Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ժողովրդավարական երկրները պատերազմներ չեն սիրում»

«Ժողովրդավարական երկրները  պատերազմներ չեն սիրում»
26.06.2012 | 12:08

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ:


-Հինգերորդ գումարման ԱԺ արտահերթ նստաշրջանից հետո, Ձեր տպավորություններով, ի՞նչ խորհրդարան ունենք հիմա:
-Մենք ունենք քաղաքական բազմասպեկտր խորհրդարան, որտեղ փաստացի 14 քաղաքական ուժ է ներկայացված: Կառուցվածքային առումով խորհրդարանը գործելու է 6 խմբակցությունների միջոցով, որը նշանակում է բազմակարծություն, քաղաքական համագործակցության և քաղաքական ընդդիմախոսության բավականին հետաքրքիր ձևաչափերի ձևավորման հնարավորություն առաջիկա 5 տարիներին: Կառավարության գործունեության ծրագրի քննարկումը ցույց տվեց, որ և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ տնտեսական, և՛ մասնագիտական առումներով խորհրդարանը մեծ ներուժ ունի և, իհարկե, պառլամենտարիզմի ամրապնդման տարրերն ավելի ակնառու են դառնում:
-Ինչո՞վ ու ինչի՞ց են երևում այդ տարրերը:
-Նախ` քաղաքական ներկայացվածության մակարդակը շատ բարձր է, նաև հասարակական սեկտորն է ավելի ընդգրկուն ներկայացված, խորհրդարանում շատ քաղաքական դեմքեր կան, որ երկարաժամկետ քաղաքական գործունեությամբ կապված են հայոց անկախ պետականության կայացման տարբեր փուլերի հետ: Իհարկե, այս խորհրդարանը շատ ավելի լուրջ, ծանրակշիռ դերակատարություն կունենա առաջիկա տարիներին երկրի հասարակական, քաղաքական, իրավական, տնտեսական, մշակութային զարգացումներում:
-Համաձա՞յն եք, որ հայոց խորհրդարանը վերջապես քաղաքական է դառնում:
-Խորհրդարանը միշտ էլ եղել է քաղաքական մարմին, այս խորհրդարանում քաղաքական բաղադրիչը, այսինքն` քաղաքական գործընթացը, շատ ավելի ընդգծված է լինելու իր տեսակարար կշռով:
-ՀՀԿ-ն իրեն ինչպե՞ս է զգում այդ տեսակարար կշռում:
-Շատ լավ, մեզ համար օգտակար ու դրական լիցքեր կան այդ ամենում: Ինչպիսին էլ եղել է խորհրդարանը, ՀՀԿ-ն միշտ էլ եղել է քաղաքական առանցք, այս անգամ քաղաքականապես ակտիվ խորհրդարանում ՀՀԿ-ն ավելի ակտիվ, հանգամանալից, թիրախավորված է գործելու:
-Դուք գլխավորում եք արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը արտաքին գործերի նախարարության հետ:
-Հստակ, փոխլրացնող և ամբողջական համագործակցությամբ: Մեր հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակներից են միջազգային հարաբերություններում և միջխորհրդարանական կապերում խորհրդարանական դիվանագիտությամբ Հայաստանի դրական իմիջ ձևավորելը և մեր արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ունի խնդիրների լայն շրջանակ:
-Որո՞նք են այդ խնդիրները Ձեր գնահատականով:
-Միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորների հետ համագործակցությամբ, ուղիղ կապերի միջոցով հայկական շահերը, հայ հասարակության խնդիրներն ընկալելի դարձնել, ինտեգրացիոն գործընթացներն ավելի խորացնել, այլ երկրների օրենսդրական գործունեության ուսումնասիրությամբ հաջողված փորձը մեր երկրում կյանքի կոչել, Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում խորհրդարանական հարթակներում պաշտպանել մեր պետության և ԼՂՀ բնակչության արդարացի, օրինական շահերը, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում գտնվող ամենակարևոր խնդիրների վերաբերյալ նաև խորհրդարանական աջակցություն ապահովել, բազմակողմ և երկկողմ ձևաչափերով նպաստել արտաքին քաղաքականության հաջող իրականացմանը: Այս առումով մենք համագործակցել և համագործակցելու ենք ՀՀ նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, արտաքին գործերի նախարարության հետ, միջազգային բոլոր կազմակերպությունների հետ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա և այլ երկրներում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, աշխարհասփյուռ հայկական համայնքների հետ: Խորհրդարանական դիվանագիտությունը ժամանակակից աշխարհում այն հարթակն է, որտեղ ավելի ընդգրկուն և ավելի ազատ քննարկումների միջոցով հնարավորություններ են ստեղծվում խոսելու գոյություն ունեցող բոլոր խնդիրների վերաբերյալ և դրանց լուծումների համար տարբեր երկրների խորհրդարաններում համախոհներ գտնել, համագործակցաբար հանդես գալ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ու վեհաժողովներում` ստեղծելու ավելի լավ հնարավորություններ երկրի ներկայացման, արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր-մշակութային հետաքրքրությունների առումով` ապահովելով ՀՀ-ի անվտանգ, խաղաղ, ամբողջությամբ ինտեգրված համահունչ գործունեությունը միջազգային հանրության հետ:
-Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ո՞ր խնդիրներն եք համարում առաջնային:
-Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը, որում ՀՀ նախագահի ղեկավարությամբ վերջին տարիներին միջազգային հանրության և շահագրգիռ կազմակերպություններում ու քաղաքական միջավայրերում ձևավորվել է այն ընկալումը, որ հայկական դիրքորոշումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ամբողջությամբ գտնվում են խնդրի կարգավորման Մինսկի խմբի համանախագահների գործունեության շրջանակներում և բխում են տարածաշրջանի անվտանգության շահերից` հիմքում ունենալով ինքնորոշման իրավունքի իրացման պարտադիր կանոնը, որը ԼՂՀ բնակչության անօտարելի իրավունքն է` տրված միջազգային նորմերով և սկզբունքներով: Առաջիկայում ունենք նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նախապատրաստվելու խնդիր: Մենք պետք է կարողանանք ակտիվացնել ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այդ խնդիրներն առավել հաճախ հնչեղություն են ստանում տարբեր երկրների խորհրդարաններում, ուստի տարբեր ձևաչափերով պետք է կարողանանք այդ գործընթացներին նոր ազդակներ հաղորդել, որովհետև դա միայն Հայաստանի խնդիրը չէ, ոճրագործություն է մարդկության դեմ, որն անպայման պետք է ստանա իրավական, բարոյական և քաղաքական գնահատականներ:
-Ադրբեջանն անընդհատ տարբեր մակարդակներով հնչեցնում է, որ ԼՂ հարցը լուծելու համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն, իր կարծիքով, «օկուպացված տարածքներից»: Դա նշանակում է` Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է հարցի լուծումից, և ինչո՞ւ միջազգային հանրությունը մշտապես իր կոչերն ուղղում է երկու կողմերին հավասարապես:
-Ադրբեջանի այդ մոտեցումը նշանակում է նախապայման առաջադրել, որն ինքնին անհեթեթություն է: Այսօր գոյություն ունեցող իրավիճակն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքն է: Ձևավորվել է անվտանգության մի օղակ, որը պահպանում է տարածաշրջանում հարաբերական խաղաղությունն ու կայունությունը, հանդիսանալով խաղաղ գոյակցության նվազագույն անհրաժեշտ ռեսուրս: Ադրբեջանն էլ շատ լավ գիտակցում է, որ միջազգային հանրությունը երբեք թույլ չի տա ռազմական միջամտությամբ ստատուս քվոյի խախտում: Ստատուս քվոն տարածաշրջանի կայունության բանալիներից մեկն է: Իհարկե, խնդիրը պետք է լուծվի, և այդ լուծման համար գոյություն ունեն սկզբունքներ, առաջարկված մոդելներ, Ադրբեջանն ընդամենը պետք է կարողանա կառուցողական դիրքորոշում ցուցաբերել: Նախ և առաջ պետք է հստակ լինի կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման հնարավորությունները պետք է բացառվեն: Դա պետք է դառնա Ադրբեջանի պետական քաղաքականության պաշտոնապես հայտարարված սկզբունք, և ոչ թե պարբերաբար առիթներ տա, որ Մինսկի խումբը համանախագահների մակարդակով ժամանակ առ ժամանակ անդրադառնա այդ խնդրի կարևորությանը, ստեպ-ստեպ էլ` նախագահների մակարդակով: Որպեսզի մյուս խնդիրներին հնարավոր լինի անցում կատարել, նախ և առաջ այս խնդիրը պետք է լուծվի: Բանակցային գործընթացը պետք է հնարավորություններ ստեղծի ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման, հստակ երաշխիքներ ու կիրարկման մեխանիզմեր գտնելով, որն ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Դա է խնդրի լուծման ճանապարհը: Այսինքն` կա խնդրի լուծման միջնորդների կողմից առաջարկվող քաղաքական ճանապարհ, որը երկուստեք փոխզիջման գործողություններ է ենթադրում: Ադրբեջանը պարտավոր է այդ մոդելով առաջնորդվել և ընդունել, որ ինքնորոշման իրավունքի իրացումը միայն սկիզբ կհանդիսանա գոյություն ունեցող մյուս խնդիրների լուծման համար: Դա ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներով առաջադրված պահանջ է:
-Ձեր նշած ճանապարհները մադրիդյան սկզբունքների հետ համադրվո՞ւմ են:
-Մադրիդյան սկզբունքներն առաջարկում են այն հիմքը, որը թույլ է տալիս քննարկել գոյություն ունեցող բոլոր խնդիրները: Մենք առանձնապես ոգևորված չենք մադրիդյան սկզբունքներով, բայց գիտակցելով, որ խնդրի քաղաքական լուծումը ենթադրում է փոխզիջումային տարբերակներ, պիտի հասնենք նրան, որ միջազգային հանրության ճնշման ներքո Ադրբեջանը վերադառնա բանակցային կառուցողական դաշտ:
-ԼՂ-ի բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը հավանակա՞ն է:
-Ես կարծում եմ, որ դա այն ճանապարհն է, որով պետք է անցնի բանակցային գործընթացը, և որքան շուտ հասնենք այդ կետին, այնքան շուտ կմոտենանք կոնֆլիկտի կարգավորմանը: Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության օրինական ընտրված իշխանությունների ներկայացվածության բանակցային սեղանի շուրջ հնարավոր չէ կայացնել վերջնական որոշումներ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ: ՀՀ-ն երաշխավորում է ԼՂ բնակչության անվտանգության և օրինական իրավունքների պաշտպանությունը, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի ԼՂՀ-ն ամբողջությամբ միջազգային իրավունքի վրա հիմնված մեխանիզմներով:
-Մեքսիկայից եռանախագահները կողմերին կոչ արեցին քաղաքական խիզախություն դրսևորել` հասկանալու, որ ստատուս քվոն արդեն չի բավարարում, և խնդիրը լուծելու ժամանակն է: Դա հայտարարությունից հայտարարություն տեղափոխվող հերթապահ հորդո՞ր է, թե՞ իսկապես չլուծման ժամանակը սպառվում է:
-Ստատուս քվոն պետք է հասկանալ ոչ թե տարածքային տեղաշարժեր, ինչպես մեկնաբանում է Ադրբեջանը, այլ ստեղծված իրավիճակի շուրջ քաղաքական լրջմիտ մոտեցման ցուցաբերում: Ադրբեջանն ինքը չի անում այն քայլերը, որոնցով հնարավոր է առաջ տանել գործընթացը` բանակցային գործընթացում միմյանց վստահել, հարգել և պահել պայմանավորվածությունները, հասկանալ, որ ռազմական գործողությունները, ռազմական գործողությունների մտադրությունները, հայատյացությունը, հակահայկական քարոզչությունը, թշնամանքի և ատելության սերմանումը երբեք ու երբեք չեն կարող դառնալ այն հիմքն ու մթնոլորտը, որում կոնֆլիկտներ են կարգավորվում: Եռանախագահների լոսկաբոսյան հայտարարությունը գալիս է լրացնելու Լ’Ակվիլայի, Մուսկոկայի, Դովիլի հայտարարությունները, նշանակում է, որ գոյություն ունեցող իրավիճակում կողմերին հորդորում են արագացնել գործողությունները և փոխհամաձայնություններով շարժվել առաջ: Դա տարածաշրջանային կայունության պահպանման առաջին պայմանն է։ Ցանկացած ռազմական գործողություն տարածաշրջանը դուրս կդնի կայուն վիճակից. դա գիտակցում են բոլորը: Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը միայն Ղարաբաղի ու Ադրբեջանի պատերազմը չէ:
-Եթե հայատյացության քարոզն ու թշնամանքի մթնոլորտը Ադրբեջանի նախագահի իշխանության հիմքն են, հարցի լուծման համար իշխանափոխությո՞ւն է պետք:
-Վստահ չեմ, որ ալիևյան սուլթանատում հնարավոր է դա անել, որովհետև բոլոր ընդդիմադիր ուժերը ճզմված են: Ադրբեջանն այն երկիրն է, ուր մշտապես խախտվում են մարդու իրավունքները, որտեղ փորձում են քողարկել ներքին բազմաթիվ հիմնահարցեր` քաղաքական, էթնիկ, մշակութային, իրավական և այլն: Ժամանակակից աշխարհում հայտնի կանոն է` ժողովրդավարական երկրները պատերազմներ չեն սիրում, ուստի միջազգային հանրության խնդիրն է նաև ժողովրդավարություն պարտադրել Ադրբեջանին, որպեսզի տարածաշրջանը դառնա ավելի խաղաղ ու անվտանգ: Ադրբեջանն այն երկիրն է, որը փորձում է արտաքին աշխարհում երևալ այնպիսին, ինչպիսին չէ, ցուցադրել այն, ինչ իրականում գոյություն չունի, վստահ լինելով, որ իր հաջողությունները կապված են միայն ու միայն էներգակիրների հետ: Այդ քաղաքականությունը կարող է օգուտներ բերել, բայց` կարճաժամկետ, և մեծ հաշվով ձախողված քաղաքականություն է, որը հնարավորություն չի տալիս սեփական հասարակության հետ անկեղծ, պարզ, շիտակ ու բաց խոսակցության:
-Բայց ամրապնդում է իշխանությունը, թեկուզ վախի հիմքով:
-Այո, ամրապնդում է, այդ քարոզչությունն ուղղվում է ալիևյան իշխանության և Ադրբեջանում ստեղծված իրավիճակն արդարացնելուն, որպեսզի սեփական ներքին լսարանը համակերպվի, որ անհրաժեշտ են ռազմական խոշոր ծախսեր, անհրաժեշտ է հանդուրժել Ալիևին ու իր կլանին: Բայց, իմ կարծիքով, Ադրբեջանում աստիճանաբար ձևավորվում է մի հասարակություն, կյանք է մտնում մի սերունդ, որ մեծ կապվածություն չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ և խնդրի լուծման գործընթացի այլ ընկալում ունի, չի գտնվում արհեստական քարոզչության ազդեցության տակ, նաև հնարավորություն ունի շփվելու մեծ աշխարհի հետ և այլընտրանքներ ունենալու: Ադրբեջանում այսուհետավելի ու ավելի հստակ հասարակությունը կարող է գիտակցել, որ թշնամանքի ու ատելության ճանապարհն այն ճանապարհը չէ, որ անհրաժեշտ է իրեն: Իրենց հասարակությունն էլ է աստիճանաբար գիտակցելու, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը ղարաբաղցիների խնդիրն է, և ղարաբաղցիները պետք է որոշեն, թե ինչպիսին պիտի լինի իրենց ճակատագիրն իրենց իսկ տարածքում: Կոնֆլիկտի ընկալման փոփոխությունն Ադրբեջանում կբերի նաև իրավիճակի փոփոխության: Այս առումով ժամանակն աշխատում է մեր օգտին` և՛ Ադրբեջանի ներսում, և՛ միջազգային ասպարեզում, ուր տարեցտարի ավելանում են ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա ստեղծված պետական միավորումների ճանաչման նախադեպերը:

Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 6498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ