Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆրանսիայի բլիթի և մտրակի քաղաքականությունը

Ֆրանսիայի բլիթի և մտրակի քաղաքականությունը
20.07.2012 | 03:58

Վերջին շրջանում Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գրանցվեցին նոր զարգացումներ։ Այդ թեմայով զրուցում ենք ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորման նախագահ, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ։

-Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, կարծես, լեզու գտավ Ֆրանսիայի հետ, հարթվեցին թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էր Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի կտրուկ շրջադարձի պատճառը։
-Ֆրանսուա Օլանդի ընտրվելուց հետո ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում նկատվում է թուրք-ֆրանսիական հարաբերությունների մերձեցում։ Բնականաբար, այս խնդիրը չէր կարող չանդրադառնալ Հայկական հարցի նկատմամբ ֆրանսիական իշխանությունների դիրքորոշման վրա։ Հիշեցնեմ, որ հուլիսի սկզբին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ֆրանսիական իշխանությունները հազիվ թե հարություն տան Հայոց ցեղասպանության ժխտման քրեական օրինագծին։ Անմիջապես եղավ Հայ դատի հանձնախմբերի արձագանքը՝ հիշեցնելով Ֆրանսիայի նախագահ Օլանդի այն հայտարարությունը, որ ինքը ճնշումներին տեղի չի տալու և, նախագահ ընտրվելու դեպքում, անպայման հաստատելու է այդ օրինագիծը։
-Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանն անմիջապես հետևեց նախագահ Օլանդի հայտարարությունը, թե շարունակում է աջակցել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը։ Ինչ-որ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։
-Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե արտգործնախարարը և նախագահը հակասում են իրար։ Սա շատ հստակ քաղաքականություն է, և այն վերլուծաբանները, ովքեր կարծում են, թե նախագահն ու արտգործնախարարը տանում են առանձին քաղաքական գիծ, չարաչար սխալվում են։ Նման բան լինել չի կարող։ Արտգործնախարարը չի կարող անել մի քաղաքական հայտարարություն, որին տեղյակ չէ նախագահը։ Այստեղ այլ խնդիր կա։ Պարզապես արտգործնախարարի մակարդակով նման հայտարարությունն ավելի մեղմ կդիտվեր։ Բացի դրանից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Եվրոպայում և, մասնավորապես, Ֆրանսիայում պետք է դիտարկել մի քանի հարթություններում։ Այն պետք է դիտարկել ոչ միայն իրավական, պատմական, բարոյական, այլև ամենակարևորը՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների հարթությունում։ Հարց է առաջանում՝ ո՞րն է պատճառը, որ ընդամենը 2-3 տարի առաջ թուրք-ֆրանսիական հարաբերությունները խիստ սրված էին, Հայոց ցեղասպանության հարցը ֆրանսիացիներն օգտագործում էին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, իսկ այժմ այդ խնդիրն օրակարգից հանվել է։ Հիմնական խնդիրը պայմանավորված է Մերձավոր Արևելքում Սիրիայի քաղաքականության որոշակի փոփոխություններով։ Այսօր Ֆրանսիան և Թուրքիան Մերձավոր Արևելքում ունեն մեկ կարևոր հարց. դա Սիրիայի խնդրի հանգուցալուծումն է, և այստեղ այս երկու երկրները տարաձայնություններ գրեթե չունեն։ Երկու կողմերի արտգործնախարարների հայտարարությունները Սիրիայի հարցով գրեթե նույնն են։ Հետևաբար, ֆրանսիական իշխանությունները, Հայոց ցեղասպանության հարցն առաջ քաշելով, փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, բնականաբար, նպատակահարմար չգտան։ Մյուս կողմից, Թուրքիայի վարչապետ Էրդողանը պաշտոնական այցով Թուրքիա ժամանելու հրավեր է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Օլանդին։ Վերջին 20 տարում Ֆրանսիայի ոչ մի նախագահ նման այց Թուրքիա չի կատարել և նման վերաբերմունքի չի արժանացել Թուրքիայի կողմից։ Սա ևս խոսում է այն մասին, որ թուրք-ֆրանսիական հարաբերություններում տեղի են ունենում մերձեցման գործընթացներ։ Իհարկե՝ ժամանակավոր։ Ըստ էության, սա բլիթի և մտրակի քաղաքականություն է։ Պատմությունը վկայում է, որ Հայկական հարցը 100 և ավելի տարիներ օգտագործվում է մեծ տերությունների կողմից Թուրքիայի նկատմամբ որոշակի քաղաքական ճնշումներ գործադրելու համար։ Ես համոզված եմ՝ Սիրիայի հարցը լուծելուց և Իրանի խնդիրները կարգավորելուց հետո Ֆրանսիայում կրկին ի հայտ են գալու Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի նոր տարբերակներ, և կրկին Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգում դրվելու է այս հարցը։ Ֆրանսիայում մենք ունենք Եվրոպայում ամենակազմակերպված համայնքը, ինչը չենք կարող ասել Գերմանիայի մասին, որտեղ, ի միջի այլոց, բավականին հզոր և կազմակերպված է թուրքական համայնքը։
-Ի դեպ, Գերմանիայում վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ գերմանական հասարակությունը կողմ է Հայոց ցեղասպանությունը ընդունելուն։
-Ինքս ուսումնասիրել եմ Գերմանիայի արխիվային փաստաթղթերը և ասեմ, որ դրանք շատ հստակ ապացուցում են, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն։ Եվ այսօր գերմանական իշխանությունները, որ ունեն այդ փաստը հաստատող հազարավոր փաստաթղթեր, խուսափում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց։ Ընդամենը 2005 թվականին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց որոշում, որում նշված է ոչ թե «ցեղասպանություն», այլ «Անատոլիայում բնակվող հայերի տեղահանություն» տերմինը։ Այդ փաստաթղթով Գերմանիան կոչ արեց թուրքական իշխանություններին առերեսվելու պատմության հետ։ Գերմանիայում իրականացված սոցհարցումները ցույց են տալիս, որ գերմանացիները լրջորեն մտահոգված են իրենց երկրում միլիոնավոր թուրքերի առկայությամբ։ Գերմանիայի թուրքական համայնքը մեծ խնդիր է այդ երկրի համար, քանի որ այն ապրում է շատ փակ, չի շփվում, չի ձուլվում տեղի բնակչության հետ և աստիճանաբար մեծանում է։ Հետևաբար, գերմանական իշխանությունները և գերմանացիները շահագրգռված են լինելու, որ, Հայոց ցեղասպանության հարցն օգտագործելով, ճնշում գործադրեն Թուրքիայի նկատմամբ։ Քանի կան շահեր, բարոյական և իրավական խնդիրները հետին պլան են մղվում։ Երբ աշխարհաքաղաքական շահերը տանեն նրան, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, շատ կարճ ժամանակում կճանաչվի և՛ Գերմանիայում, և՛ ԱՄՆ-ում, և՛ շատ այլ երկրներում։
-Այսինքն՝ մեզ ոչինչ չի մնում անելու, եթե ոչ սպասել հարմար աշխարհաքաղաքական պահի՞ն։
-Ամենավատ բանը սպասելն է։ Հայոց ցեղասպանության հարցում սպասողականությունը և քայլեր չձեռնարկելը սխալ են։ Մենք շատ ակտիվորեն պետք է լոբբիստական աշխատանք կատարենք։ Մեր համայնքների միջոցով պետք է քարոզչություն իրականացնենք ոչ միայն տարբեր երկրների պաշտոնյաների, այլև ժողովրդի շրջանում։ Մենք պետք է աշխատենք բնակչության հետ։ Երբ համապատասխան կարծիք է ստեղծվում բնակչության մեջ, ապա իշխանությունների քաղաքականությունը փոխելն ավելի է հեշտանում։


Հարցազրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 7769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ