՛չ թե ցողունից, այլ արմատից պետք է կառչել։ Ասել է` որքան էլ երկտակված, այնուամենայնիվ, ուղղահայաց դիրքը պետք է փոխել։ Իսկ ո՞րն է ուղղահայացի հակառակը... իհա՜րկե, հորիզոնականը, իհա՜րկե, այդ դիրքով միայն կարող ես հասնել արմատին։ Ո՜Ւ... մեր հեքիաթի «փոխ»-ն իրեն «արմատական ընդդիմադիր» հռչակեց։ Իսկ քանի որ «արմատական» էր, սկսեց «արմատական» պայքար մղել ամենքի դեմ։ Նրա հայհոյախառն գրիչը չխնայեց և ո՛չ մեկին։ Կյանքի այդ հատվածում (կրկին հիշեցնենք` սրանից 3 տարի 10 ամիս առաջ) «փոխ»-ի «կատաղախտը» զարհուրելի դրսևորումներ արձանագրեց (լուտանքների դաշտ հիշեցնող հրապարակումներ, աղտեղությամբ լի բաց նամակներ, սպառնալիք-հիշոցներով գերհագեցած վերլուծություններ) հատկապես Սերժ Սարգսյանի ու լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ (չմոռանանք և այն ժամանակվա տարածքային կառավարման նախարարին` Հովիկ Աբրահամյանին)։
Պարզվեց` այս «փոխ»-ն իսկապես ճկուն էր. իր սկզբունք դարձրած պատվիրանին (մեր հեքիաթի թիվ 7-ը) հավատարիմ կարողացավ ժամանակը հարմարեցնել իրեն և անհրաժեշտ պահին լուծել անլուծելին։ Կյանքով ապացուցեց, որ հայհոյելու ընթացքում շա՜տ կարևոր բաղադրիչ է ընտրածդ դիրքը. ուղղահայա՞ց ես հայհոյում (իմա` կանգնած` հայհոյվող սուբյեկտին հավասարի պես), թե՞ հորիզոնական (իմա` գետնաքարշ), մի կողմից` հայհոյում ես, մյուս կողմից` կանչում «է՜ստի համեցեք, փռվել եմ ձեր ոտքերի տակ, էլ ի՞նչ եք ուզում»։
Ի վերջո, լուտանքներից, բանսարկություններից ու զրպարտություններից ձանձրացած հակառակորդները «նկատեցին» այս «արմատականին». է՜, ինչո՞ւ չանցնել սրա վրայից, եթե փռվել է բերանքսիվայր` գետնատարած։ Ոմանք այնքան հեռուն գնացին, որ նույնիսկ «սեփականաշնորհեցին» սրան։
Չեք հավատա, բայց «սեփականաշնորհվելուց» հետո իսկական «մետամորֆոզ» ապրեց մեր հեքիաթի «փոխ»-ը. ժամանակին ֆրանսիական, իսկ հետո անգլիական բարձրաստիճան ազդեցության գործակալների ֆինանսներից ու նրանց ստեղծած տարատեսակ «ֆոնդերից» սնվող մեր հերոսը գետնաքարշ դառնալուց հետո փոխեց ընթացքի ուղղությունն ու միանգամից դեմքով շրջվեց դեպ Մոսկվա։ «Խասիաթի» համաձայն մոռացավ, թե տարիներ շարունակ ինչպես էր քննադատում իր պաշտամունքի ներկայիս սուբյեկտին` Ռուսաստանի Դաշնությանը, «քառատում» կոմունիստներին ստրկամտության, իմա` Ռուսաստանին «ծախվելու» համար, գոռում-գոչում, թե հասե՜ք, փրկե՜ք, Քոչարյանի թողտվությամբ պաշտոնական Կրեմլը թալանում է Հայաստանը («Գույք` պարտքի դիմաց» պայմանագրից հետո) և այլն, և այլն (ո՞ր մեկը հիշենք)։ Շատերը կարկամեցին զարմանքից, երբ մեր «փոխ»-ն արթնացավ մի առավոտ ու բացականչեց` Ой ты, Русь, моя родная! Այնքա՜ն հմուտ կատարեց այդ շրջադարձը, որ հիացան սրա «պապան» դարձած նախկին թշնամիներն ու որոշեցին օգտագործել, ինչպես ռուսը կասեր` «от и до»։ Ե՞վ...
...Եվ այսօր համապատասխան «ներարկումը» ստանալուց հետո «փոխ»-ն ապսպրում է իր տերերին. «Ես թռչում եմ Ձեր ընտրած «թիրախի» ուղղությամբ։ ՈՒ մինչ զարկս իջեցնելը հենց «ղա՜» կասեմ` «հա՛ց» կգցեք բերանս, հենց «ղո՜ւ» կասեմ` «ջո՛ւր» կտաք»։ Պատկերացրեք, տալիս են։ Տալիս են, որովհետև գիշատիչ այս անգղին շփոթում են հեքիաթների փրկարար արծիվների հետ, որոնք միշտ թագավորների դժբախտության մեջ հայտնված փոքր որդիներին առնում են իրենց թևերին ու տանում լույս աշխարհներ։
Այն էլ նշենք, որ «փոխ»-ի վատ կատարած (զրպարտություններով ու ստերով հո չե՞ս կարող հասնել տիրոջդ ակնկալած արդյունքին) «կտցահարության» ուժգնությունը պայմանավորված է «ղա՜-ղո՜ւ»-ից հետո նրա որկորը շպրտված «հացի» կամ «ջրի» ո՛չ միայն որակով («կերի» գույնը նկատի ունենք), այլև քանակով։
Ազգիս «ջոջերից» մեկի հետ զրույցի ընթացքում (հանդիպումը կայացավ վերջինիս խնդրանքով) հստակեցրի, որ նրա ընտրությունը լավ «փոխ»-ի վրա կանգ չի առել։ Ապշեցուցիչ է, թե որքան կարճ հիշողություն ունեն մեր օրերի պետական այրերը։ «Ո՞նց մոռացաք,- դիմեցի նրան,- թե այս «փոխ»-ը տարիներ շարունակ ֆաունայի ո՛ր ներկայացուցչի անունն էր անվերջ տալիս Ձեր անուն-ազգանունի փոխարեն»։ «Ազգիս ջոջը» հեգնանքով ասաց. «Իզուր ես (մեր այս բարձրաստիճան պաշտոնյան բոլորի հետ «դու»-ով խոսելու շատ «գեշ խասիաթ» ունի) կարծում, թե մենք (նկատի ունի իր անձը, թագավորների հանգով իր մասին 3-րդ դեմքով է խոսում) էնքա՜ն միամիտ ենք, որ ամեն ինչ մոռացանք։ Չէ՛, պարզապես տղան իրեն առայժմ լա՛վ է պահում»,- երկիմաստ ժպտաց մեր հանրապետության շա՜տ կարևոր դեմքը։ Հեքիաթներին հատուկ վերջաբանի` «երկնքից երեք խնձոր ընկավ»-ի փոխարեն, մեր իրապատում հեքիաթը կավարտենք Հայաստանի Հանրապետության կարևորագույն դեմքի երկիմաստ ժպիտի փակագծերը բացելով` չկա՛ն հավերժական թշնամիներ ու հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր։


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ. Գ. -Եթե ՀՀ քաղաքական դաշտի որևէ սուբյեկտ մեր հեքիաթի «փոխ»-ին կտա սեփական անուն-ազգանունը, իր խնդիրն է։ Մենք ընդամենը մեր հեքիաթը պատմեցինք։ Հա՛, այն էլ ասենք, որ շատ գաղտնիքներ ու իրողություններ (ինչ բնույթի ուզեք) չքողազերծեցինք, այլ ամուր պահեցինք «Իրավունքը de facto»-ի գզրոցներում։

Դիտվել է՝ 69191

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ