Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Պետք է անել հնարավորն ու նույնիսկ անհնարը սեյսմիկ ռիսկը նվազեցնելու համար»

«Պետք է անել հնարավորն ու նույնիսկ անհնարը սեյսմիկ ռիսկը նվազեցնելու համար»
11.07.2012 | 18:16

Տարեսկզբից մինչ այսօր ՀՀ և ԼՂՀ տարածքում սեյսմիկ իրավիճակը հսկող 148 մոնիթորինգային դիտակայաններից բաղկացած ազգային դիտացանցով գրանցվել է 3-բալանոց և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ: Դրանցից ամենաուժեղը (մինչև 3,3 մագնիտուդ` հավասարազոր 5 բալի) տեղի է ունեցել մարտի 5-ին` Հայաստանի հյուսիս-արևմուտքում, երկրորդը (4 բալ), մարտի 17-ին` Վեդի գյուղի հարակից տարածքում, և երրորդը` մարտի 28-ին (4 բալ) Արարատյան դաշտում:

Տարածաշրջանում մայիսի 7-ին 7-8 բալ ուժգնությամբ երեք սեյսմիկ ցնցում է գրանցվել Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից ոչ հեռու: Վնասվել են առանձին շենքեր: Հունիսի 4-ին 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել Վան քաղաքից ոչ հեռու:


-Ի՞նչ երևույթների հետ է կապված Կովկասյան տարածաշրջանում հատկապես վերջին 5-6 ամսվա սեյսմիկ ակտիվության աճը կամ երկրաշարժերի հաճախակիանալը: Այս հարցով «Իրատես de facto»-ն դիմեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ապահովման ծառայության» (ՍՊԱԾ) գործակալության պետ ՀՐԱՉՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ:
-Կովկասյան տարածաշրջանը գտնվում է հարավից` արաբական, և հյուսիսից` ռուսական տեկտոնական երկու սալերի բախման գոտում: Սեյսմիկ ակտիվությունը պայմանավորված է արաբական սալի տեղաշարժով դեպի հյուսիս-արևելք, որը տարեկան կազմում է 10-12 մմ: Նշեմ նաև, որ սեյսմիկ ակտիվության որոշակի աճը հետևանք է նաև Երկրի ընդերքում ընթացող պրոցեսների:
-Բնակչության անվտանգության ապահովման և շենքերի սեյսմիկ անվտանգությունը կայունացնելու ուղղությամբ ի՞նչ ծրագրեր և աշխատանքներ է իրականացնում ՍՊԱԾ-ը:
-Մեզ վերջերս հաջողվեց վերագործարկել շենքերի սեյսմակայունությունը որոշող ամերիկյան արտադրության մի սարք, որը եզակի է տարածաշրջանում: Այն հնարավորություն է ընձեռում ստուգելու նոր կառուցվող շենքերի սեյսմակայունությունը դեռևս շինարարության նախնական փուլում` վաղ շրջանում ուղղելով կառույցների նախագծային թերություններն ու ապահովելով դրանց հետագա սեյսմակայունությունը: Սարքի միջոցով ներկայումս փորձարկման աշխատանքներ են ընթանում Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղից ոչ հեռու կառուցվող եռահարկ շենքի վրա: Աշխատանքների վերաբերյալ վերջնական եզրակացություններն ու վերլուծությունները ՍՊԱԾ-ը կներկայացնի ինչպես լրատվամիջոցներին, այնպես էլ հանրությանը:
Բացի դրանից, ՍՊԱԾ-ը ներկայումս աշխատանքներ են տանում նաև Ճապոնիայի կառավարության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) օգնությամբ Գյումրիում հինգ նոր սեյսմիկ կայաններից բաղկացած համակարգ ներդնելու ուղղությամբ: Համակարգի միջոցով քաղաքի քարտեզի վրա պատկերվելու են այն երկրաշարժերը, որոնք կառաջացնեն երեք բալանոց և ավելի ուժգնությամբ ցնցումներ: Երկրաշարժի ինտենսիվության բաշխման մասին արագ ստացվող տեղեկությունը կբարձրացնի բնակիչների իրազեկության աստիճանը, ինչը հնարավորություն կտա օպերատիվ գործողություններ ձեռնարկելու արտակարգ իրավիճակներում:
Առաջիկա ծրագրերի շրջանակներում նախատեսվել է նմանատիպ սարքավորումներ տեղակայել նաև Կապանում: Աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ նախնական պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել ճապոնական (JICA) կազմակերպության հետ:
ՍՊԱԾ-ի կարևորագույն ծրագրերից է նաև Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկումը, որն առաջիկայում ներկայացվելու է ՀՀ կառավարություն, և որի իրականացման համար ներկայումս աշխատանքներ են ընթանում ՀՀ ԳԱԱ-ի հետ: Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով ակնկալում ենք նաև միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությունը: Գառնիի դիտարանը, որը կառուցվել է խորհրդային տարիներին` ուժեղ երկրաշարժերի նախանշանների կանխատեսման նպատակով, իր տարածքում ունի 375 մ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա թունելախորշ: Աշխարհում եզակի համարվող այդ կառույցը, որի պատերի ներսում պահպանվում է կայուն խոնավություն և ջերմաստիճան, վերագործարկվելուց հետո հնարավորություն կստեղծի չափելու երկրակեղևի դեֆորմացիաների, թեքման մեծությունները, առանձնացնելու ուժեղ երկրաշարժերի նախանշանները, և, ի վերջո, մոտենալու ուժեղ երկրաշարժերի կանխատեսման դժվարագույն գիտական խնդրի լուծմանը:
-Մասնագետները պնդում են, որ վերջին տարիներին Երևանի խիտ կառուցապատումը չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության նորմերին: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Երևան քաղաքում վերջին տարիներին շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերը կառուցվել և կառուցվում են նոր տեխնոլոգիաներով և, որպես կանոն, համապատասխանում են շինարարական նորմերին: Դրանք ունեն մինչև 8-9 բալի սեյսմակայունություն:
-Միջազգային ո՞ր կազմակերպությունների հետ եք համագործակցում:
-ՀՀ ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը երկկողմ և բազմակողմ համագործակցություն է իրականացնում սեյսմիկ պաշտպանության ոլորտի մի քանի տասնյակ առաջատար հանրապետական և միջազգային կառույցների հետ: Օրինակ, վերջերս Ֆրանսիայից վերադարձավ ԱԻՆ սեյսմիկ ծառայության երեքհոգանոց խումբը, որն այնտեղ էր գործուղվել փորձի փոխանակման և ուսուցում ստանալու նպատակով: Առաջիկայում մեկ տարով ուսումնառության համար Ճապոնիա կմեկնեն նաև երկու երիտասարդ խոստումնալից մասնագետներ` սեյսմոլոգիայի և շենքերի սեյսմակայունության ուղղություններով վերապատրաստվելու նպատակով:
Նշեմ նաև, որ ՍՊԱԾ-ն ընդգրկված է Համաշխարհային գլոբալ սեյսմոգրաֆիական ցանցում, իսկ կառույցի հիմքում դրված սկզբունքներն ու ռազմավարությունն ընդունել են մի շարք առաջատար և զարգացող երկրների սեյսմիկ ծառայություններ:
-Ի՞նչ կասեք Հայաստանում ներկայումս տիրող սեյսմիկ իրավիճակի մասին:
-Սեյսմիկ ռեժիմի վերջին վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում և հարակից տարածքներում սեյսմիկ իրավիճակը ֆոնային (նորմայի) սահմաններում է:
Ասեմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջությամբ գտնվում է սեյսմավտանգ գոտում, և մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու հնարավոր ուժեղ երկրաշարժին: Կանխել երկրաշարժը, իհարկե, անհնարին է, սակայն կարելի է և պետք է անել հնարավորն ու նույնիսկ անհնարը սեյսմիկ ռիսկը, այսինքն` մարդկային և նյութական կորուստները, նվազեցնելու համար: Սա ոչ միայն մեր կառույցի, այլև բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինի:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 4614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ