Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Քաղաքականություն կա բոլոր ոլորտներում, ցավոք, նաև արվեստում» (ֆոտոշարք)

«Քաղաքականություն կա բոլոր ոլորտներում, ցավոք, նաև արվեստում» (ֆոտոշարք)
22.06.2012 | 11:51

Ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթը` «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած հանդիսավոր փակման արարողությամբ, մրցանակների հանձնմամբ և գալա համերգով:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթի 3-րդ մրցանակը հանձնվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Նակամուրա Դայչիին, առաջին մրցանակը կիսեցին Միլյուկով Պավելը` Ռուսաստանից, և Թանաբե Այակոն` Ճապոնիայից, իսկ երկրորդ մրցանակակիր այս տարի չառանձնացվեց: Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին որոշում էր կայացրել հանձնել Գրան-պրի, և մրցանակակիր դարձավ Ֆյոդոր Ռուդինը (Ֆրանսիա/Ռուսաստան), որին հանձնվեց նաև «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակը:
Գալա համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Հանդիսատեսին ներկայացվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից «Էգինայի վարիացիան» և «Խրախճանքը», ինչպես նաև «Լեզգինկան» «Գայանե» բալետից: Ծրագիրը ավարտվեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի կատարումով` 1-ին մրցանակի դափնեկիր Ֆյոդոր Ռուդինի մասնակցությամբ, ում հետ զրուցեցի գալա համերգի ավարտից հետո:
«Մասնակցությունն Արամ Խաչատրյանի անվան մրցույթին ու հաղթանակը ինձ մեծ բավականություն պատճառեցին, մեծ պատիվ են ինձ համար: Ամեն բան հիանալի էր` մրցույթը, կազմակերպիչները, նվագախումբը, դիրիժորը, երկիրը»,- ասաց ՖՅՈԴՈՐ ՌՈՒԴԻՆԸ: Հարցին` «Գիտեի՞ք, որ հաղթելու եք», նա պատասխանեց, որ շատ է զարմացել, քանի որ ոչ ոք, ինչպես և ինքը, չգիտեր, որ Գրան-պրի է սահմանվելու:
Ֆյոդոր Ռուդինն առաջին անգամ է Հայաստանում, իր խոսքով` ոչ վերջին, որովհետև միայն դրական զգացողություններ ունի:
Փորձեցի պարզել, թե ինչով է առանձնանում խաչատրյանական երաժշտությունն օտարերկրյա երաժշտի համար:
«Խաչատրյանի երաժշտությունն առանձնանում է հայկական ազգային ֆոլկլորով,- ասաց նա։- Շատ է ազգայինը, ես քիչ եմ ծանոթ հայկական երաժշտությանը, բայց այս մրցույթի ընթացքում շատ բան տեսա: Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», նաև պիեսները, որ ներկայացվեցին մրցույթում, յուրահատուկ են նրանով, որ արտաքինից երաժշտությունը, մերկ նոտաները շատ հեշտ են թվում, իսկ ստեղծագործությունը կատարելն արդեն անհամեմատ դժվար է, քան եթե նվագես Պագանինիի հինգ կոնցերտները: Մեզ համար դա հեշտ չէ, ինչպես հայերեն «ջան» ասելը»:
Քաղաքականություն և երաժշտություն: Ի՞նչ կապ կա այս երկու տարբեր հարթություններում: Զրուցակիցս նկատեց, որ քաղաքականություն կա բոլոր ոլորտներում, ցավոք, նաև արվեստում: Նրա խոսքով` ժամանակն այնպիսին է, որ մենեջերը սկզբում մտածում է, թե որքան գումար կարող է քո միջոցով աշխատել, նոր միայն` կարո՞ղ ես նվագել, թե՞ ոչ:
Ֆյոդոր Ռուդինը ծանոթ է նաև Հայոց ցեղասպանության խնդրին:
«Կարծում եմ` յուրաքանչյուր ոք նույն զգացողությունն ունի այդ փաստի վերաբերյալ,- ասաց նա:- Այո, դա փաստ է, ցավոք, չհասցրի այցելել Ցեղասպանության թանգարան, բայց հաջորդ անգամ, երբ Հայաստան գամ, անպայման կայցելեմ: Նույնիսկ չգիտեմ` ինչ ասեմ: Համոզված եմ, որ աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև հերքելն անմտություն է:
Ինչպե՞ս կարելի է Երկրորդ համաշխարհային պատերազմը ճանաչել, Ցեղասպանությունը` ոչ: Նույնպիսի փաստ է, մարդկային չլսված զոհերին ու խելահեղ տանջանքներին առնչվող»:
Խոսեցինք նաև բիբլիական Արարատից: «Իմ բախտը շատ է բերել, որովհետև հյուրանոցի իմ համարում, երբ առավոտյան բացում եմ վարագույրը, աչքերիս առաջ Արարատն է»,- ասաց Ֆյոդոր Ռուդինը:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է 2003-ից: Անցյալ տարիներին մրցույթներին մասնակցել է 5-6 երկիր, այս տարի մասնակցում էին ջութակահարներ աշխարհի 20 երկրից, որոնք կատարել են հայ դասականների երաժշտությունը, ընտրել են նաև գործեր Մոցարտից, Պագանինիից: Եզրափակիչ փուլում բացառապես հնչել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը:
Բացի գլխավոր մրցանակներից, հանձնվել են նաև հատուկ մրցանակներ, այս դեպքում կարելի է հանդիպել հայ երաժիշտների անունների` Հրայր Կարապետյան, Կարմեն Հովհաննիսյան, Լուսինե Հարությունյան:
Ինչպես նշեց Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, ժյուրին եղել է անաչառ, մաքսիմալ օբյեկտիվ, եթե արվեստում հնարավոր է մաքսիմալ օբյեկտիվ լինել: «Ինչո՞ւ մերոնք չանցան եզրափակիչ փուլ։ Նախ` դրսի մասնակիցները շատ էին, և, հատկապես եզրափակիչ փուլ անցածները միջազգային մրցույթների դափնեկիր էին, ունեին բեմական փորձ, քիչ էին հուզվում, փորձառու, կայացած երաժիշտներ էին,- ասաց նա:- Մեկը տեխնիկապես էր ուժեղ, մյուսը երաժշտական տեսակետից էր ավելի ուժեղ, մեկ ուրիշի երաժշտության մեկնաբանությունն ավելի համոզիչ էր: Երաժշտությունը մի քանի որակների սինթեզ է»: Էդուարդ Թադևոսյանը հավելեց, որ ժյուրիի անաչառությունը նույնպես դեր ունի մրցույթի հեղինակության բարձրացման գործում:
Իսկ վերջում մի դրվագ` օրվա լրագրողական անցուդարձից: Համերգը դեռ չէր սկսվել: «Չասեցի՞ կողքի դռնից մտի»,- սրահի կենտրոնական մուտքի հսկիչի այս «նկատողությունից» հետո վճռեցի օթյակ բարձրանալ: Պարզվեց` մեր վաստակավոր լրագրողներից մեկին էլ էր «կողքի» դուռը ցույց տվել: Ինչևէ: Օթյակի հսկիչը դուռը ցուցադրաբար փակեց: Ինչ-որ մեկը զայրացրել էր նրան:
«Ե՞րբ կբացեք դուռը»,- հարցրի: «Երբ որ բացեմ»,- պատասխանեց` հպանցիկ մի հայացք նետելով «badge»-իս: «Ե՞րբ կարող եմ ներս մտնել»,- նորից հարցրի: «Երբ տոմս ունեցողները մտնեն»,- հստակեցրեց նա: Բացատրեցի, որ լրագրող եմ, չեմ մտնում տեղ գրավելու համար, կարող եմ և կանգնել, որ աշխատում եմ: «Ավելի պայծառ, որ լրագրող ես, վերևից ներս մտի»,- եղավ պատասխանը:
Հենց այդպես էլ արեցի, բարձրացա վերին օթյակ` իրավիճակը չթեժացնելու համար: Ի վերջո, հսկիչն իր գործն է անում, ես` իմ: Թեև վատ չէր լինի, որ հսկիչները լրագրողին անտոմս հանդիսատեսի պես չվերաբերվեին, ազատ ժամերին վարվեցողության մեկ-երկու կանոններ անգիր անեին, կազմակերպիչներն էլ (ոչ միայն սույն մրցույթի) լրագրողներին չթողնեին հսկիչների բարեհաճությանն ու «ազատ տեղի հույսին»:
Գոնե լուսաբանելու հրավիրված լրագրողներին, պարոնայք, դահլիճում մեկ-երկու տեղ հատկացրեք: Որքան կարելի է «վերևներում», երբեմն էլ հոտնկայս, հետևել հույժ կարևոր հանդիսություններին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • «Արամ Խաչատրյան» համերգասրահում
  • «Արամ Խաչատրյան» համերգասրահում1
  • «Արամ Խաչատրյան» համերգասրահում2
  • «Արամ Խաչատրյան» համերգասրահում3
Դիտվել է՝ 4813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ