Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ընտրությունը Ձերն է, պարո՛ն նախագահ

Ընտրությունը Ձերն է, պարո՛ն նախագահ
11.07.2012 | 15:48

Հայաստանը ցնցված է զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահով: Ցնցված ենք բոլորս այն անսիրտ դաժանությունից, որ ցուցաբերեցին մի խումբ հայ տղամարդիկ (՞) hայ զինվորին բուժող, սպայական կոչումով հայ բժշկի, պարզապես մարդու հանդեպ: Ցնցված ու զայրացած ենք, որ մեր երկրի քաղաքացուն կարող են ծեծելով սպանել, և «պատկան մարմինները»` դատախազություն, արդարադատություն, ոստիկանություն, անզորությունից և իրավազուրկ լինելու գիտակցումից կծկվել են օլիգարխների առաջ և չգիտեն, թե ինչ դիրք պիտի ընդունեն. նախ, երևի վերից հրահանգ չկա, ապա, որ պակաս կարևոր չէ, «մի կտոր հաց են կերել» էդ մականունավորի մոտ, դե, մերոնք էլ, գիտենք, «հացի պատիվը պահող տղերք են»:

Վե՛րջ: Ձեր տված խաղերին` վե՛րջ:
Պատկերացնում եմ` մի հարյուր տարի հետո մերօրյա թերթերը կարդացող ազատ ու խրոխտ հայերն ինչ պիտի մտածեն մեր ու մեր պետության ղեկավարների և նրանց հենարան օլիգարխների մասին։
Իշխանավորներից ոչ ոք երևի չէր պատկերացնում այսպիսի արձագանք ժողովրդի կողմից. սոցկայքերի շնորհիվ մարդիկ իրար տեղեկացնելով` ոտքի ելան. էլ բա՛վ է, այսպես շարունակվել չի կարող: Իշխող կուսակցության պատվավոր անդամ Ն. Ռ. Հայրապետյանին երաշխավորելով և իր շարքերում տեղ տալով` «Հանրապետականը» նախ ինքն իրեն է վարկաբեկել: ՈՒրիշ արժանավոր մարդիկ չկա՞ն Հայաստանում:
Ինքնաբուխ մոմավառության, բողոքի ցույցերի և հոգեհանգստի և թաղման արարողության ժամանակ հավաքված բազմահազար մարդիկ ապացուցեցին, որ Հայաստանում ամեն ինչ մեռած չէ. որքան էլ ժողովրդին գցել են երեսնիվայր, բայց հայի` անարդարություն և բռնություն չհանդուրժող հոգին ուժ գտավ և ոտքի կանգնեց: Ժողովուրդը պահանջում է պատժել ոչ միայն հանցագործության անմիջական մասնակիցներին, այլև այդ դժոխքի տիրոջը` որպես հանցագործության պարագլխի:
Բաքու և Սումգայիթ տեսած հայերս սոսկում և զարմանք ապրեցինք այդօրինակ դաժանություն տեսնելով. մի՞թե հայը (՞) ընդունակ է հայի հանդեպ թրքաբարո հաշվեհարդար տեսնելու: Կարծում եմ, ճիշտ կլինի դատավարությունից առաջ ստուգել նրանց բոլորի արյան գենետիկ բաղադրությունը. համոզված եմ` արյունով նրանք հայ չեն: Բոլոր հանցագործների անունը, ազգանունը, մականունները պետք է գրանցել ամուսնությունների գրանցման և եկեղեցիների ծխամատյաններում, որպեսզի դրանց ժառանգների հետ ամուսնություններ չգրանցվեն և պսակադրությամբ չօրհնվեն: Դրանց սերունդը հենց իրենցով պիտի վերջանա: Դատավարությունն առավել քան անկողմնակալ պետք է լինի (էլ ո՞ւր), նաև դաժան: Այո՛, դաժա՛ն, որ հետագայում ոչ մի օլիգարխի մտքով չանցնի, որ կարող է իր կեղտոտ խաղերը խաղալ: Հասարակության այդ շերտը պետք է բահով քերել-մաքրել Հայոց սուրբ հողից և տեղը քլորով մաքրել, իսկ պատժելու պատիվը տալ թուրք- ադրբեջանցիներին: Դատարանը պատժին զուգահեռ պետք է դրամական և բարոյական վնասի փոխհատուցում պահանջի և գանձի Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի համար, իսկ Վահե Ավետյանի ընտանիքի և նրա անչափահաս երեխաների համար նշանակի ամբողջ կյանքի ընթացքում այնպիսի դրամական բավարարում (ոչ թե թոշակ կամ նպաստ. գիտենք դրանց չափն էլ, տարին մեկ կտրելն էլ), որ նրանք ապրեն ապահով, մի բան էլ ավելի` կրթություն ստանան, ամուսնանան, այնպես, ինչպես կապրեին իրենց հոր` Վահե Ավետյանի կենդանության օրոք: Երեխաներն այնքան ժամանակ պիտի ստանան այդ դրամական բավարարումը, որքան ժամանակ որ կարող կլիներ նրանց հայրը` անկախ իր տարիքից, օգնել և օժանդակել իր զավակներին ու թոռներին: Հայ ծնողներն այդպես են ապրում իրենց զավակների համար: Դրամական բավարարման գումարը պետք է բռնագանձել Նեմեց Ռուբո Հայրապետյանից և մյուս հանցագործներից;
Եթե դատարանն այսպիսի վճիռ չկայացնի (ժողովուրդը, համոզված եմ, չի թողնի դատավոր-դատախազների քմահաճությանը), ուրեմն կաշառված է Ն. Ռ. Հայրապետյանի և մյուս օլ-երի կողմից;
Ինչ վերաբերում է «Հանցաքար» դժոխքը պայթեցնելու փորձ կատարած սպա Վարդան Սամվելյանին, ապա նա աֆեկտային ինչպիսի՜ անկառավարելի հոգեվիճակում է եղել, որ, անտեսելով իրեն և իր ընտանիքին սպառնացող վտանգը, գնացել է այդ քայլին: Դա նույնիսկ աֆեկտային վիճակ չի եղել. այդ պահին նրա մեջ գործել է մարդու առաջին և հիմնական բնազդը` ինքնապաշտպանությունը, որը նրան դրդել է վերացնելու այդ դժոխքը` որպես հասարակության համար մեծ վտանգ ու սպառնալիք:
Վարդան Սամվելյանը պետք է ազատ արձակվի: Նրան այդ հոգեվիճակի մեջ գցողները պիտի դատապարտվեն: Մեր երկրի Սահմանադրության մեջ, կարծեմ, մարդու «ապրելու իրավունքի» վերաբերյալ օրենք կա, և նրա կյանքին սպառնացողը կամ նրան սպանողը պատժվում է քր.օրենսգքի համապատասխան հոդվածով: Բայց, վստահ եմ, որ Վարդան Սամվելյանի դեմ կհարուցվի քրեական գործ (մինչդեռ դա ոչ թե քրեական գործ է, այլ քաղաքական բողոքի արտահայտություն)` ուրիշի սեփականության դեմ ոտնձգություն կատարելու հիմքով: Պարզվում է` մեր երկրում մի քանի օլ-երի նյութական սեփականությունը, այն էլ հայտնի չէ (լավ էլ հայտնի է)` ինչ ճանապարհով ձեռք բերված, ավելի թանկ է ու կարևոր մեր պետության համար, քան մարդը:
Այլևս բա՛վ է: Լցվել է ժողովրդի համբերության բաժակը: Վարդան Սամվելյանը չպետք է կալանավորվի: Նա պետք է ազատ արձակվի:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ. Գ.- «Հանցաքարի» դեպքը մեր նախագահի համար դարձավ փորձաքար իր նախընտրական տարվա ընթացքում: Նա ինքը պետք է ընտրի` օլիգարխիա՞ն` իր կամայականություններով, որը հետո նրան էլ կսպառնա, թե՞ Հայաստանի պետականությունը և երկրում մնացած և օրև՛օր նվազող քաղաքացիները, որ հետո նրան պիտի ընտրեն որպես նախագահ:
Աստված բոլորիս ընտրության իրավունք է տվել։ Ընտրությունը Ձերն է, պարո՛ն նախագահ:

Դիտվել է՝ 5273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ