Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օրհնյալ լինի համայն աշխարհի Փրկչի Մայրը

Օրհնյալ լինի համայն աշխարհի Փրկչի Մայրը
07.09.2012 | 00:53

Բոլորս մեզ ծնող մոր ծննդյան օրը, իհարկե, հիշում ենք, բայց քչերս գիտենք, թե երբ է ծնվել աշխարհի Փրկչի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մայրը, որը նաև բոլորիս Մայրն է, քանզի նրանից ծնվածը մեր Տերն ու Աստվածն է, և այդ պատճառով է, որ մենք Մարիամ կույսին նաև Աստվածամայր և Աստվածածին ենք անվանում։ Եթե դեռևս կա հայորդի, որն այդպես չի մտածում, ապա թող լրջորեն խորհի իր հավատքի վերաբերյալ, քանի որ այս ժամանակների ամենակատաղի աղանդավորները՝ եհովականները, նույնպես Հիսուսին Տեր ու Աստված չեն ընդունում, ու բնական է նաև, որ Աստվածամորը չընդունեն որպես Մայր։

Հրեաստանի Գալիլեայի Նազարեթ քաղաքում, Կարմեղոս լեռից ոչ շատ հեռու, Հուդայի ցեղի, Դավիթ թագավորի սերնդից Հովակիմ անունով մի արդար ու աստվածավախ այր էր ապրում իր կնոջ՝ Աննայի հետ, որը նույնպես Իսրայելի աննշան ցեղից չէր, քանի որ սերում էր Ահարոն քահանայապետի սերնդից ու Մատթան քահանայի դուստրն էր։
Աստված նրանց օրհնել էր ամեն ինչում՝ թե՛ ազնվական սերնդաբանությամբ, թե՛ ունեցվածքով, և թե՛, ամենակարևորը, ընտանեկան մեծ սիրով ու խաղաղությամբ, բացի մի ամենակենսականից. նրանք երկար տարիներ ամուսնացած էին, բայց երեխա չունեին։ Իսկ այդ ավանդապաշտ երկրում ընդունված էր, որ զավակներ չունեցող ամուսիններն անարգանք են համարվում Իսրայելի համար, որպես անպտուղ ծառ։
Ահա այդպես էլ նրանք աղոթելով ու սաղմոսելով, հաշտ ու խաղաղ, սիրով ու քնքշանքով միմյանց հանդեպ ապրեցին քսան տարի, մոտենալով իրենց կյանքի հասունությանը, բայց ամեն օր անզավակության կսկիծը կրելով իրենց մաքուր սրտերում։
Հովակիմը, լինելով հրեա և բավականին ունևոր մարդ, ըստ այդ երկրի օրենքների` իրավունք ուներ կամ երկրորդ կին բերել տուն, կամ կնոջը ապահարզանի թուղթ տալ ու արձակել և ուրիշ կին առնել` իր սերունդը շարունակելու համար։ Բայց այդ բարեպաշտ ու շնորհազարդ ամուսինը չօգտվեց դրանցից և ոչ մեկից, որովհետև իր կնոջը նա սիրում էր քնքուշ ու զարմանալի սիրով, դրանով իսկ անտրտունջ կրելով իր ընտանիքին ընկած անարգանքը։ Նա միաժամանակ մեծ բարեգործ էր ու առատաձեռն թե՛ կարիքավորների հանդեպ, թե՛ Աստծո սուրբ Տաճարի։ Ահա մի տոնակատարության ժամանակ, երբ բոլորն իրենց ընտանիքների համար ողջակեզի քավության զոհերն էին տանում Տաճար, նա ուրախությամբ առաջինը գնաց այդ արարողությանը, բայց Տաճարի սպասավորներից մեկը, ճանաչելով Հովակիմին, ծաղրանքով ասաց նրան. «Ինչո՞ւ ես բոլորից առաջ ուզում բերել քո զոհը մեր Ադոնա Տիրոջ առաջ, չէ՞ որ դու անարժա՛ն ես այդ անելու, քանի որ անպտուղ ես Իսրայելի համար»։ Այս անսպասելի հանդիմանանքը ցավալի խոցեց բարեպաշտ Հովակիմի սիրտը, մտածելով, որ իսկապես նա Աստծո առաջ այնքան մեղավոր է, որ Տիրոջ բարկությունը պատժում է իրեն անզավակությամբ։ Այսպես խորհելով, նա գլխիկոր դուրս եկավ Տաճարի գավթից ու չկամեցավ այլևս տուն վերադառնալ և գնաց Կարմեղոս լեռան լանջերին արածող իր ոչխարի հոտերի հովիվների մոտ։
Եվ քառասուն օր նա այնտեղ մնաց, խիստ ծոմապահությամբ, անդադար աղոթքներով առ Աստված, լաց ու աղաչանքով Նրա ողորմածությանն արժանանալու համար։
Միևնույն ժամանակ, նրա սիրելի ու խոնարհ կինը, տեղեկանալով, թե ամուսինն ինչ պատճառով է առանձնացել, ինքն էլ առավել տխրեց, քանի որ գիտեր` պատճառն իր ամլությունն էր, ինչը իր պաշտելի ամուսնու վրա մարդկանց անարգանքն է բերում։ ՈՒ ինքն էլ, տրվելով ծոմապահությանն ու աղոթքներին, լաց ու արցունքով Տիրոջից մի զավակ էր խնդրում, վկայակոչելով Աբրահամի կնոջը՝ Սառային, ու Սամուել մարգարեի մորը՝ Աննային, որոնք նույնպես ամուլ էին մինչև իրենց ծերության տարիները, բայց դա չխանգարեց, որ Տերը անսա նրանց աղոթքներին ու հավատքին և սերունդ պարգևի նրանց։ Եվ այդ բարեպաշտ ու խոնարհ աղախնի աղոթքները լսելի եղան Բարձրյալին, ու նա իր աղերսանքների պատասխանը ստացավ Տիրոջից՝ երկնային անկրկնելի մարգարտաշող լույսով, որ անսպասելի ծագեց Տաճարի Սրբություն Սրբոցի կողմից, հստակ հասկացնելով, որ Աստված նրան մի անկրկնելի ժառանգ է պարգևելու, որը պետք է ընծայվի Աստծո այս Տաճարին։ Այդ ավետիսն Աննային տվող հրեշտակն այցելեց նաև Հովակիմին, հաստատելով Բարձրյալ Աստծո կամքը, որ նրանց սերունդ է շնորհվելու շուտով։
Այդպես էլ եղավ, ինչպես հրեշտակն էր ավետել նրանց, ու հաջորդ տարվա Թշրի ամսին (որ մեր օրացույցով սեպտեմբերին է համապատասխանում), ավելի ճիշտ ամսի 8-ին, շաբաթ օրը, առավոտյան ծնվեց խոստացված ժառանգը՝ մի սքանչելի, լուսերես աղջիկ։
Ծնողների ու իրենց բարեկամների ուրախությունը զարմանքով և լի ուրախությամբ հորդեց, ու ողջ Իսրայելը հասկացավ, որ Տերն Իր հերթական զարմանահրաշ այցելությունն է արել այդ բարեպաշտ ամուսիններին և ամուլ կնոջ արգանդն է բացել ինչպես նախնի ընտրյալներին, որոնց մասին արդեն ասացինք։ Ըստ հրեական սովորության, հարազատների ու ազգականների հետ մեկտեղ, ութերորդ օրն ընտրեցին նորածնի անունը և դրեցին Մարիամ, որը մի քանի թարգմանական բացատրություն ունի, որ նշանակում է թագուհի (դշխո) կամ ծովային աստղ։
Երեք տարի ընդամենը ծնողները վայելեցին իրենց սքանչելի ու կենսախինդ դստեր ներկայությունը, որից հետո, ըստ իրենց ուխտի խոստումի, Մարիամին տարան Տիրոջ Տաճար և հանձնեցին Աստծո նախախնամությանը, քանի որ Իսրայելի մեջ լսված Եսայու մարգարեությունը բոլորն էին հիշում, թե «ահա կույսը պիտի հղիանա ու Որդի ծնի և Նրա անունը Էմանուել պիտի լինի» (Եսայի 7.14)։ Այդ հույսով էլ Մարիամին ծնողները հանձնեցին տաճարական կին խնամակալներին, որոնք պահում և կրթում էին այդ կույսերին մինչև իրենց արբունքի տարիքը, որ երբ Տերը կամենա այցելել նրանցից մեկն ու մեկին, ում Ինքը կընտրի, որի միջոցով էլ Իսրայելի սպասված Մեսիան՝ Փրկիչը կծնվի։ Իսկ Էմանուել թարգմանվում է Աստված մեր մեջ։
ՈՒ քանի Բարձրյալի խոսքն առանց Իր կամքը կատարելու հետ չի վերադառնում, ապա այդպես էլ եղավ, Տերը կամեցավ որ հենց այս ընտրյալ անոթը՝ Նոր ՈՒխտի Տապանակը, Մարիամը կրի Աստծո Որդուն իր կուսական ու անարատ որովայնում և ծնի Հիսուսին՝ աշխարհի Փրկչին։
Օրհնյալ լինի համայն աշխարհի Փրկչի Մայրը, որ մեզ մեր մեղքերից փրկող Աստծո Անարատ Գառին ծնեց, Որը 33 տարի անց պետք է Խաչի վրա ադամական մահապարտ սերնդի փրկագործությունը կատարեր ու մեզ համար հավիտենական կյանքի դուռ բացեր դեպի Իր Երկնային Արքայությունը։
ՈՒրեմն դարձյալ հիշենք սքանչելի ու անմոռաց այս օրը՝ սեպտեմբերի 8¬ը, ու միշտ տոնենք մեր սուրբ Կույս Մոր ծննդյան օրհնության օրը։
Վերջում մի փոքրիկ աղոթք զետեղենք հայորդիների համար, որ Երկնային Թագուհու՝ սուրբ Կույս Աստվածածնի բարեխոսությամբ իրենց կյանքը Տիրոջ օրհնություններով լցնեն, արժանանալով Երկնքի Արքայությանը։
Քո պահպանության տակ ենք շտապում, սուրբ Աստվածածին,
Մեր հույսի և փրկության մայր, մի՛ անտեսիր այս վշտալի աղոթքները մեր,
այլ փրկիր մեզ գալիք
բոլոր վտանգներից։
Տիրուհի մեր, պահապան մեր, բարեխոս մեր, հաշտեցրու մեղավորներիս
քո սիրելի Միածնի հետ և հասցրու բոլորիս մինչև Իր խոստացած երկնային
արքայությունը։ Ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ.- Այս տոնի առիթով և հուրախություն հայորդիներիս ասենք, որ Երևանի կենտրոնում (Սայաթ-Նովա, Աբովյան փողոցների խաչմերուկում) արագորեն կառուցվում է Սուրբ Աննայի եկեղեցին, որի ճարտարապետական լուծումն այնպես է տրված, որ այդ նորակառույց Սուրբ Աննայի եկեղեցին գրկի մեջ է առնում իր աղջնակին՝ Մարիամ կույսի նախկին փոքրիկ եկեղեցի¬մատուռը, որ հրաշքով փրկվել է կոմունիստական կատաղի անաստվածության ճիրաններից (տե՛ս լուսանկարը)։

Դիտվել է՝ 5488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ