Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անվադողեր գողացած մեկին տարան «Հարսնաքար», և այնտեղից դուրս չեկավ, դիակն էլ առայսօր չի գտնվել

Անվադողեր գողացած մեկին տարան «Հարսնաքար», և այնտեղից դուրս չեկավ, դիակն էլ առայսօր չի գտնվել
02.07.2012 | 16:55

Իններորդ դարում, երբ դեռևս արաբներն էին տիրակալը հայոց աշխարհի, Մարավին խալիֆն իմանում է, որ հայոց Հովհաննես կաթողիկոսը ոչ միայն շատ գրագետ է, այլև ունի փառահեղ տեսք: Հոյակապ մորուքը խնամքով մշակում էր տարբեր օծանելիքներով, բարակ խարտոցով ոսկե բարակ թելեր կտրատում և շաղ տալիս առատորեն աճած մորուքին, ձեռքի մատները մշակում էր տարբեր խոտաբույսերով: Կարճ ասած, շրջապատի մարդկանց վրա ազդում էր ոչ միայն իր գիտելիքներով, խոսքով, այլև արտաքին տեսքով:
Քանի որ հնում թագավորները, խալիֆները միշտ հետաքրքրվել են իրենց հպատակ ազգերի խելացի, նշանակալից անհատներով, Մարավին էլ, լինելով այդպիսի մի անհատ, իր մոտ է հրավիրում կաթողիկոսին:
Կաթողիկոսի փառավոր տեսքը, իրոք, դուր է գալիս նրան: Սկիզբ առած սիրալիր զրույցի ժամանակ խալիֆը հարցնում է Հովհաննեսին, թե` ինչպես կբացատրես քո վարքագիծը: Ես գիտեմ, որ ձեր Աստծո որդին վարել է շատ համեստ կյանք, ունեցել է սովորական արտաքին և երբեք մանրախնդրորեն չի հետևել նրան:
-Տե՛ր խալիֆ,-պատասխանում է կաթողիկոսը,- նա Աստծո որդին էր, կարողանում էր մարդկանց վրա ազդել իր խոսքով, բուժել նրանց: Ես ով եմ, եթե ոչ մի սովորական մահկանացու: Ես պետք է հետևեմ իմ արտաքին տեսքին, որ խոսքս ազդեցություն ունենա ժողովրդի վրա:
Պատասխանը շատ է դուր գալիս խալիֆին, և նա հրամայում է թանկարժեք ընծաներով ճանապարհ դնել հայոց կաթողիկոսին:
Երբ կարդում էի այդ պատմությունը, ակամայից մտաբերեցի և հասկացա մեր օրերի օլիգարխներին, որոնց ո՛չ տեսքն է ազդեցիկ, խոսքի մասին էլ չասենք: Դրա համար էլ այդ բացերը լրացնելու համար նրանք պահում են իրենց ուղեկցող ջոկատ: Այդ ջոկատն է, որ պիտի ահ ու սարսափ տարածի ժողովրդի վրա, այդ ջոկատն է, որ պիտի հիշեցնի ժողովրդին այդ օլիգարխների ոչնչությունը, այդ ջոկատի տղաներն են, որ անգամ ոչ անհրաժեշտության դեպքում պիտի ցուցադրեն իրենց տերերի հզորությունը:
Այդպիսի «հզորության» ցուցադրություն էր «Հարսնաքարի» դեպքը, որը ցնցեց ողջ հայ իրականությունը, ցույց տալով մեր հասարակության մեջ առաջացած ահավոր անդունդը`երկրի սովորական քաղաքացիների (որոնք կազմում են 90 %-ը) և հասարակության ընտրյալ սրիկաների միջև (սրանք կազմում են մի չնչին տոկոս, բայց, ցավոք, իշխանության ուժով նրանց կամքը բարձրացել է օրենքի աստիճանի):
Կորածի կյանքը ողբալով հետ չես բերի և ոչ էլ անարժան մեկի երեսին «սրիկա» բառը շպրտելով կդաստիարակես նրան: Մի թիկնապահի կամ մի քանիսի դատելով հասարակությանը չես ուղղի, եթե չբուժվեն հասարակության ախտահարողները: Իսկ ինչպես երևում է, այդ ախտը բուժվելու միտում չունի: Կիրակնօրյա Հ1-ի մեկնաբանը բացահայտ իր պաշտպանության տակ էր փորձում առնել «Հարսնաքարի» օլիգարխին: Մանկան միամտությամբ փորձելով զուգահեռներ անցկացնել Իջևանի ռեստորաններից մեկում խուլիգանների ձեռքով դաժանորեն սպանված Խորեն Հովհաննիսյանի և «Հարսնաքարում» դաժան ծեծի պատճառով (Խորեն Հովհաննիսյանին սպանել էին դանակահարելով) սպանված ռազմական բժիշկ Ավետյանի միջև: Մեկնաբանի ակնարկի իմաստն այս էր` Խորեն Հովհաննիսյանի դեպքն ինչո՞ւ համաժողովրդական քննարկման առարկա չդարձավ, իսկ «Հարսնաքարինը» դարձավ:
Չցանկանալով ծավալվել, կասեի այդ չափից դուրս գրագետ մեկնաբանին, որ պետք չէ ոչ համեմատելի օրինակներով պաշտպանության տակ առնել որևէ օլիգարխի: Ասածս հիմնավորեմ: Ես գյուղապետ եմ, եթե մարդ սպանեմ, բոլորովին այլ հնչեղություն կունենա, քան գյուղացու կողմից որևէ գյուղացու սպանությունը: Դա տարրական հասկացություն է, որը ցանկացած մեկին պետք է հասանելի լինի, առավել ևս ձեզ նման մեկնաբանի: Այն էլ ասեմ, հարգելի մեկնաբան, որ տարիներ առաջ, եթե չեմ սխալվում` 1998-ին, Երևանի Խորհրդային շրջանից այդ օլիգարխի եղբոր ավտոտնակից անվադողեր գողացած մեկին տարան «Հարսնաքար», և նա այնտեղից դուրս չեկավ, դիակն էլ առայսօր չի գտնվելգտնվեց:
Հարուցված քրեական գործով ոչինչ չբացահայտվեց: Այդպես կշարունակվի մեր երկրում այնքան ժամանակ, քանի դեռ իրենց արտաքինին և էությանն այդ մարդիկ չեն հետևի Հովհաննես կաթողիկոսի նման, իսկ դա կլինի, եթե մեր օրերում էլ գտնվի նրանց ճիշտ գնահատող մի խալիֆ, որ ասի` ա՛յ ողորմելիներ, ո՞ւմ են պետք ձեր թիկնապահները, հասարակությունը զզվանքով է նայում ձեզ, ձեր ողորմելի կյանքի նկատմամբ ոչ մեկը ոտնձգության չի պատրաստվում: Փորձեք դառնալ հասարակության կողմից ընդունելի: Ատելության անջրպետը փորձեք հաղթահարել սեփական ուժերով, եթե չեք ցանկանում կործանվել:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ