ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Իսպանիան հաղթեց, սակայն Պորտուգալիան էլ չպարտվեց

Իսպանիան  հաղթեց,  սակայն  Պորտուգալիան էլ  չպարտվեց
28.06.2012 | 23:23

Եվ այսպես, Պորտուգալիա-Իսպանիա խաղն ավարտված է, Իսպանիան եզրափակիչում է ու մեծահոգի խոնարհությամբ Գերմանիա-Իտալիա հանդիպումից առաջ սպասում է իր հերթական մրցակցին: Սպասում է, բնավ էլ չկարևորելով, թե նրանցից որ մեկն է լինելու: Ես սա չեմ հորինում: Այսպես արտահայտվել է Վիսենտե դել Բոսկեն` իսպանական ընտրանու գերագույն գլխավոր հրամանատարը, ով, ի դեպ, Պորտուգալիա-Իսպանիա խաղից առաջ ասել էր` մենք գիտենք ինչպես նրանց դիմակայել:

ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ԲԱՐԴ ԽՆԴԻՐ
Եթե առաջին նախադասությանը հետևած մի քանի նախադասությունը տեքստից հանենք, ապա սկզբունքորեն հենց դրանով էլ կարելի էր ավարտել խաղի մասին խոսքը, այն դնել թերթի ամբողջ էջով մեկ ու գործը համարել ավարտված: Սակայն այսպես մեջտեղ կգային մի շարք գործոններ, որոնք անխուսափելի բացատրություններ ու դրանց ուղեկցող դժգոհություններ մեջտեղ կբերեին:
Նախ, խմբագրությունում չէին հասկանա արածդ: Կարող է նույնիսկ դա որակեին որպես ավելորդ համառոտախոսություն` առաջին հերթին ընթերցողի շահերից չբխող:
Երկրորդ` նյութին սպասում է պորտուգալասերների մի ողջ բանակ, որ սույնն ամբողջության մեջ կարդալուց հետո անցնելու է այն բառ առ բառ «սանրելուն»` հեղինակիս մասամբ կամ ամբողջապես քրքրելու համար: Հասկանալի է` նման դեպքերում զոհ անխուսափելիորեն պահանջվում է:
Եվ, վերջապես, երրորդ` կա և խնդրի մյուս կողմը. իսպանասերները, ովքեր, համաձայն աշխարհն ընկալելու իրենց հուզական-զգացական մոդելի, այս խաղից հետո կարոտ են ոգևորության, աջակցության, հուսադրող կամ մխիթարող խոսքի, չնայած եզրափակիչ դուրս գալու խնդիրը լուծված է (եթե նկատեցիք, «իսպանասերները» բառի մեջ «ս» որոշյալ հոդը միտումնավոր եմ փոխարինել այս պարագայի համար ընդհանրական ու լոյալ «ը»-ով, որ պակաս ցուցանելի դարձնեմ անձիս կողմնակալությունը):
Ինչպես տեսնում եք, հավասարապես բարդ խնդիր է ինչպես չոր մնալու, այնպես էլ չթրջվելու առումներով: Դե ինչ, փորձենք, փորձենք պահպանել օբյեկտիվությունը:

ԱՆՁՐԵՎԸ, ԲՈՍՏԱՆՍ ՈՒ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՈՑ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ
Սկսեմ նրանից, որ հանգամանքների բերումով, ընդհանուր հսկողության կարգով, իմ ժամանակավոր տնօրինման տակ է անցել երեքը մոտավորապես երեքուկեսի վրա մի ողջ հողակտոր ու դրա վրա ես ծավալել եմ հսկա տնտեսական գործունեություն, որի նպատակը հանրապետության ազգաբնակչությանը կլոր տարին թարմ լոլիկով բավարարելն է (բիբարս այս տարի էլ չկպավ): Հավատացեք` այդ տասը-տասնուկես քառակուսի մետրից իսկապես կարելի է կորզել ազգաշահ նման արդյունք, և իմ ակնկալելիք բերքի ծավալների ու արտագաղթ կոչված երևույթի հետևանքների մեջ թափանցիկ կամ անթափանց կապեր զուր մի փնտրեք:
Հա, ուրեմն, ինչպես յուրաքանչյուր արդար հողագործ ¥իմա` առհասարակ մշակ¤, իմ ուրախությունն անչափ մեծ էր, երբ այնքան ակնկալված հանդիպման առաջին խաղակեսի ողջ ընթացքում հեռուստաէկրանից այս կողմ բավական առատ անձրև սկսեց տեղալ: Սա նշանակում էր, որ մոտակա երկու-երեք օրը ես ազատվում էի հողը ջրելու հոգնությունից, ինձ հետ էլ Աջափնյակի իշխանություններն էին հանգիստ առնելու ոռոգման ջրի խողովակի տասը սանտիմետրանոց վնասված հատվածը վերականգնելու մտահոգությունից, որն ամիսուկես առաջ զոդել էին հաջորդ օրը կարգի բերելու նախապայմանով:
Սակայն անձրևն ինձ փրկեց նաև ուրիշ առումով:
Գլուխս արդեն տրաքում էր հինգ րոպեի կանոնավորությամբ հեռուստաէկրանից հորդող վիճակագրական տվյալները ներկայացնելու խաղի մեկնաբանների համառությունից: Այստեղ պիտի առիթն օգտագործեմ ու նրանց զուտ բարեկամաբար մի խորհուրդ տամ. «Տղերք, եթե ասելու բան չունեք, մեկ-մեկ էլ լռեք: Ի սեր Աստծո, մի՞թե ձեր տներում չկա մեկը, ով կարող է հուշել, որ խոսելու արանքում պիտի շունչ քաշել: Եվ հետո, հիշեք, միշտ չէ, որ խոսելը նշանակում է նաև ասել»:
Հա, ինչ էի ասո՞ւմ: Անձրևը, վիճակագրության մեջ խորացած հայկական հեռուստատեսության մեկնաբանները… Մինչդեռ խաղադաշտում իսկապես սուր պայքար էր ծավալվել ու այն, ի դեպ, բնավ էլ ձանձրալի չէր: Պորտուգալիան համառորեն գրոհում էր, Իսպանիան պակաս համառությամբ պաշտպանվում, իսկ ես մտածում էի. «Ռոնալդու, եկել է քո ճշմարտության պահը: Քրքրիր, քրքրի՛ր այդ անիծյալ իսպանացիներին, նախորդ խաղերում խփած երեք գոլդ դարձրու չո՛րս, հի՛նգ, վե՛ց, թե չէ ունեցածդ երեքը մի երկու շաբաթ առաջ Մեսին մի խաղում է խփել և այն էլ, գիտե՞ս ում, բրազիլացիներին, ովքեր ֆուտբոլում երեկվա տղաները չեն, երեկվա թիմ չեն և ֆուտբոլում անցած ճանապարհով, ի դեպ, իսպանացիներից շատ ու շատ հեղինակավոր են: Խիզախիր, խիզախի՛ր, բարեկամս, այս խաղը գուցե և դառնա ճակատագրական աշխարհի լավագույն խաղացողի կոչման համար պայքարում, մանավանդ որ արգենտինացին արդեն հոգնեցրել է` անընդմեջ երեք անգամ լավագույնը ճանաչվելով:
Խիզախիր, իմ սիրելի բարեկամ, ահեղ մրցակցի դեմ պայքարում ապացուցիր, որ ավագի ունեցած թևկապդ ավանս չէ, որ ավագը ֆուտբոլիստ լինելուց առաջ ոգի է, որ Կասիլյասն անխոցելի չէ, թե չէ 299 րոպեից Հ1-ի մեկնաբանը տասը-տասներկու րոպե հետևողականությամբ Իսպանիայի դարպասապահի չոր լինելը բերել-հասցրել է չորս հարյուրին ու անցնում է այն կողմ: Խիզախիր ու ցույց տուր, որ խիղճ ունես, իմ բարեկամ, որ կարող ես լինել նաև մի քիչ էլ անանձնական: Հետո՞ ինչ, որ քո գլուխը չի պայթում վիճակագրության հայոց սիրահարների միացրած հաշվիչից, մեջտեղը մենք ենք բռնաբարվում, անգո՛ւթ»:

ԽԱՂ ԷՐ. ԶԻԼ ԷՐ
Պորտուգալիան ողջ դաշտով մեկ փորձում էր գրոհել, ողջ խաղադաշտով մեկ պարտադրում էր Իսպանիային չանցնել իր մանր փոխանցումներին, որոնք գլխի տակ դրվող փափուկ բարձ են հիշեցնում, մինչև մրցակցի աչքերին վրա է հասնում քունն ու…
Պորտուգալիան իսկապես կռիվ տվեց, ու այդ կռիվն իսկապես արժանի էր հարգանքի (բա չէ, անատամ ֆրանսիացիների պես, որ չորրորդ պաշտպանին հինգերորդն էլ էին գումարել ու ուզում էին ինչ-որ բանի հասնել):
Պորտուգալիան իսկապես խաղաց` հայտ ներկայացնելով, որ պատրաստ է չեմպիոնական կոչման: Կանցնի ժամանակ, ու այս խաղի հաշիվը, որ իսկապես ոչ-ոքի էր, կմոռացվի, որովհետև մարդիկ ավելի շատ հիշելու են Բենտուի հրաշալի հավաքականի հաղթելու անսանձ կիրքը, երկար փոխանցումներով իսպանական պաշտպանությունն ամորձատելու փորձերը, նրանց գնդակից զրկելու գտնված կամ գտնվելիք տակտիկական մտածողության ուրվագծումները:
Դրանք կլինեն:
Հետո:
Նաև հետո: ՈՒ այս ամենի մեջ ցավն ու ափսոսանքը պորտուգալացիների խաղի թողած տպավորության ափսոսանքն է լինելու:

ԻՍՊԱՆԻԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԱՐՔԱ «ՄԵՐՍԵԴԵՍ» Է
-Բա Իսպանիա՞ն,- արդեն ականջս են ծակում դավաճանության մեջ կասկածվողիս կողմը մեղադրանքի ահազդու նետերն արձակելու պատրաստ կախարդական այս թիմի երկրպագուների ձայները, որոնք հանդիպումից, արդար լինենք, դժգոհելու ինչ-ինչ բաներ, համենայն դեպս, ունեն:
Իսպանիան ի՞նչ, բարեկամներս:
Իսպանիան մայրուղով ընթացող «Մերսեդես» է, որը գիտի ճանապարհի որ հատվածն ինչ արագությամբ անցնել, որ շարժիչը չվախենա (մեքենա ունեցողներն այս արտահայտությունը գիտեն ինչ է): Իսպանիան «Մերսեդես» է, որի շարժիչի «գալովկի կռիշկեն» մեկ միլիոն կիլոմետրից հետո է հանձնարարվում բացել, որովհետև այդպիսին է նրա հուսալիությունը:
Մի քիչ ավելի մանրամա՞սն խոսեմ:
Հարցնում եք` Նեգրեդոյի դաշտ դուրս գալու նպատակահարմարությունի՞ց։
Ի՞նչ ասեմ: Ես էլ ձեզ նման հարցին պատասխան չունեմ: Շատ-շատ կարող եմ ասել` Բոսկեն նրան խաղադաշտ էր հանել գուցե ցույց տալու համար, որ թիմը տասը հոգով է՞լ կարող է հետ մղել կատաղի գրոհներ:
Չավի՞ն… Նրան բան չասեք, թե չէ արյան գետեր կհոսեն: Նրա խաղը հասկանալը չափազանց նուրբ զգացողությունների խնդիր է: Եկեք մեր համեստ դիրքերում մնանք: Մենք հո ուղեղն անջատած անվերջ խոսող բերան չենք: Հիշեք (հիշենք)` խոսելիս մեկ-մեկ էլ շունչ պիտի քաշել:
Հա, մեկ էլ` ուտելիս:
Այս վերջինը իմ կրտսեր աներձագի հանճարեղ բանաձևումն է, որը, չգիտես ինչու, միշտ դիմացինի առնչությամբ է սիրում օգտագործել: Դե նրա, էլի, որ մինչև 2023 թիվն ինքն իրեն հռչակել է նարդու ալամ աշխարհի չեմպիոն, չնայած ամիսը մեկ գնում, բմբուլները քամուն էի տալիս այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքը միտումնավոր աղտոտելու մասին քաղաքապետարանի թուղթը զգուշացման տեսքով չբերին-չհասցրին դուռս: Գիտեք` չմանրամասնեմ:
Բայց ոնց որ թե մենակ ուտելու ու նարդու կտրվածքով չէ, որ նրան պիտի հիշեի:
Հա՜… հիշեցի:
Էդ մեկ-մեկ շունչ քաշելու մասին դիտողությունն աներձագս վերջին անգամ արել է Հոլանդիայի ընտրանու հետ կապված: Դե հիշեք նրանց էն խաղը, որ իննսուն րոպե անվերջ գրոհեցին ու դաշտից հեռացան պարտված:
Չէ, չէ, ակնարկներ մի փնտրեք ասածիս տակ:
Պորտուգալիան խաղաց ու բանը, համոզված եմ, իսկապես դիտավորությամբ չբերեց-հասցրեց հետխաղյա տասնմեկմետրանոցներին, ինչպես Անգլիան անխոհեմաբար վարվեց Իտալիայի հետ խաղում, ինչի համար էլ արդարացիորեն պատժվեց: ՈՒ բանը չպիտի բերել-հասցնել մանր-մունր բաներին` ասելով, թե մենք պարտված չհեռացանք (ի՞նչ է, պարտվելը պոզով ու պոչո՞վ է լինում): Գիտեք, այսպես արտահայտվել է Հոջսոնը` Կղզու հավաքականի գլխավոր մարզիչը: Հոջսոնն իրավունք չունի նման բան ասելու, որովհետև կոնսերվատիվ ֆուտբոլը վաղուց թանգարանային նմուշ է: Իսկ, այ, Բենտուն կարո՛ղ է ասել, որ իրենք խաղադաշտը չլքեցին պարտված, որովհետև թիմն իսկապես չպարտվեց, ու դրա համար նորից ու նորից կեցցեն պորտուգալացիները:

ԿԾՈՒ ՈՒ ՇԱՏ ՄԱՆՐ ՊՂՊԵՂ, ԲԱՅՑ ՈՉ ՑԱՎԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հիմա, ինչ որ ասելու եմ, հաստատ գիտեմ, որ Ռոնալդուի երկրպագուների քիմքին չի նստելու, սակայն մինչև հուզվելը, հակառակվելը, ասելիքս մի անգամ էլ ձեր միջով անցկացրեք ու կտեսնեք, որ ցավեցնելու ոչ մի դիտավորություն էլ չունեմ: Երկար, հավատացեք, շա՜տ երկար է քննարկվելու այն հարցը, թե ինչու Ռոնալդուն նախընտրել էր վերջինը մոտենալ տասնմեկմետրանոցի նշանակետին` նաև պարտավորված լինելով իրեն հաշիվ տալ, որ այդ վերջինը մոտենալը կարող էր և չլինել, ինչպես, ի դեպ, եղավ (միամիտ-միամիտ հեքիաթ չպատմեք, թե ընտրության հերթականությունը մարզչի որոշումն է):
Վախեցա՞վ:
Ոչ վաղ անցյալի գործո՞նը գործեց:
Չեմ ուզում պիտակավորել իսկապես այդ տաղանդավոր ֆուտբոլիստին, եվրոպական ֆուտբոլի թիվ մեկին, սակայն չեմ էլ կարող չասել, որ Մոնոմախի գլխարկն իսկապես ամեն գլխի բան չէ:
Չէ, այսպես պահանջվածից ավելի կտրուկ ստացվեց:
Փորձենք մեղմել. զինվոր կարող ես լինել, սակայն զորավար` ոչ: Կամ` այդպիսին կարող ես դառնալ ժամանակի ընթացքում` պայմանով, եթե վերևում Գերագույնը բարեհաճ է անձիդ նկատմամբ ու շնորհներիդ մտադիր է էլի շնորհներ ավելացնել: Իսկ ընդհանրապես, գուցե արժե մտածել այն բանի ուղղությամբ, որ գոլ խփելուց հետո պիտի ոչ թե ինքդ հրավիրես քեզ շնորհավորելու, այլ ընկերներդ պիտի փութան քեզ շնորհավորելու: Ինչևէ:
Ո՛ղջ լերուք:
Մութ մնացած հարցերի առնչությամբ դիմեք խմբագրությանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ