Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Կոռուպցիան և բարեկամությունը

Կոռուպցիան և  բարեկամությունը
03.07.2012 | 11:41

Մի օր մոտենում էի «Երիտասարդական» մետրոյին։ «Բարեկամության» հուշարձանի մոտ նկատեցի երկու զբոսաշրջիկի, որոնք հերթով լուսանկարվում էին։ Ինձ խնդրեցին երկուսին միասին նկարել։ Առաջարկեցի նկարվել նաև Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։ Նրանցից մեկն ասաց. «Հայտնի մարդկանց արձաններ կան ամենուր, բայց կաշառակերությանը նվիրված կոթող ոչ մի երկրում չեմ տեսել»։ Մյուս զբոսաշրջիկը պնդում էր, թե հուշարձանը ոչ թե փառաբանում է, այլ դատապարտում է կոռուպցիան, քանի որ արձանը պատկերում է երկու կտրված ձեռք, չէ՞ որ արևելյան որոշ երկրներում կաշառակերության համար ձեռքը կտրում են։ Թեպետ հռոմեացի հայտնի իմաստունն ասում էր, թե «աշխարհը կարծիք է», այնուամենայնիվ, վրդովվեցի, ասելով, թե մեզանում լայնամասշտաբ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, և այդ հուշարձանը ոչ մի կապ չունի կաշառակերության հետ, այլ խորհրդանշում է հայերի և իտալացիների բարեկամությունը։ Իսկ ի՞նչն էր մոլորեցրել այդ զբոսաշրջիկներին։ Բանն այն է, որ մարմարից կերտված երկու ձեռքերը կիսատ են։ Դրանք կարծես բխում են հողից, և մի ձեռքը մյուսի ափի մեջ ինչ-որ բան է դնում։ Սա էլ, հավանաբար, շփոթեցրել էր օտարներին։ Եվ այս ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ հուշարձանի մոտ դեռ չէին զետեղել տեղեկություն պարունակող ցուցատախտակը։
Բանավեճը լուծելու նպատակով առաջարկեցի դիմել անցորդներին։ Առաջին պատահածը մի բարեհամբույր կին էր։ Ահա նրա մոտեցումը. «Տղաներ, վիճելու բան չէ, երկուսդ էլ ճիշտ եք` կաշառակերների մեջ էլ բարեկամություն կա, բարեկամների մեջ էլ կաշառակեր կճարվի»։ Մեկ ուրիշն ասաց. «Բարեկամության գաղափարին վայել է մեծակերտ կոթող, իսկ այս ձեռքերը հազիվ հասնում են մինչև գոտկատեղս»։ Մի երիտասարդ էլ, թե` դա Միլոսյան Վեներայի արձանն է։ Եվ ավելացրեց, թե այդ Վեներային միշտ առանց ձեռքերի ենք տեսել, իսկ այդ մարմարիոն ձեռքերն ամբողջական պատկերացում են տալիս գեղեցկուհու մասին։ Մի ուսանող էլ առաջարկեց. «Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ դրանք Մերիլին Մոնրոյի ձեռքերն են, նկատի առնելով այն, որ մնացածը, այսինքն` դերասանուհու կռնատ կիսանդրին և ոտքերի առանձին քանդակները գտնվում են Պալմ-Սպրինգզ քաղաքում»։ Բանիմաց մեկը, երևի ճաշակով իրավաբան էր, չհամաձայնեց. «Թերևս Մոնրոյի սլացիկ ոտքերը կարելի է ճանաչել իր կիսավարտիքով, ապա ինչպե՞ս ճանաչել, թե ում են պատկանում այս ձեռքերը, ապացույց է պետք»։
Մի պատկառելի մարդ կատակեց. «Ի՞նչ եք ոտուձեռ ընկել,- և շարունակեց,- մեկն էլ կարող է ասել, թե դրանք Ռոստրոպովիչի ձեռքերն են»։
«Ռոստրոպովիչն ո՞վ ա»,- ներխուժեց մի բազմահմուտ աղջիկ, բազմահմուտ, քանզի կարողանում էր միաժամանակ և՛ ծամոն ծամել, և՛ ականջակալներով ինչ-որ երաժշտություն լսել, և՛ խոսել, և այլն։ Տարեց մարդը պատասխանեց. «Ռոստրոպովիչը Հայաստանի բարեկամն էր, նա Առնո Բաբաջանյանի թավջութակի Կոնցերտի լավագույն կատարողն էր։ Եվ այդ ժամանակաշրջանում էր, որ մեր «Արարատ» ֆուտբոլային թիմը Իշտոյանի հաղթական գոլից հետո դարձավ ԽՍՀՄ չեմպիոն։ Ե՛վ ֆուտբոլասեր թավջութակահարը, և՛ իր հայ գործընկերները կատակում էին, թե Հայաստանին անհրաժեշտ են Ռոստրոպովիչի ձեռքերը և Իշտոյանի ոտքերը։ Էսօր Հայաստանին միայն ոտքեր են պետք, այն էլ...»,- խոսքը չավարտած` ծերունին շարունակեց իր ճամփան։ Հիշյալ հուշարձանի մասին մտքերի փոխանակությունը չէր դադարում։ «Բարեկամության» վարկածի դեմ մի երիտասարդ` իմաստունի տեսքով, ասաց. «Եթե դա բարեկամության արձան է, բա ինչո՞ւ «Բարեկամություն» մետրոյի մոտ չեն դրել։ Հետո, ի՞նչ բարեկամություն իտալացիների հետ, եթե մենք մեզ հետ չենք կարողանում բարեկամություն անել»։ Բարեհամբույր կինը հակադարձեց. «Մոռացե՞լ եք` ինչքան միաբան էինք ընտրություններից առաջ»... Այս չնախատեսված քննարկմանը բավական մարդ հավաքվեց, և այդքան հայերի մեջ մի խելոք գտնվեց, որն ասաց, թե Իտալիայի Կարրարա քաղաքը և Երևանը բարեկամներ են, և, ի նշան դրա, Կարրարայի հայտնի մարմարից կերտել են այդ «Ձեռքերը» և նվիրել մեր քաղաքին։ Մի «շատ նեղ մասնագետ» զարմացավ. «Հայաստանը տեղով մարմարի աշխարհ է, բա արժե՞ր Իտալիայից այդ կտորները քարշ տալ-բերել»։ Մեկ ուրիշը ոգևորված ավելացրեց. «Ճիշտ է ասում, մենք նույնիսկ «Մարմարաշեն» անունով գյուղ ունենք, որտեղ գիշեր-ցերեկ քարհատ մեքենա է աշխատում։ Եվ այնքան մարմար ունենք, որ եթե ցանկանայինք կոռուպցիային հուշարձան նվիրել, Հայաստանի բոլոր կաշառակերների, բոլոր բարեկամների, խնամի-ծանոթների արձաններին հերիք կաներ` մի ամբողջ ծառուղի, պանթեոն։ Այնպես որ, իտալացիների «մուննաթը» մեզ պետք չէր լինի։ Չէ մի, հըլը բազալտ ու տուֆ էլ բերենք Հայաստան»։ Մի կին ընդհատեց. «Բա ո՞նց ա, որ շաքարը Բրազիլիայից են բերում, կարագը` Ավստրալիայից»։
Հայտնվեց մի արվեստագետ ու պարզություն մտցրեց. «Վե՛րջ տվեք կաշառակերության մասին խոսելուն, Հայաստանին խորթ է այդ երևույթը, նույնիսկ «կաշառք» բառը հայերը փոխառել են աքքադերենից։ Իսկ ինչ վերաբերում է հուշարձանին, ապա հիշեցնեմ, որ Կարրարա քաղաքի մարմարից ժամանակին օգտվել է մեծն Միքելանջելոն և կերտել Դավիթ թագավորի հայտնի արձանը»։
Մեկը, որ մինչ այդ լռում էր, զարմացավ. «Մի՞թե կարելի է թագավորի և կաշառակերի կերպարը կերտել նույն նյութից, ափսոս չէ՞ մարմարը»։ Մյուսն առարկեց, թե. «Ի՞նչ է, կաշառակեր թագավոր չի՞ լինում»։ Տեսնելով, որ վեճը թեժանում է, հաշտության կոչ արեցի ներկաներին. «Վերջ տվեք, ի՞նչ կմտածեն մեր մասին այս զբոսաշրջիկները և, մանավանդ, այգում ճեմող ոստիկանները»։ Եվ, ի նշան բարեկամության, զբոսաշրջիկներն առաջարկեցին խմբովին լուսանկարվել։ Եվ այնպես շարվեցինք, որ «բարեկամության» այդ հուշարձանը ծածկվեց, որպեսզի Հայաստանի մասին հանկարծ ուրիշ բաներ չմտածեն...

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao