Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսպանական ֆուտբոլի ոսկի ժամանակները

Իսպանական ֆուտբոլի  ոսկի ժամանակները
02.07.2012 | 23:47

Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում հուլիսի 1-ին Իսպանիայի ընտրանին կրկնեց չորս տարի առաջ Ավստրիայում ու Շվեյցարիայում ունեցած հաջողությունը: Աշխարհում դեռևս ոչ մի հավաքականի չի հաջողվել անընդմեջ հաղթել երկու «եվրոներում»: Աշխարհում և ոչ մի հավաքականի չի հաջողվել անընդմեջ հաղթել նաև երեք խոշորագույն առաջնություններում. չմոռանանք, որ 2008-ի ու 2012-ի միջև եղել է 2010-ի «աշխարհը»: Սակայն, որպեսզի պատմության կեղծարարների հզոր դասին դասվելու հնարավոր մեղադրանքին չարժանանանք, հիշեցնենք, որ հիշում ենք` Իսպանիան էլի է եղել Եվրոպայի չեմպիոն: Դա եղել է այսօր արդեն հեռավոր ներկայացող 1964-ին: ՈՒրեմն, եթե ասում ենք Իսպանիա, հասկանում ենք աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն:


ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ
Իտալիան ֆուտբոլային հրաշալի թիմ է, ֆուտբոլային հրաշալի տերություն: Այսպես ասելով` մենք ոչ հեծանիվ ենք հայտնագործում, ոչ էլ նման բանի հայտ ներկայացնում: Պարզապես փաստն ենք արձանագրում ու վերջ: Չեզարե Պրանդելիի երկու տարվա համառ աշխատանքն իսկապես տվեց իր արդյունքը, և աշխարհը, ի դեմս նրա այս հավաքականի, ունեցավ մի նոր Իտալիա` ֆուտբոլային իր դավանաբանությամբ շահեկանորեն աչքի ընկնող ոչ միայն ամենաապշելու պաշտպանությամբ, այլև հարձակման գծի ագրեսիվ խաղաոճով: Քավ լիցի, մենք չենք մոռանում այս երկրի նախորդ տարիների հիրավի լեգենդար հարձակվողներին, ովքեր, որպես անհատականություն, թույլ տվեք ասել, շատ ավելի հզոր էին իրենց այսօրվա թիմակիցներից: Խոսքը, կախարդական այս խաղից հասկացող ֆուտբոլասերը հասկացավ, վերաբերում է իտալական ֆուտբոլի մտածողության մեջ եղած շեշտադրումների փոփոխությանը, ինչը Պրանդելիի թիմը դարձնում է շատ ավելի համակրելի, շատ ավելի ներկայանալի, շատ ավելի հեռանկարային:
Իհարկե, մեր փոքր-ինչ ոչ ուշիմ կամ մեր մտածողության տեսակին նոր-նոր ծանոթացող ընթերցողը կարող է հակասություններ փնտրել իտալական ընտրանուն վերը տրված գնահատականների ու եզրափակիչ խաղում ֆիքսված հաշվի մեջ, սակայն շտապենք նրան էլ ուղիղ գիծ հանել, որ տարընկալումներ չլինեն:
Բանն այն է, որ կարելի է սկզբունքորեն ավելի խոշոր հաշվով էլ պարտվել, սակայն լինել ու մնալ փառահեղ թիմ: Կյանքում հնարավոր են, չէ՞, չհաջողված խաղեր, չհաջողված օրեր: Այնպես որ, եկեք օրը միայն օրվա մեջ չտեսնենք ու հասկանանք, որ այսօրը միայն այսօրը չէ և հնուց եկած մեր մեծերի այս աքսիոմատիկ բանաձևումի տակ հսկայական կենսափորձ կա կուտակված, ինչպես որ նույն ահռելի կենսափորձն է ընկած մեկ այլ բանաձևումի տակ` ջուրը չտեսած` մի բոբիկացիր:
Այստեղ արդեն ու սրանից հետո ուզում եմ անցնել շատ ավելի կոնկրետացված խոսքի ու օրինակների:
Իտալիայի ընտրանին կիսաեզրափակիչում ապշելու դաս տվեց Գերմանիայի հավաքականին, որը, այդ խաղը դեռ չշահած, արդեն ոչ թե եզրափակիչում էր իրեն զգում, այլ հաղթողի գավաթը ձեռքին: Ի՞նչ եղավ` տեսանք:
Դա՞ս էր: Դա՛ս էր:
Բալոտելին երկու գոլ խփեց առաջնության անվիճելի հավակնորդ համարվող Գերմանիայի ընտրանուն` հետխաղյա հարցազրույցներից մեկում դրանք նվիրելով իր թանկագին մայրիկին:
Ողջունելի՞ է: Քիչ է այդպես ասելը: Այդպես պարտավոր է վարվել յուրաքանչյուր օրինակելի զավակ, որովհետև մայրը գերագույն արժեք է:
Բալոտելին, սակայն, մի փոքր իրեն տղայավարի պահեց` ասելով, որ չորս գոլ էլ խփելու է Իսպանիային ու դրանք նախապես նվիրեց ոչ պակաս սիրասուն հայրիկին: Չէ, հայրիկին նվեր անելու ցանկության մեջ վատ բան չկա: Սակայն, չգիտես ինչու, հայրիկներին միշտ նվիրվում են չեղած բաները (ջուրը չտեսած բոբիկանալու մասին դեռ մի շտապեք մտածել, դեռ դրա ժամանակը չէ):

ԱՂՆ ԱՌՆՈՂ-ՎԱԶՈՂՆԵՐԸ
Առաջին խաղակեսից հետո Իսպանիան խաղը շահում էր 2:0 հաշվով: Երկրորդ գոլից հետո ես զանգեցի մեր տղաներից մեկին ու ինձ բնորոշ կեսհեգնալից, կեսլուրջ, կեսգործնական ոճով հարցրի.
-Հարցեր կա՞ն:
-Հարցեր չկան,- եղավ պատասխանը, ու ես անջատեցի հեռախոսը:
Մի կարծեք, թե ես այդ զանգն առաջին գոլից հետո չէի կարող անել: Դավիդ Սիլվայի գոլից հետո պարզապես վերահաստատվեց իմ նախախաղային կայուն համոզմունքը, որ Իսպանիան անգերազանցելի է ու Իտալիային շանս չի տալու: Եթե որևէ մեկը կասկածում է ասածիս` մտածելով, թե կայացած իրողություններից հետո պապս էլ կարող է լինել Սողոմոն իմաստուն, թերթեք «Իրատես de facto»-ի էջերը կամ մտեք կայքէջ. առաջնության ողջ ընթացքն այնտեղ է` առաջին օրվանից սկսած: Ի դեպ, իսպանացիների առաջին գոլից հետո կինս դիմեց ինձ` «չես արձագանքում» զարմանքով ու, պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե չզսպեի բազմոցիս, ով (ով` ոչ թե ինչը) տեղից արդեն ագրեսիվ ցատկել էր ու… Դե, գիտեք ֆուտբոլին նրա անսահման նվիրվածությունն ու կռվազան բնավորությունը. առիթ եղել է, նյութերիցս մեկում պատմել եմ:
Երբ հաշիվը 4:0 էր, հետևեց այս անգամ Ռազմիկ Աբրահամյանի զանգը` «Մի հարց էլ կարո՞ղ եմ ես տալ» օրինական խնդրանքով:
-Համեցեք, -պատասխանեցի նրան:
-Իսկ հինգերորդ գոլը լինելո՞ւ է,- փորձեց տեղեկանալ ավագ ընկերս:
-Ոչ,- պատասխանեցի` բացատրելով, որ այս խաղում Իսպանիան ունի չորս գոլ խփելու խնդիր, ու դա նրանց պատասխանն է լինելու Բալոտելիին, ում, հայտնի խաղի հերոսի հետ նույնանունն ունենալու համար, սուպեր Մարիո են կոչում:
Սիրելի ընթերցող, այ, այստեղ է, որ նոր խորհուրդ կտամ հիշել մեր մեծերի (ապուպապերի) «ջուր չտեսած` մի բոբիկացիր» զգուշացում-բանաձևումը, թե չէ պապան մեղք է:
Ես այս խաղի մասին ստիպված եմ անընդհատ խոսել անդրադարձումներով:
Պորտուգալիան մի երկու խաղ վառ խաղաց, մասնագետ ու ոչ մասնագետ սկսեցին իսպանացիների կաշին նախապես քերթել: Արդյունքն ինչ եղավ` գիտեք:
Մինչ իսպանական արգելքը Ռոնալդուն մի երկու գոլ խփեց, հասցրին Կասիլյասի վրա… (մեղա-մեղա-մեղա՜): Արդյունքն ինչ եղավ` գիտեք: ՈՒ թեպետ գիտեք, թողեք մի փոքրիկ շտրիխ ավելացնեմ իմացածներիդ: Տուն մեկնելուց առաջ Ռոնալդուն պոնչիկ առնելու համար ուշացավ ինքնաթիռից, իսկ Կասիլյասը համբերատար սպասում էր առաջնության հաջորդ խաղին:
Իտալիան կիսաեզրափակիչում գելխեղդ արեց Գերմանիային, Պրանդելիին դարձրին ոչ թե ռեֆորմատոր, այլ մեծ ռեֆորմատոր (բարենորոգիչ), իսկ էն խեղճ ծերուկին հանեցին «տրաս»` իբր թե Իսպանիան կրկնվում է, այն չէ, խաղում է ձանձրալի ֆուտբոլ: Այստեղ թույլ տվեք միջանկյալ մի միտք էլ հայտնեմ ու նոր անցնեմ առաջ: Ճիշտն ասած, մինչև հիմա ինձ թվում էր, թե միայն հայերն են լսելուն պես աղն առնողն ու «խիարի» հետևից վազողը, մինչդեռ, պարզվում է, դա լավ էլ համաշխարհային երևույթ է (ցավում եմ գույժի համար, սակայն նախակարապետ լինելու մեր միֆերից մեկն էլ փլուզվեց): Հա, արդյունքն ինչ եղավ` գիտեք: Բացեք «Իրատես de facto»-ի էջերը կամ մտեք կայքէջ ու կհամոզվեք, որ էն գլխից էի ասում` Վիսենտե դել Բոսկեն խաղաքարտերը մինչև վերջ չի բացում ու եզրափակիչում անակնկալ է մատուցելու: Ես սա չեմ ասում, որ դուք իմ մասին մտածեք` Նոստրադամուս է: Ես ասում եմ` Իսպանիայի հավաքականի պարագայում կա երկաթե ձեռքով դրված հստակ խաղ, հստակ խաղային ձեռագիր, որն այսօր ամենաառաջադեմն է, ուղեցույց է, մեթոդական ձեռնարկ է, ու բնավ էլ նշանակություն չունի, որ աշխարհի ֆուտբոլային գերտերություններն այն դրած կրծում, քրքրում են ամեն օր:
Դա քիչ է: Հավատացեք` շատ քիչ է:
Այդպիսի խաղ խաղալու համար պիտի ունենալ ոչ միայն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ, այլև խաղի ընկալման այդպիսի փիլիսոփայություն: Թե չէ` ի՞նչ: Էն է, մեր հարևան Հրաչն էլ օրը մեկ համաշխարհային մտքի տիտաններից մի միտք սերտում, գալիս` ասում է, բայց դա նշանակում է, որ նա փիլիսոփա է կամ փիլիսոփայական դավանաբանության կրո՞ղ:
Մինչև այս եզրափակիչն ասում էին, թե Իսպանիան քայլելով է ֆուտբոլ խաղում և իբր թե խաղային օղակների հրաշալի կապակցվածության հաշվին է գոյատևում: Եզրափակիչի գերձայնային արագությունը տեսնելուց հետո հիմա էլ ի՞նչ եք երգելու, հարգելի նաղլասացներ: Ախ, ես էլի մնում եմ նույն անուղղելի ռոմանտիկը, ես էլի շարունակում եմ մոռանալ, որ աշխարհի միամիտների պես աշխարհի ճարպիկներն էլ աղի նկատմամբ թուլություն ունեն` մենակ թե մեջտեղն էն բանից լինի:

ԻՆՆՍՈՒՆՐՈՊԵԱՆՈՑ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ
Խաղն ապշեցուցիչ էր: Նման եզրափակիչներ իսկապես կարելի է երազել: Արդեն վեցերորդ րոպեին տուգանայինից վտանգավոր «կրակեց» Խաբի Ալոնսոն, հետո քիչ մնաց Ռամոսը գլխի հարվածով գրավեր դարպասը, հետո Չավիի հարվածը սուլելով անցավ «հորիզոնականի» վրայով:
Սրանք նշանառության ճշգրտման փորձեր էին: Աղետը վրա հասավ տասնչորսերորդ րոպեին: Հետևեցին Ինիեստայի հրաշալի փոխանցումը Ֆաբրեգասին, վերջինիս գեղեցիկ անցումն ու փոխանցումը, և Դավիդ Սիլվան վկայեց, որ դարպասի վերին անկյունն իրենն է: Ճիշտ է, իտալացիները պարտքի տակ չմնացին, սակայն Կասիլյասը չափազանց գործնական էր տրամադրված. այս առաջնությունում նա արդեն ամբողջ մի գոլ ուներ բաց թողած և հակված չէր բարեգործության: Քառասունմեկերորդ րոպեին իսպանացիները կազմակերպեցին մեթոդական ուղեցույցներին հարիր հարձակում, և Չավիի փոխանցումը գոլի վերածեց սկսվելիք նոր սեզոնից «Բարսելոնում» հանդես գալու իրավունք ձեռք բերած Խորդի Ալբան:
Երկրորդ խաղակեսում Անտոնիո Կասանոյին փոխարինած Անտոնիո դի Նատալեն մազ մնաց, որ դառնար գոլի հեղինակ: Ի պատասխան` Ֆաբրեգասը պատասխանեց նույնքան վտանգավոր հակադարձումով: Դի Նատալեն մի անգամ էլ բախտը փորձեց, սակայն Կասիլյասը նրան ևս մեկ անգամ հիշեցրեց, որ խմբայինում մեկ անգամ եթե թույլ է տվել իր պաշտպանած դարպասը գրավել, դա չի նշանակում իրեն ամեն անհարկի առիթով անհանգստացնել:
Խաղավարտից քսանութ րոպե առաջ իտալացիները մնացին տասը հոգով: Եթե մինչ այդ էլ նրանք իսպանացիներին հաղթելու շանս չունեին, ապա Տիագու Մոտայի վնասվածքից հետո այն դարձավ անհնար (Պրանդելին արդեն կատարել էր թույլատրելի երեք փոխարինումը): Սկզբունքորեն, այդ պահից սկսած, ամբողջապես կորավ խաղի ինտրիգը: Փոխարինման ելած Ֆեռնանդո Տորեսն ու Խուան Մատան խփեցին ևս երկու գոլ, որոնք, ի դեպ, կարող էին և չլինել, եթե… Բալոտելին հայրիկին չորս գոլ նվեր անելու անպարկեշտ հայտարարությամբ վիրավորած չլիներ իսպանացիներին:
Այս խաղն ընդունելով որպես առաջնության եզրափակում` հարկավ կարելի է բերել վիճակագրական բազմաթիվ ամփոփումներ, այդ թվում նաև այն, որ խաղային 189 րոպեում խփած երեք գոլով Ֆեռնանդո Տորեսը դարձավ «Ոսկե խաղակոշիկի» սեփականատեր, որը տրվում է լավագույն ռմբարկուին, որ play-off-ում Իսպանիան, սկսած 2008 թվից, լինի Եվրոպայի, թե աշխարհի առաջնություն, գնդակ բաց չի թողնում ու «չոր» խաղերի թիվը հասցրեց տասի, որ վրեժի կարմիր աստվածուհին տարավ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ խաղերի մեջ ամենախոշոր հաղթանակը և այլն, և այլն:
Կարելի է անել այդ ամենը, սակայն որքան էլ հաճելի լինի դրանք լսելը կամ ընթերցելը, մի՞թե այս խաղի թողած անանց հմայքից ավելի է լինելու, խաղ, որ, մի բառով ասենք ու պրծնենք, հեքիաթ էր: Եվ, այնուամենայնիվ, ասենք, որ տասնմեկ մասնագետներից կազմված տեխնիկական հանձնաժողովի որոշմամբ` Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել Իսպանիայի հավաքականի քսանութամյա կիսապաշտպան Անդրես Ինիեստան, իսկ նույն այդ հավաքականի տասը ֆուտբոլիստներ տեղ են գտել քսաներեք լավագույն ֆուտբոլիստների կազմում:

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Իսպանիա-Իտալիա խաղի մասին ով ինչ ասել կամ չի ասել, եկեք դնենք մի կողմ, ընդամենը հիշատակենք երկուսին, որոնցից մեկը մեծ է, մյուսը` անասելիորեն մեծ: Խոսքը վերաբերում է իր հավաքականում ունենալու պատրաստ ցանկացած մարզչի երազած Դանիելե դե Ռոսիին ու համաշխարհային ֆուտբոլի երբևիցե ունեցած խոշորագույն դարպասապահներից մեկին` Ջանլուիջի Բուֆոնին:
Դանիելե դե Ռոսի. «Իսպանիայի հավաքականը բոլորից ուժեղն է: Անցկացրու նրա հետ տասը խաղ` յոթում կամ ութում կպարտվես: Նրան հաղթելու կամ ոչ-ոքի խաղալու համար անհրաժեշտ է, որ ամեն ինչ դասավորվի հօգուտ քեզ:
Խաղից առաջ մենք վստահ էինք, որ կարող ենք հաղթահարել Իսպանիայի հավաքականին, սակայն իրականում նույնիսկ չկարողացանք անհանգստացնել նրան: Վաթսուներորդ րոպեին խաղն ավարտված էր: Այնպիսի թիմի, ինչպիսին Իսպանիան է, չի կարելի ոչ մի զիջողություն անել, իսկ մենք դեռ պակաս ֆուտբոլիստով մնացինք. դա արդեն ամեն սահման անցնել է: Կարող էինք խուսափել վերջին երկու գոլից, սակայն դա ի՞նչ էր փոխելու»:
Բուֆոն. «Մենք մտածում էինք, որ «Եվրո-2012»-ի եզրափակիչում կարող էինք հաղթել Իսպանիային, սակայն այդ ամենը դուրս եկավ մեծ իլյուզիա: Խաղի վերջին տասը րոպեն ես ուզում եմ ընդհանրապես մոռանալ, ջնջել իմ կյանքից: Ես վախենում էի, որ մենք էլի գնդակ բաց կթողնենք, ու խաղը կավարտվի 4:0-ից ավելի մեծ հաշվով: Չէ՞ որ մենք ավելի մեծ հաշվով կարող էինք պարտվել։ Բարեբախտաբար, դա չեղավ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ