Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Մնացել է երեք խաղ

Մնացել է երեք խաղ
26.06.2012 | 00:28

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են: Հունիսի 27-ի ու 28-ի խաղերում Իսպանիա-Պորտուգալիա, Գերմանիա-Իտալիա զույգերը միմյանց մեջ կորոշեն չեմպիոնական տիտղոսի առավել արժանի հավակնորդներին, ապա մեզ կսպասի հուլիսի 1-ը: Ասել է թե, ընդամենը երեք խաղ է մնացել «Եվրո-2012»-ի ավարտին: Սակայն այս «ընդամենը» բառը գործածելով` մենք ոնց որ թե աններելիորեն հասարակացրինք այն, ինչը մոտ մեկ ամիս մեզ գամել է հեռուստաէկրաններին: ՈՒղղենք ինքներս մեզ` մնացել է ամբողջ երեք խաղ: ՈՒ սա քիչ բախտավորություն չէ: Սակայն եկեք ավելորդ չհամարենք մեկ քառորդի հանդիպումներին անդրադառնալը, որովհետև դրանք մեզ համար քիչ փոթորկումների առիթ չեղան:


A ԽՄԲԻ ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ՄԻՖԻ ԱՆԽՈՒՍԱՓ ԱՎԱՐՏԸ
Հունաստանի հետ Գերմանիայի մրցապայքարում չեմ կարծում, թե կար մեկը, ով հույս էր փայփայում հանդիպման այլ ելքի վերաբերյալ. ախր ուժերը չափից դուրս անհավասար էին: Եվ, այդուհանդերձ, արժանին մատուցենք հելլենների համառությանը, կամային բարձր որակներին, որքան էլ դրանք զենք չէին գերմանական փշրող, քանդող, ավերող մեքենային ինչ-որ կերպ հակազդելու համար, որովհետև ժամանակակից ֆուտբոլում մրցակցին հաղթելու համար այլ կռվաններ էլ են պետք: Հետևաբար, եկեք օբյեկտիվորեն նայենք ճշմարտության աչքերին ու խոստովանենք, որ Յոախիմ Լյովի տղաների հետ խաղում հույները լոկ մեկ խնդիր ունեին լուծելու` արժանապատվորեն պարտվել, ու դա նրանց հաջովեց:
Թող ներվի մեզ առաջնության օրացուցային գրաֆիկը խախտելը, քանզի մեկ քառորդում ի սկզբանե Պորտուգալիա-Չեխիա խաղն էր` չեխերի, ինչպես հույների պարագայում էր, մարզական համառությամբ, կամային բարձր որակներով, սակայն… Որպեսզի չկրկնենք, առաջարկում ենք հույների առնչությամբ վերը գրվածը նույնությամբ կարդալ և չեխերի ընտրանու առնչությամբ: Սակայն մինչև Պորտուգալիայի հավաքականի խաղին անդրադառնալը, նախ, ասենք, որ ավազե տնակի պես հալվեց-գնաց A խմբի ենթադրյալ միֆը, որը վիճակահանության կամքով մի տանիքի տակ էր առել միջին եվրոպական հզորության թիմերի` նրանցից երկուսին մեխանիկորեն ապահովելով մեկ քառորդում հանդես գալու իրավունք այն դեպքում, երբ անհամեմատ հզոր հավաքականներ արյուն էին փսխելու այդ նույն մեկ քառորդ դուրս գալու համար: Խոստովանենք, եթե ՈՒԵՖԱ-ն այս վիճակահանությամբ ինչ-որ բանի ակնկալիքներ ուներ (կներեք, բայց ես չեմ հավատում այդ վիճակահանություն կոչվածի օբյեկտիվությանը մարդկային գործոնի չխառնվելուն), դրանք չարդարացան, իսկ եթե ուներ էլ, նրանց մութ գործերին խառնվելը մեր խնդի շրջանակներից դուրս է, մանավանդ որ չգիտենք դրանց հետևանքների մասին:

«ՌՈՆԱԼԴՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հա, ուրեմն, Պորտուգալիան: «Ռոնալդու և ընկերներ» փակ բաժնետիրական ընկերությունը «Եվրո-2012»-ի իր առաջին խաղից հետո լրջորեն չարացավ, այդ չարությունը տեղափոխեց հանդերձարան` տղերք էին, մի երկու թթու խոսք իրար ասին, հետո իրար մեջ զուտ տղայականով համաձայնության եկա՞ն, թե՞ չեկան, դժվարանում եմ ասել, սակայն, որպես հավաքականություն, կատաղեցին ու ընկան մնացած թիմերի ջանին` հերթով «չրթելով» նրանց: Համարյա մեր «Տերն ու ծառան» կինոնկարի հերոսի նման. «Աղա ջան, դու չասի՞ր` որը պատահի` մորթի: Է, ես էլ եկա, որը պատահեց` մորթեցի»: Տվյալ պարագայում մորթելը մի քիչ էն բառը չէ, բայց, մյուս կողմից էլ, եկեք վարժվենք իրերն իրենց անունով կոչելուն` մորթելն էլ ո՞նց է լինում:
Սակայն այս ասածի մեջ կարևորն ուրիշ բան է. ոչ թե պորտուգալական ընտրանու «կատաղություն» դեղահաբը կուլ տված լինելը, այլ «Ռոնալդու և ընկերներ» ընկերության երկրպագուների վրա իջած համարձակությունը, որ ռիսկ են անում Իսպանիայի ընտրանու անթաքույց երկրպագուիս զանգել ու ի՜բր միամտորեն, ի՜բր հենց այնպես, ի՜բր ի միջի այլոց հարցնել` Իսպանիայի հետ ամսի քանիսի՞ն ենք խաղալու: Ես, ժողովուրդ ջան, ինչ էլ լինի, վերջապես բառի մարդ եմ, գրողը տանի. «խաղալու ենք» ու «խաղալու են» բաները, ի՞նչ եք կարծում, իրարից տարբերո՞ւմ եմ, թե՞ չէ: Դե որ բանը հասել է սրան, ասեմ` Պորտուգալիայի հետ խաղալու եմ հունիսի 27-ին, ու ցավի հաճույքից քրտնելու եք էդ խաղի համար: Ի՞նչ է, ձեզ դաս չեղա՞վ Իսպանիայից Ֆրանսիայի հավաքականի պարտությունը (հլա տես, թե նյութիս կառուցման հետևողականությունը ոնց են փշրում): Լավ, չտրվենք զգացմունքներին, շարունակենք մեր իլիկը մանել:
Պորտուգալիան իսկապես գեղեցիկ է խաղում, ու այդ խաղն արժանի է հարգանքի բոլոր առումներով` թե՛ կատարողական վարպետության, թե՛ ձեռագրի հասունության, թե՛ տակտիկական մտածողության, թե՛ կամային և այլ որակների: Բենտուի հավաքականն առաջինը լինելու հայտ է ներկայացրել ու պիտի ընդունել այդ հայտի իրավունքն անկախ նրանից, թե մեր համակրանքն ում կողմն է: Թող խաղա ու եթե կարողանալու է հաղթել Իսպանիային, թող հաղթի: Ի՞նչ կա որ: Հիշո՞ւմ եք «Մեր մանկության տանգոյի» Ռուբենին: Մինչև Վարդուշին սիրելը, սիրում էր Սիրանուշին, բայց դա հո չէ՞ր նշանակում բնավորության փոփոխականություն, հո չէ՞ր նշանակում մոռանալ Սիրանուշին, մոռանալ պայմանավորվածություններ, պարտավորվածություններ, զգացմունքներ, հազար ու մի բաներ (ասա, ա՛յ Լիլի Մարտոյան, ժամանակ գտա՞ր էս նյութը գրելուց առաջ զանգելու ու անմեղ-մեղավոր «Իսպանիայի հետ ամսի քանիսի՞ն ենք խաղալու» հարցը տալու: Էդ ո՞ր մի ճշմարիտ երկրպագուն իր նախապատված թիմի խաղալու օրը չգիտի):

ԲԼԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ
Աշխարհում, ամենայն հավանականությամբ, չի գտնվի մի թիմ, որը ցանկանա Իսպանիայի հետ խաղալ առաջնության նման վաղ փուլում, որտեղ պարտությունը հավասար է բոլոր երազանքների կործանման: Սակայն սա Ֆրանսիայի հավաքականի ընտրությունն էր: Հասկանալի է, որ այս ընտրություն կոչվածը տվյալ պարագայում պիտի հասկանալ շատ մեծ պայմանականությամբ, որովհետև խմբայինից երկրորդ տեղով դուրս գալն ու արդեն մեկ քառորդում Իսպանիային մրցակից ունենալն ամբողջությամբ հետևանք էր ֆրանսիացիների` շվեդների դեմ ունեցած անհաջող խաղի (այստեղ միջանկյալ նշենք, որ հանդերձարանում ֆրանսիացիները լա՜վ էլ ծանր խոսակցություն են ունեցել իրար հետ` որքան էլ թիմի գլխավոր մարզիչը, իսկ նրանից առաջ` Բլանի ասիստենտ Ալեն Պողոսյանը, մամլո ասուլիսներում եղածը փորձեցին լղոզել): Կհաղթե՞ր Բլանի թիմը վրեժի կարմիր աստվածուհուն, մեկընդմիշտ կմարեին շվեդների հետ ունեցած խաղի ծանր տպավորությունների մասին խոսակցությունները, չէի՞ն անի պահանջվելիքը, մինչև մահ-գերեզման դառնալու էին խոսակցության թիրախ: Ահա այսպիսի ծանր հիշողությամբ էր Ֆրանսիան ընդառաջ եկել իր կիսաեզրափակչին:
Սակայն պակաս ծանր զգացողությամբ չէին դաշտ մտել և իսպանացիները, ովքեր պաշտոնական խաղերում դեռևս չեն հաղթել մրցակիցներին` հինգ պարտության դիմաց ունենալով ընդամենը մեկ ոչ-ոքի: Ահա թե ինչու, երբ վիճակագրությունը հիշեցնելով Իկեր Կասիլյասին, լրագրողները փորձել էին «ցավեցնել» Իսպանիայի ընտրանու թիվ մեկ պահապանին, վերջինս պատասխանել էր. «Չարժե նայել անձնական հանդիպումների վիճակագրությանն ու պատմական արդյունքներին: Նման բաները փոխվում են մի ակնթարթում: Ճիշտ է, Իսպանիան ոչ մի անգամ Ֆրանսիային չի հաղթել պաշտոնական հանդիպումներում, սակայն մենք այդ մասին չենք մտածելու: Մենք մտածելու ենք նպատակի` Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու մասին»:
Հասունության քննության իր խաղում, խոստովանենք, Լորան Բլանը հեծանիվ հայտնագործելու կարիք չուներ: Նրա գործընկեր Չեզարե Պրանդելին, Իսպանիայի ընտրանու հետ խմբային խաղում ոչ-ոքի արդյունքի հասնելով, արդեն իսկ ինչ-որ բան հուշել էր ֆրանսիացուն: Այո, հուշել էր, սակայն նաև խոշոր միամտություն կլիներ կուրորեն հետևել այդ տակտիկային, քանզի ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ Վիսենտե դել Բոսկեն չէր խորամանկել իտալացիների հետ առաջին խաղում: Չմոռանանք, որ այդ խաղը սկզբունքորեն առանձնապես շատ բան չէր նշանակում Իսպանիայի համար: Ինչևէ:

ԻՍՊԱՆԻԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Պիտի քաջություն ունենալ ու սա ընդունել: Այդ խնդիրների խնդիրը քսաներեք հավասարարժեք ֆուտբոլիստ ունենալն է: Եթե կան մարզիչներ, ովքեր գլուխ են կոտրում ում ումով փոխարինելու հարցի վրա, Վիսենտե դել Բոսկեն նրանցից սկզբունքորեն չի տարբերվում: Հիմնախնդիրը, այո, նույնն է, սակայն հակառակ ծայրահեղությամբ: Եվ, այդուհանդերձ, խոշոր առումով Իսպանիան կենտրոնական հարձակվող և՛ ունի, և՛ չունի: Որքան էլ տարօրինակ է, հենց այս «բացն» է նրա մրցակից թիմերի թիվ մեկ գլուխկոտրուկը: Ապա մի հիշեք` իրար վրա եղե՞լ է երկու խաղ, որտեղ կենտրոնականում նույն մարդը խաղա: Իսկապես հանելուկ է, չէ՞: Մինչ մրցակիցները նախախաղային իրենց գուշակումներում փորձում են հասկանալ` Տորե՞ս, Ֆաբրեգա՞ս, Լիորենտե՞, որ խաղը կառուցեն, այդ ծերուկ Բոսկեն թիմը դաշտ է հանում ձեռքերը գրպանը դրած միամիտ դեմքով ու անում իր սև գործը: Հասկանալի է` մրցակիցների համար սև:
Իսկ ամենահետաքրքիրը նա արեց ֆրանսիացիների հետ խաղում: Տեսնելով, որ ընտրած բացահայտ պաշտպանական մարտավարությամբ խաղը տանուլ է տալիս, Բլանը երկրորդ խաղակեսում արեց պահանջվելիք փոփոխությունները, սակայն նույն փոփոխություններով այնպիսի անակնկալի բերեց նրան Վիսենտե դել Բոսկեն, որ, ի՜նչ մի խաղակես, մի ամբողջ խաղ էլ չէր բավականացնի դրանց տրամաբանությունը հասկանալու համար` հանել Ինիեստա ու Սիլվա՞: Այստեղ ինչպե՞ս չհիշել «Հարսնացու` հյուսիսից» կինոնկարից խնամի Մուրադի անմեղ հարցը` «за что?»: ՈՒ քանի որ մենք հասու չենք այդ հարցին պատասխանելու, եկեք Իսպանիայի հարցը ծալենք, դնենք մի կողմ` ընդունելով, որ ամենագեղեցիկ ֆուտբոլը նրանցն է:

ՈՒՆԵՆԱԼ ԲՈՒՖՈՆ ՈՒ ՊԻՌԼՈ ԵՎ ՊԱՐՏՎԵ՞Լ . ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է
Մեկ քառորդ Իտալիայի ընտրանին թեթև չէ, բայց թե առանձնապես դժվար էլ չելավ: Հիշենք խմբայինում Իսպանիայի հետ խաղը: Չէ, այսպես կարծես թե այնքան էլ ճիշտ չենք լինի ասելիքի մեջ: Հիշենք Իսպանիայի հետ իտալացիների ագրեսիվ խաղը, որը հետագա սրացում կստանար, եթե Բոսկեն մի փոքր չբարկանար ու Պրանդելիին չսաստեր «չափդ ճանաչիր» թեթև զգուշացումով: Պրանդելին, անշուշտ, հասուն մասնագետ էր հասկանալու համար, որ ծերուկ աղվեսի հարցում համը չի կարելի հանել: Իր յուրօրինակ «ներողությունը» ավագ գործընկերոջը նա հայտնեց խմբայինից առաջին տեղով դուրս գալով ու մեկ քառորդում նրան հանդիպելուց խուսափելով: Իսկ, այ, Լորան Բլանը դա չհասկացավ ու պատժվեց:
Մեկ քառորդում Պրանդելիի հավաքականն ավելի էր արժանի հաղթանակի ու հաղթեց: Ոչ թե նրա համար, որ չուներ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի խոհունությունն ու իր թիմը չէր նախապատրաստել հետխաղյա տասնմեկմետրանոցներին: Շրջահայացները սովորաբար ամեն տարբերակ էլ հաշվի առնում են, բայց նրանք հենց նրա համար են շրջահայաց, որ պահեստային տարբերակը թողնում են ամենավերջում, մինչդեռ Հոջսոնն ի սկզբանե էր այդպես որոշել: ՈՒ դրա համար էլ պատժվեց:
Մենք խաղի երկար-բարակ պատմությունը չենք անի, սակայն դրա երկու բաղադրիչների մասին չենք կարող չխոսել: Անձի վերաբերմամբ գուցե թե «բաղադրիչ» բառի գործածումն այնքան էլ տեղին չէ, բայց թե յոլա գնանք այս տերմինով: ՈՒրեմն` Բուֆոնը: Համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների այդ մեծագույն դարպասապահներից մեկը իսկապես որ թիմի ոգին էր ու է: Հիշեք խաղասկզբի նրա խիզախումը: Խփեին անգլիացիները գոլ` ամեն ինչ վերջացած կլիներ, որովհետև դժվար է հավատալ, որ էքսցենտրիկ, իմպուլսիվ իտալացիները կկարողանային դուրս գալ մեկնարկային շոկից: Բուֆոնն իր ֆանտաստիկ սեյվով տղաներին ասաց` դարպասը փակ է, դուք Ձեր գործին անցեք:
Այստեղ ընթերցողից ներողություն պիտի խնդրենք մեր ահռելի թռիչքի համար ու նրան միանգամից հետխաղյա տասնմեկմետրանոցներին բերելով (ձեր բոլոր բողոքները հասցեագրեք խմբագրությանը` նյութին այսքան ժլատ տեղ հատկացնելու համար): Ինչ արեց Պիռլո՞ն: Կասեք` տասնմեկմետրանոցն իրացնելով թիմին վստահություն հաղորդե՞ց: Եթե այսպես եք հասկացել նրա արածը, հենց այստեղ էլ վերջակետը կդնեմ, ու Աստված ամենքիս հետ: Պիռլոն պարզապես սպանեց անգլիացիներին: Այդպես արտիստիկ, անփութության աստիճանի այդպես թեթև հարված կարող է իրականացնել միայն մեծ վարպետը: Բայց դա դարպասի սոսկական գրավում չէր: Նա իր խաղընկերներին պարզապես ասաց` ի՞նչ եք լարվել, խաղը շահած է, ձեր գործին մնացեք:
Չերկարացնենք: Իտալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ: ՈՒ սա իսկապես լավագույն տարբերակն էր, քանզի գերմանական հզոր մեքենայի դեմ դժվարանում եմ պատկերացնել, թե այդքան խոցելի պաշտպանություն ունեցող անգլիացիները (չխաբվեք իտալացիների հետ խաղի 0:0 արդյունքով) ինչ էին անելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ