Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը»

«Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը»
29.06.2012 | 00:17

Նախ փորձենք հասկանալ, թե ինչու է այս խորհուրդը հաղորդություն կոչվում։ Հնում այն կոչվում էր պատարագ, ապագայի համար այն կոչում ենք թոշակ, այսինքն` պաշար, որ մնում է հանդերձյալ կյանքի համար, իսկ ներկայի համար այն անվանում ենք հաղորդություն։ Հաղորդություն է կոչվում, որովհետև շատերին հաղորդակցում է միևնույն իրողության հետ և տարբեր մարդկանց ժողովում է ի մի սրբություն։

Հաղորդության խորհուրդը կատարելության խորհուրդ է և բոլոր մյուս խորհուրդների լրումն ու ամբողջացումը, ինչպես ասում է սուրբ Դիոնիսիոս Արիսպագացին. մկրտությունը մարդուն մաքրում է, դրոշմը` լուսավորում, իսկ հաղորդությունը` կատարելագործում։
Ինչո՞ւ Քրիստոսն Իր Մարմինն ու Արյունը մեզ տվեց հացի և գինու տեսքով։ Քանի որ հացը բոլոր կերակուրներից ավելի է ամրացնում սիրտը, իսկ գինին բոլոր ըմպելիքներից ավելի է ուրախացնում, ինչպես Դավիթն է ասում. «Գինին ուրախացնում է, իսկ հացը ամրացնում է մարդու սիրտը»։ Հացն ու գինին ավելի հստակ կերպով են խորհրդանշում Քրիստոսի բուն Մարմինը, նաև` հոգևոր Մարմինը, որ է սուրբ Եկեղեցին։ Ինչպես որ հացը ցորենի բազում հատիկներից է գոյանում, իսկ գինին` խաղողի բազում ողկույզներից, այնպես էլ սուրբ Եկեղեցին բազում հավատացյալների միավորումն է Քրիստոսով։ Ինչպես որ հացը սպիտակ ալյուրից, իսկ գինին որթատունկի անուշահամ պտուղներից է կազմվում, այնպես էլ Քրիստոսի Մարմինն ու Արյունն առաջ եկան սուրբ Աստվածածնից, որ ավելի մաքուր ու սուրբ էր, քան բոլոր ալյուրները, և ավելի անուշահամ, քան բոլոր պտուղները։
Հացն ու գինին ամենաբնորոշ կերպով արտահայտում են Քրիստոսի չարչարանքները, քան բոլոր մյուս նյութերը։ Ցորենը, որից նշխար հացն են պատրաստում, կամնասայլով աղվում է և կրակի փռում եփվում, իսկ խաղողի ողկույզները տրորվում են ու դառնում գինի։ Նույն կերպ Քրիստոս չարչարանքներով, որպես կամնասայլով, աղվեց նեղությունների մեջ, որպես հնոց փռում, եփվեց և խաչի հնձանում ճզմվեց։
Այս խորհուրդը պետք չէր հին մովսիսական օրենքի զոհաբերությունների նման ավանդել, քանի որ նրանց քահանայությունն անկատար էր, իսկ զոհագործության կերպերը` անցած։ ՈՒստի հարմար էր նոր օրենքի համար նոր նյութ գործածել և վերադառնալ այն խորհրդակատարմանը, որ հին օրենքից առաջ էր, որ Մելքիսեդեկն էր մատուցել հացի ու գինու տեսքով։ Սուրբ գիրքն ասում է, որ երբ Աբրահամը հաղթեց իր թշնամիներին և վերադարձավ, Մելքիսեդեկը` Աստծո քահանան, նրան հաց ու գինի մատուցեց և օրհնեց։ Սրանից երևում է, թե այս խորհրդին արժանավոր է հաղորդվելու նա, ով պատերազմել է մեղքերի դեմ և հաղթել դրանց։ Իսկ նա, ով հաղթվում է հոգևոր պատերազմում, չպետք է հաղորդվի այս խորհրդին։
Ինչպե՞ս է Քրիստոսի մարմինն ընդգրկվում փոքր նշխարի մեջ։ Արեգակը բազմակի մեծ է երկրից, սակայն ամբողջ արեգակը երևում է մի փոքր հայելու մեջ։ Եվ եթե հայելին բազմաթիվ մասերի բաժանես, ամբողջ արեգակը երևում է յուրաքանչյուր մասի մեջ։ Այսպես էլ Քրիստոսի Մարմինը թեպետ նշխարից շատ մեծ է, բայց օրհնված նշխարի մեջ է` իր ողջ էությամբ ու քանակությամբ։ Եվ եթե նշխարը բազում մասերի բաժանես, ապա յուրաքանչյուր մաս Քրիստոսի ամբողջական Մարմինն է։ Եվ ով օրհնված հացից միայն մի մաս է վերցնում, ճաշակում է Քրիստոսի ամբողջ Մարմինը։ Վարդապետներն ասում են, թե սերը պատճառն է միավորության։ Դրա համար երկու իրար սիրողներ չեն կամենում միմյանցից բաժանվել, քանզի եթե հնարավոր լիներ, կմիանային հոգով և մարմնով։ Իսկ ամենակալ Աստված հույժ սիրող է, որի համար էլ մարդասեր է կոչվում, ուստի կամեցավ միավորվել մարդկանց հետ։ Աստծո` մարդկանց հետ միավորվելը պետք է լիներ հինգ զգայարանների միջնորդությամբ։ Սակայն հինգ զգայարաններից երեքով չի լինում կատարյալ միավորություն, այլ սկիզբն է միավորության, քանզի աչքով իրը հեռվից են տեսնում, ականջով լսում ենք ձայնը և քթով զգում ենք հոտը։ Մյուս` չորրորդ զգայարանով, որ շոշափելիքն է, ավելանում է միավորությունը, քանզի չենք կարող իրը հեռվից շոշափել, այլ պետք է մերձենալ շոշափելու համար։ Իսկ հինգերորդ զգայարանով, որ ճաշակելիքն է, միավորությունը դառնում է կատարյալ, քանզի կերակուրը ոչ միայն ներարկվում է մեր մեջ, այլև մտնում մարդու ներսը և միավորվում նրա հետ։
Արդ, Բանը մարմնանալուց առաջ այսպես հեռու էր մարդկանցից, քանի որ ոչ ոք չէր կարող տեսնել Նրան և ոչ էլ լսել Նրա ձայնը։ Այլ երբ Բանը մարմնացավ, այնժամ մերձեցավ մեզ, քանզի տեսանք նրան մարմնով, լսեցինք նրա քարոզության ձայնը և զգացինք նրա անուշահոտությունը։ Սակայն չբավարարվեց նրանով, որ տեսանք Իրեն, այլ կամեցավ նաև հպվել մեզ և շոշափվել մեզնից, ինչպես ասաց. «Շոշափեցեք ինձ և տեսեք...»։ Եվ դեռ նման միավորությունը բավական չէր Նրան, ուստի կամեցավ կատարելապես միավորվել մարդկանց հետ։ Այդ պատճառով հաստատեց Պատարագի խորհուրդը, որը սիրո խորհուրդն է։ Եվ այսպես է լինում կատարյալ միավորությունն Աստծո և մարդկանց միջև։ Քանզի այս խորհրդով Քրիստոսը հացը վերափոխում է Մարմնի, իսկ գինին` Իր Արյան, և տալիս մեզ ճաշակելու, որպեսզի միավորվի մեր մեջ, ինչպես և ասաց. «Ահավասիկ ես ձեզ հետ եմ պատարագի խորհրդով մինչև աշխարհի վախճանը»։ Դրա համար էլ «հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը»։


Տեր Միքայել ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տաթևի վանքի վանահայր

Դիտվել է՝ 2515

Մեկնաբանություններ