Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Փոխադարձ չհասկացվածության ողբերգական հետևանքները

Փոխադարձ չհասկացվածության  ողբերգական հետևանքները
03.07.2012 | 11:46

«Իրատես de facto» ակումբի երկուշաբթի օրվա հյուրը քաղաքական տեխնոլոգ Սուրեն Սուրենյանցն էր: Հայտնի պատճառներով դեռ հունիսի 29-ից հայտարարված ասուլիսը չկայացավ: Սուրեն Սուրենյանցից ճշտեցի նրա վերաբերմունքը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգությանը և հետագա իրադարձություններին:
-«Հարսնաքարի» ողբերգությանը և հետագա իրադարձություններին անդրադառնալով` ի՞նչ ելք եք տեսնում:
-Ինչպես ցանկացած բանական մարդ` ես խիստ դատապարտում եմ կատարվածը և համոզված եմ, որ համալիրի սեփականատերը նույնպես դատապարտում է: Բարեբախտաբար, այս անգամ իրավապահ մարմինները օպերատիվ արձագանքեցին, մեղավորները կալանավորվեցին, ոստիկանությունն արդեն հավաստել է, որ օրենքի ողջ խստությամբ մեղավորները պատժվելու են: Ես ցավում եմ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան համար, բայց անընդունելի եմ համարում սկսված քաղաքական շահարկումը, որն ավելի շատ ուղղված է ոչ թե զոհված սպայի հիշատակի հարգմանը կամ նման երևույթների դատապարտմանը, այլ պտտվում է կոնկրետ մարդու շուրջ: Գոնե կարելի էր հարգել անմեղության կանխավարկածը և Ռուբեն Հայրապետյանին տարբեր որակումներ չտալ: Ի վերջո, ոչ ոք չի կարող ամբողջական պատասխանատվություն կրել իր սեփականությունը հանդիսացող տարածքում տեղի ունեցած միջադեպի համար: Մանավանդ` նա փորձ էլ չի արել ծեծողներին պաշտպանելու կամ թաքցնելու ուղղությամբ: Ես կարծում եմ` քաղաքացիական սպեկտրի առաքելությունը ոչ թե կոնկրետ մարդուն սևացնելն է, այլ այս ցավալի դեպքը առիթ պետք է դառնա իշխանությունից համակարգային բարեփոխումներ պահանջելու, որպեսզի մեր երկրում վերանա անպատժելիության մթնոլորտը, մարդիկ հասկանան, որ հարցերը չի կարելի լուծել արտաիրավական ճանապարհներով: Խիստ դատապարտելով տեղի ունեցածը` անցանկալի եմ համարում ավելի շատ հիստերիայի նմանվող բողոքի ակցիաները, երբ մարդու հիշատակը ստորադասվում է քաղաքական խնդիրների լուծմանը:
-Այդ հիստերիան ինքնաբո՞ւխ է, թե՞ լավ կազմակերպված ու ուղղորդվող:
-Ինքնաբուխ դրսևորումներ կան, որոնք շատ ավելի բնական են ու շատ ավելի բանական դաշտում տեղավորվող են: Հարյուրավոր մարդիկ գնացին հոգեհանգստի, որը իսկապես հարգանքի և սգի նշան էր: Մոմավառությունը ուրիշ խորհուրդ ունի, ուստի պատշաճ չեմ համարում ռեստորանային համալիրի շրջակայքում մոմեր վառելը: Առավել ևս ադեկվատ չեմ համարում ցույցեր կազմակերպելը: Թող լինեն դատապարտող հայտարարություններ, թող ոստիկանությունից պահանջվի ամեն օր քրեական գործի վերաբերյալ տեղեկություն տալ հասարակությանը, թող հարցը քննարկվի խորհրդարանում: Բայց պայքարն ուղղել մեկ մարդու դեմ և նրան համարել եղած ամբողջ չարիքի պատասխանատուն, ադեկվատ չէ: Շատերը, որ այս օրերին քննադատում են Ռուբեն Հայրապետյանին, նրա հետ տարիներ շարունակ անձնական սերտ շփումների մեջ են եղել և հրաշալի գիտեն, որ Ռուբեն Հայրապետյանը նման ծեծի ու սպանության պատվեր տալ ուղղակի չէր կարող:
-Չե՞ք կարծում, որ սպանվածի հիշատակը հարգելու, արդարադատության իրականացման պահանջները մի կողմ թողած` առիթն օգտագործվում է այլ նպատակներով:
-Շատ քչերն են արդարության ու արդարադատության մասին մտածում, իսկապես բուն միջադեպը «մոռացվել է» և առիթն օգտագործվում է քաղաքական նպատակներով: Ես այս օրերին բազում տեսակետներ եմ լսել, որոնք իբր թե վերաբերում են «Հարսնաքարի» միջադեպին, բայց որևէ առնչություն չունեն այդ միջադեպին:
-Հռոմի Սենատն օրենք էր ընդունել` հանգուցյալների մասին կամ ոչինչ չասելու, կամ միայն լավն ասելու մասին, որովհետև նրանց կարող էին զրպարտել, իսկ նրանք չէին կարող արդարանալ: Ես համաձայն եմ, որ այդպես է, բայց պետք է պարզել չէ՞, է, ի՞նչ է կատարվել, մենք գիտենք վերջը, չգիտենք սկիզբը, և` գիտենք մի կողմի մեկնաբանությունը:
-Իրավապահ մարմինները պետք է այդ հարցին պատասխանեն: Բոլորս էլ տարբեր առիթներով ռեստորաններում եղել ենք և գիտենք, որ վեճը միակողմանի չի լինում: Փոխադարձ չհասկացվածության հետևանքը ոչ մի դեպքում ֆիզիկական ուժի գործադրումը չպետք է լինի: Ոչ մի դեպքում: Երկուստեք վարքագծային աններդաշնակություն է եղել, բայց, կրկնում եմ, որևէ դեպքում ծեծի ու ֆիզիկական ուժի կիրառումն անթույլատրելի է: Սպասարկման ոլորտի աշխատողներն իրենք պետք է շահագրգռված լինեն, որ իրենց տարածքում աղմուկ ու նման դրևորումներ չլինեն: Նրանք պետք է սովորեն վեճերի դեպքում ադեկվատ արձագանքել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Քաղաքական դաշտի վերադասավորումների ու նախընտրական շրջանի հնարավոր զարգացումների մասին Սուրեն Սուրենյանցի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի հուլիսի 10-ի համարում:

Դիտվել է՝ 4406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ