Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«За державу обидно»

«За державу обидно»
02.07.2012 | 00:40

Երբ պետության սահմանների վրա թշնամու կամ թշնամիների ռազմական հարձակում է լինում, պետությունը` ի դեմս բանակի, կենտրոնացնում է իր առավելագույն ուժերը և հակահարված է տալիս։ Եթե երկրի ներսում աշխուժանում են քրեածին ուժերը, իր բոլոր կարողություններն ի մի է բերում ոստիկանական համակարգը, որի առաջնային գործը հանցագործության բացահայտումն ու կանխումն է լինում, իսկ հայտնաբերված հանցագործությունը` իրավապահ մարմիններից դատական մարմիններին հանձնելը։ Երբ մարդը հասկացավ, որ այնտեղ, որտեղ սկսվում են ա - քաղաքացու իրավունքները, այնտեղ դադարում են գործել բ - քաղաքացու իրավունքները։ Այդ ժամանակ մարդկությունը ստեղծեց և իմաստավորեց դատական համակարգը, որի օժանդակ, բայց և ինքնուրույն թևը ոստիկանությունն է, որը բանակի հետ պետական համակարգի և ընդհանրապես պետության առանձնախորհուրդներից մեկն է։
Ինչո՞ւ եմ այս պատմատեսական ակնարկն անում. պարզապես ուզում եմ մեր պետության առանձնախորհուրդների գերատեսչական ղեկավարներին հիշեցնել, որ եթե այդ գերատեսչություններից ամեն մեկը (վերն ասվեց) իր տեղում և դերում չէ, ապա ով ասես կարող է ոտնձգություն անել և շրջանցել նրա լիազորությունները։
Ես ուզում եմ անդրադառնալ «Հարսնաքարի» դեպքին, որը, ըստ էության, ՀՀ պետության հիմնական օրենքների ոտնահարում էր իր իսկ քաղաքացիների կողմից, որի կանխումը ոստիկանության գործն է։ Դեպքը պատահել է մայրաքաղաքի հասարակական վայրերից մեկում։ Ես չեմ ուզում անդրադառնալ միջադեպին, քանի որ հենց հաջորդ օրը շրջանառության մեջ դրվեցին կցկտուր, բայց և տուժող բժիշկներին վարկաբեկող տեղեկություններ։ Եթե անգամ այդ մարդիկ, ովքեր տվյալ դեպքում այդ հաստատության հյուրերն էին, իրենց անվայել էին պահել, ապա նրանց կարգի հրավիրելու և լարվածությունը չեզոքացնելու կամ ընդհարումը կանխելու համար ռեստորանի համապատասխան աշխատակիցները պարտավոր էին ահազանգել մոտակա ոստիկանական բաժանմունք և վերացնել անախորժությունը։
Բայց, ո՛չ. չարաբաստիկ ռեստորանն ունի իր «մինի» ոստիկանությունը` համալրված ահռելի չափեր ունեցող մարդկանցով, ովքեր տեղում, առանց դատ ու դատաստանի հաշվեհարդար են տեսնում մարդկանց հետ։ Քանի՜-քանի այդպիսի հաշվեհարդարներ են եղել շարքային մարդկանց հետ, և հասարակությունը չի իմացել, քանի որ ծածկադմփոց է արվել։ Մինչդեռ այս անգամ ոսկորը մնաց կոկորդներին` ծեծել էին զինվորական բժիշկներին` սպայի կոչումով, ասել է թե ծեծել էին հայ զինվորին, որը պետության սահմանն է պաշտպանում, ասել է, թե օլիգարխ պատգամավորն իր «ախրաննիկներին» պետության դեմ է հանում, և դա շատ «մտածված ու սրտացավորեն» կոծկում է հանրապետության ոստիկանապետը` ասելով, որ լրագրողները, թե չգիտեմ ովքեր, «սին մեղադրանք են տարածում» ռեստորանի տիրոջ դեմ։ Ահա այսպես. «սին մեղադրանք, այսինքն` իրավաբանորեն ասած` անհիմն մեղադրանք»։ Զարմանալի է, պարոն ոստիկանապետն իսկապե՞ս չի հասկանում, որ այդ հաստատության աշխատակիցներն իրենց տիրոջ անմիջական հրահանգ-հրամանով պարզապես արհամարհել են իր գերատեսչությունը և անձամբ իրեն. դե գոնե ոստիկանության մասին ՀՀ օրենքը պիտի իմանար։ ՈՒրեմն` չգիտի։ Ցավալի է, որ օլիգարխիական իր օրենքներն է թելադրում նաև ոստիկանությանը, վաղը կթելադրի դատարանին և արդարադատությանը, կառավարությանը, առաջին դեմքերին։ Իսկ գուցե արդեն այսօ՞ր են թելադրում։
Մի քանի օր առաջ Ֆեյսբուքում տեղեկություն էր տարածվել, որ մի խումբ բժիշկներ «Հարսնաքար» անիծված ռեստորանում նշել են Բուժաշխատողի օրը։
Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, որ մարդկային նկարագիրը չկորցրած որևէ բժիշկ մի երկու օր հետո խրախճանք անի այդ գլխակեր ճաշարանում։ Երիտասարդներն իրենց հատուկ անմիջականությամբ և անհանդուրժողականությամբ խիստ կոչ էին անում գնալ ստուգել և ամոթանք տալ այդ բժիշկներին։ Ես չգիտեմ, կայացա՞վ այդ արշավը, թե՞ ոչ, բայց այդ լուրի տարածման երկու վարկած եմ ենթադրում. բժիշկները բնավ էլ չէին դատապարտում այդ ճաշարանի «ախրաննիկներին»։
Կրթական մասնագիտություն և մասնագիտական կրթություն չունեցող մարդու միամտությամբ, ով, ով բայց բժիշկները պատվախնդրորեն պաշտպանում են իրենց գործընկերոջ մասնագիտական պատիվն ու հեղինակությունը։
Առավել հավանական է, որ ուրեմն, այս վարկածը բացառվում է։
բ) ճաշարանի սեփականատերն իր հաշվին «պատիվ է տվել» մի քանի պաշտոնյա բժիշկների` Բուժաշխատողների օրվա առթիվ։
Երրորդը, մենք արդեն բացառել ենք։
Ահա այսպես, պարոնա՜յք պետության ներկայացուցիչներ և ձեր սեփական օրենք-ախրաննիկներով ձեր սեփականությունը պաշտպանող օլիգարխներ, մենք էլ ենք հասկանում, գուցե և ավելի շատ. պարզապես մեր բախտը չի բերել, չէ, բերել է, և մենք մնացել ենք մեր հարազատ բարոյահոգեբանական միջավայրում և ձեզ չենք նախանձում, այլ Սայաթ-Նովայի ասած` «Ցիղիս համա իմ լալիս», կամ` «За державу обидно».


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ