Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիները Հայաստանի առջև հստակ կողմնորոշման հարց են դնելու»

«Թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիները  Հայաստանի առջև հստակ կողմնորոշման հարց են դնելու»
22.06.2012 | 14:13

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքական տեխնոլոգ, «ՓիԱրտ» ընկերության զարգացման գծով տնօրեն ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Պարոն Հակոբյան, ամառը, որպես կանոն, քաղաքական հանգստի շրջան է։ Այս ամառը, ըստ Ձեզ, կլինի արձակուրդայի՞ն, թե՞ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։
-Կարծում եմ, զուտ ներքին ռեսուրսներով պայմանավորված, Հայաստանում որևէ լուրջ զարգացում չի լինի։ Եթե դիտարկենք երկրի ներքաղաքական իրավիճակը, ապա խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունն իր ծրագրածին հասել է։ Քաղաքական կամ այլ լծակների տիրապետող մյուս ուժերն էլ մի կողմից ինքնուրույն հարցեր լուծելու կարողություն չունեն, մյուս կողմից էլ՝ ինչ-որ բան փոփոխելու իրական ցանկություն։ Կարծում եմ՝ հնարավոր բոլոր զարգացումները պայմանավորված են լինելու միմիայն մեր շուրջ ընթացող արտաքին գործընթացներով։ Այդ գործընթացների զարգացումներից կախված՝ աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության համատեքստում Հայաստանում գուցե ակտիվանան այս կամ այն քաղաքական ուժերը։ Մեր տարածաշրջանում և մեր երկրի շուրջ գործընթացներ են տեղի ունենում, որոնցում պարզապես դժվար է ներգրավված չլինել։ Մի կողմից Սիրիայում տեղի ունեցող գործընթացներն են և նրա շուրջ միջազգային կենտրոնների պայքարը, մյուս կողմից, պրոցեսներ են զարգանում նաև Ռուսաստանում, որտեղ որոշակի ակտիվություն կա ընդդիմադիր դաշտում։ Այս առումով բավականին բարդ իրավիճակ է հասունանում Հայաստանի իշխանության համար, քանի որ բոլոր հարցերի շուրջ ՀՀ իշխանություններին գերտերությունները երկընտրանքի առջև են կանգնեցնելու։ Եվ բավականին դժվարանում է «լողալու» կամ կոմպլեմենտար լինելու քաղաքականությունը։ Ակնհայտ է, որ Սիրիայի հարցը լուծելուց հետո ԱՄՆ-ի հիմնական թիրախը դառնալու է Իրանը։ Իրանի հարցում Արևմուտքը Հայաստանի իշխանության առջև կողմնորոշման կոնկրետ հարց է դնելու։ Բնականաբար, դա բավականին ծանր որոշում է լինելու։ Մյուս կողմից` Ռուսաստանում ստեղծված իրավիճակն այդ երկրի իշխանությունների առջև կոնկրետ խնդիր է դնում` վերականգնել ՌԴ-ի առնվազն ռեգիոնալ աշխարհաքաղաքական կենտրոնի կարգավիճակը։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կյանքի կոչի «Եվրասիական Միություն» կոչվող իր նոր տարածաշրջանային նախագիծը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանը ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու գրեթե այլ ընտրություն չունի։
-Հայաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակում ո՞րն է։
-Հայաստանը, մի կողմից, հայտարարում է, որ ինքը դեպի Եվրոպա է նայում, Հայաստանի և Եվրոպական Միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ է սկսում, մյուս կողմից նշում է, որ Հայաստանի համար անիմաստ է անդամակցել ԱՊՀ շրջանակում ձևավորված Մաքսային միությանը, այդ միության անդամ պետությունների հետ ընդհանուր սահման չունենալու պատրվակով: Մինչդեռ նույն պրոբլեմը կարծես թե չի խանգարում, որ մերձենանք Եվրամիությանը: Ստեղծվում է երկակի ստանդարտների իրավիճակ, և այս պարագայում կարևոր չէ, թե ով ինչ է հայտարարում, կարևորն այն է, որ առաջիկայում թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիները Հայաստանի առջև հստակ կողմնորոշման հարց են դնելու։
-Գուցե այդ հարցը ճշտելու նպատա՞կ էր հետապնդում Քլինթոնի այցը։
-Քլինթոնի այցի նպատակը բազմավեկտոր էր։ Կարծում եմ՝ Քլինթոնը ՀՀ ղեկավարությանը ներկայացրեց ԼՂ խնդրի կարգավորման նոր մոտեցումները, որ առաջիկայում դրվելու են բանակցային սեղանին։ Կարծում եմ՝ նաև տեղեկացրեց իրենց անելիքները տարածաշրջանում և շոշափեց հայկական իշխանությունների տրամադրությունները։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում նույնը կանի նաև Ռուսաստանը, քանի որ ակնհայտ է, որ եթե այս տարածաշրջանում Իրանի շուրջ ինչ-ինչ գործողություններ ծավալվեն, ապա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ստատուս քվոյի խախտում է տեղի ունենալու, ինչը պետք է որ առաջացնի Ռուսաստանի հակազդեցությունը։ Եվ այս համատեքստում ամենահավանական տարբերակներից մեկը Ռուսաստանի համար Վրաստանով դեպի Հայաստան միջանցք բացելն է՝ իր ռազմական բազան մատակարարելու պատճառաբանությամբ։
-Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը գոնե մինչև աշուն՝ նախագահական ընտրություններ, պատերազմ չի սկսի Իրանի դեմ։
-ԱՄՆ-ի համար այսօր առաջնային խնդիրը Սիրիան է։ Ճնշումը թե՛ Սիրիայի, թե՛ նրան հովանավորող Ռուսաստանի ու Չինաստանի վրա բավականին սուր է, և այդ ճնշումը, ինչպես նման դեպքերում սովորաբար լինում է, արտահայտվում է նաև համաշխարհային շուկայում նավթի գների իջեցմամբ։ Բոլորիս էլ հայտնի է, թե Ռուսաստանի համար ինչ են նշանակում նավթի գները։ Նավթի գնի անկումը հզոր ճնշում է ՌԴ-ի վրա՝ հաշվի առնելով այդ երկրի ոչ փայլուն սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Ըստ էության, ամերիկացիները սպասում են, որ ռուսներն իրենց հետ պետք է բանակցություններ սկսեն։ Խնդիրն այն է, թե ինչ են ամերիկացիները պահանջելու Ռուսաստանից, որպեսզի թույլ չտան՝ նավթի գները ՌԴ պետբյուջեում սահմանված չափից նվազեն։ Փորձագիտական հանրության որոշ շրջանակներ չեն բացառում, որ նավթի գինը պահպանելու դիմաց ամերիկացիները կփորձեն հասնել Սիրիայի հարցում Ռուսաստանի կողմից դրսևորվող ավելի փափուկ դիրքորոշման։ Օրերս Օբաման ու Պուտինը հանդիպեցին և քննարկումներ ունեցան Սիրիայի հարցով: Թե ինչ հայտարարի եկան, չի մանրամասնվում: Եթե մենք ենթադրում ենք, որ մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ավարտն Իրանի հանդեպ որևէ ռազմական գործողություն չի ծավալվի, ապա մինչ այդ գոնե տրամադրությունների և դիրքորոշումների հստակեցում կլինի։ Դե, իսկ Իրանից հետո, ամենայն հավանականությամբ, առաջ է քաշվելու Կովկասի խնդիրը։ Եթե Վրաստանն ու ինչ-որ չափով նաև Ադրբեջանն արդեն կողմնորոշվել են իրենց արտաքին քաղաքականության մեջ, ապա Հայաստանը փորձում է շարունակել «լողալ»։ Մի կողմից, ռուսական ռազմաբազան է, տնտեսական կարևորագույն լծակները տրված են ռուսներին, մյուս կողմից, իշխանությունն անընդհատ հայտարարում է, որ մեր գլխավոր նպատակը Եվրոպան է։ Լողացող նման քաղաքականությունը կենսունակ կարող է լինել միայն այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական կենտրոնների գործողությունները համադրվում են միմյանց և ոչ թե հակադրվում։ Վիճակը բավականին բարդ է, և Հայաստանի իշխանությունները ծանր ընտրության առջև են կանգնելու։
-Շահեկան վիճակում հայտնվելու համար Հայաստանը ի՞նչ ռեսուրսներ ունի։
-Եթե հավատանք ընտրությունների պաշտոնական արդյունքներին, մեր իշխանությունները վստահության հսկայական ռեսուրս ունեն և պետք է կողմնորոշվեն այս պայմաններում։ Սակայն ակնհայտ է, որ մանևրելու հնարավորություններն արդեն սահմանափակ են: Պատահական չէ, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը վերջերս «ոչ դիվանագիտորեն» շատ հստակ նշեց, որ անհնար է միաժամանակ ձգտել և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական Միության անդամ դառնալ։ Այսինքն, արդեն մեր երկրում հավատարմագրված արևմտյան դեսպաններն են հստակ սահմանափակում կողմնորոշման հարցում «խաղեր տալու» հնարավորությունները:
-Ռուսաստանի համար Եվրասիական Միության ստեղծումն ի՞նչ հարցեր է լուծում։
-Ռուսաստանում բավականին բարդ սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակ է։ Վերջին համապետական ընտրություններն այնտեղ ցույց տվեցին, որ վստահության մեծ ռեսուրս ռուսական իշխանություններն այլևս չունեն։ Նրանց այսօր պետք է ինչ-որ լուրջ արդյունք ցույց տալ։ Ակնհայտ է, որ կարճ ժամանակում սոցիալ-տնտեսական ոլորտում որևէ լուրջ ձեռքբերում և փոփոխություն չես գրանցի։ Եվ Եվրասիական Միությունն այն եզակի հնարավորություններից մեկն է՝ ցույց տալու, որ Ռուսաստանը դեռևս կարողանում է լուրջ աշխարհաքաղաքական նախագծեր կյանքի կոչել։ 1990-ականների վերջին Պուտինը հսկայական վարկանիշ ձեռք բերեց՝ վերականգնելով երկրի միասնականությունը և լուծելով Չեչնիայի, Դաղստանի և որոշ այլ ըմբոստ ռեգիոնների հարցերը։ Այդ ժամանակ թեև երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը կտրուկ չբարելավվեց, սակայն ազգային խնդրի, «դերժավայի» վերականգնման գաղափարի շուրջ կարողացավ համախմբել ռուս ժողովրդին։ Բայց այդ ռեսուրսը ժամանակի ընթացքում աստիճանաբար մարեց։ Եվ այսօր ՌԴ իշխանությունները գտել են այն նախագիծը, որի իրագործմամբ կարող են տեսանելի արդյունք ցույց տալ։ Եվրասիական Միության կյանքի կոչումը հենց այդ գրավականն է։
-Հայաստանում առաջիկայում նախագահական ընտրություններ են։ Որքանո՞վ են գործող նախագահի դիրքերն ամուր աշխարհաքաղաքական կենտրոններում։
-Եթե Հայաստանում Եվրասիական Միությանն անդամակցելու հարցում ՀՀ իշխանությունները հապաղեն, բնականաբար, ՌԴ-ն կակտիվացնի այն ուժերը, որոնք կողմնակից են այդ նոր Միությանը։ Այս պարագայում բավականին հետաքրքիր դերակատարում կունենան, օրինակ, ԲՀԿ-ն և մյուս այն ուժերը, որոնք հայտարարել են, թե կողմ են Եվրասիական այս նոր կառույցին։ Առավել ևս որ նույն ԲՀԿ-ն այսօր «դեֆակտո», մեղմ ասած, անորոշ վիճակում է. ո՛չ ընդդիմություն է, ո՛չ էլ իշխանություն։ Միևնույն ժամանակ, եթե նայում ենք Հիլըրի Քլինթոնի երևանյան հայտարարությունների տեսանկյունից, ապա ԱՄՆ-ի պետքարտուղարը շատ հստակ հայտարարեց, որ իրենց իրական թեկնածուն նախագահական ընտրություններում լինելու է հենց Սերժ Սարգսյանը։ Այսինքն, ամերիկացիներն իրենց քայլը կատարել են, հերթը Ռուսաստանինն է: Իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե Հայաստանն ինչ ընտրություն է կատարելու իր արտաքին քաղաքական կողմնորոշման վեկտորն ընտրելիս։ Մոտենում է աշխարհաքաղաքական ընտրություն կատարելու ժամանակը։ Բոլոր հակամարտությունները սրված են, և այդ ընտրությամբ է նաև պայմանավորված լինելու նախագահի ով լինելը։


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ