Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Համազգային թատրոնի շուրջ (տեսանյութ)

Համազգային թատրոնի շուրջ (տեսանյութ)
30.07.2012 | 17:17

Երևանում կրկին կարող է վերականգնվել մայրաքաղաքային թատերական կյանքին բնորոշ հին ու բարի` դերասանական սրճարանների, ակումբների ավանդույթը, եթե իրականություն դառնա Համազգային թատրոնի (որը հետագայում կարող է անվանվել Սոս Սարգսյանի անվամբ) նոր շենքի կառուցումը, որի նախագիծը վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանինն է։ Այն նախատեսվում է կառուցել Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած զբոսայգում։ Կարող է, եթե...

Այս նախագիծը, դեռ կյանքի չկոչված, ավելին, Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս չհաստատված, ընդդիմախոսներ ունի, ի դեմս որոշ ճարտարապետների և «Երևանը իմն է» շարժման կողմից։ «Այգին հանրային տարածք է, և հանրության կարծիքն այս հարցում ամենակարևորն է, ինչո՞ւ են նորից փչացնում` կառուցապատում այգին»,- նշում են նրանք։ Իր հերթին, Համազգային թատրոնի լրատվական ծառայության ղեկավար Վարդան Մկրտչյանը հակադրվում է. «Ընդդիմությունն անառողջ է, քանի որ իր անձնական պատճառներից դրդված է բողոքում»։ Ինքնին հարց է առաջանում. ի՞նչ անձնականի մասին է խոսքը ճարտարապետների և նշված շարժման դեպքում։ «Անձնական շահերի մասին խոսելիս նկատի ունեմ որոշ ճարտարապետների, ովքեր անձնական պատճառներից դրդված են այդ քայլին դիմում։ Ինչ վերաբերում է «Երևանն իմն է» շարժմանը, ապա Երևանը նաև իմն է և ձերն է։ Այնպես որ, չեմ կարծում, որ թե մենք ավելի քիչ ենք մտածում Երևանի մասին»,- մեր հարցին ի պատասխան ասաց Վարդան Մկրտչյանը։
Ինչ խոսք, անվիճելի է, որ այգին հանրային տարածք է և պետք է պաշտպանվի, սակայն արդյո՞ք թատրոնի շենքի կառուցումը հարվածում է այդ գերակա շահին։ Կարծում ենք, այս հարցի պարզաբանումը, թերևս, ամենագլխավորն է այս վիճաբանությունում, քանի որ, առաջին, խոսքը ոչ թե ռեստորանի կառուցման մասին է, և երկրորդ, վերջին տարիներին ցանկացած հարց փորձ է արվում քաղաքականացնել և ստեղծել արհեստական սոցիալական լարվածություն։
Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած զբոսայգին, ի սկզբանե, երևանցիները չընդունեցին` բետոնապատ լինելու պատճառով, քանի որ ամբողջը հսկա շատրվանների շարք է, որոնք այդպես էլ կարգին չգործեցին, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ընդհանրապես չշահագործվեց։ Այս հանգամանքի, ինչպես նաև կանաչապատ տարածքների սակավության պատճառով հասարակությունը չսիրեց այգին, և այդպես էլ այն կարգին չշահագործվեց։ Միակ հատվածը, որն օգտագործվում է, «Մալիբու» սրճարանն է։ Այժմ, երբ թատրոնի շենքի կառուցմամբ հնարավորություն է տրվում այգուն երկրորդ կյանք տալու, հանդես են գալիս բացահայտ ընդդիմախոսներ։ Այն, որ երիտասարդներն են ընդդիմանում, դեռ այդ հարցին կանդրադառնանք, սակայն զարմանալի է, որ նույն այդ ընդդիմախոս ճարտարապետները մոռացության են տվել իրենց իսկ նախագծերով հանրային խոշոր տարածքներում, մարդաշատ Օղակաձև և Ծիծեռնակաբերդի այգիներում կառուցված հսկա շինությունները։ Սրանից ելնելով հարց է առաջանում. եթե կարելի էր այդ այգիներում կառուցապատում իրականացնել, ինչո՞ւ չի կարելի նույնն անել մեկ այլ այգում, որտեղ, բետոնից բացի, գրեթե ոչինչ չկա։ Ինչ վերաբերում է «Երևանը իմն է» շարժմանը, ապա շատ գովելի է, որ այսօրվա երիտասարդությունը փորձում է պահանջատեր լինել, սակայն արդյո՞ք Երևանը ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանինը չէ, և արդյո՞ք նա ավելի քիչ ավանդ ունի Հայաստանի կայացման գործում, քան որևէ ռեստորանատեր։ Հետաքրքիրն այն է, որ նույն այդ շարժման մասնակիցները շատ ավելի պասիվ են, երբ խոսքը որևէ ռեստորանի կառուցման մասին է։ Հետևաբար, եթե այս շարժումն իր հետևում չունի քաղաքական պատվիրատու, ապա ինչո՞ւ է մի դեպքում լռում, մյուս դեպքում` ոչ։ Թերևս, հասարակությունն այնքան էլ տեղեկացված չէ այդ մասին, սակայն մեզ համար գաղտնիք չէ, որ նման շարժումներն առանց ուղղորդող ձեռքի կյանք չունեն։ Ասվածն ապացուցում է և այն, որ վեճը սկսվել է, երբ անգամ քաղաքապետարանը նախագիծը դեռևս չի հաստատել, այլ ընդամենը գլխավոր ճարտարապետն ապագա թատրոնի տեղն է նախանշել։
Արդյո՞ք այս խմորը շատ ջուր կվերցնի, թե ոչ, սեպտեմբերին ավելի պարզ կերևա։ Սակայն արդեն անցած շաբաթ օրը Համազգային թատրոնը հրավիրել էր հանրային քննարկում, որին մասնակցում էր ոչ միայն Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, այլև նախագծի հեղինակը, ընդդիմախոսները, արվեստագետները և այգու հարակից շենքերի բնակիչները։ Քննարկումը թեժ էին, բայց առանց փոխադարձ վիրավորանքների։ Գուցե և կողմերն իրար այդպես էլ չհասկանային, եթե չխոսեր Երևանի գլխավոր ճարտարապետը։ Նա հիմնավորեց, որ թատրոնի շենքի կառուցումը հանրային տարածքը չի խախտում, քանի որ, առաջին, շենքը կառուցվելու է խիստ բետոնապատված տարածքում, երկրորդ, Հրազդանի կիրճ տանող թունելների մուտքը բաց է մնում, և երրորդ, շենքի վերնամասն օգտագործվելու է որպես այգի։ Ասվածից կարելի է ենթադրել, որ շենքը և՛ ներսից, և՛ դրսից մնում է որպես հանրային տարածք։ Քանի որ որպես թատրոն նա հանրային նշանակություն ունի, իսկ շենքի վերնամասի նախատեսվող այգին նույնպես հանրային նշանակության է։ Նկատենք, որ թատրոնի կառուցմանը կողմ են նաև բնակիչները. «Այս պահին այդտեղ գործող սրճարան է, թե խաղասրահ, ոչ թե հասարակական վայր է, այլ հասարակաց տուն` ինչ տեսակի հայհոյախոսություն ասես լսվում է այդտեղից»,- նշում էին նրանք։
Մի խոսքով, Համազգային թատրոնի մամլո խոսնակի համոզմամբ` խնդիրը պետք է դրական լուծում ստանա քաղաքապետարանում, քանի որ հանրային քննարկման վերջում գլխավոր ճարտարապետի ելույթից հետո բոլոր կողմերը ծափահարեցին, այդ թվում` ընդդիմախոսները։ Դե, ինչ, գուցե այս հանրային քննարկումը լավ նախադրյալ դառնա վեճերը քաղաքակիրթ ձևով լուծելու հարցում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Տեսանյութ

Համազգային թատրոնը կունենա՞ իր շենքը (տեսանյութը՝ «Ա1+»-ի)
Դիտվել է՝ 4151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ