Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գաստելլո Գասպարյանի «բակն» ու «անտառը»

Գաստելլո Գասպարյանի «բակն» ու «անտառը»
23.07.2012 | 16:41

Նա ժամանակակից հայ գեղանկարչության ինքնատիպ վարպետներից է: ՈՒշագրավ` նաև իր մարդկային կերպարով: ԳԱՍՏԵԼԼՈ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հեռու է հանրահռչակումից: Նա իր վրձնի ու կտավի առջև է փնտրում շատ հարցերի պատասխաններ: Հաճախ գտնում է, երբեմն` շարունակում փնտրտուքը։

«ԵՐԲ ՏԱԳՆԱՊԻ ԺԱՄԱՆԱԿ ԼՈՒՅՍԵՐԸ ՄԱՐՈՒՄ ԷԻՆ, ՀԱՐԵՎԱՆՆԵՐՈՎ ՔԵՖԻ ԷԻՆՔ ՆՍՏՈՒՄ»


-Գաստելլո, հանդիպումից մի քիչ ուշացար, թույլ տուր հարցնել` ինչի՞ վրա ես աշխատում, քանզի ուշացմանդ պատճառը հարգելի է` կտավի ու վրձնի «կախարդանքը»:
-Անտառների շարք եմ ստեղծում: Սկսել եմ, ավարտը դեռ չի էլ ուրվագծվում:
-Անտառային տեսարանները քո գեղանկարչության բնութագրական մասերից են: Ո՞րն է խորհուրդը:
-Խորհուրդը, գաղափարը ծառն է: Ծառն ինձ համար հեքիաթ է, յուրաքանչյուր ծառ մարմնավորում է կապը հողի և տիեզերքի միջև: Ասեմ, որ յուրաքանչյուր ծառ անմեկնելի արարչագործություն է, չկան առավել կամ պակաս սիրելի ծառեր: Թերևս, առանձնանում է ծիրանենին: Նա «ամենից տառապած» ծառն է, բեկվում է, գալարվում և հրաշալի պտուղ տալիս:
-Ծիրանենին հաճախ են նույնացնում Կենաց ծառի հետ:
-Գուցե, սակայն ծառի, բնաշխարհի հանդեպ սերս մանկուց է գալիս, և այն տարիներին, բնականաբար, պատկերացում չունեի Կենաց ծառի մասին:
-Մանկությունը հաճախ է կանխորոշում ստեղծագործողի լինելությունը:
-Վեցերորդ, թե յոթերորդ դասարանում անսպասելի մի գիրք ընկավ ձեռքս, «Канайма» վերնագրով: Սա անտրոպիկական հիվանդություն է, երբ մարդը միաձուլվում է ծառին, ի զորու չէ այլևս ապրելու առանց ծառի: Այդ շրջանում սկսել էի նկարել: Ի դեպ, այդ գիրքն անծանոթ էր շատերին:
-Եվ սկսվեց «ծառանտառային էպոպեադ»:
-Ոչ այնքան: Այգի սիրել եմ վաղ մանկությունից: Մեր տունը Երևանում հայտնի «շոֆերների խանութի» դիմաց էր, ներկայիս Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տեղում: Տան առջև հողամասն էր, ինչպես ընդունված էր Երևանում:
-Անունդ ոչ այնքան երևանյան է, սակայն հասկանալի, պատերազմական սերնդի երեխաներին հաճախ էին կնքում պատերազմի հերոսների ազգանուններով:
-Մորաքրոջս հիմնարկի «նվերն» էր: Նա կուսակցական աշխատող էր, և երբ հերոս օդաչու Գաստելլոն զոհվեց, ի պատիվ նրա ինձ անվանակոչեցին Գաստելլո: Բայց մեր բակ վերադառնանք: Հետպատերազմյան Երևանում արգելում էին տնամերձ այգիները մշակել, բայց երբ տագնապի ժամանակ լույսերը քողարկում էին, մթության քողի տակ բակի հարևանները խնջույքի էին նստում, յուրաքանչյուրը` իր համեստ պաշարով և գինու բաժակով։ Ի դեպ շատ վաղ տարիքից եմ սկսել խմիչքին մերձենալ: Բայց չափի զգացումով, այդ յուրօրինակ մշակույթի օրինաչափությունները պահպանելով: Եվ մեղավորը «Թիֆլիսի խալխ» մորական պապս էր, ով հեղափոխությունից առաջ կտորեղենի առևտրով էր զբաղվում, Վարշավայից, Լոձից մինչև Թիֆլիս ու Երևան կտոր էր ներկրում և խանութներ ուներ:
-Մինչ այս, անշուշտ, հետաքրքիր դրվագին անդրադառնալը հիշեն՞ք, թե ինչո՞ւ թույլ չէին տալիս բակի այգին մշակել:
-Հարկ էին սահմանել յուրաքանչյուր ծառի համար: Իսկ դա լրացուցիչ հոգս էր անապահով բնակչության համար: Բակում մի թթի ծառ էր մնացել: Բակն անհանդուրժելի վիճակում էր, ամենուր լվացքաջրեր էին, անհաճո վիճակ: Եվ ահա ոչ պտղատու, խիստ երևանյան և ոչ քմահաճ ծառ տնկեցինք, լրտուները տեղեկացրին համապատասխան մարմիններին, բայց ոչնչի չհասան, ծառը մնաց: ՈՒ սա ապագա այգու հիմնաքարը դարձավ, ինչն էլ պարտադրեց խնամել բարձիթողի բակը: Հիշում եմ, մեր բակին առընթեր մայթը սալապատում էին, գերմանացի գերիներն էին աշխատում: Տատս նրանց հաց էր տալիս, չնայած որդիներից մեկը զոհվել էր ռազմաճակատում: Ի դեպ, գերիներն ազգությամբ ռումինացի էին, հացի դիմաց քարից տաշած խաչեր էին մեզ նվիրում: Մի օր նրանց կատակով խակ պոմիդոր հասցրի ու շատ զարմացա, որ մեծ հաճույքով կերան:
Մի խոսքով, բակը կարգի բերեցինք, վերածեցինք այգու, ժամանակ անց նաև խաղող տնկեցինք և այլն: Այսինքն, մեր բակը, բակի մարդիկ, այգին և անտառը յուրովի ձևավորել են իմ գեղանկարչական ճաշակն ու գիտակցությունը:
-«Բակային անցյալիդ» դեռ կվերադառնանք: Անտառը և Գաստելլոն:
-Անտառը նախ խաղաղություն է: Այն փոխվում է անընդհատ` հետևելով արևի ընթացքին: Եվ ահա անտառը տխրում է, արևը չկա, ամեն բան գորշ է, միապաղաղ, բայց սքանչելի:
-Անտառում հաճա՞խ ես «խարիսխ նետում», թե այն քեզ համար լոկ գեղագիտական-հայեցողական արժեք է:
-Իջևանի կողմերում Լաստիվեր տեղանք կա, հարուստ խաչքարերով, զարմանալի գեղեցկություն է, ժամանակին այնտեղ մենաստան է եղել: Ես այնտեղ չեմ նկարում: Զմայլվում եմ, միաձուլվում անտառի հետ:


«ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՌ ԿԱՐՈՂ ԵՄ ՆԿԱՐԵԼ, ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՐԴՈՒ` ՈՉ»


-Քո մյուս նախասիրությունը կերպարվեստում դիմանկարն է: Ի՞նչ ես փնտրում այստեղ:
-Նախ ամեն մարդու չէ, որ կամենում եմ նկարել: Ցանկացած ծառ կարող եմ նկարել, ցանկացած մարդու` ոչ: Քանզի մարդու մեջ երբեմն շատ արատավոր բաներ կան, որ տեսանելի են ինձ: Երբեմն մարդուն նկարում եմ այնպիսին, ինչպիսին կուզենայի, որ նա լիներ: Սակայն բնորդը հաճախ նկարից հրաժարվում է, քանի որ այն իրեն այնքան էլ նման չէ: Ծառի նկարագրում ամեն բան հղկված է, կատարյալ: Ծառը չի բողոքում։
-Հանրահայտ են քո ինքնադիմանկարները: Այստեղ ո՞րն է խորհուրդը։
-Թերևս շատ ինքնատիպ չէ ասածս, բայց ինձ չեմ կեղծում, չեմ ընդունում խորաթափանց հայացք, պաթետիկ դիրք և այլն: Սովորաբար ինձ նկարում եմ հայելու անդրադարձում, երբեմն էլ առանց հայելու: Ավելացնեմ, որ շատ բարձր եմ գնահատում վերածննդի խոշորագույն վարպետներից մեկի` Հանս Հոլբայնի դիմանկարները: Ավարտուն են, թեթև, միաժամանակ առանց բծախնդրության, ճիգի նշույլի: Փորձեցի մի պահ նրա հետևից գնալ, տեսա, որ իմ բանը չէ: Նաև ջուր և ամպ եմ սիրում պատկերել, հատկապես ամպի ու ջրի միաձուլման պահը, երբ անգամ հորիզոնն է անհետանում:
Նկարում եմ գիշերվա խաղաղության մեջ` երաժշտության ներքո: Դասական երաժշտության, հատկապես` սիմֆոնիկ: Ի դեպ, առաջին սկավառակն ինձ նվիրել է մեր բակում ապրող, ճանաչված բռնցքամարտիկ Վիլիկ Գաֆեջյանը. Բեթհովենի «Էգմոնտն» էր: Այն տարիների համար դժվար հայթայթվող սկավառակները բերում էր շրջագայություններից: Ինքն էլ էր դասական երաժշտության սիրահար: Մի այլ հոգատար դրկից էլ ունեի` Յակով Զարգարյանը, ապագայի ճանաչված մշակութաբանը և գործիչը: Նա սովորում էր Գորկի քաղաքի կոնսերվատորիայում, ձեռք էր բերում նշանավոր «Օգոնյոկ» հանդեսը, կտրատում նկարներն ու ուղարկում ինձ: Ի դեպ, Յակովի կրտսեր եղբայրն ավտոմոտոսպորտի ՍՍՀՄ չեմպիոնն էր, պրոֆեսիոնալ տաքսու վարորդ, ով բեմական լավ ձայն ուներ և երկու տարի երգել էր օպերային թատրոնում: ՈՒ գիտե՞ս ինչ հիշեցի. մեր բակում նարդի չկար, չէին խաղում: Գուցե դա պապիցս էր գալիս, չէ՞ որ մենք այդ երկհարկանի, սև, սրբատաշ տուֆից կառուցված տան սեփականատերն էինք, մյուսները` մեր վարձակալները: Նա գրեթե չէր խոսում, շատ էր առանձնացած, մեկուսի: Այժմ ենթադրում եմ, որ նախկին փառքի, հարստության կորուստն էր պատճառը: Սովորաբար առանձին էր ճաշում: Նրա պատճառով խմիչքին բավականին վաղ մերձեցա: Նա հազվադեպ էր խմում, բայց խմիչք ուներ միշտ: Հարևաններով` երեք-չորս ընտանիք, ճաշի էինք նստում ընդհանուր սեղանի շուրջը, և մեր համեստ ճաշը ինքնաբերաբար խնջույքի էր վերածվում: Պապս ճաշում էր մեկուսի, պատուհանի մոտ: Հարևանները սովորեցրին, որ մոտենամ նրան և օղի խնդրեմ, պատճառաբանելով, որ փորս ցավում է, օղի պիտի խմեմ, որպես ցավազրկիչ: Օղին հրամցնում էր, ես հասցնում էի մեր սեղանին։ Հետո կռահեց, լցնում էր օղին և ասում` խմիր հենց հիմա: Խմում էի: Խմիչքը ուղեկից է, բարեկամ, միայն թե պիտի պահես չափի զգացումը:
Ինձ երբեմն հարցնում են` դե, նկարիչ ես, հասկանալի է, խմում ես, որ նկարես: Պատասխանում եմ` ոչ, նկարում եմ, որ խմեմ: Կտավին գինու ազդեցության տակ մոտենալը բնորոշ չէ ինձ: Նաև` շատերին:


Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ