ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մեծապատիվ, ազատամիտ դամքաշները մեր

Մեծապատիվ,   ազատամիտ  դամքաշները մեր
05.07.2012 | 00:37

Այո՜, այո՜, պատվելի ընթերցող, մեր նորանկախ ազատությունը նորանոր հորիզոններ է նվաճում։ Նվաճում է, հետ չի նահանջում։ Հուռռա՜, ազատություն է ամենուր, վարքում մեր և մեր բարքերում, շոգեբաղնիքում և օպերային թատրոնի գագաթին։ Ինչպե՞ս, վրդովվում են բոսորամիտ ընթերցողներս թերթի էջերում և էլեկտրոնային տարբերակի լրահոսում։ Ինչո՞ւ, շարունակում են բարկացած, մի՞թե ազատությունը մեր նորանկախ նահանջ է ապրում։ Հապա հանուն ինչի՞ էին խորհրդային մեր դազգահի պտուտակները միտումնավոր հետ պտտում կամ գրասեղանը մեր վերածում իշոտնուկի։ Հանուն համազգային գործադուլի։ Գործադուլն էլ (և, առհասարակ, մյուս բոլոր «դուլերը» նույնպես) հանուն ազատության էր։ Նաև անկախության։ Այո՜։
Ազատությո՞ւնը։ Բայց բավ է։ Զի փոխխմբագիր Լիլի Մարտոյանը խստագույնս ապսպրել է` չընկնել այլևս «պեչենու բաղերը», իսկույն ևեթ անցնել բուն ասելիքին։ Անցնում եմ սիրահոժար, խոստովանելով, որ «պեչենու բաղերում թրև գալը» մանկական տարիների նվաստացումներիս արձագանքն է, պեչենու կարոտով մեծացա, օրնիբուն շոկոլադ էի խփշտում։ Հե՜յ գիտի օրեր, ո՞ւր եք կորել, կասե՛ր պայծառափայլ Լոռեցին, մեծարգո պարոն Թումանյանը։ ՈՒ ահավասիկ, միջինից դեպի ավագություն քայլարշավող սերնդի հիշողությունը քաղցրով թարմացնենք. հիշեցի՞ք սովետահայ շոկոլադե արջուկները, փղիկները և ավանակները։ Հիշեցիք, փաստ է։ Անկախական սերնդին էլ տեղեկացնենք, որ բարձրորակ շոկոլադե կաղապարների միջուկը չափազանց խորհրդավոր էր. ուտում էիր և վայելում լիկյորի կամ կոնյակի ումպը, որ թաքնված էր նշյալ կենդանիների ներսում։ Անշուշտ, որոշ աչքաբաց մանուկներ չարաշահում էին ազնվական այս երևույթը։ Պիոներճամբարական իմ ընկեր Վլադը, զորօրինակ, յուրաքանչյուր խաղակեսում երկուական արջուկ և երեքական իշուկ էր կլանում։ Նրան բանակ չզորակոչեցին. քրոնիկ հարբեցողությամբ էր տառապում, մանկական տարիների լիկյորն ու կոնյակն իրենց շոկոլադե մրոտ գործն արել էին։ Ի դեպ, Վլադին վերջերս տեսա։ Թարմացել էր, բոյ քաշել։ Խմելն իսպառ թարգել է։ Ջիփ է գնել և միացել երկրորդ կնոջը։ Ի պատիվ երրորդ հանրապետության, խոստովանեց ամոթխած։ Ի դեպ, հացն հանապազօր վաստակում է գրբացությամբ։ Նախընտրական շրջանում։ Ձեռքի հետ էլ հեռուստասերիալների սցենարներ է թխում, անհամ ու բորբոսապատ։ Բայց բարձր են վճարում։
Մի խոսքով, վերջապես ժամանեցինք այսօրվա ասելիքի կառամատույցը։
Վերջերս հեռուստաէկրանի կրտման և քերթման առնչությամբ ձայն են բարձրացրել մեր որոշ առաջադեմ մտավորականներ։ Ձայնը, ինչպես միշտ, հնչեց բարբառոյ, զի անապատում էր ձայնարկությունն այս։ Զի ազգային որոշ-անորոշ մոտավորներ հեռուստաէկրանը սանձել ու քշում են սարն ի վեր, զի ստակն այս արշավում առատ է ու պտղալից, ինչպես մոլախոտն ու թունաշունչ սունկը։
Այնպես որ, թող առաջադեմ մեր մտավորականները նախ քաշեն ազատամիտ մոտավորների սանձերը։
Զորօրինակ, «Հեռուստառեստորան» հաղորդաշարում տիար Հրանտ Թոխատյանը` շնորհաշատ արտիստն ու փոթորկուն շոումենը, բեմ է ելնում և ռեստորանային ռաբիսին շախ տալիս, շուլալվում նրանց անսանձ մուղամներին։ Իսկ ինչու ոչ։ Չէ՞ որ վարձատրում են լի ու բոլ։ Իսկ հանուն դրա կարելի է արժանապատվությունը ժամանակավոր (ասենք` մի քանի տարով) վարձակալության հանձնել ռաբիսին։ Բայց արգո Հրանտն այս մոլեմսխուն մարտերում միայնակ չէ։ Բեմում հերթական ռեստորանի հերթական մեներգիչն է հերթական անգամ այլասերում հայկական, հունական, ռուսական մեղեդին։ Սա ռեստորանային վաղեմի մշակույթ է` աղավաղել յուրաքանչյուր երգ, համահունչ ուտեստի «մշակույթին»։ Ասենք, անհնար է պատկերացնել անգամ, որ քաբաբապլոճիկային ճաշակ ունեցող այցելուն կարող է ունկնդրել զուլալ մեղեդին և գունեղ խոսքը։ Բայց սա, կրկնում ենք, բուն ռեստորանային մշակույթ է։ Սակայն ինչո՞ւ են Թոխատյանի մատռվակները հանձնաժողով կազմել և յուրաքանչյուր զկռտոց կամ խրխինջ գնահատում են հավուր պատշաճի հոգածությամբ։ Հանձնաժողովում էլ հարգի և սիրելի դեմքեր են` երգահան Մարտին Վարդազարյանը, երգիչներ Հայկոն և Աիդա Սարգսյանը։ Այսինքն, գործիչներ, որոնք հայ երգի բարձր ամպհովանին են պահում։ Սակայն այստեղ գնահատում և արժևորում են հենց այն, ինչի դեմ է իրենց պայքարը։ Որ ի՞նչ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ