«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պետականության անկման ծուղակում

Պետականության  անկման ծուղակում
24.06.2012 | 10:01

«Իրատես de facto»-ի նախորդ համարում մենք անդրադարձել էինք հայկական օլիգարխիայի ծագումնաբանությանը, տիպաբանությանն ու տրանսֆորմացիոն խնդիրներին: Ընդհանրապես, հայկական օլիգարխիայի մասին շատ է խոսվում, բայց միայն թերթային կամ բակային մակարդակներում, մինչդեռ խնդիրն այնքան կարևոր է, որ արժեր այն ենթարկել միջառարկայական գիտական ուսումնասիրության: Եվ եթե հարցը դիտարկենք փորձագիտական հարթության վրա, ապա միանշանակորեն պետք է խուսափել դասակարգային պայքարի, հարուստներ-աղքատներ համատեքստում հարցը քննարկելուց: Խնդիրը տեսակների պայքարի և արժեքային համակարգերի մեջ է: Արդեն իսկ պարզ է, որ ԽՍՀՄ հոգեվարքի տարիներին անկախականների պատկերացրած Հայաստանը չկա, գործընթացներն այլ հունով են գնացել, և ձևավորված օլիգարխիան պետականությունը տանելու է այլ ուղղությամբ` հանուն իր շահերի և վերջնական կայացման:

Եվ, եթե լինենք անկեղծ, ապա այսօրվա մեր իրականությունը հիշեցնում է միջնադարյան ֆեոդալական Հայաստանը, երբ իշխանական տներն այնքան էին հարստացել, որ տեր ու տիրական էին համարվում իրենց տարածքներում: ՈՒնենալով հսկայական նյութական հնարավորություններ և սեփական զինված ուժեր` միջնադարյան հայկական իշխանական տներն ամեն գնով փորձում էին չենթարկվել կենտրոնական իշխանությանը` գահին, և որոշակի խարդավանքների միջոցով անկախական շարժումներ էին ձևավորում: Արդյո՞ք սա չէր պատճառը, որ անկում ապրեց Արշակունիների, հետո նաև` Բագրատունիների Հայաստանը: Նույն սցենարով անկում ապրեց նաև Կիլիկիայի հայկական թագավորությունը: Համեմատականները շատ նման են. անկախ գործողությունների ձգտող կենտրոնախույս հայ իշխանները մերօրյա օլիգարխների նման սեփական հարաբերություններն էին հաստատում արտասահմանյան տիրակալների հետ` դրանով իսկ ավելացնելով իրենց կշիռը երկրի ներսում ընթացող ներքաղաքական գործընթացներում:
Արդյո՞ք ԲՀԿ առաջնորդ և թիվ մեկ օլիգարխի համբավ ունեցող Գագիկ Ծառուկյանը նույն ոճով չի առաջնորդվում, երբ ի ցույց է դնում իր կապերն ու պայմանավորվածությունները ռուսական, ուկրաինական և բելառուսական իշխանությունների հետ: Արդյո՞ք Ռուսաստանում հարստացած և Հայաստանում իշխանություն վերցնելու հավակնություններ ունեցող Սամվել և Կարեն Կարապետյանները նույն խաղը չեն խաղում, ինչ միջնադարյան կենտրոնախույս իշխանները հայոց գահի համար մղվող պայքարում: Համեմատականները դիպուկ են, չնայած 21-րդ դարում ենք ապրում և պետք է վաղուց հաղթահարած լինեինք ֆեոդալական ժամանակաշրջանը: Բայց արի ու տես, որ օլիգարխիան նույնն է, ընդամենը ձիերը փոխարինել են մեքենաներով, իսկ նետն ու աղեղը` հրազենով: Թե ինչ եղավ միջնադարյան հայկական պետականության հետ, բոլորս գիտենք, բայց պատմությունը, կարծես, կրկնվում է: ՈՒշագրավ է, որ մեր երկրում քչերն են գիտակցում, որ պատմությունը մեզ վերջին անգամ է պետականություն ունենալու հնարավորություն ընձեռել, մեկ ուրիշը չենք ունենալու: Այս գիտակցությանը գալու փոխարեն օլիգարխիան վարվում է ճիշտ հակառակ կերպով:
Ինչևէ, երկրի կառավարման ոլորտում մենք ականատես ենք լինում երկու տարբեր իրականության. մի կողմից պետությունն է` օրենսդիր, գործադիր և դատական մարմիններով, մյուս կողմից` օլիգարխիան է իր օրենսդիր («ախպերական պանյատկաներով»), գործադիր (թիկնապահ-բորենիների բանակով) և դատական («ընդհանուր սխոդկա») «մարմիններով»: Քաղաքական երկվության այս պայմաններում պետականությունն ապագա ունենալ չի կարող, քանզի սեփական տարածքներում իշխանություն և հսկայական նյութական հնարավորություններ կուտակած օլիգարխիան ձգտում է իշխանության: Պետք է նշել, որ պետության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում ունենալով իրենց ներկայացուցիչներին` օլիգարխները, այնուամենայնիվ, չեն բավարարվում և ձգտում են իշխանություն վերցնել: Հենց այս համատեքստում է, որ պետական իշխանությունը վերջերս փոխզիջման գնաց օլիգարխների հետ` սահմանադրությամբ նախատեսված պետության երկրորդ դեմքի (ԱԺ նախագահի) պաշտոնը զիջելով Հովիկ Աբրահամյանին: Այս նշանակումը պետական իշխանության և օլիգարխների ժամանակավոր համերաշխության դրսևորում է, ուրիշ ոչինչ: Շատ չանցած պայքարը վերսկսվելու է. կամ օլիգարխները վերջնականապես կյուրացնեն պետական իշխանությունը, կամ էլ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը կկարողանան չափավորել օլիգարխիայի ախորժակն ու երկիրը կդնեն քաղաքակիրթ զարգացման ուղու վրա:
Առաջին հայացքից անտեսանելի այս պայքարը սկսվել է 2008-ին, երբ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն վարչապետ նշանակեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին, ով հայտնի էր իր խոհափիլիսոփայական հոդվածներով և արևմտյան ֆինանսական շրջանակների հետ ունեցած սերտ հարաբերություններով: Սկզբնական շրջանում Տիգրան Սարգսյանի նշանակումն ընկալվեց որպես իրավիճակային լուծում, և համարյա բոլոր կանխատեսումները տանում էին նրան, որ վարչապետի պաշտոնում տնտեսագետ-փիլիսոփան երկար չի մնա: Սակայն կյանքն այլ ընթացք ունեցավ: Պարզվեց, որ Սերժ Սարգսյանը պետության գործադիր իշխանության թիվ մեկ իրականացնողի պաշտոնը վստահել է Տիգրան Սարգսյանին միայն մեկ պատճառով. նա է ամենալավը պատկերացնում օլիգարխներից անցավ և անցնցում ազատվելու գործընթացը: Դա է գլխավոր պատճառն այն հանգամանքի, որ իր պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում Տիգրան Սարգսյանը դարձավ հայկական օլիգարխիայի առաջնային թիրախը: Օլիգարխներն ու պետական համակարգում նրանց ներկայացուցիչները թե՛ գիտակցական, թե՛ ենթագիտակցական հարթության վրա զգում են, որ նախագահի աջակցությամբ Տիգրան Սարգսյանի առաքելությունն այնպիսի «բարեփոխումների» իրականացումն է, որոնց պարագայում օլիգարխների դերն ու նշանակությունը անկում են ապրելու, միևնույն ժամանակ չեզոքանալու է պետականությանը սպառնացող օլիգարխիկ վտանգը:
Նշենք նաև, որ նախագահ և վարչապետ Սարգսյանների խաղի հաջողությունը երաշխավորված չէ, քանզի Ռոբերտ Քոչարյանի իշխանության 10 տարիներին օլիգարխիան իր արմատներն է ձգել պետական ողջ համակարգում: Միևնույն ժամանակ, Հայաստանը պատերազմող երկիր է, և Սերժ Սարգսյանը չի կարող իրեն թույլ տալ, «բարդուղիմեոսյան գիշեր» կազմակերպելով, լուծել օլիգարխների հարցը և ստիպված է Տիգրան Սարգսյանի հետ «պաս ու գոլի» սկզբունքով այնպիսի գործընթաց վարել, որ օլիգարխիան դիրքերը զիջի առանց ցնցումների, ի վերջո, կուտակած ֆինանսական միջոցներն ու պետական համակարգում ներկայացվածությունն օլիգարխներին դիմադրելու հնարավորություն են տալիս:
Նկատենք, որ պետական իշխանությունն ընդդեմ օլիգարխիայի ճակատամարտն իր տրամաբանական եզրահանգմանն է հասնելու 2013 թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների շրջանում: 2013-ի ձմեռը Հայաստանի նորագույն պատմության ջրբաժանն է հանդիսանալու, երբ որոշվելու է պետականության ապագան: Սա է պատճառը, որ ԲՀԿ-ն և այլ կուսակցություններում տեղ գտած օլիգարխներն ընդդիմանում են Սերժ Սարգսյանին: Ինչևէ, պետականության անկման ծուղակից դուրս գալու համար Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն ունեն հարմար նախադրյալներ, մնում է միայն խաղը ճիշտ կառուցել և վճռական պահին չվարանել, չափազանց մեծ է սերունդների առաջ պատասխանատվության հարցը:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3024

Մեկնաբանություններ