Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՈՒրիշ երկինքը» ուրիշ ֆիլմ է»

«ՈՒրիշ երկինքը» ուրիշ ֆիլմ է»
05.09.2012 | 16:27

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում փառատոնի կազմակերպիչները և ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը ներկայացրին «ԱՊՀ երկրների կինոն» ծրագիրը: Այն բացվեց Դմիտրի Մամուլիայի «ՈՒրիշ երկինք» ֆիլմով, որը ներկայացրեց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանը: Նրա փոխանցմամբ` արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է «ԱՊՀ երկրների կինոն» ծրագիրը, որը ներառում է տարածաշրջանում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը: Այս տարի ծրագրում ընդգրկված էր 20 ֆիլմ: Դմիտրի Մամուլիայի ֆիլմն արդեն արժանացել է միջազգային մի շարք փառատոների մրցանակների:

«Շատ ֆիլմեր են նկարահանվել արտագնա աշխատանքի գնացողների, այսպես կոչված, գասթերբայթերների մասին, սակայն «ՈՒրիշ երկինքը» ուրիշ ֆիլմ է, այն չափազանց տարբեր է այդ թեմայով նկարահանված այլ ֆիլմերից: Եկվորների խնդիրն այստեղ ներկայացված է ոչ այնքան որպես հասարակական, սոցիալ-հոգեբանական, որքան զուտ մարդկային և փիլիսոփայական խնդիր: Հեղինակը կինոխցիկի օբյեկտիվի միջոցով կարողացել է պրոյեկցիայի ենթարկել իր փիլիսոփայական հայացքը, իր փիլիսոփայական մոտեցումն այդ խնդրին` չդիմելով փիլիսոփայական մտքերի, երկխոսությունների օգնությանը: Ֆիլմում տեսանելի են դարձել մարդու կենսառիթմերը, շնչառությունը: Մենք տեսնում ենք, թե ինչպես կյանքի բոլորովին ուրիշ ռիթմով ապրող արևելքի մարդը հայտնվում է մեգապոլիսում, տվյալ դեպքում` Մոսկվայում, և թե ինչպիսի աղետ է դա նրա համար: Ֆիլմի հերոսն ասես ոչ թե ապրում, այլ անկենդան շարժվում է իրեն միանգամայն օտար տարածքներում` «ուրիշ» երկնքի տակ, և կորցնում ամեն ինչ»,- ասում է կինոգետը:
«ՈՒրիշ երկինք» ֆիլմի պրոդյուսեր Արսեն Գոտլիբն ուրախ էր Հայաստանում գտնվելու, ֆիլմի ցուցադրությանը մասնակցելու համար։ Նա անդրադարձավ ֆիլմում բարձրացված ցավոտ խնդիրներին, պատմեց իրենց մեկ այլ` «Աշխարհի օրորոցայիններ» նախագծի մասին, որը ներկայացնում է տարբեր ազգերի օրորոցայինները: Դրանց թվում առաջիններից մեկը եղել է հայկական օրորոցայինը` Հասմիկ Հարությունյանի կատարմամբ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ