«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Հայկական բանակը ընդունակ է ոչ միայն հուժկու հակահարվածի, այլև կարող է թշնամուն շատ լուրջ կորուստներ պատճառել»

«Հայկական բանակը ընդունակ է ոչ միայն հուժկու հակահարվածի, այլև կարող է թշնամուն շատ լուրջ կորուստներ պատճառել»
13.07.2012 | 03:30

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ:

-Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում նախագահական ընտրություններ են: Ձեր կարծիքով` ի՞նչ ընթացք ու արդյունք կունենան ընտրությունները:
-Անցած հարյուրամյակում հայ ժողովուրդն ունեցել է պատմության ցավալի շրջաններ, որոնց, ինչքան էլ տարօրինակ է, հաջորդել են ազգային խնդիրներում արձանագրված հաջողություններ. 1915 թ. ցեղասպանությունից հետո անկախ պետականության վերականգնումը 1918-ին և 1988-ի ծանր երկրաշարժին հաջորդած փլուզվող Խորհրդային Միության ժամանակաշրջանում մեզ պարտադրված պատերազմում տարած հաղթանակը և երկու անկախ հայկական պետությունների ստեղծումը: Ի՞նչ է սա` ճակատագրի խա՞ղ, թե՞ կործանման վտանգի առաջ կանգնած ժողովրդի ուժերի մոբիլիզացում, որին հաջորդում է ազգային հաջողությունը հաղթանակների տեսքով: Չխորանալով բազմակողմանի վերլուծությունների մեջ` միարժեքորեն կարելի է արձանագրել` հաջողությունների և հաղթանակների միակ գրավականը ազգային ուժերի մոբիլիզացումն է: Հետագա ներքաղաքական կյանքում անձնական շահերի ու խնդիրների գերադասման անհեռանկար վարքագիծը մինչ այդ ձեռք բերված հաջողություններն ի չիք դարձնելու ամենակարճ ու «թշնամու» համար նախընտրելի միջոցն է: Արցախյան հաղթանակը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն են, որը վտանգելու իրավունք մենք չունենք: Վերջին քսանհինգ տարիներին իմ կյանքն ու գործունեությունը հիմնականում կապված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Արցախյան պատերազմում տարած հաղթանակից մինչ օրս շատ փոփոխություններ են եղել: Անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ տարբեր քաղաքական մեկնաբանների ու քաղաքական գործիչների տեսակետներից` ես կարող եմ աներկբա հայտարարել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համամարդկային և համազգային շահերը միշտ գերակա են եղել անձնական ու խմբային շահերից: Փա՜ռք Աստծո, անձնական ջերմ հարաբերություններ եմ ունեցել և ունեմ ԼՂՀ բոլոր ղեկավարների, քաղաքական էլիտայի, հրամանատարական գրեթե ողջ անձնակազմի հետ: Իմ բոլոր այցելությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ուղեկցվել են հասարակական բոլոր շերտերի հետ հանդիպումներով: Օրերս Ղարաբաղից վերադառնալով` կարող եմ ասել, որ նախընտրական գործընթացներն ընթանում են ԼՂՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Նախագահի թեկնածուներից երկուսի` Բակո Սահակյանի և Վիտալի Բալասանյանի հետ լավ ընկերներ ենք: Չկամենալով որևէ կերպ միջամտել ԼՂՀ նախագահական ընտրություններին (իրավունք էլ չունեմ), կարծում եմ, այս փուլում բարձր են գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հնարավորությունները: Իսկ ամենակարևորը` ինչպես էլ ավարտվեն ԼՂՀ ընտրությունները, թեկնածուներից նա, ով կհավաքի ավելի քիչ թվով ձայներ, պետք է պատիվ համարի առաջինը շնորհավորել ընտրված թեկնածուին և նրա հետ ստանձնել երկիրը միասնաբար ղեկավարելու պարտավորությունը: Աշխարհաքաղաքական այս պայմաններում մենք այլընտրանք, ըստ էության, չունենք:
-Այդ համապատկերում ինչպե՞ս եք գնահատում զարգացումները հայաստանյան ներքաղաքական կյանքում և ի՞նչ կանխատեսումներ ունեք 2013-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ:
-Իհարկե, դժվար է համատեղել հայաստանյան և ղարաբաղյան քաղաքական ու հասարակական գործընթացները, որ միանգամայն տարբեր հարթություններում են: Ղարաբաղում ամեն ինչ շատ ավելի պարզ ու տեսանելի է, Հայաստանում ամեն ինչ շատ ավելի քաղաքականացված է, հասարակությունը` շատ ավելի շերտավորված, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների գործողությունները, ըստ էության, նույնացված են: Շատ հասարակական կազմակերպություններ իրենց գործունեությունը նպատակաուղղում են այս կամ այն քաղաքական ուժին ծառայություններ մատուցելուն: Կարծում եմ, շատ լավ կազմակերպված ու անցկացրած խորհրդարանական ընտրությունները որոշ քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների զրկեցին նախընտրական շրջանում ծրագրված հետընտրական գործընթացների անցկացման հնարավորությունից: Ինչքան էլ որոշ ուժեր քննադատեն 2012-ի խորհրդարանական ընտրությունները, դրանք իրականացվեցին հասարակության լայն շերտերի ու մեծաթիվ ընտրողների մասնակցությամբ, որ աննախադեպ էր հայաստանյան իրականության մեջ: Հանրապետական կուսակցության հաղթանակը հնարավորություն ընձեռեց առանց դժվարության ձևավորելու կառավարություն, որքան էլ որոշ ուժեր մերժեցին կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկը: Բնականաբար, այս զարգացումները պայմանավորված են 2013-ի նախագահական ընտրություններով: Այսօր ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը միարժեքորեն հայտարարել են 2013-ին միասնական թեկնածուի առաջադրման մասին` ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի: ԲՀԿ-ն չի հայտարարել նախկին կոալիցիոն հուշագրից իր ստորագրության հետկանչի մասին: ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» դեռևս հստակ ոչինչ չեն ասել թեկնածու առաջադրելու կապակցությամբ: Ապրիորի խոսվում է ընդդիմության միասնական թեկնածուի մասին: Սակայն ինչպես միշտ, այս անգամ էլ, կարծում եմ, միասնական թեկնածուի մասին խոսակցությունները կավարտվեն անպտուղ, քանզի մեր քաղաքական միջավայրին ներհատուկ է անձնական ամբիցիաների գերադասման «հիվանդությունը»: Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնց շարքերը խորհրդարանական ընտրություններից հետո սկսել են երերալ, ՀՀԿ-ն դառնում է է՛լ ավելի կուռ: 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձևավորված ՀՀԿ նախընտրական շտաբները, ըստ էության, դարձել են կուսակցական կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք ավելի արդյունավետ կաշխատեն նախագահական ընտրությունների ժամանակ: Ներքաղաքական այս վիճակը ստիպում է ընդդիմադիր քաղաքական որոշ ուժերի նախագահական ընտրություններից ինն ամիս առաջ արդեն իսկ պտտեցնել հին ձայնապնակը, այն է` ընտրությունները կեղծվելու են: Չեմ կարծում, որ հետագա զարգացումներում հնարավոր կլինի կանգ առնել որևէ թեկնածուի վրա, որը կարող է լուրջ այլընտրանք դառնալ գործող նախագահին:
-Այսինքն` նախագահական ընտրությունների ելքն արդեն իսկ վճռվա՞ծ է:
-Ես արձանագրում եմ վիճակը: Գուցե պատճառն ավելի խորքային է, երբ ծերացող քաղաքական վերնախավը չի ուզում տեղը զիջել, իսկ նոր եկողները և հասարակությունը ընդհանրապես այլ սպասումներ ունեն: Մահից վախեցող զինվորը պատերազմում հաղթել չի կարող, կյանքը չսիրող զինվորը` խաղաղություն պահել:
-Հնարավո՞ր է Ղարաբաղի և Ադրբեջանի միջև նոր ակտիվ հակամարտություն:
-Հետևելով աշխարհաքաղաքական գործընթացներին և դրանց ազդեցությանը մեր տարածաշրջանի վրա, Ադրբեջանի սանձազերծած հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված լարվածությանը, որն անմեղ զոհերի պատճառ դարձավ, կարդալով շատ քաղաքական և ռազմական վերլուծաբանների կանխատեսումները` ստեղծվում է տպավորություն, որ ուր որ է վերսկսվելու են ռազմական գործողություններ: Որևէ կասկած չկա մեր բանակի մարտունակության վերաբերյալ, որը խաղաղության հիմնական երաշխիքն է: Մենք շատ լավ գիտենք ադրբեջանական բանակի վիճակը: Վստահ եմ, որ Ադրբեջանն էլ խորապես համոզված է, որ հայկական բանակը մարտունակ է, ընդունակ ոչ միայն հուժկու հակահարվածի, այլև կարող է թշնամուն շատ լուրջ կորուստներ պատճառել: Ադրբեջանի հասարակությունը միատարր չէ, և առիթի դեպքում ճնշված էթնիկ փոքրամասնությունները կձգտեն դիմել իրենց ինքնությունը պաշտպանելու տարբեր միջոցների, որը կհանգեցնի Ադրբեջանում ներքին նոր էթնիկ հակամարտությունների: Ադրբեջանի ռազմական ծախսերի վերաբերյալ առասպելները նույնպես անտեղի են: Ադրբեջանական նավթադոլարներից բաղկացած անգամ 3,5-միլիարդանոց ռազմական բյուջեն մեր հակառակորդի բանակի ներուժը չի ավելացրել, իսկ բարոյահոգեբանական առումով այդ բանակը հեռու է մարտական պատրաստվածության վիճակից: Հավաստիացնում եմ, որ մեր ռելիեֆի պայմաններում շատ ավելի կարևոր են բազում այլ հատկանիշներ, քան ռազմական տեխնիկան: Բայց նաև ռազմական տեխնիկայով հայկական կողմը որևէ առումով չի զիջում հակառակորդին: ՈՒստի ես բացառում եմ մոտակա տարիներին ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը:
-Այսօր շատ է խոսվում է Հայաստան-Ադրբեջան, ոչ թե՝ Արցախ-Ադրբեջան հավանական պատերազմի մասին: Ի՞նչ է դա նշանակում:
-Բոլորը շատ լավ գիտեն, որ Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծել է Ադրբեջանը, որ Արցախի հետ պատերազմում Ադրբեջանը պարտվել է: Պարտության խարանը սեփական ճակատից հանելու համար Ադրբեջանն այժմ փորձում է Արցախ-Ադրբեջան հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտություն` միջազգային տարբեր ատյաններում Հայաստանին ներկայացնելով ագրեսոր, որը զավթել է իր տարածքի 20 %-ը` անտեսելով Բիշքեկյան համաձայնագրի տակ Արցախի դրած ստորագրությունը: Եվ այժմ էլ Հայաստանի սահմաններում դիվերսիաներով նա փորձում է ավելի հիմնավորել իր «տեսությունը»: Եվս մեկ անգամ հստակեցնենք, որ Արցախը միայնակ պատասխանել է Ադրբեջանի զինված ագրեսիային և ինքնապաշտպանության շնորհիվ է հաղթել հակառակորդին: Այժմ Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավոր: Եթե Ադրբեջանը չհասկանա այդ պարզ ճշմարտությունը և ցանկանա պատերազմ սանձազերծել, մենք միջազգային բոլոր օրենքներով ու իրավունքներով իրավասու ենք Ադրբեջանին կանխարգելիչ հարված հասցնելու, ինչը նշանակում է, որ մենք պարտավոր ենք ապահովել նաև մեր թիկունքը` բացառելու համար երկու ճակատով պատերազմը: Սա ռազմավարական խնդիր է: Եվ այն իրողությունը, որ Նախիջևանի տարածքը զերծ է մնացել պատերազմական գործողություններից, ապացուցում է, որ Հայաստանը երբևէ պատերազմ չի վարել Ադրբեջանի հետ, իսկ նոր հանգամանքներում այդ տարածքը չի կարող զերծ մնալ պատերազմական դաշտի վերածվելուց:
-Լրատվամիջոցները վերջերս հաճախ են անդրադառնում Ձեզ` ներկայացնելով Ձեր վատ հարաբերությունները տարբեր պաշտոնատար անձանց հետ` հղում անելով հավաստի աղբյուրների տեղեկություններին, որ հնարավոր է պաշտոնի փոփոխություն: Հաճախ այդ համատեքստում շրջանառվում է գործարար Բարսեղ Բեգլարյանի անունը:
-Մամուլում ներկայացվող բոլոր հավաստի աղբյուրները հավաստիության հետ որևէ եզր չունեն: ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի համար այլ հավաստի աղբյուր, քան հանրապետության նախագահը, գոյություն չունի: Երկրորդ` հատկապես շեշտվում են իմ վատ հարաբերությունները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Իմ և Վիգեն Սարգսյանի աշխատանքային հարաբերությունները ավելի քան հրաշալի են, չի եղել որևէ աշխատանքային հարց, որ նա, անհրաժեշտության դեպքում, չաջակցի ինձ: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասին խոսակցություններին, ես ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչն եմ ԱԺ-ում, և իմ գործունեությունը կարգավորվում է ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով, ինչպես նաև ՀՀ նախագահի կարգադրությամբ: Այնպես որ, այդ խոսակցությունները նույնպես անտեղի են: Պաշտոնի փոփոխությունը բացառապես ՀՀ նախագահի իրավասության շրջանակներում է: Որևէ պաշտոն հավերժ չէ: Ես հասկանում եմ, որ մամուլում շրջանառվող խոսակցությունների պատճառը իմ, այսպես կոչված, ոչ ակտիվ քաղաքական գործունեությունն է: Բայց պետք է հիասթափեցնեմ նրանց, ովքեր կարծում են, թե դա կապված է ինչ-ինչ խնդիրների հետ: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես չեմ վարանում ասել` ինչ մտածում եմ, ինչը, ըստ իս, ճիշտ է (երբեմն ստացվում է շատ հուզական): Վստահաբար կարող եմ ասել, որ նախագահական ընտրությունների նախաշեմին ոչ միայն ես, այլև մեր քաղաքական կուսակցությունն ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերելու, քանզի բնույթով խորհրդարանական ընտրությունները շատ մեծ տարբերություն ունեն նախագահական ընտրություններից: Ես ԱԺ-ում նախագահի հանձնարարությամբ պարտավոր եմ բոլոր քաղաքական ուժերի, բոլոր խմբակցությունների հետ աշխատել առանց տարբերակման: Նախագահական ընտրությունների ժամանակ և՛ համոզվածությամբ, և՛ ազգային կարևորագույն խնդիրների նկատմամբ ունեցած դիրքորոշման առումով սատարելու եմ այն թեկնածուին, ում ներկայացուցիչն եմ ԱԺ-ում: Եվ վերջինը. պարոն Բեգլարյանին ես ճանաչում եմ երկու տասնամյակ, և այդ ժամանակահատվածը բավարար է եղել ճանաչելու մի մարդու, որին ես հպարտությամբ կարող եմ ասել ավագ ընկեր: Փորձում եմ ինքս էլ արժանանալ այդ կոչմանը: Հարկ չէ վախենալ մարդկանց ներկայացնելուց այն կերպ, ինչ կերպ նրանք կան: Ցույց տվեք մեկ ուրիշին, որ ունի նույն դիրքը և հնարավորությունները, բայց իրեն պահում է այդքան պարզ ու հասարակ կենսակերպով: Նա իր ընկերների և ծանոթների նկատմամբ շատ ուշադիր է, և այդ ուշադրությունից ինձ էլ է նվիրաբերում: Չեմ թաքցնում` մտերիմ ենք ընտանիքներով, և ամեն անգամ ես պարոն Բեգլարյանի մեջ հայտնաբերում եմ մարդկային լավ որակներ, որ շատ քչերին են հատուկ: Գնացեք Ղարաբաղ և կտեսնեք, որ ամենամեծ ներդրումներն արել է պարոն Բեգլարյանը: Ընդ որում, շահութաբերությունը էական չէ, կարևորն աշխատատեղերն են: Կարող եմ ավելին ասել, բայց նա չի սիրում, որ իր մասին գովեստի խոսքեր են ասում:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 5597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ