Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հայոց բանակի զինվորը պետք է գրագետ լինի»

«Հայոց բանակի զինվորը  պետք է գրագետ լինի»
29.06.2012 | 00:04

Այս տարի բավականին մեծացել է բանասիրական ֆակուլտետ ընդունվել ցանկացողների թիվը։ Երևանի պետհամալսարանի (18 անվճար, 100 վճարովի) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի (3 անվճար, 70 վճարովի) տեղերի համար քննություն է հանձնելու շուրջ 370 դիմորդ։ «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ այս փաստն ուրախալի է համարում և վստահ է, որ տարեցտարի ավելանալու է բանասիրությունը նախընտրող դիմորդների թիվը։ Պարոն Մուրադյանին չի մտահոգում, որ այս մասնագիտությունը նախընտրում են մեծ մասամբ աղջիկները։ Ըստ նրա՝ բանասիրական կրթություն ստացած ուսանողուհիները հետագայում դառնալու են լավ մայրեր, ովքեր Հայաստան աշխարհի համար դաստիարակելու են լավ քաղաքացիներ, և դա մեծ հայրենասիրական գործ է։

-ՈՒրախալի է, որ դիմորդների թիվը բանասիրության գծով ավելացել է,- ասում է Ս. Մուրադյանը։- Մարդիկ վերջապես սկսեցին գիտակցել, որ հայ ժողովուրդը բանասիրության վրա ձևավորված, իր ազգային բնավորությունը դրանով կազմակերպած ժողովուրդ է։ Մեր ժամանակներում բանասիրության դերը քանի գնա, այնքան ավելանալու է։ Կավելանա, որովհետև մեր կյանքի բոլոր ոլորտներին պետք են գրագետ մարդիկ։ Եվ բանասիրության միջոցով է հնարավոր ձևավորել ազգային մտածողություն, հոգեբանություն ու բնավորություն։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Մենք շատ լավ գիտենք, որ պատերազմական վիճակում ենք գտնվում, թշնամին երբեք էլ մեզ հանգիստ չի թողնում, չնայած մենք հաղթանակներ ենք տարել, բայց չենք կարողանում այդ հաղթանակներն իրավաբանորեն ամրագրել միջազգային պետական ատյաններում։ Թշնամին անընդհատ պատերազմով է սպառնում, իսկ մենք ունենք երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության կարիք։ Մենք թշնամու դեմ պետք է ունենանք կանոնավոր բանակ։ Այդ բանակի զինվորը պետք է գրագետ լինի։ Ժամանակին Պարույր Սևակն ասում էր. «Իսկ թե երգը մինչև անգամ զենք է դառնում, ուր է ձեռքը, որ ինքնակամ զենք է դառնում»։ Այս գիտակցությունն ամենից առաջ մեր սերունդներին տալու է հայոց պատմության և հայ գրականության իմացությունը։ Այնպես որ, որևէ մեկին թող զարմանալի չթվա, թե ինչու է շատացել բանասիրություն մասնագիտությունը նախընտրողների թիվը։
-Թիվը շատացել է, իսկ որա՞կը։
-Որակի մասին, դժբախտաբար, չեմ կարող նույնն ասել։ Մենք արդեն երկրորդ օրը քննություն ենք ընդունում, ընդամենը 2 դիմորդ է 18 միավոր ստացել, 2-3-ը՝ 16։ Մնացածին՝ զգալի մեծամասնությանը, հազիվ ձգելով՝ անբավարարի վերջին սահմանից բերում-հասցնում ենք դրական վիճակի։ Մարդ կա, որ Չարենց, Րաֆֆի չի կարդացել, բայց ցանկանում է բարձր գնահատական ստանալ։ Մարդ կա, որ իր ազգային ինքնագիտակցությանը դեռևս չհասած, ինքն իրեն չճանաչած՝ եկել է քննության, առանց մտածելու, որ ինքը՝ որպես մարդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պարտավոր էր նախապես այդ գործերը կարդալ։
-Այդ դեպքում` ինչո՞ւ են դիմում բանասիրության ֆակուլտետ։
-Դիմում են պարզապես փորձելու համար կամ, թերևս, իրենց թույլ պատրաստվածությունը համարում են բավարար։ Մարդիկ կան, ովքեր շտեմարաններով պարապել են գրականություն և լեզու, կարծում են, թե շտեմարաններով իմացած գրականությունը բավարար է բանավոր քննություն հանձնելու համար։
-Գրականությունը պահանջում է նաև կերպարների վերլուծություն, ստեղծագործության գաղափարական բովանդակության ընկալում։ Դիմորդները վերլուծական հմտություններ ունե՞ն։
-Դժբախտաբար, այստեղ նույնպես կաղում են։ Գրականությունը միայն սյուժեն, կերպարները չեն։ Գրականությունը նախ և առաջ ասելիքն է, բովանդակությունը, գաղափարի գեղարվեստական մարմնավորումը։ Մարդ կա՝ ասում է՝ ես շատ եմ սիրում Պարույր Սևակ։ Հարցնում ենք՝ Սևակից ի՞նչ գիտես։ Պարզվում է՝ ոչինչ չգիտի։ Մյուսին հարցնում ենք՝ Շիրազից ի՞նչ գիտես, ասում է՝ գիտեմ, որ Սամվել Մուրադյանը գիրք է հրատարակել Շիրազի մասին, բայց Շիրազի «Բիբլիական» պոեմից տեղյակ չէ։ Քիչ առաջ մեկը պնդում էր, որ լավ գրականություն գիտի։ Հարցեր տվեցի, տարավ-բերեց, մեր էպոսի Սանասարին ամուսնացրեց Իսմիլ խաթունի հետ։ Ես դրանից հետո, Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեմ։ Դիմացս նստած են հայ երեխաներ, ուզում եմ բոլորին էլ ընդառաջել, բայց նրանք իրենց մասին չեն մտածում, հերիք չէ, կարծում են՝ խաբելով, մեզ թյուրիմացության մեջ գցելով, խղճահարություն հայցելով կարող են հասնել իրենց նպատակին։ Այդպես չի լինում։ Այդուհանդերձ, հանձնաժողովում բարյացակամություն կա դիմորդների հանդեպ։ Գիտենք, որ մարդու ճակատագիր ենք վճռում մեր գնահատականով։
-Մի կերպ դրական միավորներ նշանակելով՝ արդյոք ֆակուլտետ ընդունվելու նշաձողը չե՞ք իջեցնում։ Ի վերջո, Դուք եք հետագայում պարապելու նրանց հետ։
-Իհարկե, իջնում է։ Բայց ուրիշ ճար չկա։ Մենք կատարում ենք ընտրություն եղածների միջև։ Նրանց թվում կան և՛ միջին մակարդակի, և՛ լավ երեխաներ։


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ