Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Թեղուտում մենք կիրառում ենք բնապահպանական առումով ամենաառաջադեմ տեխնոլոգիաները»

«Թեղուտում մենք կիրառում ենք բնապահպանական առումով ամենաառաջադեմ տեխնոլոգիաները»
11.07.2012 | 16:06

«Իրատես de facto»-ի հյուրն է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ ՎԱԼԵՐԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԸ:


«ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՏՐԻԲՈՒՏՆ Է»


-Պարո՛ն Մեջլումյան, հայաստանյան լրատվադաշտի ներկայացուցիչների համար կազմակերպված «Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ» խորագրով մեկօրյա շրջայցի ընթացքում Դուք բավական հանգամանալից անդրադարձաք «Վալլեքս»-ի հանքարդյունաբերության (և ոչ միայն) ոլորտում կատարված ու կատարվելիք աշխատանքներին: Սա փաստում է, որ կարևորում եք անաչառ տեղեկատվության հանգամանքը: Սակայն անաչառությունը պահանջում է լսել նաև հակառակ կողմի կարծիքները, որոնց չանդրադառնալ պարզապես հնարավոր չէ, հատկապես Թեղուտի պարագայում: «Թեղուտի պաշտպանության նախաձեռնություն» շարժումը բավական մանրակրկիտ ուսումնասիրություն է անցկացնում հանքարդյունաբերության պատճառած վնասների ուղղությամբ և ամեն գնով ջանում թույլ չտալ, որ այդպիսիք ի հայտ գան Թեղուտում: Դուք նրանց հետ ընդհանուր հայտարարի, փոխըմբռնման գալու որևէ եզր տեսնո՞ւմ եք:
-Մենք վաղուց ապրում ենք ինֆորմացիոն հասարակության պայմաններում, և ինֆորմացիոն հոսքերը նույնքան կարևոր են մեր կյանքում, որքան նյութական: Ինչպես կյանքի այլ բնագավառներում, գործարարության համար ևս տեղեկատվական արդյունավետ քաղաքականությունը ժամանակի հրամայականներից է: Քաղաքակիրթ աշխարհում տեղեկատվության մատչելիության և գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության հարցերում գործում են հստակ կանոններ, և մենք պարտավոր ենք դրանց հետևել: Իմ համոզմամբ, կոնկրետ «Վալլեքս» խմբի ընկերությունների դեպքում, տեղեկատվական թափանցիկ գործելակերպը ոչ միայն առաջադեմ, այլև խիստ արդյունավետ է եղել, և մեր առավելությունը շատ ընդդիմախոսների նկատմամբ ձեռք է բերվել հենց լիարժեք թափանցիկ գործելակերպի շնորհիվ:
Իհարկե, եթե աշխատում ես առանց որևէ բան թաքցնելու, ապա որքան էլ վստահ լինես արածիդ դրական հասարակական նշանակությանը, պետք է պատրաստ լինես, որ քննադատողներն ու քննադատել փորձողները քիչ չեն լինելու: Դա առավել ակներև է մասշտաբային տնտեսական ծրագրերի դեպքում, որոնք, որպես կանոն, շատերի շահերի խաչմերուկներով են անցնում: Կոնկրետ Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման ծրագրի դեմ հրապարակային քննադատության ծավալն ուղիղ համեմատական է դրա տեղեկատվական թափանցիկությանը: Այդ քննադատության թիրախում տարբեր տեսանկյուններ են եղել, բայց հիմնականը ցանկացած տնտեսական գործունեության անբաժանելի մաս հանդիսացող բնապահպանական տեսանկյունն է:
Մենք երբեք սվիններով չենք ընդունում ընդդիմախոսներին: Հակառակը` ձգտում ենք այդ քննադատությունից հնարավորինս շատ նոր ռացիոնալ լուծումներ բխեցնել և դրանցով խմբագրել մեր ծրագրերը: Եթե քննադատությունը տրամաբանված ու փաստարկված է, եթե ակնհայտ է, որ մարդիկ ունեն համապատասխան գիտելիքներ և ուզում են իրոք ինչ-որ դրական բան անել այս երկրի համար, ապա այդպիսի քննադատի հետ ընդհանուր լեզու գտնել և փոխզիջումների գնալ, իհարկե, հնարավոր է: Սակայն այդ մոտեցումը կիրառելի չէ այն դեպքերի համար, երբ «քննադատն» իր քննադատության առարկայի էությունից անտեղյակ է և ակնհայտ նպատակ ունի հարվածելու քո հեղինակությանն ու բարի համբավին: Այդպիսի իրադրությունների համար օրենքով նախատեսված այլ լծակներ կան: Այդ շարքի «վայ- քննադատների» թիրախում հաճախ ոչ թե այս կամ այն տնտեսավարողը կամ ծրագիրն է, այլ մեր պետականությունը: Ես չեմ պատկերացնում, որ մենք երբևէ կարողանանք ընդհանուր հայտարարի գալ կամ հասնել փոխըմբռնման այն մարդկանց հետ, որոնց նպատակը պետական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի հավատն ու վստահությունը կործանելն է, տնտեսական ծրագրերի իրականացմանն ամեն կերպ խոչընդոտելը:

«ՊԱՏՇԱՃ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ՄԻԱԿ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ»


-Բողոքները Ձեր ծրագրերի դեմ հնչում են ոչ միայն բնապահպան-ակտիվիստների, այլև անվանի մտավորականների` Սոս Սարգսյանի, Երվանդ Մանարյանի, Տիգրան Խզմալյանի, Ֆորշի, Աշոտ Ադամյանի, Սերգեյ Դանիելյանի, Աննա Մայիլյանի, այլոց շուրթերից: Մասնավորապես, այսպիսի միտք արտահայտեցին նրանք Թեղուտում հանքարդյունաբերություն ծավալելու գաղափարի դեմ. մոլիբդենը, փողը նույնպես լավ բաներ են, բայց դրանք չեն ուտում ու չեն շնչում, իսկ ծառը, անտառը, բնությունը մարդուն տալիս են շնչելու, առողջ ապրելու հնարավորություն: Ի՞նչ կասեք ի պատասխան:
-Կարծում եմ` դա այնքան էլ միանշանակ չէ. մտավորականների խոսքերի համադրմամբ կառուցված հոլովակում, որը Դուք նկատի ունեք, հիմնականում ոչ թե բողոք է արտահայտվում մեր ծրագրերի դեմ, այլ, ինչպես և կարելի էր ակնկալել, արվում են ընդհանրական, արժեքային շեշտադրումներ: Իհարկե, ես չեմ կարող բացառել, որ արտահայտված մտքերը զարգացնելու դեպքում այդ մարդկանցից ոմանք գուցե և խոսեին հենց կոնկրետ մեր ծրագրի դեմ, դա նրանց իրավունքն է. կարծիքների բազմազանությունը ազատ հասարակության անհրաժեշտ ատրիբուտն է: Բայց իմ մտավախությունն այն է, որ միջոցների ընտրության մեջ խտրականություն չդնող մեր որոշ ընդդիմախոսներ մարդկանց պարզապես հոգեբանական հնարքով կանգնեցրել են երկընտրանքի առջև. «Թեղուտի անտառը հատում են: Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ»: Իսկ ո՞վ այդպիսի իրադրության մեջ կասի, թե կողմ է անտառահատմանը։
Եթե ըստ էության նայենք մոլիբդենի (Թեղուտի դեպքում` պղնձի) և ծառի միջև արժեքային ընտրության հարցին, ապա, իմ խորին համոզմամբ, այդ ընտրության հիմնական կողմնորոշիչը, ինչպես հնչում է նաև հոլովակում, այո՛, պետք է լինի մարդկային կյանքը: Ակնհայտ է, որ պատշաճ բնական պայմանները ժամանակակից մարդու կյանքի միակ նախադրյալները չեն: Տնտեսական, սոցիալական, մշակութային գործոնները նույնքան կարևոր են մարդու կյանքի հարատևության համար, որքան բնական պայմանները: Հարցի սրությունն առավել ակներև է դառնում, եթե այն դիտարկենք ոչ թե անհատի, այլ գյուղական համայնքի, մարզի, ամբողջ Հայաստանի և հայության հարթություններում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի չափը (մոտ 3200 ԱՄՆ դոլար` այն դեպքում, երբ զարգացած երկրներում այդ ցուցանիշն անցնում է 30000-ից)` մարդու կյանքի տնտեսական նախադրյալի լիարժեքությունն արտահայտող հիմնական ցուցանիշը, չի կարող բավարար համարվել: Այս իրավիճակը փոխելու ի՞նչ իրատեսական հնարավորություն են տեսնում մեր ընդդիմախոսները, տնտեսության ո՞ր ոլորտում է մեր պետությունը նույնքան մրցունակ: Մենք ոչ թե պետք է փորձենք անհասկանալի կերպով խոչընդոտել հանքարդյունաբերության առաջընթացին, այլ ձգտենք առաջընթաց ապահովել տնտեսության նաև այլ ոլորտներում:
Թեղուտի լեռնահանքային համալիրն աշխատանքի առաջին փուլում արտադրելու է տարեկան 200 մլն դոլարի արտահանվող արտադրանք: Ծրագիրն առնվազն հինգ տասնամյակի համար է, և մենք ծրագրում ենք հետագա փուլերում էապես բարելավել տնտեսական ցուցանիշները. ի՞նչ այլընտրանքային ծրագիր կարող են առաջարկել մեր ընդդիմախոսները, որը Թեղուտը, Լոռին և Հայաստանն առաջ մղելու ներուժի տեսանկյունից կարող է համեմատելի լինել այս ծրագրի հետ: Կարևոր է հաշվի առնել նաև, որ Թեղուտի լեռնահանքային համալիրը հենակետ է դառնալու Արցախում արդյունաբերական մասշտաբային ծրագրերի իրականացման համար. թե՛ մասնագիտական ներուժի համալրման, թե՛ տեխնոլոգիաների հղկման տեսանկյունից Թեղուտի ծրագիրն ու Արցախում մեր տնտեսական ծրագրերն օրգանական միասնության մեջ են:
Իհարկե, անհրաժեշտ է, որ Հայաստանում և Արցախում իրականացվող ցանկացած տնտեսական գործունեություն համապատասխանի շրջակա միջավայրի պահպանության աշխարհում ընդունված ամենախիստ պահանջներին: Թեղուտում մենք կիրառում ենք բնապահպանական առումով ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, տեխնիկան, սարքավորումները, և դրանում սեփական աչքերով տեսնելու և համոզվելու համար, օգտվելով առիթից, ես հրավիրում եմ հոլովակում ներգրավված բոլոր մտավորականներին Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիր: Մենք պատրաստ ենք հենց տեղում նրանց մանրամասն ներկայացնելու մեր արած ու նախատեսվող աշխատանքները, հեռանկարային-ռազմավարական ծրագրերը:
-Թեղուտում Դուք հանգամանորեն խոսեցիք օքսիդացված հանքաքարի կուտակումներից բխող բնապահպանական վտանգների և դրանք կանխելուն ուղղված Ձեր ծրագրերի մասին: Կբացատրե՞ք, թե ինչպես է ստացվում, որ հանքաքարի վերամշակումը լուծում է, ոչ թե առաջացնում բնապահպանական խնդիրներ:
-Օքսիդացված հանքաքարը խորհրդային տարիների պաշարների մեջ չի ներառվել և հաշվառվել, այլ մակաբացման ապարների հետ համարվել է թափոն: Սակայն օքսիդացված հանքաքարի կուտակումները բնապահպանական վտանգների առումով էապես տարբերվում են դատարկ ապարներից, և անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ շրջակա միջավայրի համար անվտանգ կերպով այդ հանքաքարը պահեստավորելու համար: Տարբեր քննարկումների շրջանակներում այս խնդրի վրա ուշադրություն են հրավիրել նաև մեր բնապահպան ընդդիմախոսները, և մենք դա գնահատում ենք որպես կառուցողական մոտեցում: ՈՒսումնասիրելով այս հարցում համաշխարհային ամենաառաջադեմ փորձը` մենք հարցի օպտիմալ լուծումը տեսնում ենք բնապահպանության և ընդերքի պաշարների ռացիոնալ օգտագործման պահանջների համադրման ճանապարհով: Մենք մտադիր ենք անել այնպես, որ օքսիդացված հանքաքարը ոչ միայն պատշաճորեն մեկուսացվի շրջակա միջավայրից, այլև իրականացվի այդ հանքաքարում առկա օգտակար հանածոների կորզում: Սա օքսիդացված հանքաքարի խնդրի համակողմանի լուծման առաջին փորձն է Հայաստանում, չնայած այն հանգամանքին, որ այդ խնդիրը կա գործնականում բոլոր բացահանքերում, որտեղից պղնձի սուլֆիդային հանքաքար է արդյունահանվում:
-Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, որպես նվազագույն քայլ անոմալիկ երևույթները կանխելու ուղղությամբ, առաջարկում է հանքարդյունաբերող կազմակերպություններին հոգալ գոնե իրենց գործունեությունից տուժած մարդկանց բուժման ծախսերը: Ի՞նչ կերպ է լուծվում այս խնդիրը «Վալլեքս»-ի պարագայում:
-Եթե տնտեսավարողի գործունեության պատճառով վնաս է հասցվում որևէ մեկին` առողջությանը, ունեցվածքին, ապա հարցը կարգավորվում է օրենքով, որով նախատեսվում են փոխհատուցման տրամադրման դեպքերն ու կարգը: Բնականաբար, այդ կերպ է լուծվում խնդիրը նաև «Վալլեքս» խմբի բոլոր ընկերություններում: Միևնույն ժամանակ այս հարցում հարկ է տարբերել անհիմն պոպուլիստական հայտարարությունները հավաստի մասնագիտական գնահատականներից: Իհարկե, կարելի է նաև ակնկալել, որ հանքարդյունաբերական ընկերություններն իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում անեն ավելին, քան նախատեսված է օրենքով: Սակայն չի կարելի անհիմն կերպով հանքարդյունաբերական համալիրներին վերագրել հարակից համայնքներում արձանագրվող բոլոր հիվանդությունների բոլոր պատճառները և ընդհանրապես` այս նուրբ ու կարևոր թեմայով խոսել առանց ապացույցների ու հիմնավորումների:
-Ձեր գործունեության հեռանկարներում առանձնացնում ու կարևորում եք Կաշենի (Ծաղկաշենի) նախագիծը: Մանրամասնեք, խնդրեմ, այն:
-Հանքերևակումը հայտնի է վաղնջական ժամանակներից: Այն Մեհմանայի հանքային դաշտում է: Դեռևս երկու դար առաջ այստեղ որոնողական-հետախուզական աշխատանքներ են իրականացրել անգլիացիներն ու ֆրանսիացիները. հիմնականում որոնել են գունավոր և թանկարժեք մետաղներ: Մեր երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում մի հետաքրքիր գտածո ենք հայտնաբերել. 19-րդ դարի վերջի անգլիական ուժային շոգեմեքենա` վառելափայտով, որը, ըստ ամենայնի, օգտագործվել է ստորգետնյա հանքում: Այժմ, ի դեպ, այդ շոգեմեքենան ռեստավրացվել է և ցուցադրության է դրված Դրմբոնի լեռնահանքային համալիրի տարածքում: Երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացվել են նաև ԽՍՀՄ տարիներին, սակայն օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ առաջին անգամ հայտնաբերել և հաստատել են հենց «Վալլեքս» խմբի ընկերությունները վերջին 7 տարիներին իրականացրած երկրաբանահետախուզական աշխատանքների շնորհիվ: Դատելով հանքային դաշտի ծավալների մասին մեր արդեն իսկ ունեցած տեղեկությունից և տարածքի նպաստավոր լեռնատեխնիկական պայմաններից` միանշանակորեն կարող եմ ասել, որ Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացին նպաստելու տեսանկյունից այստեղ հսկայական ներուժ կա: Նախատեսում ենք այդ հանքավայրի հիման վրա կառուցել և 2014-2015 թթ. գործարկել լեռնահանքային համալիր, որն առաջին փուլում կապահովի շուրջ 1,75 մլն տոննա հանքաքարի արդյունահանում: Վստահ ենք, որ գործարկումից 3-5 տարվա ընթացքում արտադրողականությունը հնարավոր կլինի հասցնել տարեկան 5 մլն տոննայի` հետագա տարիներին անշեղորեն բարելավելով նաև այդ ցուցանիշը: Բնականաբար, ինչպես և Թեղուտում, ամեն ինչ իրականացվելու է աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով և սարքավորումներով, բնապահպանական ամենախիստ չափանիշների պահպանմամբ: Վստահ եմ, որ այս ծրագիրը նոր հորիզոններ և զարգացման նոր հեռանկարներ կբացի Արցախի տնտեսության համար:
-Ինչպե՞ս եք ընտրում Ձեր ընկերություններում աշխատող կադրերին այսօր և ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում ապագայի համար այս հարցում:
-Հիմնական չափանիշը եղել է, կա և կլինի մասնագիտական հմտությունների մակարդակը: Իհարկե, այլ հավասար պայմանների դեպքում միանշանակ առավելություն է տրվում հարակից և մերձակա համայնքների ներկայացուցիչներին: Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի դեպքում դա առաջին հերթին հենց Թեղուտ, Շնող և հարակից այլ գյուղերի, Ալավերդի քաղաքի և Լոռու մարզի այլ համայնքների բնակիչներն են, Կաշենի հանքավայրի դեպքում` Վարդաձոր, Ճանկաթաղ, Ներքին Հոռաթաղ, Ծաղկաշեն, Դրմբոն գյուղերի, Մարտակերտ քաղաքի և Մարտակերտի շրջանի այլ համայնքների բնակիչները: Ինչպես արդեն նշեցի Թեղուտի համալիրի առնչությամբ, մենք կիրառում ենք և նախատեսում ենք կիրառել աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, սարքավորումներն ու տեխնիկան: Իսկ դա ենթադրում է, որ շատ աշխատանքային ճակատներ պահանջում են և կպահանջեն բարձրակարգ մասնագետների ներգրավում, որոնց կարիքը մենք հենց այս պահին էլ զգում ենք. համակարգային ադմինիստրատորներ, ճարտարագետներ, բարդ սարքերի և մեխանիզմների օպերատորներ, առաջատար երկրաբաններ, մարկշեյդերներ, հանքագործներ և այլ մասնագետներ:

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏԱՐԲԵՐ ՉԱՓԵՐՈՎ»


-«Վալլեքս»-ը զբաղվում է նաև զբոսաշրջությամբ, հյուրանոցային բիզնեսով: Իբրև գործարար` այս ոլորտում ներդրումներ կատարելիս հաշվարկո՞ւմ եք Արցախում մշտապես առկա պատերազմական իրավիճակի ռիսկերը:
-Մենք հաշվի ենք առնում բոլոր վտանգները: Եթե մենք, չնայած պատերազմի վտանգին, ներդրումներ ենք անում արդյունաբերության բնագավառում, ապա որևէ պատճառ չկա ներդրումներ չանելու զբոսաշրջության և հյուրանոցային գործի բնագավառներում: Ես չեմ կարծում, թե պատերազմի վտանգը Հայաստանում և Արցախում արվող ներդրումներին սպառնում է տարբեր չափերով: Առնվազն միամտություն կլինի կարծել, թե իրադրության ինչ-որ անհավանական զարգացման դեպքում Արցախի պարտությունից հետո թշնամին «քաղաքավարի» կերպով կանգ կառնի Հայաստանի սահմանների մոտ: Ես այն համոզմանն եմ, որ Արցախում արված յուրաքանչյուր ներդրում, անկախ տնտեսական ոլորտից, հեռացնում և նվազեցնում է պատերազմի վտանգը: Մեր խմբի ընկերություններն անցած 10 տարում Արցախում իրականացրել են շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, առաջիկա 3 տարում ծրագրում ենք ևս 70 մլն դոլար ծավալով ներդրում: Սակայն սա շատ հեռու է բավարար համարվելուց, եթե նկատի ունենանք համայն հայության հսկայական ներուժն այս հարցում: Արցախում զբոսաշրջության զարգացումը, իմ համոզմամբ, կնպաստի նաև, որ աշխարհասփյուռ հայությունն առավել սերտորեն ներգրավվի Արցախի կյանքին և առավել մեծածավալ ներդրումային ծրագրեր իրականացնի Արցախում:

«ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՐԵԿԱՄԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ Է»


-«Վալլեքս» խումբն ունի ընկերություններ Լիխտենշտայնում, Ռուսաստանում, համագործակցում է Գերմանիայի «Աուրուբիս» ընկերության հետ: Դրսի աշխարհն ինչպե՞ս է ընկալում Հայաստանը, հայ մարդուն գործարարության դաշտում:
-Ռուսաստանում որոշակի ձևավորված վերաբերմունք կա, այն բավականին հարգալից և դրական կարելի է համարել: Վերջին տարիներին իրականացված սոցիոլոգիական հարցումների տվյալներով` ռուսաստանցիների համար Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված երկրների առաջին հնգյակում է: Լիխտենշտայնի, Գերմանիայի և ընդհանրապես աշխարհի այլ երկրների գործարարների հետ հարաբերությունների արդյունքում իմ արած եզրակացությունն այն է, որ գործարար շրջանակներում մեր երկիրն առավել դյուրին ճանաչելի դարձնելու համար բավականին բան կա անելու: Առաջին անգամ Հայաստան այցելած մեր օտարերկրյա գործընկերները, որպես կանոն, հիացմունքով են արտահայտվել մեր երկրի մասին և հեռացել վերադառնալու հաստատակամությամբ: Գործարար աշխարհում մեր երկրի ճանաչելիությունն ու գրավչությունը կարող են էապես ավելի բարձր լինել, քան կան, և դրա նախապայմանը Հայաստանի կայուն տնտեսական առաջընթացն է, երկրում ներդրումային պայմանների անընդհատ բարելավումը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 7340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ