Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՀԱԿ-ի ձայները փոշիացան, որովհետև «բռնաբարեցին» հանրահավաքի գաղափարը»

«ՀԱԿ-ի ձայները փոշիացան, որովհետև «բռնաբարեցին» հանրահավաքի գաղափարը»
29.06.2012 | 01:37

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:

-Խորհրդարանական ընտրություններից ու ԱԺ արտահերթ նստաշրջանից հետո ներքաղաքական իրավիճակը Հայաստանում ինչպե՞ս եք գնահատում:
-Ներքաղաքական վիճակը Հայաստանում ավելի հանդարտ, քան այսօր է, կարծում եմ, չի եղել: Հիմնական պատճառն այն է, որ այսօր քաղաքական մրցակցությունը, տարաձայնությունները և ասելիքն աստիճանաբար տեղափոխվում են Ազգային ժողով, որտեղ ներկայացված են բոլոր քաղաքական ուժերը` և՛ իշխանությունը, և՛ արմատական, և՛ իրեն կառուցողական համարող ընդդիմությունը, և՛ իրեն այլընտրանքային ներկայացնող քաղաքական ուժը: Արտահերթ նստաշրջանում, որի ժամանակ քննարկվեց ՀՀ կառավարության ծրագիրը, ինձ մեծ բավարարություն պատճառեց այն փաստը, որ մի քանի տարի հրապարակներում իշխանափոխության կոչեր անող մարդիկ հնարավորություն ստացան իրենց տեսակետները հնչեցնելու ԱԺ ամբիոնից ու լսելու հակափաստարկները: Խորհրդարանն իսկապես դառնում է մտքերի, գաղափարների պայքարի թատերաբեմ: Բնավ այնպես չէ, որ ընդդիմադիր պատգամավորները ճնշել են իշխանության ներկայացուցիչ պատգամավորներին, ինչպես ներկայացրին որոշ լրատվամիջոցներ: Դա գուցե մեծագույն ցանկությունների դաշտից էր, բայց իրականությունն այլ էր, որովհետև և՛ Հրանտ Բագրատյանի, և՛ Լևոն Զուրաբյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Ռուբեն Հակոբյանի, և՛ Արմեն Ռուստամյանի, և՛ մյուսների ելույթները համարժեք պատասխաններ էին ստանում ՀՀԿ պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների կողմից: Տեսակետների այդ խաչմերուկում շահելու ենք բոլորս և, առաջին հերթին, հասարակությունը, որ կարոտ էր նման մրցակցային իրավիճակի ԱԺ-ում: Համոզված եմ, որ հրապարակներից հասարակության սպասումներն աստիճանաբար տեղափոխվելու են խորհրդարան, և այս իրավիճակում շահելու է ժողովուրդը:
-Կառավարության ծրագրի վերաբերյալ իրարամերժ տեսակետներ հնչեցին` ծրագիրը ծրագիր չէ, երկիրը փակուղի է գնում, Հայաստանի բարգավաճման ծրագիր է. որտե՞ղ էր ճշմարտությունը:
-Կառավարությունից լավ որևէ մեկը չգիտի այն խնդիրները, որ կան մեր երկրի, մեր տնտեսության առջև, վերամբարձ ու հայրենասիրական հայտարարությունները ոչինչ են, եթե չեն զուգակցվում կոնկրետ աշխատանքով: Կարելի է քննադատել, փնովել, դատափետել` այդ ամեն ինչը անցած տարիներին մենք տեսել ենք, բայց երբ ինքդ ես կոնկրետ գործ անողը, քեզնից են որոշակի արդյունք ակնկալում, քո բեռը շատ մեծ է լինում: Այսօր մեր կառավարությունը դժվար վիճակում է այդ իմաստով: Մյուս կողմից էլ շատ հեշտ վիճակում է, որովհետև գիտի` ինչ է արել մինչև հիմա և ինչ պետք է անի հետո: Կառավարությունից ավելի լավ որևէ մեկն այդ հարցերի պատասխանը չունի: Հասարակությունը պետք է հավատա, որ կառավարությունն իր քայլերով ձգտում է դեպի այն Հայաստանը, որը մենք երազում ենք: Դա չի լինելու միանգամից, վաղն առավոտյան չենք արթնանալու հրաշքի մեջ, լինելու է աստիճանաբար, բայց հաստատուն: Շատ հեշտ է թվեր, փաստեր շարել ու եզրակացնել` այս չեղավ, այն չարվեց, շատ ավելի դժվար է այդ խնդիրները լուծելը: Ես համոզված եմ, որ կառավարության համար շատ օգտակար է լինելու խորհրդարանի ընդդիմադիր հատվածի քննադատությունը: Խորհրդարանին ներկայացնելով կառավարության ծրագիրը` վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ ակնկալում է ընդդիմության աջակցությունը, սպասում է իրատեսական առաջարկների, որոնք պատրաստ է քննարկելու: Կարծում եմ` ավելի լայնախոհ և ավելի հանդուրժողական տրամադրվածություն չի եղել: Մի մոռացեք, որ 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը, իսկ Տիգրան Սարգսյանը` վարչապետի, մեր երկիրը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում բոլոր առումներով` և՛ բարոյահոգեբանական, և՛ քաղաքական, և՛ տնտեսական, նման վիճակից այսքան սահուն, անփորձանք անցումը այս հանգրվանին միայն պատվաբեր է: Ես շեշտում եմ «անփորձանքը», որովհետև այն ժամանակ լարվածությունն իրոք մեծ էր, և ամեն ինչ հնարավոր էր: Իսկ այսօր էներգիան պետք է նպատակաուղղել զարգացման ծրագրերին, ինչը և պատրաստվում է անելու կառավարությունը:
-ՀԱԿ-ը հայտարարում է, որ շարունակելու է հանրահավաքային պայքարը և պայքարելու է խորհրդարանում: Արդյունավե՞տ եք համարում նման գործելաոճը:
-Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` ՀԱԿ-ը, բնականաբար, նման հայտարարություն պետք է աներ` դառնալով խորհրդարանական ուժ։ ՀԱԿ-ը կորցնում է հրապարակը, կորցնում է հասարակության այն շերտը, որ կանգնած էր իր կողքին: ՀԱԿ-ը շատ լավ գիտակցում է, որ կորցնելիք ունի և, ուզի, թե չուզի, պիտի հայտարարի, որ խորհրդարանական գործունեությանը զուգահեռ շարունակելու է հանրահավաքները: Նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ը, բնականաբար, փորձելու է պահել իր ընտրազանգվածը, փորձելու է դիմագիծը պահել, բայց, ըստ իս, բավականին աննախանձելի վիճակում է, որովհետև մտնելով խորհրդարան, շատ լավ հասկանում է, որ հրապարակում այլևս անելիք չունի: Բոլորը շատ լավ գիտակցում են, որ դա փրփուրներից կառչելու փորձ է: Ցավում եմ, որ ՀԱԿ-ը նման իրավիճակում հայտնվեց, բայց մեղավորն ինքն է. ՀԱԿ-ի ձայները փոշիացան ոչ թե իշխանության մեղքով, այլ այն պարզ պատճառով, որ ՀԱԿ-ի գործիչները մարդկանց մի քանի տարի շարունակ հրապարակ բերելով ու տուն ուղարկելով` «բռնաբարեցին» հանրահավաքի գաղափարը: Պատահական չէ, որ հունիսի 26-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ իրականում ՀԱԿ-ն ասելիք չուներ, բացի նրանից, թե իբր խորհրդարանում նեղն են գցում իշխանությանը, ճնշում են, և այլն, և այլն։ Չկա նման բան և չի էլ կարող լինել։
-Գուցե ՀԱԿ-ը մանկականությո՞ւնը չի հաղթահարել:
-Այդ պնդումները պարզունակությունն են մատնում` երբ այլևս ասելիք չունես, սկսում ես գլուխդ գովել: Իսկ երբ սկսում ես գլուխդ գովել, մարդիկ սկսում են մտածել: Երբ մարդիկ սկսում են մտածել, հետևություններ են անում: Երբ հետևություններ են անում, քայլեր են անում, որոնց հետևանքն այն է, ինչ այսօր ունենք: Կարճ ժամանակից կերևա, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժերի կոնգրես, գոյություն չունի, կա միայն 7 պատգամավոր, ովքեր նույն կոճակն են սեղմում խորհրդարանի դահլիճում, ինչ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները, նաև` կառավարության ներկայացրած բազմաթիվ օրինագծերին «կողմ» քվեարկելով, ինչին բոլորս արդեն ականատես եղանք ԱԺ առաջին արտահերթ նստաշրջանում:
-Բողոքական մի մեծ զանգված կա հրապարակում, չե՞ք կարծում, որ նրանց տեր լինելու համար նոր ուժ է ձևավորվելու, քանի որ գործող ընդդիմությունից որևէ ուժ այդ զանգվածի հետ չէ:
-Բնականաբար, պիտի լինի բողոքական զանգված, հասարակության մեջ միշտ էլ կան գոհ մարդիկ, դժգոհ մարդիկ, անտարբեր մարդիկ, հեռացող ու վերադարձող: Հուսով եմ, այդ բողոքական զանգվածին տեր է կանգնելու իշխանությունը, որովհետև միայն իշխանությունը կարող է նրանց խնդիրները լուծել և պարտավոր է լուծել: Բարեբախտաբար, այսօրվա իշխանությունը, ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն իրենց բոլոր հայտարարություններում դա ընդունում են, բոլորը միակարծիք են, որ կան խնդիրներ, և տեր են այդ խնդիրներին, ուղղակի ժամանակ է պետք լուծելու համար: Այս ընթացքում, երբ ես ներկայանում եմ իբրև ԱԺ պատգամավոր, տասնյակ նամակներ ու հեռախոսազանգեր եմ ստացել. մարդիկ առողջապահական, սոցիալական, կենցաղային, նյութական և այլ խնդիրներով են ինձ դիմում` համոզված, որ նախկին լրագրողն ավելի սրտացավ կգտնվի իրենց նկատմամբ: Ես ուզում եմ, որպես իշխանության ներկայացուցիչ, արդարացնել նրանց ակնկալիքները և արդեն առնչվել եմ մի ցավալի խնդրի` երբ կապվում եմ այս կամ այն պատկան մարմնի, այս կամ այն չինովնիկի հետ և ներկայացնում եմ խնդիրը, հասկանում եմ, որ իշխանության այդ օղակներում մարդիկ իրենց պարտականությունները վատ են կատարում: Իսկ հասարակությունն իշխանության մասին կարծիք է կազմում գերազանցապես այդ օղակների հետ շփվելով, կարծում եմ, որ վաղուց ժամանակն է սթափեցնելու որոշ մանր ու միջին մեծության չինովնիկների:
-Դուք ընտրվել եք ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքն այդ ոլորտում:
-Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անունն իսկ շատ պարտավորեցնող է, որովհետև այսօր մեր հասարակության մեջ մարդու իրավունքների պաշտպանությունը գերխնդիր է, և բավականին անելիքներ ունենք: Այսօր մարդկանց իրավունքները ոտնահարվում են տարբեր պատճառներով` և՛ չիմացությունից, և՛ չինովնիկների անտարբերությունից: Իմ աշխատանքը ես պատկերացնում եմ մարդկանց իրավական մակարդակը բարձրացնելուն և կյանքի որակը փոխելուն նպաստելով: Մարդկանց կյանքի որակը պետք է փոխվի ոչ միայն նյութապես, այլև գիտակցության մեջ: Մարդիկ պիտի գիտակցեն, որ առաջին հերթին իրենք պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին և բոլոր ոլորտներում պաշտոնյաներին պարտադրեն գործել օրենքի շրջանակներում: Դա պիտի դառնա կյանքի նորմ: Բարեբախտաբար, այսօր, ի հակակշիռ ընդդիմության, ձևավորվում և ուժեղանում է քաղաքացիական հասարակությունը, մեծանում է մի սերունդ, որը պատրաստ է տեր կանգնելու իր իրավունքներին: Ես ուրախ եմ, որ մեր հանձնաժողովում ընդգրկվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, և կարծում եմ` այդ թիմով կարող ենք հաջողությունների հասնել:
-Հայաստանը անկախության տարիներին միջազգային տարբեր կազմակերպությունների է անդամակցել, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր կարգավիճակն ի՞նչ է տալիս Հայաստանին:
-Ֆրանկոֆոն երկրների ցանկը շատ մեծ է` Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, Աֆրիկա: Ես կարծում եմ, որ աշխարհում բարեկամներ ունենալը շատ կարևոր է, իբրև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ԱԺ պատվիրակության ղեկավար` ես փորձելու եմ շատացնել Հայաստանի բարեկամների թիվն աշխարհում: Ֆրանսերենով վիթխարի մշակույթ է ստեղծվել հարյուրամյակների ընթացքում, որ քաղաքակրթական արժեք է և մարդկության հարստությունը, այդ շերտին հաղորդակցվելը մեզ համար միայն շահեկան է լինելու:
-Լոսկաբոսյան հայտարարությունը ԼՂ հարցով տեղավորվո՞ւմ է ընդհանուր հայտարարությունների շրջագծում, թե՞ արագություն է հաղորդվում հարցի լուծման գործընթացին:
-Ղարաբաղյան հարցի վերաբերյալ անցած տարիներին բազմաթիվ հայտարարություններ են հնչել, նաև` իրարամերժ: Այդ հայտարարություններն աշխարհի որոշակի քաղաքական շերտերի շահեր են հետապնդել, սակայն չմոռանանք, որ աշխարհը գնում է իր ուզած ճանապարհով, մենք մնում ենք մեր Ղարաբաղում: Քանի դեռ տարբեր կառույցներից հնչող հայտարարությունները չեն խանգարում անկախ Ղարաբաղի գոյությանը, ազատագրված Ղարաբաղի գոյությանը, ըմբռնումով կվերաբերվենք: Արցախի ժողովուրդն 88 թվականին է իր որոշումը կայացրել` միջազգային նորմերին համապատասխան, և ի լուր աշխարհի հայտարարել է անկախ ապրելու իր իրավունքի և ինքնորոշման մասին: Միջազգային բոլոր նորմերին համապատասխան աշխարհում ստեղծվել է պետական նոր կազմավորում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Որևէ հայտարարություն չի կարող վիճարկել այդ ձեռքբերումը: Մենք տեր ենք մեր հաղթանակներին: Այսօր, երբ մեր սահմաններում զինված միջադեպերի պատճառով, ցավոք, զոհվում են մեր զինվորները, մեղքի մեծ բաժինն ունեն առաջին հերթին միջազգային կառույցները, որոնք իրենց չքմեղությամբ ուղղակի դրա հնարավորությունն են ստեղծում:
-Աշխարհն ունի իր քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական շահերը, և Հայաստանը չի կարող դուրս լինել աշխարհից: Չե՞ք կարծում, որ հայ-թուրքական հարաբերություններում, ԼՂ հարցում աշխարհն ուղղակի կարող է իր որոշումը Հայաստանին պարտադրել:
-Աշխարհն ունի իր շահերը, մենք էլ ունենք մեր շահերը և երբեք չպետք է թույլ տանք մեր շահերը ոտնահարել: Մենք բավարար քաղաքական կամք և, որպես անկախ պետություն, բավարար ուժ ունենք մեր հարցերին տեր կանգնելու: Իսկ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը կարող էին լուծվել այն ժամանակ, երբ ստորագրվեցին հայտնի արձանագրությունները: Թուրքիայի մեղքով է, որ արձանագրությունները չեն վավերացվել: Մի պետություն, որ ձգտում է ԵՄ անդամության, եվրոպական արժեքների, արձանագրությունների ստորագրմանը հաջորդած ամբողջ ընթացքում քայլ առ քայլ աշխատեց ինքն իր դեմ, քայլ առ քայլ ցույց տվեց, որ ինքն այսօր շատ ավելի հեռու է եվրոպական արժեքներից, քան 100 տարի առաջ էր: ՈՒստի որքան արագ վավերացվեն հայ-թուրքական արձանագրությունները, որքան արագ Թուրքիան հասկանա, որ այսօր Հայաստանը լուրջ գործոն է տարածաշրջանում, որքան արագ սկսի հարաբերվել հարևանի հետ առանց նախապայմանների, այնքան լավ իր համար: Մենք խնդիր չունենք, մեր պատմության տերն ենք, կորցնելիք ունի Թուրքիան, որ որքան էլ նյութական և դիվանագիտական ջանքեր թափի, դատապարտված է ու պարտված է այդ դաշտում: Այն քայլը, որ ժամանակին կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների հարցում, խնդրի լավագույն լուծումն էր, ՀՀ նախագահի նախաձեռնությունն ամբողջ աշխարհն ընդունեց ու գնահատեց: ՀՀ նախագահի քայլը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ բխում էր բոլորի շահերից` դա է պատճառը, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, արդեն երրորդ տարին է, ասում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Առաջին հերթին նախագահի հեռատեսությունն էր, որ մեզ բերեց այդ հանգրվանին: Ես համոզված եմ, որ ինչ-որ պահից Թուրքիան կփոխի իր վերաբերմունքը և կվերադառնա տրամաբանության գերակայությանը:
-Այդքան համբերություն ՀՀ նախագահը կունենա՞:
-Անկասկած, նրա խորաթափանցությունը կհերիքի ցանկացած լարված իրավիճակի լիցքաթափմանը, իսկ համբերատարությունն ու հանդուրժողականությունն արդեն ցույց են տվել իրենց ներգործությունը Հայաստանի քաղաքական դաշտում: 2008-ից հետո ցանկացած նախագահ կարող էր պարտվել, հուսալքվել, մարդկային ու բարոյական ճգնաժամում հայտնվել, բայց ոչ Սերժ Սարգսյանը: Մեր պետության անկախության ակունքներից գալով, ղարաբաղյան պատերազմի փորձություններով անցնելով` նա այդ ճանապարհին այնպիսի որակներ է ձևավորել, որ իր քայլերն անում է հավասարակշռված և անվրեպ: Կենդանակերպի նշանով նա Խեցգետին է, արևելյան հորոսկոպով` այդպիսին են հավասարակշռված, արդարամիտ, նրբազգաց և հանդուրժող մարդիկ, որ միշտ հասնում են իրենց նպատակին: Հունիսի 30-ին Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է, և ես միանում եմ նրան ուղղված բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին: Նրա, իբրև նախագահի, հաջողությունը երկրի հաջողությունն է:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ