Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եթե Բաքվում լիներ, տեղում կսպանեին

Եթե Բաքվում լիներ, տեղում կսպանեին
07.09.2012 | 00:56

Մարդկությունը հազարամյակներով կռիվ ու պատերազմ է արել. եղել են բազմահազար զոհեր, խեղված ճակատագրեր։ Բայց որպեսզի հաջորդ սերնդի զինվորները ևս ոգեշնչվեն պատերազմներով, նրանց համար հերոսական կերպարներ են ստեղծվել` Մակեդոնացի, Հուլիոս Կեսար, Նապոլեոն և այլն։ Այդ հերոսների անունները սերունդներ են դաստիարակել և մղել նորանոր պատերազմների։
Արցախյան պատերազմի ազատամարտիկները, բարեբախտաբար, ոգեշնչման անապակ աղբյուր ունեին. դա նրանց հայրերի ու պապերի հերոսական կերպարն էր Հայրենական պատերազմում և ֆիդայիների ոգեղեն անունները, որոնց սխրանքն ու ինքնազոհությունը հանուն մեր ժողովրդի ազատության դարձել էին ասք ու պատմություն, երգ ու բանաստեղծություն, որ պատմվում ու երգվում էին և զինվորին մղում սխրանքի` իր իմացած հերոսների օրինակով։ Դա պատերազմի օրերին։ Իսկ ի՞նչ եղավ հետո` հաղթանակից հետո` խաղաղ տարիներին։ Մոռացվեցին և՛ հերոսները, և՛ այն քաղաքներն ու գյուղերը, որոնց համար կռվեցին ու զոհվեցին մարդիկ։ Չմոռացվեցին նրանք այն մարդկանց կողմից, ովքեր կռվել էին նրանց հետ կամ նրանց անմիջական հարազատներն ու մտերիմներն էին։ Իսկ նոր սերնդին մոռացում պարտադրեցին։ Մեր պատերազմները միշտ եղել են պարտադրված, և մենք ստիպված ենք եղել կռվելու ու պաշտպանելու մեր տունն ու հայրենիքը։ Հիմա էլ մենք պատերազմի մեջ ենք, թեև մեր զգոնությունը բթացնելու համար շատ ճիգ ու ջանք են թափում որոշ ուժեր։ Հայտնվում են քաղաքական վարձկաններ` հայի անուն-ազգանունով (ես կասկածում եմ նրանց հայ լինելուն) ու քարոզում են հանդուրժողականություն մեզ հետ պատերազմող ժողովրդի հանդեպ և նրանց «մշակույթը»` փաստարկելով, թե արվեստը համամարդկային արժեք է։
Իհարկե, համամարդկային արժեք է, եթե քո թշնամի ժողովուրդն էլ այդպես է մտածում։ Բայց նա քո ժողովրդի արվեստի կոթողներն աշխարհի աչքի առաջ անպատիժ ոչնչացնում է։ Ոչնչացնում է, որովհետև նախ` ինքը երբեք մշակույթ չի ստեղծել, հետևաբար արվեստի ընկալում չունի, և երկրորդ` որովհետև դու նրա թշնամին ես։ Մինչդեռ Հայաստանում եղան գրանտակեր մարդիկ, որ փորձեցին ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպել նույն փաստարկումով, թե արվեստը համամարդկային արժեք է և կապ չունի տվյալ դեպքում մեր միջև եղած պատերազմի հետ։ Բարեբախտաբար, Զեյնաբ Խանլարովայի համերգը չէին փորձում կազմակերպել։
Իսկապես, ի՞նչ կապ ունի արվեստը բարբարոսության հետ։ Ատելությունը վատ բան է. այն մարդկային մեղքերից մեկն է համարվում։ Բայց եթե թշնամուդ չատես, չես կարող նրան հաղթել։ Այս հոգեբանական բանաձևն Ադրբեջանում գործում է որպես պետական քաղաքականություն` հայատյացության քարոզչությամբ։
Իսկ մեզանում շարունակում են մարդկանց ապակողմնորոշել` թշնամու հանդեպ հանդուրժողականություն սերմանելով, թե իբր «արվեստը համամարդկային արժեք է»։ Հայտնի իրողություն է. այլ ազգի լեզվով կրթված և նրա մշակույթով սնված մարդը դառնում է այդ ազգի հոգևոր մշակույթի կրողը, և նրան ցավ պատճառելու չափ դժվար է հեռացնել այդ ազգից, առավել ևս` թշնամացնել նրա դեմ։ Այդ մարդիկ երբեք զենք չեն վերցնի այդ ազգի դեմ, եթե անգամ իր երկիրն ու ժողովուրդը պատերազմեն նրա դեմ, բացառություններ կարող են լինել։
Օտար լեզվով և մշակույթով կրթված հարյուրհազարավոր հայեր կան, ովքեր, օտարացած իրենց լեզվից, պատմությունից և մշակույթից, դարձել են այդ լեզվի ու ժողովրդի կցորդը` որպես ռուսախոս, վրացախոս, ֆրանսախոս և այլն` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով մեզ համար։ Այդպիսի կցորդներ, ցավոք, մեր մեջ էլ կան, և դա վտանգավոր է։
Այս մտորումները հաճախ են ինձ հուզել։ Մեր ժողովուրդը, մանավանդ նոր սերունդը, ասես դատապարտված է հիշողության կորստի և անհիշաչարության, հետևաբար նաև թշնամուն ատել չկարողանալու։
Վերջին օրերին Հունգարիայի և Ադրբեջանի քաղաքական խայտառակ գործարքը ցնցեց մեզ։ Ժողովրդի ինքնաբուխ զայրույթն ու բողոքը մեր դիվանագիտական առաքելությունների և մասնավորապես արտգործնախարարի դեմ վերածվել էր ցույցի։ Տեսնելով ցույցի մասնակից երիտասարդների` զայրույթով լի, բայց և տրամաբանված ու քաղաքականապես հասուն պահանջները, հոգուս տագնապները մի փոքր մեղմացան. աճում է քաղաքական համարձակությամբ օժտված սերունդ, որն այսօր արդեն տեր է մեր երկրի անվտանգությանն ու քաղաքական արժանապատվությանը։
Այս մտորումներով վերադառնում եմ տուն և հանկարծ երթուղայինում լսում եմ վարորդի ռադիոյի ձայնը. հնչում է ադրբեջանական հայտնի երգերից մեկը` «Այ բարի բախ, բարի բախ»։ Ես ցնցվեցի։ ՈՒրեմն, մեր սպային թուրք վիժվածքը կացնահարում է, մեր սահմաններին անընդհատ հայ զինվորներ են զոհվում նրանց դիպուկահարների կրակոցներից, իսկ մեր մայրաքաղաքում, հասարակական փոխադրանու մեջ օրը ցերեկով, առանց քաշվելու և զգուշանալու, որ դա կարող է արդարացի զայրույթ առաջացնել, վարորդը` երիտասարդ մի տղամարդ, «բարի բախ» է լսում (Բաքվում այդպիսի վարորդ չի գտնվի, իսկ եթե հանկարծ մի խելապակասը հայերեն երգ լսի, այն էլ բարձրաձայն, տեղում նրան կսպանեն)։
Ես պահանջեցի, որ նա անջատի ռադիոն։ Ես հիշեցրի, որ մեր թշնամին մեր զինվորներին կացնահարում է, իսկ մենք հիացած նրա երգե՞րը պիտի լսենք։ Պատասխանն ավելի քան լկտի ու ծանոթ էր.
-Հա, ի՞նչ ա եղել, երգ ա էլի։
Ես համառորեն պահանջեցի լռեցնել այդ երգը, բայց վարորդն արհամարհեց` ասելով` դուրդ չի գալիս, իջիր։ Ես նրան հիշեցրի, որ քաղաքապետարանը հատուկ որոշում ունի, ըստ որի` քաղաքային տրանսպորտում վարորդներին արգելվում է երաժշտություն միացնելը։ Վարորդը դրա պատասխանն էլ ուներ. «Թող իրենց օրենքներն իրենք կատարեն»։ Երթուղայինից իջնելիս, համենայն դեպս, գրի առա մեքենայի համարը` մտածելով, որ կհայտնեմ երթուղու ղեկավարներին։ Սակայն տանը որոշեցի գրել թերթում, բայց խնայել վարորդին ու չգրել մեքենայի համարը, երթուղին. մարդը նոր էր աշխատանք գտել, և այդ օրն իր առաջին աշխատանքային օրն էր. գուցե երեխաներ ունի և նրանց հացն է վաստակում, որ գուցե երկար ժամանակ աշխատանք չի ունեցել, չարացել է կյանքից, իսկ իմ հոդվածը կարող է նրան աշխատանքից զրկելու պատճառ դառնալ` իր բոլոր վատ հետևանքներով և այլն։
Երկընտրանքի մեջ էի. ինձ խորհուրդ տվեցին հրապարակել երթուղին, մեքենայի համարը, ամսաթիվը և օրվա ժամը, որպեսզի երթուղու դիսպետչերը իմանա, թե որ վարորդն է եղել (մեքենայում չկար նրա անձը հաստատող փաստաթուղթ)։ Թող գոնե մեկը պատժվի իր ապազգային, նույնիսկ թշնամական վարքագծի համար, որ մյուսներին դաս լինի։ ՈՒ չգիտեմ, սա դաս կլինի՞ այդ հոգով որբ երիտասարդին, թե՞ ավելի կչարանա իր ազգի, ասել է թե` իր ծնողի հանդեպ։
Ո՞վ է մեղավոր, որ շատերն են կորցրել ազգային արժանապատվությունը։ Անձը վիրավորելու դեպքում մարդը կարող է համարժեք պատասխան տալ վիրավորողին և իր կարծիքով, դրանով կպաշտպանի իր արժանապատվությունը, բայց երբ վիրավորում են ծնողիդ ու ազգդ, երկիրդ ու հայրենիքդ, դրա պատասխանը պիտի լինի ոչ թե համարժեք բառերի փոխանակումը, այլ մինչ այդ պահը քո երկրի պատիվն ու հեղինակությունը, քո հերոսների հիշատակն արժանապատվորեն գնահատելն ու պահելը...
Եվ ես համոզվեցի, որ այդ երիտասարդը` թիվ 18 երթուղու 4302Տ մեքենայի վարորդը (օրը` 1.09.12, աշխատանքային ժամը` 16.30), պիտի բարոյական ապտակ ստանա, որ վաղը իր երեխաներին ապազգային դաստիարակություն չտա։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ. Գ.- Մարդասպան վիժվածքին ներում շնորհելու օրը մի հայ տղամարդ սրտի ցավով ասաց. «Հալալ է Ալիևին, որ իր մարդասպան տականքին հերոս դարձրեց և մի քանի միլիարդ փրկագին տվեց։ Մինչդեռ մենք մեր իսկական հերոսներին այնքան անտեսեցինք, որ նրանց անուններն անգամ չգիտի ժողովուրդը, էլ ուր մնաց, թե սրբացնի»։

Դիտվել է՝ 3126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ