Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ոսկեխունկ մի մոմ` նրա սուրբ շիրմին

Ոսկեխունկ մի մոմ`  նրա սուրբ շիրմին
19.06.2012 | 00:07

Քսան տարի առաջ` 1992-ի հունիսի 21-ին, Տոնիշեն գյուղի մատույցներում դավադիր գնդակից ընկավ «Ազատագրության բանակ» զորամիավորման գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը։ Նրա վախճանի հանգամանքները մութ են մինչ օրս։ Տոնիշենը 1992-ի հունիսի 21-ին խոր թիկունք էր. ելուզակը գնդացրից է խոցում Լեոնիդին։ Հետո ականատեսները դեպքի վայրում բազում փամփուշտներ գտան։ Հետաքննություն կատարվեց, և զարմանահրաշ բաներ ելան ջրի երես` կրկին պատմության խորքերում անհետանալու պայմանով (չափից ավելի ուղղամիտ և երկրապաշտ էր Լեոնիդը` պատերազմի շուրջ հյուսվող դավերը շրջանցելու համար)։ Զինվորական ամենագնացում նա նաև վարորդ էր։ Գնդացիրը կրակահերթ բացեց, երբ մեքենան հերթական ոլորանն էր հաղթահարում։ Կրակահերթը Լեոնիդի ուղղությամբ էր։ Վարորդի ուղղությամբ ոչ մի գնդակ չարձակվեց։ Նա անհետացավ դեպքի վայրից։ Ականատեսների վկայությամբ` Ազգալդյանի ձեռքը նռնակի վրա էր, հասցրել էր դարանը զգալ, բայց նռնակահարել տականքին չհասցրեց։


1992-ի ամռանը Արցախում իրավիճակը ծանր էր։ Պատերազմական գործողություններն արդեն ծավալվում էին Գանձասարի մատույցներում, նորամանուկ հանրապետության տարածքի շուրջ 40 տոկոսը գտնվում էր ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։ «Ազատագրության բանակը» բացառիկ մարտական հզորությամբ զորամիավորում էր, Ազգալդյանը` անառարկելի հեղինակություն թե՛ իր հիմնադրած զորամիավորումում, թե՛, առհասարակ, դիմակայության բոլոր ճակատներում։
Այսպիսով` ո՞ւմ խղճին է ծանրացած այս բացառիկ անհատի մահը։ Գուցե այն պիտի դիտարկել նույն այն համատեքստում, որն «արդարացրեց» Արթուր Մկրտչյանի և Մովսես Գորգիսյանի վախճանը։ Գուցե։ Սակայն մի այլ բան է այսօր տանջում տողերիս հեղինակին և, համոզված եմ, ոչ միայն ինձ։ Լեոնիդ Ազգալդյանի անունն ու գործը մի դաժան և անհեթեթ հետևողականությամբ մոռացության են մատնվել երրորդ հանրապետության կողմից։

2002-ին` մահվան տասնամյա տարելիցի կապակցությամբ, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը տպագրեց իմ հոդվածը։ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում նշվեց այս նշանակալից, սակայն հանրությունից, ժողովրդից, ազգից խնամքով քողարկված իրադարձությունը։ Միայն ԱԼՄ հեռուստաընկերության լրատվական ծառայությունն արձագանքեց միջոցառմանը։ Դա պարտադրված էի իրականացնել, խղճիս վրա ժայռի նման էր ծանրացած երրորդ հանրապետության կայացման գործում անկյունաքարային նշանակություն ունեցած գործչի անհայտությունը։ Այնուհետև հերթական հոդվածս հրապարակվեց գրողների տանը հրատարակվող «Հորիզոն» գրական-մշակութային շաբաթաթերթում։ Որպես արձագանք` ՀՀ ՊՆ աշխատակից, ռեժիսոր Իրինա Օհանյանը նկարահանեց «Հողի գույնը» ֆիլմը` նվիրված ազգայինին։
2005-ին մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ նամակ հղեցինք երրորդ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նամակն առաջարկ էր պարունակում` հաշվի առնելով հայրենիքի առջև կատարած հիմնարար գործունեությունը, Լեոնիդ Ազգալդյանին շնորհել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչում։ Պատասխանը լռությունն էր։ Դավադիր լռությունը։

Երջանիկ էր երկրի համար նրանց հանդիպումը։ Հանդիպում, որ վերաճեց խոր ու հեռանկարային համագործակցության։ Արցախի խնդրի լուծումն ու Հայաստանի անկախությունն ունեն մեկ ճանապարհ` ռազմական դիմակայությունը։ Հետո նրանք, հավատարիմ այս գաղափարին, ձևավորեցին «Անկախության բանակ» ռազմական միավորումը։
Նրանք` քաղաքական այլախոհներ Աշոտ Նավասարդյանը, Մովսես Գորգիսյանը և ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանը։ «Անկախության բանակի» մարտական ուղին փառավոր էր։ Երևանի մատույցներում հենց այս մարտական միավորումը կանգնեցրեց Ռյազանից ժամանած պատժիչ գնդի ներխուժումը մայրաքաղաք։ Հակառակ պարագայում անհնար էր խուսափել Վիլնյուսի և Թբիլիսիի նախճիրից։
Հետո արդեն «Անկախության բանակը» բազմաթիվ ռազմական գործողությունների կիզակետում էր` Հայաստանում և Արցախում։ Այսօր ո՞վ է հիշում նրա փայլուն մարտիկներին, հրամանատար Արթուր Մալխասյանին, ով զոհվեց խաղաղ պայմաններում` անհասկանալի մի դիպվածից հետո։

Ժամանակ անց Լեոնիդը կազմավորում է «Ազատագրության բանակը», որ պիտի ռազմական լայնածավալ գործողություններ իրականացներ Արցախում։ Զորամիավորումը կազմավորվեց գաղափարական հենքի վրա` միավորել ռազմական դիմակայության մեջ Հայաստանը, Սփյուռքը, Արցախը։ «Ազատագրության բանակի» հարվածային թափն աննկարագրելի էր։ Այստեղ ընդգրկվում էին ընտրյալները, բացառիկ բարոյահոգևոր և ֆիզիկական պատրաստականության տեր մարտիկները։ Այս զորամիավորումը պրոֆեսիոնալ ազգային բանակի հենքն էր։ Արցախը ներկայացված էր «Ազատ Արցախ» ջոկատով` հրամանատարությամբ Վլադիմիր Բալայանի։ Սփյուռքը ներկայացնում էր ԱՍԱԼԱՅԻ մարտիկ Հովսեփ Հովսեփյանը։
Տասնյակ շեներ և ավաններ ազատագրեց «Ազատագրության բանակը»։ Ազատագրեց` գրեթե չտալով զոհեր, բարոյական հզոր նեցուկ ու ապավեն հանդիսանալով առհասարակ ֆիդայական կռիվներից կանոնավոր բանակի անցնող բազմաթիվ մարտական ջոկատների համար։

Դաժան էր 1992-ի վաղ ամառը Լեոնիդի համար։ Կարճատև ժամանակով Երևանում էր, կային ինչ-ինչ խնդիրներ կարգավորման և հստակեցման կարոտ։ Ազգալդյանը, մերժելով կուսակցականությունն առհասարակ, սերտորեն համագործակցում էր Հայաստանի «Հանրապետական» կուսակցության հետ, որն այն տարիներին ղեկավարում էր Աշոտ Նավասարդյանը։
Վերջին այցի օրերին դաժան կանխազգացումը չէր լքում նրան։ ՀՀԿ ռազմական խորհրդի նիստից հետո խոստովանում է կուսակցության փոխնախագահ Սիմոն Շահազիզյանին. «Լավ գիտես, Սիմոն, ես վախ չունեմ, բայց արդեն երկու ամիս է, մեջքիս «ստվոլ» եմ զգում»։
Արցախից էլ հասավ բոթը` անհավասար մարտում ընկել էր «Ազատ Արցախ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Բալայանը` Ազգալդյանի մերձավորագույն զինակիցը։ «Վլադիմիրի նման զինվոր հարյուր տարին մեկ է ծնվում»։ Սա Լեոնիդի խոսքն էր։ Նա կյանքում առաջին անգամ արտասվեց Վլադիմիրի շիրմի վրա` արիասիրտ տղամարդու և գաղափարական մարտիկի ծանր արցունքներով։
Ամենուր ասպետ և ասկետ, երբեմն սիրում էր հնչուն խոսել. «Իմ կուսակցությունն այս հողն է»,- պատասխանեց արտասահմանցի լրագրողի հարցին, թե ո՞րն է «քո գույնը»։
Մեկ այլ առիթով պատգամեց զինակից ընկերներին. «Երբ ձեզ կհայտնեն, թե Լեոնիդն ընկավ, չհավատաք, ինձ մահ չկա, ես պիտի ընկնեմ Իսթամբուլի պատերի տակ»։

Այսօր հանրությունը կարող է ծաղիկներ դնել Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղակայված նրա հուշարձանին (քանդակագործ` Տիգրան Արզումանյան)։ Լեոնիդի գաղափարական զինակիցների թվում էր Ալեքսանդր Թամանյանը` հանճարեղ ճարտարապետի արժանավոր թոռը։ Դավիթ Սարապյանն էլ, նշանավոր Դևը, նրա հոգեորդին էր։ Դեռ 1988-ին Ազգալդյանը կազմակերպում է հրթիռների ընդհատակյա արտադրությունը` հրթիռակոծությամբ Լաչինի միջանցքն ազատագրելու նպատակով։
Նա փայլուն էր տիրապետում համաշխարհային դիվախաղերից Հայաստանը զերծ պահելու ռազմարվեստին, գիտեր, որ միայն բարձրագույն հոգևոր և բարոյական արժեքների հենքի վրա պիտի կառուցվի երրորդ հանրապետությունը։ Նա այդ արժեքների կրողն էր։ Նա և նրա զինակից ընկերները։
Անշուշտ, գալու է այն երանելի օրը, երբ երրորդ հանրապետությունն իրապես կարժևորի Լեոնիդ Ազգալդյանի փառահեղ գործն ու անունը։ Իսկ այս համեստ հրապարակումը, որպես ոսկեխունկ մի մոմ, թող վառվի նրա սուրբ շիրմին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ