Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԼՂՀ նախագահի ուղերձը

ԼՂՀ նախագահի ուղերձը
23.07.2012 | 17:57

2012թ. հուլիսի 19-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերընտրված Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հինգերորդ ընտրություններն արդեն իսկ կայացածիրողություն են: Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը իրավական պետության կառուցման և ազգային իղձերի իրականացման ճանապարհին, նրա բարձր քաղաքացիական կեցվածքի ու իմաստնության ևս մեկ դրսևորումը: Արցախի ժողովուրդը կրկին վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային նորմերին ու սկզբունքներին և ազատ, անկախ ու արդար պետություն կառուցելու ուղու անշրջելիությանը:
Ես խորին երախտագիտություն եմ հայտնում Արցախի բոլոր քաղաքացիներին` ընտրություններին մասնակցելու համար, նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են իմ օգտին` բարձր վստահություն հայտնելով ինձ, և նրանց, ովքեր պաշտպանել են նախագահի մյուս թեկնածուներին: Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ` ինձ համար չկա ավելի մեծ ու պարտավորեցնող ուժ, քան իմ ժողովրդի վստահությունը և պատասխանատվությունը մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ մենք պատրաստակամ ենք ու վճռական այդ ապագայի կերտման գործում:
Երախտագիտություն եմ հայտնում նաև միջազգային դիտորդներին, ովքեր հետևել են այս ընտրությունների ընթացքին և որակել որպես միջազգային չափանիշներին համապատասխան, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Նրանց կարծիքը, գնահատականներն ու առաջարկությունները չափազանց կարևոր են մեր պետության կայացման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար:
Այս հինգ տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք, սակայն անելիքներն էլ դեռ շատ են: Մենք հետևողական ենք լինելու առկա հիմնախնդիրները լուծելու, թերությունները վերացնելու, բացթողումները շտկելու գործում: Կարվի հնարավոր ամեն ինչ պետության հետագա զարգացման ու զորացման, պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք հաջողությամբ իրականացնել մեր համազգային նպատակներն ու ձգտումները և անպայման կարձանագրենք նոր հաղթանակներ:
Շարունակենք սկսածը` հանուն Արցախի, հանուն մեր ապագայի»:

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ