ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հայկական օլիգարխիայի անատոմիան-4

Հայկական օլիգարխիայի անատոմիան-4
12.07.2012 | 18:51

«Իրատես de facto»-ի նախորդ համարներում մենք բազմիցս անդրադարձել ենք այն հարցին, որ Հայաստանում գործարար աշխարհն ու քաղաքականությունը միահյուսված են: Զարմանալի ոչինչ չէր լինի, եթե Հայաստանի գործարար աշխարհը նման լիներ Արևմուտքի գործարար ոլորտին, որտեղ կան խաղի արդար կանոններ և տնտեսական գործունեություն ծավալելու հարմարավետ պայմաններ: Հայաստանում իրավիճակն այլ է. մեր գործարարների զգալի մասն օլիգարխ է, ովքեր ցանկանում են ոչ թե փող աշխատել արդար խաղի կանոնների պայմաններում, այլ կարողություն դիզել` հնարավորինս արդյունավետորեն ֆռռացնելով պետությանն ու հասարակությանը:

Այդ է պատճառը, որ հայ օլիգարխները, ի տարբերություն եվրոպական և ամերիկյան գործարարների, երթևեկում են ավտոշարասյուներով և թիկնապահների բանակներով: Կարելի է ենթադրել, որ հայ օլիգարխների զգալի մասը հարստություն է կուտակել այնպիսի ճանապարհով, որ հիմա ֆիզիկական անվտանգության խնդիր ունի, ուստի և թիկնապահների կարիք:
Ինչևէ, մեր թիկնապահավոր օլիգարխները Հայաստանի անկախության շրջանում հասցրել են այնպիսի կարողություն կուտակել, որ ներկայումս կարողանում են գործարար աշխարհում իրականացնել դեմպինգային քաղաքականություն` դրանով իսկ դաշտից դուրս մղելով մրցակիցներին: Նշենք, որ ազատ տնտեսական հարաբերություններ ունեցող երկրներում պետությունը մշտապես կարողացել է մշակել այնպիսի մեխանիզմներ և հիմնադրել այնպիսի ինստիտուտներ, որոնք հնարավորինս կբացառեն դեմպինգի դրսևորումը տնտեսական հարաբերություններում: Իսկ Հայաստանում վիճակը մի փոքր այլ է: Օլիգարխիան իրեն այնքան վստահ է զգում, որ «արխային» իրականացնում է դեմպինգային քաղաքականություն:
Սրա վառ ապացույցն է մի քանի ամիս առաջ սկսված «Գագիկ Ծառուկյանն ընդդեմ Արթուր Հարությունյանի» հայտնի պատմությունը: «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանին են պատկանում մի քանի երթուղային գծեր, և Գագիկ Ծառուկյանն իր սանիկ Արթուրին խեղճացնելու և սնանկացնելու նպատակով «բարեգործական» գիծ է բացել, ինչի պատճառով Արթուր Հարությունյանին պատկանող ավտոբուսները մատնվել են պարապուրդի: ՈՒշագրավ է, որ Արթուր Հարությունյանին պատկանող ընկերությունը սահմանված կարգով հաղթել է ուղևորափոխադրումներ իրականացնելու մրցույթներում, սակայն Գագիկ Ծառուկյանի գործունեության պատճառով ահռելի ֆինանսական վնասներ է կրում:
Հուլիսի 11-ին Արթուր Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդներն անժամկետ գործադուլ են սկսել, ինչը, ըստ էության, ուղղված է Գագիկ Ծառուկյանի դեմ:
Գործադուլը տեղի է ունենում Աբովյան և Չարենցավան քաղաքներում: Արթուր Հարությունյանին պատկանող երթուղային գծերին զուգահեռ Ծառուկյանի բացած բարեգործական երթուղիների պատճառով «Քինգ դե լյուքսը» սնանկացման եզրին է, վարորդները զայրացած են, քանի որ, փաստորեն, անվճար են աշխատում: Նրանք սպառնում են ծայրահեղ քայլերի դիմել` փակել Աբովյանի և Չարենցավանի ճանապարհները կամ գնալ ՀՀ-ում գործող այլ երկրների դեսպանատներ և հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:
Ստացվում է, որ Հայաստանում երկու անձանց միջև ծագած վեճը կարող է այնպիսի իրադրություն ստեղծել, որ տասնյակ մարդիկ կորցնեն իրենց աշխատատեղերը, իսկ նրանց ընտանիքներն էլ հայտնվեն սովի եզրին: Եվ այդքան էլ էական չէ, թե քավոր-սանիկ վեճում ո՞վ է մեղավոր, էականն այն է, որ Գագիկ Ծառուկյանն իրեն թույլ է տալիս բարեգործության քողի ներքո դեմպինգ իրականացնել` փորձելով սնանկացնել իր մրցակցին: Նկատենք, որ Արթուր Հարությունյանը, մի քանի ամիս է, բողոքում է և պահանջում վերականգնել իր իրավունքները, սակայն նրա բողոքները կամ խճճվում են պետական-իրավական համակարգում, կամ էլ պետական այրերը չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Գագիկ Ծառուկյանի հետ: Ամենայն հավանականությամբ, իշխանությունը դեռ չի հստակեցրել, թե ում օգտին է որոշում կայացնելու:
Ինչևէ, այս աղմկահարույց պատմության բովանդակային խնդիրները պետք է որոնել հայկական օլիգարխիայի սոցիալ-հոգեբանական կողմում: Երբ «Քինգ դե լյուքսի» վարորդները հայտարարեցին գործադուլի մասին և սկսեցին բարձրաձայնել ծառուկյանական «բարեգործական բեսպրեդելի» մասին, Գագիկ Ծառուկյանի պատասխանը երկար սպասել չտվեց: Ըստ էության, Գագիկ Ծառուկյանի անունից խոսեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով վերջերս է հայտնվել ԲՀԿ-ում, և, ըստ որոշ տեղեկությունների, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վաղեմի հովանավորյալն է:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի դատապաշտպանի գործառույթներն իր վրա վերցրած պատգամավոր Վարդանյանի հայտարարությունն ուշադրությամբ կարդացողները պետք է նկատած լինեն այն փաստը, որ հայտարարությունը բավականին ագրեսիվ ենթատեքստ ունի: Բացի դրանից, Էլինար Վարդանյանի հայտարարությունը չի կարող քաղաքական կոռեկտության համատեքստում դիտարկվել, քանզի խնդրո առնչությամբ հայտարարություն է անում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը` սպառնալիքներ հնչեցնելով «կիսակրիմինալ գործարարների» և «խնդիրը արհեստականորեն սրողների» հասցեին:
Մենք բազմիցս ենք արձանագրել, որ պետականության համար չափազանց վտանգավոր է այն իրավիճակը, երբ օլիգարխիան ներթափանցում է պետական համակարգ և իր շահերը սկսում է առաջ բրթել նաև պետական մակարդակում: Եվ ի՞նչ է ստացվում. թիվ մեկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ խմբակցությունը, որը ԱԺ-ում զբաղեցնում է պետական լրջագույն պաշտոններ, ներկայումս լծված է Գագիկ Ծառուկյանի անձնական շահերի և օլիգարխիկ գործողությունների պաշտպանության և արդարացման գործին: Այս ամենը, իհարկե, բարեգործության անվան տակ: Հետաքրքիր է, թե ի՞նչ կաներ Գագիկ Ծառուկյանը, եթե մի մեծահարուստ բարեգործության անվան տակ դեմպինգի ենթարկեր ծառուկյանական բիզնեսները` խանութներում անվճար գարեջուր, կոնյակ և այլ ապրանքատեսակներ վաճառելով և անվճար գազալցակայաններ տեղադրելով:
Կասկածից վեր է, որ այդ մեծահարուստը կվտանգեր իր ֆիզիկական անվտանգությունը, բացի դրանից, օլիգարխիկ ներկայությունը պետության օրենսդիր և գործադիր մարմնում ուղղակիորեն թույլ չէր տա դեմպինգի նման դրսևորումը: Ասել կուզի` ուժեղի դեմ միշտ էլ թույլն է մեղավոր: Արթուր Հարությունյանը չունի այն օլիգարխիկ ազդեցությունն ու հնարավորությունները, ինչ Գագիկ Ծառուկյանը, ուստի և հայտնվել է սնանկացման եզրին: ՈՒժեղի և թույլի հարաբերությունների հայկական պատկերացումների թվին է դասվում նաև այն հանգամանքը, որ Արթուր Հարությունյանին մամուլը մականունով է կոչում, իսկ Գագիկ Ծառուկյանին` ոչ: Մինչդեռ ժողովրդի շրջանում ու բակային խոսակցություններում ԲՀԿ առաջնորդին քչերն են անուն-ազգանունով հիշատակում: Հավանաբար, մամուլը ևս վախենում է:
Ի վերջո, ժամանակակից պետության կարևորագույն գործառույթներից մեկը տնտեսական մրցակցության ապահովումն է, ինչը չի վերաբերում ժամանակակից հայկական պետականությանը: Եվ սրա միակ պատճառը օլիգարխների ներկայությունն է պետական համակարգում: Առանց վարանելու կարելի է պնդել, որ պետականության անկման ճանապարհը մենք կբռնենք այն պահին, երբ օլիգարխիան, ամբողջապես վերահսկելով երկրի տնտեսությունը, վերջնականապես կյուրացնի նաև պետական իշխանությունը: Այդ ժամանակ արդեն բնի մեջ կխեղդվեն այն բոլոր պետական ինստիտուտները, որոնք 2008-ից ի վեր փորձում է կայացնել վարչապետ Տիգրան Սարգսյանը, և որոնց խնդիրն է ապահովել ազատ տնտեսական հարաբերություններն ու տնտեսական մրցակցությունը: Այս ինստիտուտների կայացման գործընթացը, թերևս, գլխավոր պատճառներից է, որ Տիգրան Սարգսյանը ենթարկվում է անխնա քննադատության: Ինչպես կասեր Գագիկ Ծառուկյանը` սրա մասին հաջորդ դասին:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3332

Մեկնաբանություններ