Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տոնի և տոնազրկության միջև

Տոնի և տոնազրկության միջև
05.07.2012 | 16:15

17 տարի առաջ ես վստահված անձ էի խորհրդարանական ընտրություններում, Արտաշատի մերձակա գյուղերից մեկի ընտրատեղամասում: Ընտրությունները զուգահեռվում էին Հայաստանի անկախ Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի հետ: Հուլիսի 5-ի կիրակին մեխվել է հիշողությանս մեջ իր խառնիճաղանջ մարդաշատությամբ, մեկ ոգևորված, մեկ սեփական կարևորության զգացողությունից նյարդային մարդկանց հոսքով, որ ընտրում էին առաջին Ազգային ժողովը և առաջին Սահմանադրությանը «այո» կամ «ոչ» էին ասում: ՈՒ որքան էլ ընտրության ու հանրաքվեի օրը քարոզչությունն արգելված է, միևնույն է, քվեարկողները նաև քննարկում էին, ընտրատեղամասից չէին հեռանում քվեարկությունից հետո ու ամբողջ օրը գյուղում կարծես չհայտարարված տոն էր: Երբ ժամը 8-ին ընտրատեղամասը չփակվեց, որովհետև ԿԸՀ-ն երկու ժամով ավելացրել էր քվեարկության ժամանակը, մարդիկ դարձյալ չէին ցրվում: 17 տարին, իհարկե, բավարար ժամանակ է` իրադարձությունները մանրամասների մեջ մոռանալու համար, բայց բավարար ժամանակ չէ` մոռանալու իրադարձության տպավորությունը: Մարդիկ ունեին տոնի զգացողություն, և դա միայն ընտրությամբ ու Սահմանադրությամբ չէր պայմանավորված: Ընդամենը մեկ տարի առաջ ավարտվել էր պատերազմը, բոլորս համոզված էինք, որ վերջապես սկսվելու են լավ ու ճիշտ օրերը, սպասումների մեջ հույսերն այնքան շատ էին, որ շրջափակումը, ձմռան վերահաս ցուրտն ու մութը ուրիշի կյանքի պատմություն էին թվում:

2005 թվականին Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի ժամանակ ես ոչ մի ոգևորություն չտեսա, կիսադատարկ ընտրատեղամասում հոգնած անտարբերություն կար` և հանձնաժողովի, և քաղաքացու: Տխուր աշնանային անտարբերություն: Հետո պարզվեց` հայերս րոպեում 45 մարդ արագությամբ ենք մեր համակրանքն արտահայտել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը: Չգիտեմ` գուցե ճիշտ էր, բայց՝ անհավատալի:
1995-ի ու 2005-ի միջև այնքան շատ իրադարձություններ էին տեղավորված ու չբացատրված...
Եվ 1995-ից, և 2005-ից հետո տասնյակ, գուցե հարյուրավոր հրապարակումներ եղան կեղծիքների մասին: Հիմա էլ պարբերաբար քաղաքական ուժերն իրենց այս ու այն խնդիրների բերումով` պատրաստ են խոսել «չընդունված» Սահմանադրության մասին: Թերևս ճիշտ են: Բայց, իրավական հարթությունից բացի, կա բարոյական ու մարդկային-հոգեբանական հարթություն, որտեղ պիտի պարտադիր գործեն տաբուներ և այդ տաբուները պիտի արգելափակեն պետության ու պետականության կենսագործունեության վրա ստվեր գցող խոսքն ու գործը: Որովհետև այդպես ձևավորվում է ամենաթողության ու ցինիզմի մի մթնոլորտ, որտեղ ոչինչ արգելված չէ, ու քանի որ ոչինչ արգելված չէ, վերասերվում ենք մենք ու հետևանքը լինում է արժեհամակարգի ոչնչացումը:
17 տարի բոլոր իրավիճակներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը իրավական հիմք է եղել երկրում հնարավոր քաոսից խուսափելու ու նորմալ կենսագործունեության համար: Պարզապես եղել է Հիմնական օրենք, իսկ մենք պատեհ-անպատեհ մեր Հիմնական օրենքը հավասար ենք համարել մեր դատողություններին, երբեմն էլ ստորադասել, որովհետև մեզնից ոմանք միշտ ամեն ինչ գիտեն ու այն, ինչ իրենց չի վերաբերվում, սխալ է ու անօգուտ: 17 տարում, մենք, ցավոք, կորցրել ենք տոնի զգացողութունը, որը հենց առաջին տարում ոտատակ տվեցինք, ու դա, թեև չնկատեցինք ու չիմաստավորեցինք, մեր պետականության առաջին ու ամենածանր կորուստներից մեկն էր, որովհետև երբ քո երկրի Սահմանադրությունը չես հարգում, չես հարգում ինքդ քեզ:
Ամենացավալին` մենք ունենք անկախության բոլոր հայտանիշները` Սահմանադրություն, դրոշ, օրհներգ, զինանշան, պառլամենտ, կառավարություն, և այլն, և այլն, բայց առայժմ մեր հայտանիշները ձևական են և իրական բովանդակությամբ չենք հագեցրել: Դա է այն ողնաշարը, որի վրա պիտի հավաքվեին անկախության մեր ողերը, իսկ մենք քայլեցինք ցաքուցրիվ ու մեր իդեալը մեր հայրենիքը չդարձավ:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. -Ես գիտեմ, որ ինձ կփորձեն հիշեցնել Մեծ Բրիտանիայի օրինակը, որ ապրում է առանց Սահմանադրության և վատ չի ապրում: Այո, իհարկե, բայց հարյուրամյակների պառլամենտական իր պատմությամբ ու օրենքի սակրալ գերակայությամբ Մեծ Բրիտանիային մի քանի հազարամյակ էլ Սահմանադրություն պետք չի լինի: Իսկ մեզ մշտապես պակասում է ամենակարևորը` հարգանքը միմյանց ու ինքներս մեր նկատմամբ, հարգանքը պետության ու պետականության, օրենքի ու իրավունքի նկատմամբ: Մենք դեռ միայն իրավունքների ընկալման և պարտականությունների բացասման աստիճանին ենք` կիսաբարբարոս մի հարթություն, որտեղ օրենքը խախտելը օրինական և համարյա օրինաչափ է: Ամենաբարձր օղակներից մինչև փողոցը կանաչ, կարմիր լույսի տակ անցնել-չանցնելը: Բայց` ժամանակն է: 17 տարին մի սերնդի կյանք է, պարտադիր չէ, որ մեզ հաջորդող սերունդներն էլ տանուլ տան:

Ծաղրանկարը՝ Նիկոլայ Մանուկյանի (ՆԻԿՕ)

Դիտվել է՝ 3889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ