Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆրանսահայ դերասանն իր հետ բերել է նախապապի` եղեռնից «փրկված» կաշվե պայուսակը (ֆոտոշարք)

Ֆրանսահայ դերասանն իր հետ բերել է նախապապի` եղեռնից «փրկված» կաշվե պայուսակը (ֆոտոշարք)
05.09.2012 | 13:03

Ռուբեն Քոչարի` «Անունս Վիոլա է» հայ-ամերիկյան համատեղ հոգեբանական միստիկ դրաման կինոսերների դատին կհանձնվի 2013-ի գարնանը Երևանում և Լոս Անջելեսում:

«Ես փորձել եմ պատմել երկու կնոջ պատմություն, ներկայացնել նրանց հոգեվիճակը, ապրումները: Գործողությունները կատարվում են Հայաստանում, բայց այդ ամենը կարող էր կատարվել ցանկացած այլ երկրում,- ասաց ֆիլմի ռեժիսորը:- Թեման համամարդկային է: Միշտ մեզ թվում է, թե դուրսն ավելի լավ է, և միայն շփվելուց հետո ենք հասկանում, որ մեր տունը, մեր երկիրն է ամենից գեղեցիկը, ամենից լավը: Որովհետև մերն է»:
Ֆիլմում հայաստանցի դերասանների հետ խաղալու են Երո Մուրյանը, Մաքսանս Կուզուբաշյանը (Ֆրանսիա), Ժանեթ Սպիցերը (ԱՄՆ): Համաշխարհային կինոյում արդեն իսկ հաջողություններ գրանցած երիտասարդ դերասանները երջանիկ են, որ նկարահանվելու են հայկական ֆիլմում, հայոց հողի վրա: Ավելին, Մաքսանս Կուզուբաշյանն իր հետ բերել է նախապապի կաշվե պայուսակը, որով նա եղեռնի օրերին գաղթել է Ֆրանսիա: Դերասանն այն պահում է աչքի լուսի պես, իբրև թալիսման:
Ֆիլմի պրոդյուսեր Նարինե Քոչարի տեղեկացմամբ, դերասանները ոչ մի բառ չիմանալով հայերեն, տեքստերը անգիր են սովորել` հեշտացնելու համար ձայնագրման և այլ աշխատանքները:
Դժվար է եղել դերասանների ընտրությունը տեղում` Հայաստանում: «Սերիալները, որ դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, մի նոր դպրոց են բերել, որը երևի աշխարհում չկա: Մեծ մասը իրական կյանքը և էկրանի կյանքը չի կարողանում տարբերել»,- ասաց Ռուբեն Քոչարը:
Թեև դժվար, բայց ընտրություն կատարվել է: Մասնագիտությամբ դիզայներ-մոդելավորող Լուսինե Ալեքսանյանը, ըստ ռեժիսորի, ունի տվյալներ, որովհետև չի շփվել այդ շրջանակների հետ: Ֆիլմում գլխավոր հերոսուհու դերակատարումը Լուսինեի դեբյուտն է մեծ կինոյում:
Ի՞նչ ճանապարհ է անցնելու մերօրյա հոգեբանական միստիկ դրաման: Կներկայացվի՞ որևէ փառատոնի: Ի՞նչ արձագանք կգտնի հայ հանդիսատեսի շրջանում:
«Երբ ասում են` ֆիլմ են նկարահանում փառատոնի համար, ես զարմանում եմ, մի՞թե դու նկարահանում ես ֆիլմ, որ ոչ մի փառատոնի չի ներկայացվելու, ուրեմն, ի սկզբանե համաձայն ես անելու հիմար ֆիլմ»,- ասաց ռեժիսորը, հավելելով, որ որևէ փառատոնին մասնակցելն արդեն իսկ հաջողություն է, որովհետև բազմաթիվ այդպիսի ֆիլմերի մեջ նկատվել է: Մրցանակն արդեն այլ հարց է, միշտ չէ, որ դրանք ազնվորեն են տրվում, թեև ռեժիսորն ինքը մեծ մրցանակներ ստացել է:
«Ես նկարահանում եմ գեղեցիկ ու լավ ֆիլմ,- ընդգծեց նա:- Հեռուստադիտողից շատ բան չեմ սպասում, երբ տեսնում եմ, թե ինչ հաճույքով են նայում սերիալները: Բայց մեր երկրում մեծ թիվ են կազմում մարդիկ, որ սիրում են գեղեցիկ ֆիլմ դիտել ու ֆիլմի ժամանակ մտածել: Պարզապես այն քիչ տոկոսը շատ ավելի բարձր ձայն ունի»:
«Իսկ լավ հանդիսատեսի համար ստեղծվո՞ւմ են այսօր լավ ֆիլմեր»: Մեր այս հարցին ռեժիսորը փորձեց պատասխանել կարճ ձևակերպումով. «Արվեստը, մշակույթը միշտ կախում ունեն երկրից. ինչպիսին երկիրդ է, այնպիսին էլ մշակույթդ է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ