«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Գործնական ծրագրերն անհրաժեշտություն են

Գործնական ծրագրերն անհրաժեշտություն են
27.07.2012 | 03:52

Թեև այս պահին ամառային անդորր է քաղաքական դաշտում, սակայն դա խիստ թվացյալ է։ Իրականում քաղաքական միավորները ջանասեր մեղվի պես աշխատում են` պատրաստվելով 2013-ի նախագահական ընտրություններին, և, բնականաբար, ներկուսակցական դաշտերում ակտիվ աշխատանքներ են տարվում` վերադասավորումներ են իրականացվում։ Մի խոսքով, քաղաքական դաշտը լարված է, և մեկնարկը կտրվի սեպտեմբերի 1-ին։
Բայց ամենագլխավորն այս ֆոնի վրա թերևս չերևացող երևույթներն են, մասնավորապես, տնտեսական դաշտում։ Եթե ուզում ես ամուր քաղաքական հենարան ունենալ, ապա պետք է ապահովես կայուն տնտեսական դաշտ։ Արդյո՞ք այդպիսի դաշտ կա այսօր։ Հետևելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումներին, միանգամից կարելի է ասել, որ այս դաշտում լուրջ խնդիրներ կան, առավել ևս, եթե անդրադառնանք բանկային համակարգին, ապա այդ բացն ավելի ցայտուն է զգացվում։ Երբ խոսում էինք տնտեսության չերևացող երևույթներից, նկատի ունեինք հենց բանկային համակարգը։ Համակարգ, որն ապահովում է տնտեսության շարժիչներից մեկը։ Սակայն այս ոլորտում գնալով նկատվում է ներդրումների ծավալների և վարկառուների ներգրավվածության նվազում։
Առևտրային բանկերն այսօր տարբեր ակցիաներ են իրականացնում վարկառուներ և ներդրումներ ներգրավելու համար, շեշտենք` այնպիսի ակցիաներ, որոնք չէին իրականացնի մինչ 2009 թվականը, այսինքն` գլոբալ ճգնաժամից հետո միայն բանկերն անցան այս նոր քաղաքականությանը։ Սա նշանակում է, որ ճգնաժամը, որը խիստ բացասաբար ազդեց տնտեսության վրա, անուղղակիորեն ներխուժեց բանկային համակարգ։ Բանկը, ընդհանրապես, համարվում է տնտեսության ինդիկատոր։ Եվ եթե այս ոլորտում գործընթացները դանդաղ են զարգանում, կամ նկատվում է գործարքների նվազում, ապա նշանակում է, որ տնտեսությունը լավ վիճակում չէ։ Իսկ այն, որ բանկային համակարգում ամեն ինչ նույնը չէ, ինչ 2009-ից առաջ, փաստում են նաև բանկիրները։ «Ընդհանուր առմամբ նվազել են վարկերի պահանջարկը, ներդրումների ծավալները»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեցին մի շարք առաջատար բանկերի ղեկավարներ։
Նման իրավիճակ կարելի էր ենթադրել, ուստի ասել, թե սա անսպասելի երևույթ է, թերևս, ճիշտ չէ։ Այն պարզ պատճառով, որ ճգնաժամը, որը հարվածեց տնտեսությանը, ինչի արդյունքում ՀՆԱ-ի ցուցանիշները խիստ նվազեցին, որը հանգեցրեց նաև մարդկանց աշխատավարձերի կրճատման, գործարար շրջանակներում եկամուտների նվազման, գործազրկության, ուղղակիորեն բացասաբար ազդեց բանկային համակարգի վրա։ Եվ, բնականաբար, այս ֆոնի վրա ակնկալել, որ բանկային համակարգը կարող է զարգանալ և թափ հավաքել, միամտություն կլիներ։ Եթե նկատենք նաև, որ աշխարհը կանգնած է գլոբալ ճգնաժամի երկրորդ ալիքի առջև, և եվրոպական զարգացած երկրներն արդեն իսկ լուրջ խնդիրներ ունեն, ապա հույս ունենալ, որ Հայաստանում ամեն ինչ լավ կլինի` և՛ տնտեսությունը կզարգանա, և՛ բանկային համակարգը, կնշանակի չլինել իրատես։ Իսկ անիրատեսությունը բարի պտուղ տնտեսության մեջ չի տալիս։ Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, խնդիրը կարող է կարգավորվել տնտեսական գործնական ծրագրերով, որոնք իսկապես կաշխուժացնեն տնտեսությունը։ Սա անհրաժեշտ է ոչ միայն բանկային համակարգին, այլև առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ նախագահին, քանի որ այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակը նպաստում է սոցիալական դժգոհության ալիքի մեծացմանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ