Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մենք պետք է զոհ մատուցենք, որպեսզի ինչ-որ մեկը ստանա ներում և նոր կյանք

Մենք պետք է զոհ մատուցենք,  որպեսզի ինչ-որ մեկը  ստանա ներում և նոր կյանք
07.09.2012 | 01:02

Միտրոպոլիտ Անտոնի ՍՈՒՐՈԺՍԿԻ


Մենք գիտակցում ենք, որ ապրում ենք ողբերգական աշխարհում, մի աշխարհում, ուր կատարվում են անչափ զարհուրելի բաներ։ ՈՒ երբ ուշադիր զննում ենք, թե ինչ է կատարվում, պարզվում է, որ աշխարհը քաղում է դարեր առաջ կատարված մարդկային անիրավության պտուղները, այն անիրավության, որի հետ մեր նախնիները հաշտվում էին, այն անիրավության, որի հետ հեշտությամբ համակերպվում ենք նաև մենք, մինչև... այն զայրույթով թափվում է հենց մեզ վրա։
Մենք սարսափով ենք մտածում պատերազմի մասին, սակայն հաճախ շատ հանգիստ ենք վերաբերվում ահավոր, անմարդկային անդորրին, որը նախորդում է փոթորկին և արյունահեղությանը։ Եվ յուրաքանչյուրը մեզնից պատասխանատվություն է կրում այն բոլոր սարսափների համար, որ կատարվում են մեր շուրջը։ Ոչ ոք թող չասի. «Ես զոհ եմ, ես մաքուր եմ, ինձ ենթարկեցին տանջանքների, ինձ կոտրեցին իրադարձությունները...»։ Քրիստոնյային ոչինչ չի կարող կոտրել, քրիստոնյան երբեք չի դառնում շրջապատող իրադարձությունների խաղալիք` մեռած ու անհոգի։ Մեր մեջ ապրում է Տիրոջ զորությունը, ու եթե այդ զորությամբ մենք երկրի վրա չենք կերտում Աստծո ճշմարտությունը, ապա նմանվում ենք այն աղին, որի մասին Քրիստոսն ասաց, որ եթե նա կորցնի աղիությունը, ապա էլ ոչ մի բանի պիտանի չէ. այն միայն կարելի է գցել շների ոտքերի տակ...
Մենք հաճախ պարփակվում ենք սեփական շրջապատի ներսում, ձգտելով ստեղծել հանգիստ մի գետնախորշ, չնկատելով, որ դա շատ արագ վերածվում է ճահճի։ Մենք, տեսնելով այս ամենը, չենք կարող մեր վրայից վերցնել պատասխանատվությունը, որը կրում ենք բոլոր նրանց հետ, ովքեր ապրել են մեզնից առաջ, և որոնց արյունն ու մարմինն ենք մենք։ Մենք չենք կարող նաև հուսալ, որ Տերը մեզ կպաշտպանի ու կփրկի, դրա համար չի նա ստեղծել Եկեղեցին, որ այն դառնա մեկուսացած ու վախեցած մարդկանց մի համայնք, որոնք թաքնվում են Աստծո թևի տակ։ Քրիստոսն ստեղծեց Եկեղեցին այն բանի համար, որ մարդիկ, սերնդեսերունդ օժտված Նրա ոգով, դուրս գան դեպի կյանք և սեփական կյանքի, սեփական տառապանքի, սեփական ջանքի, սեփական մահվան գնով ստեղծեն մի նոր աշխարհ, որտեղ կթագավորի Աստծո ճշմարտությունը։ Բավարար չէ իմանալը, որ Տերը ստեղծել է ամեն ինչ։ Մեզ հարկավոր է մուտք գործել Նրա աշխատանքի մեջ և հիշել, որ Իր աշակերտներին, ովքեր ուղարկվում էին հեթանոսական, անաստված, փտող մի աշխարհ, Քրիստոսն ասաց, որ Նա ուղարկում է նրանց, որպես ոչխարների` գայլերի մեջ, որ Նա ուղարկում է նրանց, ինչպես Հայրն ուղարկեց Նրան անմասնակից լինելու համար աշխարհի ստին, կեղտին, պղծությանը, անաստվածությանը, բայց դրա հետ մեկտեղ մուտք գործելու աշխարհի մեջ ամբողջ բոցավառ սիրով, ինքնազոհաբերության ամբողջ պատրաստակամությամբ, մարդկային ոգու ամբողջ ուժով, ամբողջ խոնարհությամբ Աստծո փրկարար կամքի առաջ։
Եվ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այդպես կանգնել այս աշխարհում. աշխարհը դատապարտելը մեր գործը չէ, քանզի մենք կրում ենք նրա համար ավելի մեծ պատասխանատվություն, քան նրանք, ովքեր կատարում են անիրավ բաներ։ ՈՒմ շատ է տրված, ասում է Տերը, նրանից էլ շատ կպահանջվի, մեզ տրված է չափազանց շատ, և կպահանջվի նույնպես ծայրահեղորեն շատ։ Իսկ մնացածների համար Քրիստոսն աղոթում էր խաչի վրա. «Ներիր նրանց, Հայր, նրանք չգիտեն, թե ինչ են անում»։
Եվ ահա մենք ապրում ենք այս աշխարհում։ Քրիստոսը, գալով այս աշխարհ, ասաց. «Ես եկա փրկելու աշխարհը, այլ ոչ թե դատելու...»։ Եվ մեզ էլ Նա ուղարկում է այնպես, ինչպես ինքն էր ուղարկվել Հոր կողմից. մի՞թե պարզ չէ, թե ինչպես մենք պետք է ապրենք և ինչով։ Մեզնից յուրաքանչյուրն իր ուժերի չափով (թող ոչ ոք դրանք չհամարի ավելի նվազ, քան իրականում է), ինչքան հնարավոր է, պետք է այս աշխարհ բերի սեր, խոնարհություն և ներում։ Եվ յուրաքանչյուրը կարող է դա անել, որովհետև հերիք է լինել ընչազուրկ, որպեսզի հավատով տրվես Աստծո կամքին, բավական է ունենալ ինչ-որ բան, որպեսզի կիսես դա նրանց հետ, ովքեր դա էլ չունեն։ Իսկ երբ վրա են հասնում ծայրահեղ ծերությունը կամ հիվանդությունը, երբ արդեն սպառվել են բոլոր ուժերը, այդ ժամանակ այն ամենը, ինչի մասին ես հենց նոր խոսում էի, մնում է մեզ մոտ, և մնում է հետո մեզ մոտ ջերմ աղոթքը, որպեսզի ներվեն բոլոր մարդիկ, որպեսզի փրկվեն բոլորը։
Եթե մենք չենք ապրում այդ ոգով մեզ շրջապատող աշխարհի նկատմամբ, մենք Քրիստոսի ոգուց դուրս ենք, և մեզ նույնպես կվերաբերեն Փրկչի խոսքերը. «Ոչ ամեն մեկը, ով կասի Ինձ. «Տե՜ր, Տեր», կընդունվի Իմ Հոր կողմից, այլ նրանք, ովքեր կլինեն գթության, ներման և սիրո փրկարար խոսքի կերտողները»։
Մեր աշխարհը շատերի համար ահավոր է, և նույնիսկ շատերը մեզնից, որոնց չի դիպել այդ աշխարհի որևէ ահավորություն, վախով են ապրում, թաքնվելով նրանից։ Դրանով մենք չենք թաքնվի Աստծո դատաստանից. մենք պետք է ապրենք կա՛մ աշխատանքով, կա՛մ աղոթքով, սակայն միշտ Քրիստոսի գթասրտության ոգով, հանուն աշխարհի փրկության։
Ահա թե ինչ է գտնվում մեր առջև որպես Տիրոջ անխախտելի մի պատվիրան, այդ պատճառով հավաքենք ոչ միայն ոգու բոլոր ուժերը, որոնք կարող են շատ քիչ լինել, նաև հավատքի մասնիկները, որոնք գոյություն ունեն մեր մեջ, և տրվենք Աստծո ձեռքը` թող Նա մեր միջոցով իրագործի Իր կամքը։ Սակայն հիշենք, որ այդ կամքը միշտ էլ պիտի իրագործվի մեր հաշվին, որ մենք պետք է զոհ մատուցենք, որպեսզի ինչ-որ մեկը ստանա ներում և նոր կյանք։ Եվ դա` և՛ մեծ, լայնամասշտաբ, և՛ մեր ամենապարզ, մտերիմ հարաբերությունների մասշտաբով։ Ամեն։


Հրապարակման պատրաստեց

Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ