Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փոխտնօրենի թրի տակով, կամ Տաթևիկ Մուշեղյանը խաղի կանոններ է թելադրում

Փոխտնօրենի թրի տակով, կամ  Տաթևիկ Մուշեղյանը խաղի կանոններ է թելադրում
19.06.2012 | 00:45

Հաշմանդամները պետության հովանու ներքո են։ Սա, ինչպես կասեր Օստապ Բենդերը, «բժշկական փաստ է»` ամրագրված ՀՀ Սահմանադրությամբ։ Ամբողջ հարցն այն է, թե ով է բռնում «պետության հովանին»։ Այսինքն, ինչ ձեռքերում է այն` մաքուր ու ճերմա՞կ, թե՞ մոխրագույն և քիչ աղտոտ։ Այո՜, բարձր բարոյական հատկանիշներ են պահանջվում սույն բնագավառում աշխատող մարդկանցից։ Եվ ահա, հայրենի կառավարությունն այս ամենը կարգավորում է օրենքով։ Ավելի շուտ, թիվ 1717 որոշմամբ, որ կայացվել է 2006-ի նոյեմբերի 23-ին։ Սույն որոշումը հավուր պատշաճի ամրագրվում է առողջապահության նախարարի թիվ 74-Ն հրամանով, որն ասպարեզ էր իջել քիչ ավելի վաղ` 2005-ի հունվարի 27-ին։ Ահա այն. «Անվճար կամ արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խմբերին դեղերով ապահովում է տարածքային պոլիկլինիկան` համապատասխան մասնագետի նշանակմամբ։ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները օգտվում են անվճար, իսկ 3-րդ կարգի հաշմանդամները` արժեքի 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնությունից»։ Իր հերթին դեղերի դուրսգրումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկին» համապատասխան։ Սույն ցանկն իր հերթին է ամրագրվում նախարարի (հասկանալի է` առողջապահության, ոչ թե գյուղատնտեսության, ազգային անվտանգության կամ էլ մշակույթի) ազդու հրամանով (5 մարտի, 2005 թ.)։
Ազդվեցի՞ք։ Լավ է։ Սակայն մնացեք լրջախոհ չափի մեջ։ Առջևում ուշագրավ զարգացումներ են։ Բայց մինչև զարգացումների հորձանուտում ուս ուսի թևալող տալը (պինդ բռնիր ուսիցս, պատվելի ընթերցող, հորձանուտում ջրեր են հորդում, ես էլ լողում եմ ինչպես բութ կացինը)` մի համոզիչ (նաև հուզիչ) հրաման ևս ասպարեզ հանենք։ Պարզվում է` բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա էլ հիվանդին դեղ է դուրս գրվում արգո առողջապահության նախարարի 2010-ի մարտի 5-ի թիվ 05-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանի (ռեեստրի)» ցանկից։ Թուլացա՞ն ձեր ծնկներն անբավ երախտիքից։ Իմը` այո։ Սակայն պարզվում է, որ մեր օրերում բժշկական բյուրոկրատի մի տեսակ է ձևավորվել, որը որևէ ակնածանք չի տածում ո՛չ նախարարական հրահանգների, ո՛չ էլ ռեեստրի, այսինքն, գրանցամատյանի նկատմամբ։ Եվ ահա, երրորդ խմբի (նախկինում` երկրորդ) հաշմանդամ Համլետ Հակոբյանն օրեր առաջ այցելում է «Նոր Արեշ» համաբուժարան, այսինքն` պոլիկլինիկա։ Բուժող բժիշկը, ինչպես միշտ, սիրալիր և հոգատար լրացնում է տիար Համլետի անկետան, նշանակում է դեղերը և գործուղում հիվանդին համաբուժարանի փոխտնօրեն տիկին Տաթևիկ Մուշեղյանի մոտ։ Վերջինս անվրդով զննում է դեղացանկը, դրանցում գրանցված 4 դեղերից երկուսը առաջարկում հիվանդին սահմանված 50 % զեղչով, մյուս երկուսը խորհուրդ տալիս հայթայթել սեփական միջոցներով։ Ի դեպ, փոխտնօրեն Մուշեղյանն այս նույն եղանակով է սպասարկում հարյուրավոր այլ հիվանդների։ ՈՒ երբ որևէ հոգնատանջ այցելու ըմբոստանում է և փորձում պատճառը պարզել, հնչում է փոխտնօրենի հոխորտալից պատասխանը` փող չկա։ Պետք է ենթադրել, որ փող չկա պետակա՛ն բյուջեում։ Ավելի շուտ, դրա այն հատվածում, որը գտնվում է տիկին Մուշեղյանի հայեցողության տակ։ Ի դեպ, գուցե պետբյուջեն լիարժեք սնուցում է համաբուժարաններին` հոգալու հաշմանդամների հոգսը` դեղորայքի մասով։ Այդպես էլ կա։ Սակայն տիար Համլետ Հակոբյանն այս տարի ընդհանրապես դեղ չի ստացել համաբուժարանից, քանզի հունվար և փետրվար ամիսներին պարզվում է, որ դեղորայքի գնման տենդերի արդյունքները հայտնի չեն, և այդ պատճառով դեղեր չկան, ամսվա վերջին օրերին հայտարարվում է, որ պետք է այցելել հաջորդ ամսվա առաջին օրերին և այլն։ Այսինքն, պետության սահմանած արտոնությունից մարդկանց ներքաշում են բյուրոկրատական ծածկադմփոցի մեջ։ Ինչ խոսք, եթե վերոնշյալ փոխտնօրենին է հանձնարարվել նման պատասխանատու գործը, նա որոշակի հատկություններով է գրավել համաբուժարանի ղեկավարի սիրտը։ Հրաշալի է, միայն թե Տաթևիկ Մուշեղյանը դեռ հանրակրթական կրթօջախում շա՜տ ուշագրավ թվաբանական հակումներ էր դրսևորում, բաժանման ժամանակ «5»-եր էր վաստակում, գումարելիս, դե մի՞թե պարզ չէ, «2»։ Այսինքն, ոչ մի կերպ չի կարողանում, ասենք, 2-ին գումարել 2 և ստանալ 4։ Մի խոսքով, հակումները դարձան սովորույթ, սովորույթն ավանդույթ ձևավորեց։ Եվ թող փորձի որևէ մեկը պետական հովանու տակ լինել ավելի, քան սահմանել է նշյալ համաբուժարանի վերոհիշյալ փոխտնօրենը։
Ի դեպ, սա տիար Համլետի և այլոց կյանքում եզակի դեպք չէ, այլ համակարգված և սահուն գործընթաց, որ վարպետորեն առաջ է տանում տիկին Մուշեղյանը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ