Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Աշխարհին հայտնի արվեստագետներն այսօր քայլում են Երևանի փողոցներով»

«Աշխարհին հայտնի արվեստագետներն  այսօր քայլում են Երևանի փողոցներով»
10.07.2012 | 00:42

Հուլիսի 8-15-ին Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը:
«Ծիրանյան» անցուդարձը քաղաքը դարձրել է տոնական: Նկատելի են համաշխարհային կինոյի շունչն ու հայկական ծիրանի տոնական գույնը: «Աշխարհի հայտնի արվեստագետներն այսօր Երևանում են, քայլում են մեր քաղաքի փողոցներով: Երևանն այնքան գեղեցիկ քաղաք է, որ արժանի է այսպիսի հանդիսության, այսպիսի հյուրերի»,- «Ոսկե ծիրանի» բացման արարողության ժամանակ ասաց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Փառատոնի այս տարվա ժյուրիի նախագահն իսպանացի ռեժիսոր, 2010-ի Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն է, ով, ինչպես նշեց Հարություն Խաչատրյանը, շատ ֆիլմեր չի նկարել, բայց կատարած աշխատանքներն աշխարհի կինոլեզվի զարգացման մշակութային լուրջ ձեռքբերումներ են: Վիկտոր Էրիսեին հանձնվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակ, որը Փարաջանովի ձեռքի աշխատանքն է` արված բանտում: Իսպանացի ռեժիսորը երջանիկ է, որ ժամանել է Երևան, առաջին իսկ օրից սիրել է Երևանը: Նա իր ողջույնի խոսքն սկսեց հայերենով` «բարի երեկո»: «Շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներին հրավերի համար, այս հիասքանչ երկրին ծանոթանալու համար, ինձ համար մեծ պատիվ է Փարաջանովի մրցանակն ստանալը»,- ասաց նա:
Այս տարի փառատոնը կներկայանա նաև «Գիրք և կինո» ծրագրով` Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով:
«Բարդ է ֆիլմը վերածել գրքի, ֆիլմերը շատախոսություն չեն սիրում, ահա թե ինչու առանց խոսքի ֆիլմերը կարող են նույնիսկ Օսկար շահել»,- ասվեց փառատոնի բացմանը, որն ազդարարվեց հայկական համր ֆիլմով` Համո Բեկնազարյանի «Շոր և Շորշոր» կատակերգության ցուցադրությամբ: Բացման ֆիլմն ուղեկցվեց Վահագն Հայրապետյանի և նրա խմբի ջազային կենդանի ձևավորմամբ:
Բացման արարողության հանդիսավարը ֆրանսահայ դերասան Ժիրայր Բաբազեանն էր:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն աշխարհի լավագույն փառատոների տասնյակում է արդեն:
Այս տարի մասնակցության հայտերն աննախադեպ թվի են հասել` աշխարհի 70 երկրից ստացվել է 1300 հայտ:
Կներկայացվեն շուրջ 170 ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմեր, որոնցից մոտ 90-ը կմրցեն չորս մրցութային անվանակարգերում, իսկ մյուսները կներկայացվեն հատուկ արտամրցութային ծրագրերում:
Առաջին անգամ սահմանվել է Հայ առաքելական եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակը, որն այս տարի կշնորհվի հռչակավոր ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին:
Փառատոնը կամփոփվի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմի ցուցադրությամբ:
Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դահլիճներում: Փառատոնային տրամադրությունը կապահովեն ամեն օր Շառլ Ազնավուրի հրապարակում կայացող ջազ համերգները:
Փառատոնի ողջ ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում կգործի համաշխարհային կինոյի այն վարպետներին ներկայացնող լուսանկարչական ցուցահանդեսը, ովքեր նախորդ տարիներին արժանացել են «Ոսկե ծիրանի» «Փարաջանովյան թալեր» մրցանակին համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի համար:
«Ոսկե ծիրան» փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ