Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայկական օլիգարխիայի անատոմիան. վտանգ քաղաքական իշխանության համար

Հայկական օլիգարխիայի անատոմիան. վտանգ քաղաքական իշխանության համար
24.07.2012 | 03:18

Գաղտնիք չէ, որ 1990-ականների ամենաթողության պայմաններում ձևավորված հայկական օլիգարխիան որոշակիորեն աշխատում է իր «իմիջի» վրա, ինչը հիմնականում դրսևորվում է «բարեգործական» գործունեությամբ: Խնդիրն այն է, որ հայ օլիգարխներն ու նրանց շրջապատը հասկանում են, որ իրենց գոյությունն ու հավակնությունները չեն կարող հասարակության «սրտով լինել», ուստի վաղ, թե ուշ հասարակական բողոքի ալիքը այն աստիճանի կհասնի, որ նրանք ստիպված կլինեն պատասխան տալ նախորդ տարիների գործունեության համար: Այդ պատճառով էլ հայ օլիգարխների զգալի մասը ջանում է բարեգործի «իմիջ» կերտել` մի քանի կոպեկ նետելով հասարակության խոցելի խավերի առաջ և շատ ավելի մեծ գումարներ ծախսելով այդ «կոպեկնետոցիները» լուսաբանելու վրա:
Կասկածից վեր է, որ հայկական օլիգարխիան գոնե ենթագիտակցական մակարդակում հասկանում է, որ հանրային հարաբերությունների զարգացման դինամիկան ենթադրում է կապիտալի վերաբաշխում, որը մի շարք երկրներում ընթացել է բավականին ցավոտ պայմաններում: Բավական է միայն հիշել ֆրանսիական Մեծ հեղափոխության և 1917-ի բոլշևիկյան հեղափոխության հետևանքները տարիներ շարունակ մարդկանց աշխատանքը յուրացրած, օրենքից դուրս կապիտալ կուտակած և ամենաթողության բարքերից երես առած խավի համար, և պարզ կլինի, որ հայկական օլիգարխիան ևս մտածելու շատ լուրջ առիթներ ունի, հատկապես, երբ երկրի բնակչության մոտ 40 տոկոսը գտնվում է աղքատության շեմին: Հենց այս աղքատներն են ապագա հեղափոխության սոցիալական հենքը, որոնց ավելի շատ հետաքրքրում են ոչ թե քաղաքական զարգացումները, այլ սոցիալական անարդարության վերացումն ու օլիգարխների կուտակած հարստության վերաբաշխումը:
Վերը նշվածը, առաջին հայացքից, զուտ տեսական զարգացումների հարթությունից է, սակայն չմոռանանք, որ մեզնից շատ ավելի ցածր զարգացում ունեցող հասարակությունները տակավին վերջերս հեղափոխական ալիք բարձրացրին և տապալեցին իշխող վերնախավը: Խոսքն արաբական երկրների հեղափոխությունների մասին է: Ի դեպ, Թունիսի, Եգիպտոսի, Լիբիայի, ինչու չէ, նաև Սիրիայի փորձը շատ ուսանելի է Հայաստանի համար: Եթե փորձենք համեմատության եզրեր անցկացնել, ապա կստացվի, որ Հայաստանը ևս այդ ճանապարհին է, և մեր երկրում հեղափոխությունն ընդամենը ժամանակի հարց է: Իհարկե, վերը հիշատակված երկրների առնչությամբ կարելի է ասել, որ հեղափոխություններն արտաքին միջամտության արդյունք էին, և սոցիալական խնդիրը երկրորդական էր, սակայն պետք է նշել, որ ցանկացած երկրում հեղափոխության առաջնային պատճառը միայն ու միայն ներքին խմորումներն են:
Ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներն ապացուցում են, որ տեսական սցենարներն արագորեն իրականանալու ունակություն ունեն: Հնարավոր է, որ Հայաստանում սոցիալ-քաղաքական զարգացումների հնարավոր սցենարներն ակնթարթորեն իրականանան, քանզի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ աշխարհը շատ արագ է փոփոխվում` իր հետ բերելով գործող իշխանության համար նորանոր մարտահրավերներ: Գաղտնիք չէ, որ հայկական օլիգարխիայի կենցաղավարության և ֆինանսատնտեսական հավակնությունների հետևանքով երկրում առկա է ծայրաստիճան լարված սոցիալական իրավիճակ, բևեռվածությունը հասել է իր գագաթնակետին, ինչը բավականին լուրջ հիմք է հեղափոխական ալիքի ձևավորման համար: Իսկ ո՞վ է ասել, որ արաբական երկրների օրինակով Հայաստանում ևս արտաքին հրահրում կամ միջամտություն չի լինելու:
Ինչ է, Հայաստանը թշնամիներ չունի՞, կամ ո՞վ է հաշվարկել այն հանգամանքը, թե տարածաշրջանային զարգացումներն ինչպիսի՞ հունով են ընթանալու, և հայաստանյան ներկայիս քաղաքական իշխանությունն իր ներքին ու արտաքին գործոններով ինչքանո՞վ է ձեռնտու աշխարհաքաղաքական կենտրոններին, և արդյո՞ք նրանք Հայաստանում ևս հեղափոխություն չեն խրախուսի: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարելի է գտնել միայն լրջագույն ուսումնասիրության հիման վրա` չբացառելով, որ տեսական հարթության վրա ամեն ինչ հնարավոր է: Նշենք, որ հենց այս վտանգները հաշվի առնելով` հայկական օլիգարխիան փորձում է խուսափել հնարավոր հեղափոխության և կապիտալի վերաբաշխման վտանգից: Մեր օլիգարխները գործում են երկու ուղղությամբ` քաղաքական և բարեգործական:
Քաղաքական հարթության վրա օլիգարխիան բավականին հետաքրքիր առաջընթաց է գրանցել` ներթափանցելով պետական կառավարման գործադիր և հատկապես օրենսդիր մարմիններ: Եթե նախկինում օլիգարխներ համարյա թե չկային գործադիր մարմնում, ապա ներկայումս օլիգարխները կամ նրանց ներկայացուցիչները գործադիր մարմնում ներկայացված են անգամ նախարարների մակարդակով: Ինչ վերաբերում է օրենսդիր մարմնին, այստեղ վիճակն է՛լ ավելի տխուր է: Եթե նախկինում օլիգարխները Ազգային ժողովի պատգամավոր էին ընտրվում մեծամասնական ընտրակարգով, այժմ հայկական օլիգարխիային հաջողվել է օրենսդիր մարմին ներթափանցել նաև համամասնական ընտրակարգով` ապահովելով նաև օլիգարխիկ խմբակցության առկայություն: Ինչքան էլ թիվ մեկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանը փորձի քաղաքական տարրեր ներմուծել ԲՀԿ գործունեության մեջ, միևնույն է` ԱԺ ԲՀԿ խմբակցությունն օլիգարխների շահերի պաշտպանության գլխավոր գործոնն է օրենսդիր մարմնում: Նույնը կարելի ասել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասին: Արդարության համար նշենք, որ սահմանադրական հիերարխիայով Հայաստանի երկրորդ պետական պաշտոնյա Հովիկ Աբրահամյանը, ով հայտնի մեծահարուստ է, իր հիմնական առաքելությունը դիտարկում է հայկական օլիգարխիայի դիրքերի պահպանման և բարգավաճման գործում:
Ինչ վերաբերում է հայկական օլիգարխիայի «բարեգործական» գործունեությանը, այստեղ մեր օլիգարխները լուրջ խնդիրներ ունեն: Հասարակության մտածող մասին անհնար է ապացուցել, որ օլիգարխիան բարի նպատակներ է հետապնդում: Բացի դրանից, ակնհայտ է, որ հայկական օլիգարխիան իր բարեգործական գործունեությունը չի կարողանում ապահովել բարձր մակարդակի վրա` առաջնորդվելով ցածրորակ միջոցառումների կազմակերպմամբ և անհեռանկար ծրագրերի իրականացմամբ: Դրա վառ ապացույցներից է Կարապետյան եղբայրների կազմակերպած «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի հետևանքով նյութական հնարավորություններ են ստանում այն մարդիկ, որոնք առանց այդ էլ դրա կարիքը չունեն: Դեռ ավելին, Կարապետյան եղբայրների մշակութային «բարեգործական» նախաձեռնությունը քարոզում է ռաբիսի և կասկածելի մշակույթի տարածումը: Ծառուկյանական «տուկի թել-ծերանոցին հեռուստացույց-էժանագին ակնոց և տրակտոր» բարեգործության մասին, կարծում ենք, խոսելն անգամ ավելորդ է:
Ինչևէ, հայկական օլիգարխիան այս տարիների ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգն այնպես է կազմալուծել, որ հեղափոխության ուրվականը դարձել է միանգամայն շոշափելի: ՈՒստի նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտ ապագայում պետք է ամեն ինչ անեն ստեղծված իրավիճակը շտկելու համար, քանզի սպասվող նախագահական ընտրությունները հարմար առիթ են երկիրն օլիգարխների մենաշնորհից ազատելու և բնականոն ու քաղաքակիրթ սոցիալ-տնտեսական, քաղաքական համակարգ ստեղծելու համար:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6007

Մեկնաբանություններ