Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Թու, թու, թու, առաջին կիսամյակը հաջող էր»

«Թու, թու, թու,  առաջին կիսամյակը հաջող էր»
20.07.2012 | 04:03

Հուլիսի 19-ի բարկ արևի տակ, որ բոլորովին չէր զգացվում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, երկու շատ լուրջ բանկիրներ ստորագրեցին հերթական համաձայնագիրը, որ պաշտոնապես կոչվում է 7 միլիոն դոլար արժողությամբ վարկային պայմանագիր: Ստորագրողները «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» գործադիր տնօրեն ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆՆ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար ՎԱԼԵՐԻՈՒ ՌԱԶԼՈԳՆ էին:
Պայմանագրի ստորագրումից հետո Վալերիու Ռազլոգն ասաց, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի հետ հերթական պայմանագիր ստորագրելը շատ հաճելի էր: Նա մանրամասնեց պայմանագրի առանձնահատկությունները. ի տարբերություն նախորդ համաձայնագրերի ու պայմանագրերի, առաջին անգամ 7 միլիոն դոլար արժողությամբ հնգամյա վարկը բանկին տրվելու է հայկական դրամով, որը, պարոն Ռազլոգի բնորոշմամբ, թույլ կտա «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ին բավարարել իր հաճախորդների պահանջները` երկարաժամկետ վարկեր ստանալ հայկական արժույթով: 7 միլիոնից 1 միլիոն դոլարն ուղղվելու է գյուղատնտեսական փոքր ձեռնարկություններին և ագրոհամալիրներին` գյուղացիական տնտեսություններ, գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններ: Պարոն Ռազլոգն իր շնորհակալական խոսքն ուղղեց Եվրամիությանը, որը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բանկին: ՎԶԵԲ-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավարը գոհունակություն հայտնեց «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի հետ համագործակցությունից` շեշտելով, որ պատիվ ունի ստորագրելու ոչ առաջին և հաստատ ոչ վերջին պայմանագիրը։ 23 միլիոն դոլար է այսօր ՎԶԵԲ-ը տրամադրում բանկի հետ իրականացվող ծրագրերին, և դա ամենևին հնարավորությունների վերջակետը չէ: ՎԶԵԲ-ի պաշտոնյան չկորցրեց պատեհությունը` շնորհակալություն հայտնելու բանկի խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ու գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանին, բոլոր աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի համար:
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն էլ գործարքի առիթով նախ շնորհավորեց բանկի բաժնետերերին ու հաճախորդներին: Նա հիշեցրեց` արդեն հայտարարված էր, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ» իրականացնելու է գյուղատնտեսության ոլորտի վարկավորում: Անցած շաբաթ բանկը հաղթող է ճանաչվել KFW ծրագրի հովանու ներքո անցկացված գյուղատնտեսության վարկավորման մրցույթում: ««ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը միշտ հայտարարել է, որ կարևորը ռեսուրսները չեն, այլ տեխնոլոգիաները, այս պայմանագրով բանկը ստանում է լավագույն տեխնոլոգիան գյուղատնտեսության վարկավորման ոլորտում` սա մեկ, և երկրորդ` մենք իրականացնելու ենք վարկավորում հայկական դրամով»,- ասաց պարոն Օսիպյանը: Նա հիշեցրեց, որ 2011-ին 2 միլիոն արժողությամբ պիլոտային ծրագիր է փորձարկվել հայկական դրամով, և այս տարի, ամփոփելով արդյունքները, տրամադրված են հայկական դրամով պայմանագրերի պրակտիկան շարունակել: Բանկիրը կարծում է, որ այդ պրակտիկան բարենպաստ պայմաններ է ստեղծում հայաստանցի հաճախորդների համար` ազատելով արտարժութային ռիսկից: Աշոտ Օսիպյանը, հիմնվելով ՎԶԵԲ-ի հետ երկարամյա աշխատանքային փորձի վրա` սկսած 1999 թվականից, կարևորեց այն փաստը, որ համագործակցությունը միշտ բանկի զարգացմանն ուղղված քայլերի հնարավորություն է տալիս:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Աշոտ Օսիպյանը մանրամասնեց, որ գյուղատնտեսությանն ուղղված վարկերը «գնալու են դաշտ, գյուղմթերքների վերամշակմանը»: «Մենք ունիվերսալ բանկ ենք, բայց մեր խնդիրը փոքր ու միջին բիզնեսն է, և վարկավորելու ենք այդ տնտեսությունները: Տոկոսները կլինեն 14-45-ի սահմաններում: Եթե կատարվեն կապիտալ ներդրումներ` տեխնիկայի ձեռքբերման, շինությունների, կլինի 5 տարով, իսկ եթե վարկերն ուղղվեն շրջանառու միջոցների ձեռքբերմանը, ժամկետը կլինի 3-4 տարի»:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը կարծում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը համաշխարհային ֆինանսական կառույցին լավ դասեր է տվել. ճգնաժամի բաղկացուցիչ մասը դարձավ այն տարադրամով ֆինանսավորումը, որը այդ ֆինանսները ստացողին չէր բավարարում: Ռազլոգը պարզաբանեց, որ արտարժութային ռիսկերի նվազեցման քաղաքականություն է մշակվում, և այդ հարցի լուծումը վարկերն ազգային դրամով տրամադրելն է: Այս միտումը նոր ռազմավարության մաս է կազմում և շարունակվելու է նաև այլ բանկերի հետ ու այլ ծրագրերով: Այս դեպքում էլ խնդիրներ ծագում են, ազգային դրամով ֆինանսավորումը պարոն Ռազլոգը «թանկ հաճույք» որակեց և խոստացավ, որ զուգահեռ ծագող հարցերն էլ զուգահեռ կլուծվեն:
Լրագրողներից մեկի հարցին, թե առաջին կիսամյակն ինչպե՞ս ամփոփեց բանկը, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն ի պատասխան ժպտալով ասաց. «Թու, թու, թու, առաջին կիսամյակը հաջող էր», հետո սկսեց այդ «հաջողությունը» թվերի ու փաստերի մեջ տեղավորված ներկայացնել: Իսկ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյա՞նը: Նա ևս ակնհայտորեն լավ տրամադրություն ուներ և հաստատ կպատասխաներ բոլոր հարցերին, բայց ես նրան այս անգամ հարց չտվեցի` ամեն ինչ առանց այդ էլ պարզ էր: ՈՒ եթե ես նրան հարցնեի 2012-ի կես տարվա բանկի «կյանքի» մասին, լսելու էի, որ հունիսի վերջին բանկի ակտիվները տարեսկզբի համեմատ աճել են 21 միլիարդ դրամով կամ 25 տոկոսով` կազմելով 109,4 միլիարդ դրամ: Վարկային եկամուտների աճը կազմել է 26,3 տոկոս կամ 10 միլիարդ դրամից ավելի, ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 11,8 տոկոսով կամ 1,6 միլիարդ դրամով, պլաստիկ քարտերի թիվն ավելացել է 9000-ով ու դարձել 94000, բանկի հաճախորդ է եղել 155000 քաղաքացի, որ տարեսկզբի համեմատ 10 տոկոսով ավելացել է: Բանկի զուտ շահույթն էլ 1 միլիարդ 859 միլիոն դրամ է կազմել, կապիտալի շահութաբերությունը 28,3 տոկոս է, ակտիվների շահութաբերությունը` 3 տոկոս: Ես, իհարկե, այդ պատասխանից հետո անպայման կհարցնեի` ինչպե՞ս է հաջողվում նման թվեր ապահովել ֆինանսատնտեսական ճգնաժամի և այլնի, և այլնի պայմաններում, բայց համոզված եմ, որ այդ հարցին ո՛չ Աշոտ Օսիպյանը, ո՛չ Բարսեղ Բեգլարյանը թվերից ու փաստերից դուրս ոչինչ չէին պատասխանի: Ամեն բանկիր կյանքի հետ իր «սիրավեպն» ունի, և ամեն բանկ իր գաղտնիքներն ունի, մանավանդ ասում են, որ Հայաստանի բանկային դաշտն իսկապես մրցակցային ոլորտ է, ու մրցակցությունն էլ այնքան ուժեղ է, որ բանկիրները պարբերաբար հարկադրված են ընդլայնել ծառայությունների ծավալը, բարձրացնել որակն ու իջեցնել գները: Ինչո՞վ սիրավեպ չէ, եթե հաշվի առնենք, որ իր գործի ամեն գիտակ հաջողության է հասնում փոխադարձության պարագայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ