Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ծանր մետաղներով աղտոտված հողերի մաքրման ծրագիր»

«Ծանր մետաղներով աղտոտված հողերի մաքրման ծրագիր»
30.07.2012 | 17:10

Օրերս ավարտվեցին Հայաստանի պետական ագրարային (ՀՊԱ) և ԱՄՆ-ի Ֆրեզնոյի համալսարանների ագրոէկոլոգիայի ամբիոնների համատեղ իրականացրած «Ծանր մետաղներով աղտոտված հողերի մաքրման ծրագրի» առաջին փուլի (2008-2012 թթ.) աշխատանքները, որոնք նպատակաուղղված էին էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական բնամթերքների ստացմանն ու մշակմանը: Ծրագրի շրջանակներում, «Արարատցեմենտ» և «Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերություններին հարող տարածքներում, ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի աջակցությամբ, այդ նպատակով հիմնվել են ծիրանի, խաղողի մի քանի հեկտար այգիներ, զուգահեռաբար կատարվել է նաև միամյա մշակաբույսերի` ձմերուկի և պոմիդորի ցանք:

Վերոհիշյալ տեղանքներում մշակաբույսերն ի՞նչ ձևով են սնուցվել, ի՞նչ եղանակով է կանխվել վտանգավոր էլեմենտների և ծանր մետաղների ներթափանցումը դեպի այդ բույսերի գեներատիվ օրգաններ, պտուղներ ու սերմեր: Այս հարցով «Իրատես de facto»-ն դիմեց ՀՊԱՀ-ի ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ծրագրի համակարգող ՄԵՐՈՒԺԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ:
-Վերոհիշյալ մշակաբույսերն աճեցվել են էկոլոգիապես անվտանգ օրգանական պարարտանյութերով և հանքային մելիորանտներով (բնական ցեոլիտ, դացիտային տուֆ) պարարտացված հողերում,- պարզաբանեց մեր զրուցակիցը:- Նշված մելիորանտները, որոնք օժտված են կլանման բարձր հատկություններով, ներծծում և մինչև 7 տարի իրենց ծակոտիներում պահում են հողում եղած ավելցուկ հանքային աղերն ու նյութերը` հետագայում մշակաբույսերի արմատային համակարգին դրանք «մատակարարելով» բնականոնորեն և աստիճանաբար: Վերոնշյալ նյութերից բացի, հողերը սնուցվել են նաև գոմաղբով և կենսահումուսով, որոնք նույնպես (2,6-6,3 անգամ) նվազեցնում են ծանր մետաղների ներթափանցումը դեպի բույսերի գեներատիվ օրգաններ, պտուղներ ու սերմեր:
- Ինչպիսի՞ն էր նշված հողերից ստացված առաջին բերքը:
-Հիանալի: Արդյունքն ակնհայտ էր հատկապես բանջարանոցային ցանքատարածքներից ստացված բերքի որակի և քանակի ցուցանիշների գծով: Մեկ հեկտարից ստացվել էր 400 ց պոմիդոր, ինչպես նաև 360-390 ց ձմերուկ: Բավարար էր նաև այգետարածքների բերքը: Մեկ հեկտարի վրա գտնվող պտղատուներից ստացվել էր 70-75 ց ծիրան, տնկարկներից` 158-180 ց խաղող: Բացի դրանից, ՀՊԱՀ-ի էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիայի փորձագետների հետ համատեղ, անցած տարվանից Արարատի տարածաշրջանի Տափերական համայնքի տարածքում, նշված կենսահումուսի հետ, ցանքերը սնուցվել են նաև բենտոնիտային կավի (քիմիական անվանումը` մոնտմոնոլիտ) տարբեր քանակներով: Վերջինս նույնպես կանխում է ծանր մետաղների ներթափանցումը բույսերի օրգաններ: Բենտոնիտային կավի ազդեցությունն աննախադեպ էր հատկապես պոմիդորի բերքատվության վրա:
- Այսօր ի՞նչ աշխատանքներ են իրականացվում նշված տարածքներում:
-Վերջերս այնտեղ գիտական ուսումնասիրություններ անցկացրին ՀՊԱՀ-ի մասնագետները: Նրանք գնահատեցին և ճշտեցին ծանր մետաղների ներկայումս եղած առկայությունը ինչպես այդ հողերում, այնպես էլ դրանցում աճեցրած գյուղատնտեսական մշակաբույսերի մեջ: Արդյունքները գնահատվեցին բավարար:
-Ո՞վ է հովանավորելու ծրագրի երկրորդ փուլը, և ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում:
-Ծրագիրը գիտականորեն հիմնավորել, հաստատել և հետագա հովանավորումը հանձնառել է ԱՄՆ-ի «Իզաբելլա-Գրին» բարեգործական կազմակերպությունը, որն աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացնում է տեխնածին աղտոտված հողատարածքների վերամշակման ծրագրեր:
Ծրագիրը կշարունակվի 2013-2014 թվականներին` հանրապետության (Նոյեմբերյանի, Ալավերդու, Արարատի, Հրազդանի, Զանգեզուրի տարածաշրջաններ ձեռնարկություններին հարող տարածքներում եղած աղտոտված հողերում` յուրաքանչյուր տարածաշրջանում շուրջ 20-30 հա-ի վրա: Նշված գործընթացը կապահովի նաև ծրագրի մասսայականացումը հանրապետության ֆերմերային և անհատական տնտեսություններում:
-Ծանր մետաղներով և նյութերով աղտոտված հողերը Հայաստանում ներկայումս քանի՞ հեկտար են:
-Ավելի քան 50 հազար հա: Մաքրելու և դրանցից էկոլոգիապես մաքուր բնահումք ստանալու համար անհրաժեշտ է յոթ տարին մեկ այդ հողերը պարարտացնել հանքային մելիորանտներով, իսկ երեք տարին մեկ` օրգանական պարարտանյութերով: Նշված գործընթացը, բնամթերքում եղած ծանր մետաղների քանակի նվազեցմանը զուգահեռ, կնպաստի էկոլոգիական նորմատիվներին համապատասխանող բերքի ավելացմանը:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 6778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ