Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայկական օլիգարխիայի անատոմիան-3

Հայկական օլիգարխիայի անատոմիան-3
10.07.2012 | 12:12

«Իրատես de facto»-ի նախորդ համարներում մենք պարբերաբար անդրադարձել ենք հայկական օլիգարխիայի խնդիրներին` փորձելով վերհանել օլիգարխների գործունեության հիմնական շարժառիթներն ու դրանց կործանարար բնույթը հասարակական կյանքում: Ցավոք, մեր հասարակությունը սոցիալական խնդիրների մասով բավականին պասիվ է և նախընտրում է խնդիրները դիտարկել ազգային-քաղաքական դաշտում: Մեր հասարակությանը բնորոշ է նաև խնդիրներին ոչ թե դրանց սկզբնավորման ժամանակահատվածում արձագանքելը, այլ այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասնում»:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է այն հանգամանքը, որ հասարակական հուզումը, ըստ էության, ուշացած էր: Երիտասարդ Վահեն անկախ Հայաստանի պատմության միակ մարդը չէր, որ զոհ գնաց օլիգարխների «բեսպրեդելին»: Ցավով պետք է նշել, որ օլիգարխների և նրանց գործունեության նկատմամբ հասարակական անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը բավականաչափ ուշացած է: 1990-ականների կեսերի ամենաթողության պայմաններում ծնունդ առած արտոնյալների խավը` օլիգարխիան, որը ներթափանցեց գործարար աշխարհ, այնուհետև նաև պետական համակարգ, անընդհատ մեծացնում էր իր ախորժակը, քանզի հասարակությունը հանդուրժում էր:
Հիշենք, որ օլիգարխների «բեսպրեդելը» միշտ էլ քննարկվել է Հայաստանում, սակայն «սայլը տեղից չի շարժվել»: Հիշենք նաև, որ օլիգարխիան իր հզորության գագաթնակետին հասավ Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիներին: Այս կոլեկտիվ անպատասխանատվության 10 տարիներին օլիգարխները կարողացան հսկայական հարստություն դիզել և ներթափանցել պետության օրենսդիր և գործադիր մարմիններ: Խնդրի նրբությունն այն է, որ քոչարյանական քարոզչամեքենան օլիգարխիայի մասին քննարկումներն ուղղորդում էր` հարցը մշտապես պահելով կոլեկտիվ անպատասխանատվության տիրույթում: Այսպես, 1998-2008 թթ. իշխանական քարոզչամեքենան ամեն ինչ արեց, որ հասարակության ուշադրությունը շեղի և քննարկումներն ուղղորդի դեպի այն հարցը, թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար` իշխանությո՞ւնը, թե՞ հասարակությունը:
Մինչդեռ այս քննարկումն ի սկզբանե արհեստածին էր և դատապարտված էր տապալման, քանզի պետության գոյության պարագայում իշխանությունն ու հասարակությունը միահյուսված են, և անհնար է պատկերացնել մի իշխանություն, որը հաշվի չի նստի հասարակության հետ և կպահպանի իր դիրքերը: Ինչևէ, Ռոբերտ Քոչարյանը, հենասյուն ունենալով իր իսկ ձևավորած քրեաօլիգարխիկ համակարգը, ամեն ինչ արեց, որ օլիգարխների «գլխից մազ չպակասի», և դրանով իրեն հաջորդած գործիչների վզին փաթաթեց չափազանց հզոր մի բուտաֆորիկ համակարգ, որի գործունեության պտուղները մենք այսօր վայելում ենք:
Ի դեպ, ներկայիս անհանդուրժողականությունը կարելի է բացատրել նաև Հայաստանում խոսքի ազատությամբ, ինչպես նաև տեխնոլոգիական առաջընթացի հետևանք սոցիալական ցանցերով տեղեկատվության անխափան տարածման գործընթացով: Եվ փաստ է այսուհետ, որ հասարակությունը չի ցանկանում հանդուրժել օլիգարխների և նրանց շրջապատի արտոնյալ և անպատիժ գործունեությունը: ՈՒշագրավ է, որ բողոքի հիմնական ալիքն անցել է Ռուբեն Հայրապետյանի վրայով և ուղղված է իշխող ՀՀԿ-ի վրա: Հանրապետականներն էլ, իրենց հերթին, անակնկալի գալով և պատրաստ չլինելով դեպքերի նման զարգացմանը, որոշակիորեն խառնաշփոթի մեջ են:
Այդ է պատճառը, որ ՀՀԿ «ծանրքաշայինները» դեռևս լռում են` չցանկանալով անդրադառնալ Վահե Ավետյանի սպանությանը, դրան հաջորդած ձերբակալությունների, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի` մանդատը վայր դնելու իրադարձություններին: Հավանաբար, «Հանրապետականը» դեռևս չի մշակել ընդհանուր մոտեցում և խուսափում է կոնկրետ հայտարարություններից` տեղեկատվական դաշտը թողնելով միջին տրամաչափի գործիչներին, որոնք ավելի շատ ինքնահաստատման, քան կուսակցական դիրքորոշումը ներկայացնելու խնդիր են լուծում: Դրա վերջը, ամենայն հավանականությամբ, կդրվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստում, որտեղ «Հանրապետական» վերնախավը կմշակի միասնական մոտեցում:
Մինչ հանրապետականները հապաղում են, «Հարսնաքարի» դեպքը մտել է Հայաստանում իշխանության համար պայքարի օրակարգ, և այն ուժերը, որոնք ընդդիմանում են «Հանրապետականին», երիտասարդ բժշկի սպանության դեպքը սկսել են օգտագործել ՀՀԿ-ի վարկանիշն իջեցնելու համար: ԲՀԿ խորհրդարանական խմբակցության որոշ պատգամավորներ (զորօրինակ, Վարդան Օսկանյանը) ևս միացել են «հակաօլիգարխիկ պայքարին», մոռանալով, թե որ կուսակցությունն են ներկայացնում, և ով է այդ կուսակցության առաջնորդը: Քաղաքական պայքարը, իհարկե, ունի իր կանոնները, սակայն բարոյականության մասին պատկերացումներն անձի ներաշխարհի և արժեքային համակարգի հարթությունից են, ուստի պետք չէ, դիցուք, Վարդան Օսկանյանից ավելին սպասել:
Միևնույն ժամանակ, պետք է նկատենք, որ «Հարսնաքարի» դեպքը եկավ ապացույց ծառայելու որոշ հետաքրքիր իրողությունների. Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ փայլուն աշխատեց հասարակություն-իշխանություն կապը: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակաշրջանի, նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկող քարոզչամեքենան փորձ անգամ չարեց կոծկելու հանցագործությունը կամ ուղղորդելու հասարակական հուզմունքը: Քոչարյանական «Հայլուրի» ոճը, կարծես, մնացել է պատմության գրկում, և իշխանական քարոզչամեքենան դեպքերն ու դրանց հաջորդականությունը ներկայացրեց բավականաչափ օբյեկտիվ լույսի ներքո: Իսկ այն հանգամանքը, որ մամուլում տեղեկություն հայտնվեց, թե Ռուբեն Հայրապետյանը Բաղրամյան 26 այցելելուց հետո է վայր դրել մանդատը, խոսում է այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, նախագահը ճնշում է գործադրել Հայրապետյանի վրա:
Լինենք անկեղծ. Ռուբեն Հայրապետյանը պատկանում է այն օլիգարխների դասին, որոնք ինքնակամ մանդատից չեն հրաժարվում, քանզի նման քայլի գնացողը, նման գիտակցություն ունեցողը թիկնազոր չէր պահի, կամ գոնե կարգի կհրավիրեր նրանց` զերծ մնալով նման իրավիճակում հայտնվելու վտանգից: ՈՒստի հավանականությունը մեծ է, որ նախագահն է ստիպել, որ օլիգարխը վայր դնի իր մանդատը: Հարց է ծագում. ինչպե՞ս է Սերժ Սարգսյանին հաջողվում ապահովել «Հանցանք և պատիժ» մեխանիզմը: Պատճառը, թերևս, այն է, որ Սերժ Սարգսյանը, գնալով հասարակական հարաբերությունների և պետական համակարգի փոփոխման էվոլյուցիոն ճանապարհով, ժամանակի ընթացքում կարողացել է պետական համակարգի և կուսակցության որոշիչ պաշտոններում նշանակել այնպիսի արժեհամակարգ ունեցող գործիչների, որոնք իրենց անցյալով և դավանած արժեքներով որակապես տարբերվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով իշխանության առաջին և միջին գծերում հայտնված օլիգարխիկ խմբակից և նրանց սպասյակներից:
«Հարսնաքարի» դեպքերի առնչությամբ իրականացված «Հանցանք և պատիժ» օպերացիան հասարակություն-պետություն-իշխանություն օրգանական կապի արդյունավետ աշխատանքի դրսևորումն էր: Եվ հիմա արդեն հետադարձ հայացք նետելով ոչ վաղ անցյալի ներիշխանական պայքարի դրվագներին` կարելի է համոզվածությամբ փաստել, որ Հայաստանի իշխանական համակարգում «սպիտակ ագռավի» համբավ ունեցող Տիգրան Սարգսյանին ամեն գնով վարչապետի պաշտոնում պահելը Սերժ Սարգսյանի համար ուներ ռազմավարական նշանակություն: Այդ է պատճառը, որ նախագահին հաջողվեց թե՛ կուսակցությունում, թե՛ պետական համակարգում ունենալ դաշնակից, որն իր արժեքային համակարգով և պետականության մասին պատկերացումներով կարողանում է ազդեցիկ դիրքեր նվաճել, հասկանալի և ընդունելի լինել հասարակությանը և աջակցել նախագահի հակաօլիգարխիկ գործողություններին:
Ստացվում է այնպես, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջոցով նախագահը սեպ խրեց քոչարյանական շրջանից ժառանգություն մնացած համակարգում և կարողացավ համակարգի առողջ թևի ու հասարակության հետ համատեղ դրական փոփոխություններ իրականացնելու հույս առաջացնել: Մնում է, որ Սերժ Սարգսյանի թիմը կարողանա առաջիկայում ևս արդյունավետ համագործակցություն ապահովել հասարակության առողջ տրամաբանող և փոփոխությունների ակնկալիք ունեցող մասի հետ, և համակարգը անճանաչելիորեն կփոխվի:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2884

Մեկնաբանություններ