Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ռուբեն Հայրապետյանն իր կերպարով շատ ավելի բարոյական է, քան այսօր նրան անվանարկողներից շատերը»

«Ռուբեն Հայրապետյանն իր կերպարով շատ ավելի բարոյական է, քան այսօր նրան անվանարկողներից շատերը»
10.07.2012 | 12:30

«Իրատես de facto»-ի հյուրն է քաղտեխնոլոգ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ:


-Քաղաքական դաշտի ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:
-Հետընտրական Հայաստանում կատարվում են քաղաքական վերադասավորումներ, որովհետև այլևս գոյություն չունի կոալիցիա նախկին ձևաչափով, և գոյություն չունի ընդդիմության գլխավոր դոմինանտ ուժ ՀԱԿ-ը նախկին ձևաչափով: Սերժ Սարգսյանը փորձում է քայլեր անել մոնոլիտ իշխանության ձևավորման ուղղությամբ, ՀԱԿ-ը շփոթի մեջ է, որովհետև կորցրել է ընդդիմադիր դաշտի դոմինանտությունը: ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չի կազմում, առայժմ հստակ չէ քաղաքական դաշտում նրա նիշը, և շատ գործընթացներ կախված են ԲՀԿ-ի դիրքորոշումից:
-Արդյո՞ք ԲՀԿ-ին մեծ դեր չի վերագրվում քաղաքական դաշտում:
-Այդ կուսակցությանը մեծ դեր քաղաքական դաշտում վերապահում է Լևոն Տեր-Պետրոսյանը: ԲՀԿ-ի անդամներն ավելի քիչ են խոսում իրենց անելիքների կամ հետագա քայլերի մասին: Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հաշվարկը արդեն 7-8 ամիս հենվում է բացառապես ԲՀԿ-ի վրա: Նույնիսկ խորհրդարանական ընտրություններում ակնհայտ ձախողումից հետո նա հետևություններ չարեց և շարունակում է խաղարկել ներիշխանական հակասությունների թեման: Անցած տարիների քաղաքական փորձը ցույց է տվել, որ ներիշխանական հակասությունների խաղարկումը բերում է ձախողումների: 2000-ական թթ. սկզբին որոշակի ժամանակամիջոց ընդդիմությունը փորձում էր դիվիդենդներ շահել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան իրական կամ թվացյալ հակասություններից և ձախողվում էր որպես կանոն: Լևոն Տեր-Պետրոսյանի փորձառությունը պետք է հուշեր, որ նման քաղաքականությունն արդյունքներ չի բերում: Վերջին հանրահավաքում նրա ելույթը, որ երկու մասի էր բաժանված` արտաքին քաղաքական ու ներքաղաքական, վերաբերում էր Ղարաբաղին և դարձյալ ԲՀԿ-ին: Որքան էլ զարմանալի է, ոչինչ չասվեց ՀԱԿ-ի հետագա անելիքների ու նպատակների մասին: Թերևս նա էլ հասկացել է, որ ՀԱԿ-ն այլևս քաղաքական լուրջ գործոն կամ ինքնուրույն խաղացող չէ, և փորձում է քաղաքականության մեջ իր կառույցի դերն ապահովել այս կամ այն ուժերի շահերը սպասարկելով: Եթե ՀԱԿ-ի վերջին մեկ տարվա գործունեությունն ուսումնասիրեք, կնկատեք, որ ՀԱԿ-ը փորձել է համագործակցել իշխանության այս կամ այն թևի հետ: Սկզբում ՀՀԿ-ի հետ փորձեց երկխոսել, բայց երկխոսությունը տարբեր պատճառներով տապալվեց, հետո պոտենցիալ դաշնակից համարեց իշխանության մյուս թևը` ի դեմս ԲՀԿ-ի կամ Գագիկ Ծառուկյանի, ու ստացվեց, որ ՀԱԿ-ը կատարում է սպասարկու դեր:
-Դա հետևանք էր Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական պրագմատիզմի՞, թե՞ արտաքին քաղաքական ներգործություն էր:
-Լևոն Տեր-Պետրոսյանի գիտական ներուժի մասին ես շատ բարձր կարծիք ունեմ. նա բացառիկ մտավորական է ու բացառիկ գիտնական, և դա ապացուցել է պատմական աշխատություններով: Անցած 3-4 տարիներին նա նաև ապացուցեց, որ որևէ հաջողության չի հասել պրագմատիկ դաշտում: Պատճառը թերևս իր կամ իր թիմի աշխարհաքաղաքական կողմնորոշումներն են. թիմը տեղավորված է ռուսական սցենարի մեջ, իսկ ռուսների խնդիրը Հայաստանում որակական փոփոխություններ առաջացնելը չէ, այլ որոշ դեպքերում Սերժ Սարգսյանի համար անհարմար վիճակներ ստեղծելը: Լևոն Տեր-Պետրոսյանով և քաղաքական դաշտի այլ խաղացողներով, ցավոք, ռուսներին որոշ դեպքերում դա հաջողվում է: Անցած տարվա փետրվարին, երբ արաբական գարունը Հայաստանում հասարակական ակտիվություն էր հարուցել, և իսկապես հնարավոր էին որակական փոփոխություններ, Լևոն Տեր-Պետրոսյանը գերադասեց հասարակական ռեսուրսը փոխարինել արտաքին գործոններով, և այսօր ինքն ու իր թիմը քաղում են սխալ մարտավարության պտուղները:
-Հայաստանում ժողովուրդն ընտրությունում իր ձայնը չի կարողանում լսելի դարձնել, գուցե ելքը իշխանության հետ համագործակցությո՞ւնն է:
-Ցանկացած այլ քաղաքական գործչի դեպքում` գուցե, բայց չեմ կարծում, որ երկրի առաջին նախագահը իր բարոյական և քաղաքական կարգավիճակով իրավունք ունի ներքաշվելու մանր խաղերի մեջ, որոնք քաղաքականության հետ կապ չունեն: Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի վարքագիծը քիչ է տարբերվում շարքային քաղաքական գործիչների վարքագծից:
-Եթե ՀԱԿ-ը սպառել է ասելիքն ու անելիքը, ի՞նչ է սպասում ՀԱԿ-ին:
-Եթե ինստիտուցիոնալ հիմքի վրա չվերադարձավ, հասարակությանն ընդառաջ քայլեր չարեց, ՀԱԿ-ը վերածվելու է շարքային քաղաքական միավորի և հաջորդ խորհրդարանական ընտրություններում կարող է 5-7 տոկոսի շեմն էլ չհաղթահարել: Նրանք մեծ ամբիցիաներ էին ձևակերպել, ըստ այդմ էլ հասարակական մեծ ակնկալիքներ կային, որոնք չեն արդարանում:
-Բայց կա՞ այդ գիտակցությունը, կարծես ՀԱԿ-ում իշխում է հաղթելու և հաղթանակը վայելելու մտայնությունը:
-Ցավոք, Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից դատելով, հետևություններ, կարծես թե, չեն արվել: Իր թիմակիցներին` մարդկանց, որ անցած տարիների բոլոր փորձություններում եղել են իր կողքին, իսկ հիմա տարաձայնությունների պատճառով հեռացել են ՀԱԿ-ից, նա անվանում է խառնակիչ տարրեր: Դա բնորոշ է տոտալիտար մտածողություն ունեցող մարդուն` եթե ինձ հետ չես, ուրեմն թշնամի ես: Մասնավորապես Արամ Սարգսյանն այնքան բարոյական գտնվեց, որ տարաձայնություններ ունենալով` դուրս եկավ ՀԱԿ-ից և հրաժարվեց պատգամավորական մանդատից: Նման քայլ անում են բարոյական մեծ ուժ ունեցող մարդիկ: Արամ Սարգսյանը նաև այնքան բարոյական գտնվեց, որ չպատասխանեց իրեն հասցեագրված որակումներին:
-Ասելիք չկա՞ր:
-Ոչ, Արամ Սարգսյանն այն գործիչներից է, որ այս երկրում կարող է պատասխանել ցանկացածի ցանկացած հարցին, և միանգամայն փաստարկված, ինչը բազմիցս ապացուցել է: Բացի դրանից, Արամ Սարգսյանը մեր քաղաքական դաշտի այն բացառիկ գործիչն է, որ երբեք ստվերային կապեր չի ունեցել և բոլոր քայլերն արել է հրապարակային դաշտում: Դա խոսում է բարոյական ուժի և քաղաքական համոզվածության մասին: Արամ Սարգսյանն իր ասելիքը միշտ ասել է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:
-Կարծո՞ւմ եք, որ Հայաստանի քաղաքական դաշտում անկեղծ ու հրապարակային քաղաքական գործիչները պահանջարկ ունեն:
-Եթե չլիներ Եռաբլուրի խորհուրդը, եթե չլիներ Վազգենի կիսատ գործը շարունակելու անհրաժեշտությունը, ես անկեղծորեն կցանկանայի, որ Արամի պես մարդիկ այսօրվա քաղաքական դաշտից հեռու լինեին, որովհետև, իսկապես, այսօրվա քաղաքական դաշտն Արամ Սարգսյանի ազնվության ու բարոյականության, անկեղծության կարիքը չունի, բայց ունի երկիրը, որն ավելի կարևոր է քաղաքական դաշտից: Քանի դեռ կա Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգությունը, նրա գործը շարունակելու անհրաժեշտությունը, Արամ Սարգսյանը պարտավոր է լինել քաղաքական դաշտում և պարտավոր է մեծացնել իր համակիրների թիվը, որովհետև առանց Արամ Սարգսյանի կամբողջանա անվազգեն Հայաստանի տեսլականը, որը նույնն է, ինչ հանրապետության ու պետականության վերջնական կորուստը:
-Հասարակության կյանքից դժգոհ հատվածը գուցե կորցրել է ՀԱԿ-ին, բայց չի կորցրել իր խնդիրները: Նրանք գտնելո՞ւ են իրենց առաջնորդին, թե՞ տարաբաժանվելու են իշխանության ու ընդդիմության մեջ:
-Ես համոզված եմ, որ գործող ընդդիմադիր ուժերի կամ նոր մարդկանց ներգրավումով ձևավորվելու է ընդդիմադիր նոր կենտրոն, որը կոնյունկտուրային չի լինելու և հիմնվելու է հստակ գաղափարների ու արժեքների վրա: Կանխանշանները երևում են: Եթե Սերժ Սարգսյանը վերընտրվելուց հետո իսկապես գնա բարեփոխումների, Ձեր նշած բողոքավոր ընտրախավը կկրճատվի` դառնալով այս կամ այն քաղաքական ուժի համակիրը, եթե այսօրվա վիճակը շարունակվի, բողոքավոր ընտրախավը կձևավորի նոր քաղաքական ուժի ստեղծման անհրաժեշտությունը:
-Որքա՞ն է այդ ուժի ձևավորման հավանականությունը:
-Մինչև նախագահական ընտրություններ նոր ուժեր ասպարեզում չեն հայտնվի, գուցե ԲՀԿ-ն հստակեցնի դիրքորոշումը և թեկնածու ունենա, գուցե ՀԱԿ-ը անակնկալ մատուցի, բայց մեծ հաշվով դրանք նախագահական ընտրությունների ելքի վրա չեն ազդի, և կունենանք նախագահ ի դեմս Սերժ Սարգսյանի: Երկընտրանքը հետո կլինի. Սերժ Սարգսյանը կգնա՞ իրական բարեփոխումների, կունենանք քիչ թե շատ քաղաքակիրթ իշխանություն, և ըստ այդմ` երկիր:
-Սերժ Սարգսյանն ունի՞ այդ ռեսուրսը:
-Ցանկությունն ունի, բայց պետք է ապացուցի, որ ունի նաև հնարավորություն: Այս պահին նա ռեալ բարեփոխումների գնացող քաղաքական թիմ չունի, չնայած կառավարության, խորհրդարանական մեծամասնության առկայությանը: Առաջինը պետք է կարողանա ձերբազատվել քծնողների խայտաբղետ բանակից, որովհետև մարդկանց այդ տիպի հետ բարեփոխում անել հնարավոր չէ:
-Այդ ճանապարհին նա պետք է հաղթահարի նախ Ռոբերտ Քոչարյանի՞ն:
-Ռոբերտ Քոչարյանի գործոնը հաղթահարելու առաջին փորձը խորհրդարանական ընտրություններն էին` 50+1 սկզբունքն աշխատեց ոչ այնքան Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնը չեզոքացնելու, որքան երկրորդ նախագահի: Նա ամեն ինչ արեց, որ իշխանության այլ կենտրոն չկարողանա մասնակցել կառավարության ձևավորմանը, նախագահական ընտրությունները կլինեն վերջին հանգրվանը, որտեղ Սերժ Սարգսյանը վերջնականապես կհաղթահարի Ռոբերտ Քոչարյանի գործոնը, որը շատ կարևոր է իրական բարեփոխումների գնալու համար: Համենայն դեպս` դրանով նա կձերբազատվի ոչ միայն Քոչարյանի գործոնից, այլև մարտի 1-ի պատասխանատվությունից: Երկրորդ կարևոր խնդիրն այնպիսի թիմ ձևավորելն է, որը կկարողանա բարեփոխումներ իրականացնել: Այսօրվա պատգամավորներով ու կառավարությամբ դա հնարավոր չէ: Խոսքը վարչապետի անձին չի վերաբերում, այլ շատ ավելի գլոբալ խնդիրների: Ի տարբերություն շատերի, վարչապետը, այնուամենայնիվ, որոշակի արժեհամակարգի կրող է իր բոլոր սխալներով ու թերություններով հանդերձ: Կարծում եմ` Սերժ Սարգսյանը նաև այդ նպատակով է փորձում երիտասարդների ներգրավել կառավարման համակարգում:
-Չե՞ք կարծում, որ Հայաստանի քաղաքական դաշտի գործունեության վրա շատ մեծ ազդեցություն ունի արտաքին գործոնը:
-Արտաքին գործոնների ազդեցությունը վկայում է մեր քաղաքական տկարությունը: Հիմնականում ռուսներն են փորձում դեստրուկտիվ ազդեցություն ունենալ մեր քաղաքական դաշտում: Նույնիսկ հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի իրադարձությունների հետևում ես տեսնում եմ ռուսական հետք` ակնհայտորեն այդ իրադարձություններից հետո որպես կանոն մեծացել է ռուսական իշխանությունների ազդեցությունը Հայաստանի իշխանությունների վրա: Ռուսներին միշտ ձեռնտու է եղել, որ Հայաստանում լինի թույլ իշխանություն և կառավարելի ընդդիմություն, որի միջոցով ազդել են իշխանության վրա: Բերեմ վերջին օրինակներից մեկը. երբ Հայաստանում երկարաձգվելու էր ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը, ՀԱԿ-ի միջոցով լոյալ հասարակական դիրքորոշում ձևավորվեց և ստացվեց, որ ընդդիմության միջոցով կարողացան ավելի շուտ Հայաստանի իշխանություններին պարտադրել իրենց ցանկալի որոշումը: Նույնը` ռուսական դպրոցների վերաբացման նախագծի դեպքում: Հայաստանում, ցավոք, ընդդիմադիր կոչվող ուժերը մեծ սիրով սպասարկում են Ռուսաստանի շահերը, և ստացվում է, որ իշխանությունը չի համարձակվում հակադրվել ռուսական ցանկություններին, որոշ ընդդիմադիրներ էլ պատրաստ են Կրեմլի հազարերորդական կաբինետներում հերթ կանգնելու` բարեհաճության ակնկալիքով:
-Ձեզ չի՞ թվում, որ Հայաստանում հիմա որոշվում է ոչ այնքան 2013 թ. նախագահական ընտրությունների, որքան 2018-ի հարցը:
-Նորմալ երկրներում այդպես էլ պետք է լիներ, օրինակ, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում երբ քաղաքական թիմը մասնակցում է ընտրության, ոչ միայն կաբինետի կազմն է հրապարակում, այլև ուրվագծվում են հաջորդ ընտրությունների ծրագրերը: Մեր քաղաքական համակարգն այնքան անկայուն է, որ իսկապես չգիտենք` 2-3 տարի հետո երկրում ի՞նչ է տեղի ունենալու: Ավելին` մեր քաղաքական համակարգը կորցրել է իմունիտետը: Մենք այլ Հայաստանում էինք ապրում մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ը, հոկտեմբերի 28-ին արթնացանք բոլորովին այլ Հայաստանում: Այլ Հայաստանում էինք 2008-ի փետրվարի 29-ին և այլ` մարտի 1-ին: Մենք այնքան անկայուն քաղաքական համակարգ ունենք, այնքան մեծ է արտաքին միջամտության դաշտը, որ որևէ մեկը չի կարող կանխատեսել` ինչ կկատարվի 4-5 տարի հետո:
-Իմունիտետն ուժեղացնելու համար ի՞նչ է պետք:
-Մեզ պետք են Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի պես քաղաքական գործիչներ, նրանց արժեհամակարգը և նրանց ոգեղենությունն ունեցող մարդիկ: Սա ամենևին անհատապաշտություն չէ, պատմության ընթացքը որոշում են անհատները, մանավանդ Հայաստանի նման երկրներում: Եթե քաղաքական դաշտում Վազգենի տեսակը հայտնվի, կամ Արամ Սարգսյանին հաջողվի հանրությանը ներկայացնել նրա գաղափարները նոր իրականության համատեքստում, քաղաքական դաշտում մոտ ապագայում կտեսնենք որակական փոփոխություններ: Մինչև քաղաքական դաշտում չլինեն անհատներ հստակ արժեհամակարգով, մինչև չհնչի այն կոչը, որ նման էր Վազգենի մահապարտների կոչին, քաղաքական համակարգում էական որակական փոփոխություններ չեն լինի: Այսօր քաղաքական դաշտում շատերն են փորձում նմանվել Վազգեն Սարգսյանին և ձախողվում են, որովհետև Վազգեն Սարգսյանը բերում էր հստակ գաղափարախոսություն, որակ, բովանդակություն ու կամային հատկանիշներ:
-Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատը վայր դնելու փաստը ինչ-որ բան փոխո՞ւմ է ստեղծված իրավիճակում:
-Կարծում եմ` մանդատը վայր դնելուց հետո Ռուբեն Հայրապետյանը պետք է մասնակցի նոր ընտրություններին և ապացուցի, որ վայելում է թիվ 1 ընտրատարածքի ընտրողների մեծամասնության համակրանքը: Համոզված եմ, որ մանդատը վայր դնելը հասարակական պահանջի հետևանք չէր: Խիստ դատապարտելով «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցածը, կարծում եմ, որ դա չպիտի հանգեցներ Հայրապետյանի դեմ ուղղված գործընթացների:
-Դա նմա՞ն չէ մի կենտրոնից ուղղորդվող հաշվեհարդարի:
-Միանշանակ: Ռուբեն Հայրապետյանն իր կերպարով շատ ավելի բարոյական է, քան այսօր նրան անվանարկողներից շատերը:
-Վենդետայի շարժառիթները քաղաքակա՞ն եք համարում, թե՞ իրավական-բարոյական:
-Հասարակության մի մասը, իհարկե, ունի բարոյական շարժառիթներ, բայց քաղաքական էլիտայի զգալի մասն առաջնորդվում է քինախնդրությամբ, իր ձախողումներն ուրիշով պատճառաբանելու շարժառիթներով: Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ անցած տարիներին հանդիպել են Ռուբեն Հայրապետյանի հետ, այսօր ամենաակտիվն են նրան անվանարկելու գործընթացում. սա բարոյազրկում է: Գուցե նրանք ասեն, թե ինչքան հարցեր է Ռուբեն Հայրապետյանը լուծել իրենց համար, քանի կյանք է փրկել` աջակցելով բուժօգնությանը, և ոչ մի ակնարկ իր բարեգործության մասին, ի տարբերություն շատ գործիչների, որ չարածն են արած մատուցում:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 5021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ