Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Անել միայն փառատոն` փառատոնի համար, ժամանցի համար, ծիծաղելի կլիներ» (տեսանյութ)

 «Անել միայն փառատոն` փառատոնի համար, ժամանցի համար,  ծիծաղելի կլիներ» (տեսանյութ)
08.07.2012 | 12:35

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ զրույցում անդրադառնում ենք փառատոնի անցած ու անցնելիք ճանապարհի մի քանի մանրամասների:

«Մեր բերած ֆիլմերն ամենաարժեքավոր, ամենաթանկ ֆիլմերն են աշխարհի մասշտաբով»

-Պարոն Խաչատրյան, բուն կինոյի պրոպագանդման և զարգացման նպատակներին ծառայելուն զուգահեռ, «Ոսկե ծիրանը» հետամուտ է նաև մշակութային և ոչ մշակութային գլոբալ այլ նպատակների: Խոսեք, խնդրեմ, այս դաշտում ունեցած ձեռքբերումների մասին:
-Ես կարող եմ խոսել ժամերով այն քաղաքականության մասին, որը վարում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Նույն այն ֆիլմերը, որ մենք բերում ենք ողջ աշխարհից ու ցուցադրում փառատոնի հանդիսատեսին, արդեն շատ բան են ասում իրենց որակով: Մենք չենք բերում կոմերցիոն, ժամանցային ֆիլմեր, այլ բերում ենք իսկապես հոգևոր-մշակութային ֆիլմեր, որոնք դաստիարակության, կրթության առումով շատ կարևոր դեր են կատարում: Ես դա շատ էական եմ համարում: Մեր բերած ֆիլմերն ամենաարժեքավոր, ասմենաթանկ ֆիլմերն են աշխարհի մասշտաբով: Օրինակ` այս տարի բազմաթիվ ֆիլմեր ենք բերել լավագույն փառատոներից: Դրանք միջազգային լուրջ փառատոներում հաղթանակած ֆիլմեր են, որոնցից շատերն այդ փառատոներից հետո երկրորդ անգամ ցուցադրվելու են հենց «Ոսկե ծիրանում»: Դրանք Կաննի, Բեռլինի կինոփառատոնների վերջին հաղթանակած ֆիլմերն են: Ֆիլմեր, որոնք աշխարհին հաղորդվելիք պատգամներ ունեն, հանդիսատեսին կարևորագույն ասելիք ունեն: Հատկապես այն մարդկանց, ովքեր ծարավ են ինֆորմացիայի, մշակույթի, կինոլեզվի, մշակութային կինոյի, այդ ֆիլմերն անպայման ինչ-որ բան կտան: Բերել այդ ֆիլմերը, ցուցադրել ու հետագայում դրա պտուղները չտեսնել, չվայելել, անհնար է: Դա շատ տարօրինակ կլիներ: Ես այս ինը տարիների ընթացքում այդ պտուղները, այդ աշխատանքից քաղած օգուտը շատ որոշակի տեսնում եմ: Այս տարիների ընթացքում ես այնպիսի փոփոխություն եմ նկատում մեր հանդիսատեսի մեջ, որ մեր վարած քաղաքականության նշանակությունը չտեսնել հնարավոր չէ: Դժբախտաբար, մեզ մոտ կինոդահլիճները շատ քիչ են: Մենք չենք կարող մեկ-երկու անգամից ավել ցուցադրել փառատոն բերված ֆիլմերը: Այդ ֆիլմերը մենք վարձում ենք թանկ գնով, ապահովագրում ենք, բերում-հասցնում ենք այստեղ, և մեկ-երկու անգամ ցույց տալուց հետո, հետ ենք տանում: Սա մեղք գործելու նման մի բան է: Չգիտեմ, թե երբ կլինի, երբ կիրականցվի մեզ տրված խոստումը, բայց հույսս չեմ կորցնում, որ երբևէ «Ոսկե ծիրանը» կունենա փառատոնային կենտրոն, կլինեն դահլիճներ, որոնցում մենք ամբողջ օրը կկարողանանք ֆիլմեր ցուցադրել, դասախոսություններ կարդալ, դասեր վարել, ուսուցանել երիտասարդներին, պատանիներին, աշակերտներին: Կարծում եմ, որ մեր դերը, մեր առաքելությունը դեռ չի ավարտված, այն պետք է շարունակվի ու լիարժեքորեն կայանա: Անել միայն փառատոն` փառատոնի համար, ժամանցի համար, ծիծաղելի կլիներ: Մեզ նման լուրջ մարդիկ չեն կարող սոսկ այդպիսի գործով զղբաղվել: Դա էլ լավ բան է, ես չեմ թերագնահատում դրա նշանակությունը, բայց դա ուրիշ մարդկանց վերապահված գործ է, մարդկանց, ովքեր զբաղված են կոմերցիոն ծրագրերով, այդ ծրագրերից եկամուտներ ունեն: Մեր փառատոնն այլ բանով է զբաղվում: Մենք ոչ մի դոլարի օգուտ չունենք տոմսերի վաճառքից: Մենք իրականացնում ենք լուրջ հոգևոր-մշակութային, կրթական ծրագրեր: Ընդամենը: Եվ կարծում եմ, որ իրականացնում ենք լավագույնին հասնելու վճռականությամբ:

«Պետք է ընդհանրապես մոռանալ Հայաստանում մեծ կինոարտադրության մասին, որովհետև դա հզոր և հարուստ երկրների մենաշնորհնն է»

-Փառատոնի հեռահար նպատակների մեջ կարևորվում է Հայաստանի կինոարտադրության խթանումը: Այս իմաստով ձեռքբերումներ ունե՞նք ինը տարիների ընթացքում, թե՞ Հայաստան և կինոարտադրություն հասկացությունները դեռևս անհամատեղելի կատեգորիաներ են:
-Պետք է ընդհանրապես մոռանալ Հայաստանում մեծ կինոարտադրության մասին, որովհետև դա հզոր և հարուստ երկրների մենաշնորհնն է: Բայց որ փոքր արտադրությունը սկսեց զարգանալ, փաստ է: Խոսքս վիդեոարտադրության, վիդեոֆիլմերի արտադրության մասին է, որոնք սկսեցին արտադրել փոքր ստուդիաները: Ես դա շատ կարևոր եմ համարում: Այդպիսի ֆիլմերով մարդիկ արդեն դուրս են գալիս աշխարհի տարբեր երկրներ, մասնակցում են տարբեր միջազգային կինոփառատոնների: Արդեն իսկ մեծ շարժում կա: Բայց այն ծրագրերը, որոնք մենք ենք մտածում երբևէ իրագործել կինոասպարեզում, պահանջում են լուրջ ներդրումներ: Կինոն ազգային մշակութային մի անձնագիր է, որով աշխարհին կարելի է ցուցադրել քո ունեցածը, քո անցյալը, քո ներկան, քո մշակութային մտածելակերպը, քո հոգևոր կյանքը, քո թուլությունները` նույնպես: Որովհետև կինոն հետաքրքիր է նաև նրանով, որ քո թերություններն է արձանագրում և պատմում դրանց մասին աշխարհին: Դա ուժեղ ազգի, ուժեղ մարդկանց գործ է. այդպես դու մաքրվում ես կինոարվեստի միջոցով: Մենք կանենք երիտասարդական ծրագիր: Այն երիտասարդները, որոնք մեկ-երկու հետաքրքիր ծրագիր արել են արդեն, ապացուցել են, որ կարող են կինո նկարել, հնարավորություն կստանան մտնելու կինոասպարեզ: Դրանք մոտ 10-15 հոգի են, որոնց ծրագրերը միանգամից կֆինանասավորվեն: Իսկ ծրագրերը լավագույնս իրագործելու համար պետք է մի քանի սեմինարի մասնակցել: Հունիս ամսին այս նպատակով կազմակերպել էինք «Ռեժիսորներ առանց սահմանների» միջազգային ծրագիրը: Սա ոչ միայն հայ ռեժիսորների և սցենարիստների համար նախատեսված ծրրագիր էր, այլև մասնակցում էին տարածաշրջանի այլ երկրների ներկայացուցիչներ: Վերջիններիս ներկայությունը նաև մրցակցության դաշտ է ստեղծում մերոնց համար և ստիպում, որպեսզի տեղներից մի քիչ շարժվեն: Հայերը մի քիչ դժվար են տեղից շարժվում: Այնինչ աշխարհն այնքան բաց է, և այնքան շատ ֆոնդեր կան, որոնք կարող են ֆինանսավորել լավագույն նախագծերը: Բայց մերոնք էշի ականջում քնած են, բժբախտաբար: Այսպիսի նախաձեռնություններով, նման դասընթացների միջոցով կարելի է խթանել մեր կինոգործիչներին: Այս դասընթացները վարեցին աշխարհի լավագույն դասախոսները, լավագույն դասախոսությունները կարդացին, սցենարների վրա աշխատեցին: Վրացիները, բելառուսները, ուկրաինացիներն օգտվում են դրանից: Ամեն բան արվում է, որպեսզի այդ օգուտը քաղի նաև Հայաստանը, որպեսզի հայ երիտասարդները տեսնեն, թե ինչերի են ընդունակ իրենց տարեկից օտարազգի գործընկերները: Մեկ-մեկ պարսիկ, թուրք ռեժիսորների էլ ենք հրավիրում, որպեսզի մերոնք հասկանան, թե ինչ է կատարվում կողքի երկրներում: Այս իմաստով հատկապես կարևորվում է Վրաստանի, Թուրքիայի և Պարսկաստանի պարագան: Թվում էր, թե նրանք հետ էին Հայաստանից, բայց այսօր բոլորովին այլ պատկեր է. նրանք շատ առաջ են գնացել, որովհետև զենք են դարձրել կինոն: Կինոն դարձրել են պրոպագանդայի, կրթության, մշակույթի, ասելիքի, կռվի զենք: Մենք դեռևս այս ճշմարտությունը չենք գիտակցել: Եվ, կարծեմ, պիտի շատ արագ գիտակցենք, որ կինոն լուրջ ու կարևոր զենք է, ու պետք է դրանից օգտվել:

«Չեմ կարծում, թե կգտնվի այնպիսի մարդ, ով կսպանի այս փառատոնը»

-Տարիներ շարունակ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կողքին կանգնած է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, որի դերը դժվար է գերագնահատել փառատոնի անցկացման, կայացման պարագայում: Եթե տեսականորեն ընդունենք, որ ինչ-որ պահի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարող է դադարեցնել իր հովանավորչական գործունեությունը փառատոնի նկատմամբ, ապա ի՞նչ ճակատագիր է սպասում այնքան սիրելի և սպասելի դարձած «Ոսկե ծիրան» կինոիրադարձությանը:
-Դաժան հարց ես տալիս: Այդ հարցն ինձ էլ է միշտ անհանգստացնում: Բայց ես մտածում եմ, որ մեր պետությունը, կառավարությունը հասկանում է, որ կա «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, «Ոսկե ծիրանն» ունի նրա հովանավորությունը, այդ պատճառով էլ փոքր չափով է իր վրա վերցնում փառատոնի ծախսերը: Իհարկե, էլի քիչ չէ պետության հատկացրածը, բայց բավարար չէ: Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ թույլ չեն տա այս փառատոնը մահանա, որովհետև այսօր այն Հայաստանի Հանրապետության իսկապես ամենահաջողված նախագծերից մեկն է: Շատ օգտակար է նաև հոգեբանական առումով: Ամեն մարդ, որ ապրում է Հայաստանում` անկախ մտածողությունից, ճաշակից, նախասիրություններից, գիտի, որ «Ոսկե ծիրանն» օգտակար և կարևոր գործ է և պետք է արվի: իտակցություն և ճաշակ ունեցոող յուրաքանչյուր ոք կհասկանա, որ այս փառատոնը կարևոր է և պետք է մեզ բոլորիս: Չեմ կարծում, թե կգտնվի այնպիսի մարդ, ով կսպանի այս փառատոնը, չի ցանկանա, որ այն շարունակվի: Սկզբնական շրջանում շատերը կային, հատկապես արվեստագետների մեջ, որ իրենց անգործությունը քողարկելու համար ցանկանում էին ոչնչացնել, սպանել փառատոնը կամ էլ ցեխոտել այն, բայց տեսան, որ չի ստացվում: Կան այնպիսի ուժեր, շատ լուրջ ուժեր, որոնց հնարավոր չէ զսպել: Պետք է հաշվի նստել այդ ուժերի հետ, անվերջ ջրել այս ծառը:
-Այս տարի ի՞նչ թուրքական ֆիլմեր կան մրցութային ծրագրում:
-Ամեն երկրից մի ֆիլմ է լինում, ոչ ավելին: Մի քանի ֆիլմ ներկայացված էին Թուրքիայից, բայց չընտրվեցին, որովհետև լավ ֆիլմեր չէին: Տարբեր ծրագրերի մեջ ներառվեցին մի քանի ֆիլմ: Բայց մի ֆիլմ կա` «Ապագան հավերժ է», որը շատ կարևոր ֆիլմ է: Հետաքրքիրն այն է, որ այդ ռեժիսորը հայ է, համշենահայ: Օսջան Ալպերն է: Շատ հայանպաստ ֆիլմ է նրա ֆիլմը և շատ խիստ ֆիլմ` Թուրքիայի հանդեպ:
-Ռեժիսորը հենց իբրև հայ էլ ներկայանո՞ւմ է, թե՞ ծպտյալ հայերից է:
-Ոչ, ծպտյալ հայ չէ, ներկայանում է իբրև հայ: Ֆիլմի մեջ էլ հայի կերպարներ են, հայ մարդիկ, հայկական խոսք է հնչում: Կան նաև քրդեր: Բավական լուրջ և խիստ ֆիլմ է: Զարմանալի է, որ Թուրքիայի կառավարությունը ֆինանսավորել է այդ ֆիլմը:
-Դա խոսում է Թուրքիայի` դեմոկրատ դառնալու մասի՞ն, թե՞ ընդամենը ճկուն դիվանագիտական խաղ է:
-Թուրքիայի խորամանկ քայլերի մասին է սա խոսում: Բայց խորամանկելով-խորամանկելով` մեկ էլ կարող է ինքդ քեզ շփոթեցնես: Որովհետև այն Ջինը, որ այսօր բաց է թողնված շշից և շրջում է աշխարհով մեկ, սկսել է ինքնուրույն ապրել: Հայ-թուրքական կինոպլատֆորմի մասին պատմել եմ քեզ: Այսօր բոլորն իրենց արմատներն են փնտրում: Իրենց մեջ հայկական, քրդական, հունական արյուն են փնտրում: Եվ այն, որ մարդիկ հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում նկարահանում են իրենց ֆիլմերը, արդեն իսկ շատ կարևոր փաստ է: Մեծ արվեստ գուցե դրանցից չստացվի, բայց այս դեպքում դա չէ ամենակարևորը: Սա լուրջ հայկական քաղաքականություն է, որի հարցում մենք պետք է շատ հետևողական լինենք: Եթե ես հնարավորություն ունենայի, ավելի շատ ֆիլմեր կֆինանսավորեի այս ծրագրում: Ոչ թե մեկ-երկու, այլ տասը-տասհինգ ֆիլմ թող նկարվեր, որոնք հայանպաստ են և կարևոր: Մեր մասին աշխարհին մեր պատմած պատմություններն այնքան կարևոր չեն, ինչքան հենց թուրքերի պատմածները:
-Հայ լրատվադաշտի աշխատանքը «Ոսկե ծիրանի» շրջանակներում որքանո՞վ է Ձեզ գոհացնում:
-Սկզբնական շրջանում ընդհանրապես չէր գոհացնում, որովհետև, բժբախտաբար, շատ քիչ էին մշակույթի մասին գրողները: Հիմնականում ուշադրություն էին դարձնում փոքրիկ, անկարևոր մանրուքներին` հագուստին, երեկոներին, միջացառումներին, ժպիտներին, չարության դրսևորումներին և այլն: Բայց շատ լավ է, որ հիմա ընդգծված կերպով հայտնաբերվել են մարդիկ, որոնք ոչ միայն խորացել են մշակույթի, այլև բուն կինոարվեստի մեջ: Պատրաստված են շատերը, և առաջին տարիներին լրագրողների կողմից հնչած պարզունակ հարցերը հիմա գրեթե չկան: Մենք սեմինարներ կազմակերպեցինք լրագրողների համար` հրավիրելով լավագույն մասնագետներին, որպեսզի նրանք մեր լրագրողներին պատմեն, թե ինչ բան է կինոլրագրությունը, փառատոնային լրագրությունը: Դա ևս մտնում է մեր քաղաքականության մեջ: Մենք չենք ցանկանում ամաչել մեր աշխարհահռչակ հյուրերի առաջ այն պատճառով, որ լրագրողները չեն կարողանում գրագետ հարցեր տալ: Չի կարելի նրանց հարցնել. «Հավանեցի՞ք հայկական խորովածը», «Ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին», «Հայաստանում ինչը՞ Ձեզ դուր եկավ»… Հա,. սրանք մեզ համար կարևոր հարցեր են, բայց կինոյի աշխարհի մեծերին առաջին հերթին պետք է հարցեր տալ կինոյի, իրենց ստեղծագործության մասին, հետո, այդ հարցերին զուգահեռ, նաև տալ նշածս հարցերը: Մենք աշխարհի տարբեր անկյուններից հրավիրում ենք լուրջ լրագրողների, որոնց ուժերով տպագրվում է փառատոնի օրաթերթը: Սա կենտրոնացված մտածողության արդյունք է: Կենտրոնացումը կինոյի շուրջ է, բայց կինոյով մենք չենք սահմանափակվում: Սա լուրջ ելևէջներով ու ենթաշերտերով ծրագիր է, որ իր մեջ ներառում է ողջ հայկական մշակույթը, հայ պատմությունը, այսօրվա ներկան:
-Կաննում ընդունելության արժանանալու փաստը արդեն իսկ խոսում է «Ոսկե ծիրան» փառատոնի հեղինակության մասին: Դուք՝ կազմակերպիչներդ, ի՞նչ փոփոխություն եք արձանագրում այս առումով փառատոնի աշխատանքներում:
-Կաննում առաջին անգամ «Ոսկե ծիրանը» ներկայացվել է հինգ տարի առաջ: Ես և Ատոմ Էգոյանն ենք ներկայկացրել: Շատ մեծ ընդունելություն ունեցանք, ճաշի էին հրավիրված նշանավոր հյուրեր՝ ի պատիվ «Ոսկե ծիրանի»: Հետագայում էլ մեկընդմեջ անում ենք նման ընդունելություններ: Երբ մարդիկ տեսնում են, որ լրջորեն ենք զբաղված այս գործով, ունենք բաց միտք և բաց հոգի, տալիս են «Ոսկե ծիրանին» իրենց ֆիլմերը: Լավագույն ֆիլմերը շատ քիչ են ու շատ թանկ: Եվ շատ են դրանք ձեռք բերել ցանկացողները: Այդ առևտուրը հետագայում էլ հաջող կատարելու համար պետք է ներկայացվի դրսում փառատոնը: Դիստրիբյուտորները, պրոդյուսերները շատ ագահ մարդիկ են, դժվար է նրանցից ցածր գնով ֆիլմ վերցնելը, նրանք ուզում են իրենց փողը վաստակել: Դրա համար էլ մենք աշխատում ենք շահել ռեժիսորների բարեհաճությունը: Մենք հազարավոր ֆիլմեր ենք ստանում, կարող ենք մեր ծրագրերը կրկնապատկել, եռապատկել՝ առանց փողի: Բայց իմաստ չունի: Այն ֆիլմերը, որոնք պետք են մեր հանդիսատեսին, Հայաստանին, թանկ արժեն:

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Տեսանյութը՝ հեղինակի

Տեսանյութ

Հարություն Խաչատրյան
Դիտվել է՝ 6443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ