Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Օլիգարխների հերթական բանսարկությունը

Օլիգարխների հերթական բանսարկությունը
26.07.2012 | 20:13

Անցած շաբաթ հանրապետության լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե տեղեկություններ կան, որ Հայաստանի օլիգարխներն ու խոշոր գործարարները «հակավարչապետական կոալիցիա» են ստեղծել, նպատակ ունենալով հասնելու այն բանին, որ Սերժ Սարգսյանը համաձայնի պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին: Նշվում էր, որ Սերժ Սարգսյանի` հունիսի 27-ից 28-ին` Բելգիա կատարած այցի օրերին, ՀՀ-ում տեղի է ունեցել հակավարչապետական գործարարների հավաք։ «Մասնակիցները որոշել են` անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի ՀՀ իշխանությունները գիտակցեն, որ իրենք են օլիգարխիայից կախված և ոչ թե` հակառակը: Ըստ այդմ, որպես նախազգուշացում, գործարարները որոշել են տապալել իշխանությունների յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելու պլանը, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր կառավարության առաջին` հունիսի 18-ի նիստում: Իսկ եթե տնտեսական աճ ապահովելու պլանը տապալվի, ապա Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը կդառնա անխուսափելի»:

Այն, որ վերջին տարիներին Հայաստանի օլիգարխների զգալի մասն ընդգծված շփոթության մեջ է, վաղուց արդեն գաղտնիք չէ: Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո հայաստանյան քաղաքական ու ֆինանսատնտեսական գործընթացներն այնպիսի ուղղությամբ զարգացան, որ ամենաթողության պայմաններում ձևավորված նոր դասակարգը` օլիգարխիան, որոշակիորեն անհարմար կացության մեջ հայտնվեց: Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասը տարիները պարարտ հող էին օլիգարխիկ դասակարգի վերջնական արմատավորման համար: Հիշենք, որ օլիգարխիան պետության օրենսդիր և գործադիր մարմիններում արմատավորվեց հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, երբ արտոնյալ պայմաններում տնտեսական գործունեություն վարելու իրավունք, դրա արդյունքում էլ` հսկայական կապիտալի կուտակման հնարավորություն ձեռք բերեց:
1998-2008-ին Հայաստանի քաղաքական դաշտում հաստատված հարաբերակցությունն այնպիսին էր, որ կառավարության ղեկավարը, ըստ էության, չէր կարողանում ներգործել տնտեսական գործընթացների վրա, իսկ օլիգարխներն էլ, իրենց հարցերը լուծելով երկրի ղեկավարի հետ, կարողանում էին հարկային-մաքսային արտոնություններ ձեռք բերել և, ունեցած հսկայական կապիտալը ներդնելով նաև քաղաքական գործընթացներում, բացառել տնտեսական բարեփոխումների իրականացումն ու գործարարության ոլորտում խաղի արդար կանոնների հաստատման փորձերը:
Նշենք, որ իրավիճակը փոխվեց 2008-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երբ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ու նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձեռնամուխ եղան տնտեսության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու գործին: Ներքին բարդագույն պայմաններում նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը, բովանդակային առումով հասկանալով բողոքի և արմատականության հիմնական պատճառները, վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին` նրան հանձնարարելով որոշակի շտկումներ մտցնել տնտեսական գործավարության և պետություն-մասնավոր հատված հարաբերություններում: Վերջին տարիներին կառավարության ընդունած որոշումներն ու օրենսդրական նախաձեռնությունները չէին կարող աննկատ մնալ օլիգարխների համար, այդ պատճառով էլ, 2009-ից սկսած, «ազատ մամուլը» պատվիրված հոդվածներով ու տեղեկատվական սաբոտաժներով հանգիստ չի տալիս վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Խնդիրն այն է, որ օլիգարխները չեն կարողանում հասկանալ նախագահի և վարչապետի տնտեսական քաղաքականության փոփոխությանն ուղղված սլաքների տրամաբանությունը և այդ չհասկացվածության պայմաններում որոշակի վտանգներ են զգում, ինչն էլ ստիպում է նրանց պայքարել վարչապետի դեմ և պահպանել այն բոլոր հնարավորություններն ու արտոնությունները, որոնցից տարիներ շարունակ օգտվել է օլիգարխների դասակարգը: Պետք է նշել, որ հայկական օլիգարխիան Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականության դեմ պայքարի հիմնական սլաքն ուղղել է հենց վարչապետի դեմ, քանզի գիտակցաբար կամ բնազդաբար վախենում է Սերժ Սարգսյանի դեմ գործողություններ իրականացնելուց:
Միևնույն ժամանակ, արտաքուստ լավ հարաբերություններ պահպանելով երկրի գլխավոր-գերագույն հրամանատարի հետ` օլիգարխներն իրենց պայքարի հիմնական թիրախ են դարձրել վարչապետին` շատ լավ հասկանալով, որ անուղղակիորեն հարվածում են նաև նախագահին: Պետական իշխանություն-օլիգարխիա հարաբերությունների նրբությունները հայտնի են բոլորին, և վերլուծաբանների համար մեծ գաղտնիք չէր այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների շեմին Հովիկ Աբրահամյանը, ով պետության օրենսդիր մարմնում համարվում է հայկական օլիգարխիայի շահերի թիվ մեկ պաշտպանը, ստիպված էր հրաժարական տալ: Որոշ լուրերի համաձայն, Արգամիչի հրաժարականի հիմնական պատճառը «հակավարչապետական կոալիցիայի» գործունեությունն էր, ինչը դուր չէր եկել նախագահին:
Ինչևէ, հանրապետության լրատվամիջոցներից մեկի վերոհիշյալ տեղեկատվությունը բավականին ուշագրավ կողմեր ունի: Պարզ է, որ օլիգարխները գիտակցում են այն փաստը, որ ժամանակն իրենց դեմ է աշխատում, և նախագահական ընտրություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը, հինգ տարվա կառավարման «քարտբլանշ» ունենալով, հանձնարարելու է Տիգրան Սարգսյանին ավարտին հասցնել տնտեսության բարեփոխման ինստիտուցիոնալիզացիայի գործընթացը, ինչն էլ կնշանակի, որ եվրոպական կառույցների գործուն աջակցությամբ Հայաստանի իշխանություններն ավարտին հասցրին տնտեսական գործունեության ոլորտում խաղի արդար կանոններ հաստատելու գործը: Առանց մենաշնորհների և հարկային-մաքսային արտոնությունների օլիգարխիան արագորեն կկորցնի կուտակած կապիտալը, քանզի ստիպված կլինի գործունեություն ծավալել այնպիսի պայմաններում, որտեղ հաղթում են մտքի թռիչքն ու ինտելեկտը, ոչ թե քրեական մոտեցումներն ու զոռբայությունը:
Գիտակցական կամ ենթագիտակցական հարթության վրա այս ամենն ընկալող օլիգարխիան ներկայումս պատրաստվում է մի յուրահատուկ խաղի, որի իմաստը Սերժ Սարգսյանին վերջնագրեր ներկայացնելն ու դրա հետևանքով Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից հեռացնելն է: Հավանաբար, հայկական օլիգարխիան այս կերպ է պատկերացնում վերջնական ջախջախումից խուսափելու միակ ելքը և չի ցանկանում հասկանալ, որ վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին պահանջը նույնն է, ինչ նախագահի պաշտոնից հրաժարականի պահանջ ներկայացվի Սերժ Սարգսյանին, քանզի այս տարիներին նախագահն ու վարչապետը գործել են լիակատար փոխգործակցության պայմաններում:
Ինչ վերաբերում է 7-տոկոսանոց տնտեսական աճը կանխելու օլիգարխների ցանկությանը, ապա նախ և առաջ պետք է նկատել, որ հայկական օլիգարխիան տնտեսական զարգացման գործում գրեթե ազդեցություն չունի: Հայաստանի տնտեսության քաղցկեղը` օլիգարխիան, գործելով արտոնությունների պայմաններում, քաղաքական իշխանության կողմից վաղուց արդեն լրջորեն չի դիտարկվում որպես տնտեսական զարգացման պետական ռազմավարության մասնակից կամ հնարավոր դաշնակից: Բացի դրանից, վերջին շրջանի մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները, տնտեսական զարգացման փորձագիտական կանխատեսումներն ու, ի վերջո, առատ բերքը խոսում են այն մասին, որ կառավարությունը տարին եզրափակելու է 7 տոկոսից ավելի տնտեսական աճով: ՈՒստի հայկական օլիգարխիան պետք է մտածի նոր սցենարների մասին։


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4415

Մեկնաբանություններ