«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ջազմենը ոչ մի դեպքում, ոչ մի երկրում պոլիտիկայով չի զբաղվել ու, կարծում եմ, չի էլ զբաղվի»

«Ջազմենը ոչ մի դեպքում, ոչ մի երկրում պոլիտիկայով չի զբաղվել ու, կարծում եմ, չի էլ զբաղվի»
27.06.2012 | 15:49

«Իրատես de facto»-ի հյուրն է հայկական ջազի լեգենդ, հայ ջազմենների կնքահայր (այսպես է ընդունված նրան կոչել ջազմենների շրջանում), Երևանի պատվավոր քաղաքացի, «Մովսես Խորենացի» շքանշանակիր ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ, ում հետ հանդիպումը կայացել է իր իսկ հիմնադրած «Malkhas jazz club»-ում:

«ԱԿՈՒՄԲԻ ՃԱԿԱՏԻՆ ՍԱՔՍՈՖՈՆ ՆԿԱՐԵԼՈՎ, ԹԱՆԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԱՆԵԼՈՎ` ՋԱԶ ԱԿՈՒՄԲ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ»


-Մաեստրո, ջազ ակումբները Երևանում շատացել են, և, փաստորեն, «Մալխաս ջազ ակումբը» կորցրել է իր մենաշնորհը` որպես այդպիսին, ու կամա-ակամա ձևավորվել է մրցակցության դաշտ: Սա Ձեզ անհանգստացնո՞ւմ է, թե՞ մղում յուրօրինականությունը պահպանելուն ուղղված նոր որոնումների:
-Ես յուրօրինակություն պահպանելու խնդիր չունեմ, որովհետև «Մալխաս ջազ ակումբն» ինքնին եզակի է: Յոթ տարի ջազային երաժշտությամբ ակումբ պահելը Երևանում շատ դժվար աշխատանք է: Երբ ես բացեցի այս ակումբը, դրանից հետո շատ այլ ակումբներ բացվեցին, բայց դրանք կամաց-կամաց փոխեցին իրենց ուղղվածությունը: Մի բան է բացելը, մեկ ուրիշ բան` պահպանելը: Ակումբի ճակատին սաքսոֆոն նկարելով, տակը «Ջազ ակումբ» գրելով, թանկ վերանորոգում անելով` ջազ ակումբ չի ստեղծվում: Այս ամենից շատ ավելի կարևոր է մարդկային գործոնը, պրոֆեսիոնալիզը:
-Որտե՞ղ և ինչպե՞ս է ձևավորվում Մալխաս երաժշտի դպրոցը, ինչպե՞ս եք փոխանցում Ձեր փորձն ու պրոֆեսիոնալիզմը երիտասարդներին:
-Այդ ամենը կատարվում է այստեղ` «Մալխաս ջազ ակումբում» ցերեկային ժամերին: Քանի որ սա ակումբ է, ցերեկային ժամերին չի աշխատում` ըստ գրաֆիկի: Հիմնական գործունեությունն ակումբը ծավալում է երեկոյան ժամը 21-ից մինչև առավոտ: Փաստորեն, սա նաև գիշերային ակումբ է: Իհարկե, դպրոց կոչվածի աշխատանքների համար այստեղ լիարժեք պայմաններ չկան, բայց արվում է այն ամենը, ինչ հնարավոր է: Ցերեկային ժամերին այստեղ գալիս են բավականին շատ երիտասարդ ջազմեն երաժիշտներ և պարապում են, դիտում են ջազային ֆիլմեր, տեսանյութեր, օգտվում են ջազային գրադարանից, որոշ բաներ պատճենահանում են, իրենց հետ տանում… Եթե սա կարելի է համարել դպրոց, կհամարեք: Բայց իմ կարծիքով` սա դպրոց չէ, այլ չպարտադրված ջազ-համակրթություն:
-Սաքսոֆոնահար, Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը վերջերս ափսոսանք հայտնեց, որ, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, Հայաստանում չկա պարբերական ջազ փառատոն, և ջազը, փաստորեն, լռության, դադարի մեջ է: Ինչո՞ւ է այսպես: ՉԷ՞ որ ոչ միայն Անդրկովկասում, այլև ամբողջ Խորհրդային Միության տարածքում Հայաստանը ջազի առաջատար էր ժամանակին:
-Ճիշտ է նշել Հյուսնունցը: Քանի որ ամենամյա կանոնավոր միջազգային ջազ փառատոն անելը ծանր միջոցառում է` բոլոր առումներով (կազմակերպական, ֆինանսական և այլն), մենք դա մեզ թույլ տալ չենք կարողանում: Միջազգային ջազ փառատոներ անելու դեպքում (հենց Վրաստանի օրինակով ասեմ, որովհետև Ադրբեջանի օրինակին լավատեղյակ չեմ), ֆինանսավորման խնդիրները, եթե ոչ ամբողջովին, ապա զգալի չափով իր վրա է վերցնում պետությունը: Կազմակերպիչներին շատ քիչ հարցեր են մնում` զուտ կազմակերպչական կողմը, որակյալ երաժիշտների ներկայությունն ապահովելը: Իսկ Հայաստանում մենք սկսում ենք զրոյից ու հասնում մինչև ամենավերին օղակները: Արմենը ճիշտ է ասում, ինչ ասում է: Բայց նա քաջատեղյակ է, թե ինչ ծանր գործ է փառատոն անելը, քանի որ մի քանի փառատոնի ժամանակ եղել է իմ կողքին ու գիտի ամեն բան: Սկսած աշխատանքային թիմին վճարելուց, ամբողջ «սև» գործը, նկուղային գործը կատարելուց մինչև բուն փառատոն` շատ մեծ ջանքեր են պահանջվում: Դա մենակ մարդու բան չէ: Ես միշտ ներգրավում եմ տարբեր պրոդյուսերական ֆիրմաների, որոնք ամիսներ շարունակ աշխատում են փառատոնի համար ամբողջ կազմով: Իսկ դա վարձատրություն պահանջող աշխատանք է: Մեր դեպքում թիվ մեկ խոչընդոտը ֆինանսների բացակայությունն է: Համաշխարհային մեծության ցանկացած աստղի, ջազային ցանկացած հետաքրքիր խմբի ես կարող եմ բերել Երևան: Բայց դրա համար պիտի գնաս բանկեր, բաժնետիրական կազմակերպություններ, կարողանաս հայթայթել ֆինանսներ, որը մեզանում բարդ խնդիր է: Առանց պետական միջամտության այդպիսի հարցեր չեն լուծվում: Այդ պատճառով էլ մեզ մոտ փառատոները պարբերական բնույթ չեն կրում: Իսկ Վրաստանն ամեն տարի Բաթումում անում է միջազգային ջազ փառատոն, որին հրավիրում են ջազի այսօրվա համաշխարհային մեծություններին, որոնց անգամ Մոսկվան չի կարողանում կանչել: Եվ այս տարին էլ վրացիների համար բացառություն չէ:
-«Մալխաս ջազ ակումբում» երգող Շուշան Պետրոսյանը դարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր: Գուցե նա՞ օգտակար մի բան կանի ջազ արվեստի պրոպագանդման հարցում:
-Ես մեկը մյուսի հետ չեմ կապում: Շուշանը, իմ կարծիքով, լինելով լավ երգչուհի, լավ ջազային երգչուհի, պատգամավոր է դարձել, և երևի թե կզբաղվի ընդհանուր երաժշտության խնդիրներով, ոչ թե միայն ջազով:
-Կարո՞ղ է Շուշանի օրինակով ձևավորվել նախադեպ, և ջազմենները փորձեն ազգին ծառայել ոչ միայն արվեստի, այլև քաղաքականության դաշտում:
-Բացառվում է: Ջազմենը ոչ մի դեպքում, ոչ մի երկրում պոլիտիկայով չի զբաղվել ու, կարծում եմ, չի էլ զբաղվի: Եվ Հայաստանը բացառություն չէ այս իմաստով:

«ԵՍ ԿԱՏԵԳՈՐԻԿ ԴԵՄ ԵՄ ԱՅՆ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՕՅԻՆՆԵՐԻՆ, ՈՐ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ»


-Դուք ներգրավված եք «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի աշխատանքներում և, փաստորեն, համագործակցում եք ՀՀ նախագահի տիկնոջ հետ, որը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Ի՞նչ ծրագրեր եք իրագործում այս ոլորտում:
-Այո՛, ես իմ ֆունկցիան ունեմ Չուլպան Խամատովայի և մեր նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարեգործական նախաձեռնություններում` «Նվիրիր կյանք» միջազգային հիմնադրամի շրջանակներում: Շատ կոնկրետ ֆունկցիա ենք իրականացնում. մեր համերգներից մեկի ողջ հասույթը տրամադրում ենք երեխաների և ոչ միայն երեխաների առողջության խնդիրները լուծելու նպատակին:
-Ի՞նչ եք կարծում, Ձեր և մեր սիրելի Երևանում ինչո՞ւ է այսքան բարդ դարձել տարրական, պարզունակ այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսիք են` Մաշտոցի այգին պիտի մնա այգի՞, թե՞ դառնա կրպականոց, Փակ շուկան պիտի պահպանի՞ նախկին տեսքը, թե վերածվի տափակ ապակեպատ սուպերմարկետի, Աբովյան փողոցն ու առհասարակ քաղաքի կենտրոնը պիտի մաքրվե՞ն անճաշակ խանութներից, տաղավարներից, թե՞ պիտի շարունակեն կրել արևելյան հետամնացության դրոշմը:
-Ժամանակին մեր քաղաքն ուներ իր դեմքը, որը, դժբախտաբար, քիչ-քիչ կորչում է: Երևի պատճառներից գլխավորն այն է, որ ամեն ինչ դրված է մեկ մարդու` նախագահի ուսերին: Այդպես չպիտի լինի, բոլորն իրենց տեղերում պիտի աշխատեն, որպեսզի բոլոր հարցերով մեկ հոգի չզբաղվի, ինչպես «Մալխաս ջազ ակումբի» դեպքում է նաև: Քավ լիցի, ես չեմ ուզում իմ այս մինի-պետությունը համեմատել մեր հանրապետության հետ, նույն հարթության վրա դնել իմ և երկրի նախագահի խնդիրները: Բայց երևույթը նույնն է: Երկու օրվա իմ բացակայությունը Երևանից շատ ծանր է անդրադառնում ակումբի վրա: Այդպես չպիտի լինի: Միշտ էլ որոշ չափով պիտի ապահովվի այլընտրանքի հնարավորությունը: Այդ բանին հասնելու տարբերակներից մեկն էլ հենց այն է, որ իմ ակումբում յոթ խումբ է աշխատում, որոնք ներկայացնում են տարբեր երաժշտական հոսանքներ` ջազ-ռոք, ֆոլկ-ջազ, լատին-ջազ, տրադիցիոն ջազ… Այս հանգամանքը որոշ չափով փոխհատուցում է իմ կարճատև բացակայություններն ակումբից: Շատ սխալ բան է ամեն ինչ մեկ մարդու վրա դնելը: Սա վերաբերում է բոլոր ոլորտներին, նաև` Երևանի հետ կապված խնդիրներին: Ներողություն եմ խնդրում, որ մեկ ակումբի գործունեությունը համեմատում եմ ամբողջ քաղաքի, հանրապետության հետ, բայց պատկերը, ըստ էության, նույնն է, եթե ամեն ինչ դրված է մեկ մարդու ուսերին:
-Ջազն ազատամիտների արվեստ է, ակումբային կյանքը` ջազմենների նախընտրելի կենսաձևը: Այս որակները կրող անհատականություն լինելով` արդյո՞ք ընդունում եք վերջին շրջանում աննախադեպորեն ակտիվացած համասեռամոլների, աղանդավորների «ազատամտությունը» և դրանց դրսևորման տարատեսակ ակցիաները մեր քաղաքում և կուտակումներն այլևայլ ակումբներում:
-Ես կատեգորիկ դեմ եմ այն ակումբային օյիններին, որ վերջին շրջանում կատարվում են Երևանում: Ինչքան ուրախանում եմ, երբ որևէ փոքրիկ ջազ ակումբ է բացվում (երաժիշտները, փաստորեն, ևս մեկ տեղ են ունենում դրսևորվելու համար), նույնքան վրդովվում եմ (վրդովվելը սխալ խոսք է, ավելի վատ բան պիտի ասեի) նման «ակումբների» բացվելու դեպքում: Ջազ ակումբները գոյություն ունեն 130 տարի: Դրանք սկսել են իրենց գործունեությունը Նոր Օռլեանում, Նյու Յորքում, Չիկագոյում… Երբ ջազ ակումբները բացվել են նախորդ դարի սկզբում, Ձեր նշած «ակումբների» անունն ու հետքն էլ գոյություն չեն ունեցել աշխարհում: Եվ մինչև վերջերս նման բան գոյություն չուներ նաև Երևանում: ՈՒ այսօր դրանք ջազ ակումբների հետ համեմատելը ես համարում եմ հանցագործություն:

«ՋԱԶԸ «ԹԱՐԳՄԱՆՎՈՒՄ» Է LIFE (ԿՅԱՆՔ)»


-Ամերիկահայ ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը նկատում է, որ ջազն ազատություն է տալիս ու միաժամանակ հավասարակշռում մարդուն: Համամի՞տ եք:
-Քանի որ ջազը դիագնոզ է, ինչ պիտակ ասես կպցնում են: Բայց, ըստ իս, ջազը «թարգմանվում» է life (կյանք): Կյանք` փոփոխվող, չկրկնվող, նորություններ ներառող, դրանք հնարավորինս տրանսֆորմացնող և ունկնդրին մատուցող:
-Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանից դուրս ապրող և ստեղծագործող հայ ջազմենների մասին: Ո՞Ւմ կառանձնացնեք նրանցից:
-Այս հարցազրույցը հենց այդտեղ էլ կավարտվի, եթե ես սկսեմ թվարկել միայն անունները:
-Թվարկեք ամենակարևորներին:
-Ջազում էդ տերմինը` «ամենակարևոր», չի օգտագործվում:

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՕՐԵՐԻՆ ՄԵՆՔ ԵԼՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆՔ»


-«Ոսկե ծիրանի» օրերին Երևանը ոչ միայն ապրում է կինոյով, այլև վայելում իսկական ջազ-հրավառություն: Այս տարի ինչպիսի՞ն կլինի ջազմենների մասնակցությունը կինոփառատոնին:
-Մենք ունենք ջազային թե՛ մեծ, թե՛ փոքր նվագախմբեր, որոնք կներգրավվեն փառատոնի համերգներին: Կլինեն Ռադիոյի և հեռուստատեսության պետական ջազային նվագախմբի ելույթը` Երվանդ Երզնկյանի և Մարտին Վարդազարյանի գլխավորությամբ, Արմեն Հյուսնունցի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբի, Վազգեն Ասատրյանի «70-ականների ջազ նվագախմբի», ինչպես և 10-ից ավելի փոքր խմբերի` եռյակների, քառյակների, կվինտետների, սեքստետների, ելույթները: Այսինքն` մեր քաղաքը ջազով ապրեցնելուն մենք միշտ պատրաստ ենք: «Ոսկե ծիրանը» տևելու է 6-7 օր, և բոլոր այդ օրերին մենք ելույթներով հանդես կգանք փառատոնի հանդիսատեսի, մեր քաղաքացիների համար:
-Առհասարակ, Ձեր գնահատմամբ ի՞նչ է տալիս Երևանին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:
-Առհասարակ, փառատոների դերը դժվար է գերագնահատել: Խոսքը վերաբերում է ցանկացած տիպի փառատոներին: Յուրաքանչյուր մարդ, լինի ջազային երաժիշտ, կինոգործիչ, թե այլ ոլորտի ներկայացուցիչ, գալով այս կամ այն փառատոնին, իր հետ բերում է այլ հյուրեր` թիմ, որոնք, փաստորեն, դառնում են տվյալ փառատոնի մասնակիցը, պատկերացում են կազմում այդ երկրի, այդ փառատոնի մասին, ձևավորվում են համագործակցության նոր հնարավորություններ: Ջազի դեպքում դա կարող է լինել ձայնասկավառակի թողարկումը, համերգների հրավերները: Երբ 1998 թվականին մենք Երևանում արեցինք առաջին միջազգային ջազ փառատոնը, 2000-ին` երկրորդը, 2005-ին` երրորդը, 2008-ին` «Հայկական ջազ-70»-ը, շատ անվանի ջազմենների բերեցինք Երևան, ձևավորվեցին մեծ կապեր: Նույնն է և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի դեպքում: Մեզ համար մեծ ուրախություն է, երբ կարողանում ենք որևէ աստղ բերել մեր երկիր, մեր քաղաք: Այդ մշակույթը մեզ մոտ դեռ կա, բայց և շատ բան չկորցնելու համար հարկավոր է պետության աջակցությունը: Ես, օրինակ, հիմա աշխատում եմ համահայկական ջազ փառատոն անելու վրա: Ինչքան որակյալ հայ ջազմեն կա աշխարհում, ես երազում եմ նրանց տեսնել Երևանում` համահայկական ջազ փառատոնի շրջանակներում: Ներկայում ինտերնետով կապվում եմ տարբեր երկրների հետ, փնտրում հայ ջազմենների, և պատկերացրեք, դեռ չի հանդիպել որևէ երկիր, որտեղ չապրի որևէ հայ ջազմեն: Խոսքը որակյալ, բարձրակարգ երաժիշտների մասին է, որոնք համապատասխանում են ընդունված միջազգային չափանիշներին: Ես չեմ ցանկանում հրավիրել միջակ, ցածրակարգ ջազմենների: Առայժմ 12 երկրի հետ եմ կապվել, և մարդիկ, ուրախությունից խելքները կորցրած, պատրաստ են ընդունելու մեր հրավերը: Նրանց մեջ անգամ կան այնպիսիք, որ երբևէ Հայաստանում չեն եղել, ու հիմա երջանիկ են, որ իրենց ընձեռվելու է նման հնարավորություն:
-Փառատոնն ա՞յս տարի եք նախատեսում անցկացնել:
-ՓՈՐՁՈՒՄ ԵՄ («փորձում եմ»-ը` մեծատառերով): Եթե այս տարի չստացվի էլ, ավելի ուշ անպայման անելու եմ: Պլանավորել եմ անել հոկտեմբեր ամսին: Տեսնենք: ՈՒ այդ փառատոնն ինքնըստինքյան կդառնա ոչ թե համահայկական, այլ միջազգային ջազ փառատոն, որովհետև մեզ մոտ հյուրընկալվող ամեն մի ջազ երաժիշտ իր հետ կբերի արտասահմանցի երաժիշտների: Ես պետք է լրջորեն համագործակցեմ մեր սփյուռքի, մշակույթի նախարարությունների հետ: Եթե մենք ունենք «Արի տուն» ծրագիր, ապա դրա իրագործման լավագույն տարբերակներից մեկը հենց իմ առաջարկած փառատոնն է: Թող մեր հայրենակիցները գան, տեսնեն իրենց տունը, նվագեն իրենց հայ եղբայրների հետ ու գնան: Այս աշխատանքում ինձ օգնում է լրագրող Արմեն Մանուկյանը: Առայժմ երկուսով ենք աշխատում: Երբ հովանավոր գտնվի, կկազմենք թիմ ու ավելի արդունավետ կաշխատենք:


Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ