Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրոք, Այգեստանում պետություն է կառուցվում

Իրոք, Այգեստանում պետություն է կառուցվում
07.09.2012 | 12:12

Սեպտեմբերի 9-ին մի քանի հարյուր գյուղական համայնք հանրապետությունում գյուղապետ է ընտրում: Գյուղապետի գործունեությունից շատ բան է կախված, և այսօր պետությունը կայանում է նաև գյուղական համայնքներում: Ասվածի լավ օրինակը Արարատի մարզի Այգեստան համայնքն է, որտեղ գործող գյուղապետ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ կրկին առաջադրել է իր թեկնածությունը: Այգեստանը նրա օրոք հիմնանորոգվում է մի քանի ուղղություններով: Եվ զարմացնում շատերին։
Սակայն անելիքներ կան, գործը ավարտին չի հասել: Սոկրատ Հովսեփյանի նախընտրական ծրագիրը մի քանի տողից է բաղկացած: Սա բնական է, քանզի գործը աչքի առջև է, և համայնքի բնակիչը բառացիորեն մաշկի վրա է զգում դրական փոփոխությունները:
Հանդիպումը գյուղապետի հետ ուշագրավ մի քանի խնդիր շոշափեց: Ինչը և կիսում ենք ընթերցողի հետ:

«ՄԱՐԴԻԿ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԵՑԻՆ. ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ, ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԷԻՆ ԱՇԽԱՏՈՒՄ»


-Սկսենք Ձեր նախընտրական ծրագրից, որն աննախադեպ է մեր իրականությունում: Այստեղ չկան «փրկչական» խոստումներ և հոգեցունց զեղումներ։
-Ծրագրի կարիքը չկա առհասարակ: Նախորդ տարիներին խոստացածիցս մի բան էլ ավելի եմ իրագործել: Բնականաբար, գալիք չորս տարիներին այսօրվա խոստումներիցս է՛լ ավելին եմ անելու:
-Բացենք փակագծերը։
-Երբ գյուղապետ ընտրվեցի, գյուղապետարանի բյուջեում կար ընդամենը 23 հազար դրամ: Առանց տատանման անցա գյուղապետարանի շենքի հիմնանորոգմանը: Նախագծողները շենքի հիմնանորոգումը գնահատեցին 40 մլն դրամ: 2008-ի նոյեմբերի 18-ից սկսվեց գյուղապետարանի հիմնանորոգումը, 2009-ի մայիսին շենքը պատրաստ էր: Նախկին գյուղապետարանը մի կիսաավերակ շինության մեջ էր, չկար քիչ թե շատ հարմար կահույք, անգամ գործող էլեկտրալամպ չկար: Ամոթ է հիշելը, անգամ արտաքնոց չկար, և նման պայմաններում մարդիկ աշխատել էին տարիներով: Այսօր, տեսնում եք, ունենք երկհարկանի գեղեցիկ այս շինությունը, որտեղ ամեն բան հարդարված է: Այստեղ 14 մարդ է աշխատում, այստեղ այցելողը հարգանքով է մտնում, հարգանքով էլ ճանապարհվում: Հավատացեք, անհնար է լիարյուն աշխատել փոշու և կեղտի մեջ, և անհնար է, որ գյուղաբնակը հարգանք տածի գյուղի ղեկավարության հանդեպ, երբ նա գտնվում է ախոռում:
-Երկրորդ նշանակալից գործը Այգեստանում:
-Հիշեցնեմ, որ գյուղապետարանի հիմնանորոգման վրա ծախսված 40 մլն դրամից համայնքի բյուջեից ծախսել ենք 2 մլն 300 հազար եվրապատուհաններ տեղադրելու համար, իսկ տանիքի կառուցման վրա` 1,5 մլն դրամ: Մնացածը կատարել ենք ես և համախոհ-գործընկերներս մեր միջոցներով:
-Այսի՞նքն...
-Ես և տեղակալս ամիսներ շարունակ կամովին հրաժարվեցինք աշխատավարձից: Բացի այդ, ընդհանուր ծախսի 40 տոկոսն աշխատավարձային ֆոնդն է, մեկ լումա անգամ աշխատավարձ չեմ վճարել, գյուղաբնակները կամովին աշխատեցին, հավատացին, որ գյուղը ոտքի է կանգնում:
Հետո անցանք ջրի խնդրին: Այգեստանի խմելու ջրի ջրագծերը կեսդարյա վաղեմություն ունեին: Ջրագիծը խարխլված էր, և գյուղը զրկված էր կենարար ջրից: Նամակ գրեցի ջրային պետական կոմիտեի նախագահին, որ օգնի վերականգնելու մեր ջրի ցանցը: Պատասխանը ցնցող էր. առաջարկում էին ջրաչափեր տեղադրել, ինչից հետո միայն իրենք կաջակցեն մեզ: Հրապարակավ ձաղկեցի նրան, հետո բարեկամացանք, քանի որ մեզ ընդառաջեց: Հետո եղա Արտաշատի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության պետ Ֆելիքս Մելիքյանի մոտ: Մարդը սիրով ընդունեց և հարցրեց. «Եթե խողովակներ տրամադրենք, ո՞վ է աշխատանքներն իրականացնելու»: Ասացի` մենք: Նախ ստացանք 1 կմ խողովակ: Աշխատանքը ժամանակին և որակով ավարտեցինք: Աշնանը ևս 1 կմ խողովակ ստացանք: Մարդիկ ոգևորված աշխատեցին. իրենց գյուղի, իրենց համար էին աշխատում: Ես միայն ապահովում էի նրանց ճաշը: Այսպես էր գործն առաջ գնում և, ընդհանուր առմամբ, 17 կմ երկարությամբ խողովակաշար անցկացրինք, որից միայն 5 կմ խողովակը ստացանք «Ջրմուղ-կոյուղուց», մնացածն արվեց մեր ուժերով: Հարևան կոնյակի գործարանն էր ցանկանում մեր ջրից օգտվել և պատրաստ էր «լավության տակ չմնալ»: Ասացի, որ թող այդ «լավության» գումարով խողովակ գնեն ու դրա դիմաց ջուր ստանան:
-Այսինքն` փոխշահավետությունը դարձրել եք լուրջ գործոն:
-Անկասկած: Արդյունքում Այգեստանը ջուր ունի, յուրաքանչյուր տուն ապահովված է սառնորակ ջրով, ջուրը երկրորդ, երրորդ հարկ էլ է հասնում: Գյուղի գերեզմանատուն էլ ջուր հասցրինք, ցայտաղբյուր տեղադրեցինք:
-Շատ գայթակղիչ եք նկարագրում: Որտեղի՞ ջուրն է:
-Գառնիի: Հավատացնում եմ, որ նման ջրային ցանց հանրապետությունում դժվար թե գտնվի: Գյուղում ցայտաղբյուրներ են կարկաչում: ՈՒ սա խորհրդանշական է։

«ԵՐԲԵՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԵՆԱՑԸ ՉԵՄ ԽՄՈՒՄ ՀՈՏՆԿԱՅՍ, ԴՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ ՉՈՒՆԵՄ»


-Գյուղում անտեսված չէ մարզաշխարհը, այս ու այնտեղ մարզահագուստով զինված պատանիներն ու տարեցները «ինչ-որ տեղ» են շտապում։
-Կիսավեր վիճակում էր Այգեստանի սպորտդահլիճը: Վերաշինեցինք ու այսօր մարզական մի հիանալի համալիր ունենք, բոլոր հարմարություններով, ուր ամառ թե ձմեռ դռները բաց են մարդկանց առաջ:
-Ավանդույթի համաձայն դարձյալ ինչ-որ նորամուծությա՞մբ հանդես եկաք:
-Իսկապես, համայնքում որոշակի ավանդույթ է ձևավորվել. ընդհանուր շահի շուրջ միավորվել, սակավ միջոցներով հասնել առավելագույնի: Եվ մարզական այս համալիրն էլ այդ ամենի արդյունքում ունեցանք:
-Հաճախ ենք լսում այս ու այնտեղ, տեղին-անտեղի` պետությունն աղքատ է, պետությունը միջոցներ չունի ու դեռ երկար ճանապարհ պիտի անցնի: Այգեստանի օրինակը սառը ջուր է մաղում նման հոռետեսական տրամադրությունների վրա, որոնք հաճախ որոշակի քաղաքականության վրա են խարսխված:
-Ես միշտ եմ մտածել` ինչո՞ւ է երկիրը աղքատ: Գուցե նրանից է, որ մեր պաշտոնյաներից շատերի համար պաշտոնը, պարտավորությունը պետության և հասարակության հանդեպ դատարկ հնչյուն են, կամ միջոց` հնչուն փողեր կորզելու: Բայց ի՜նչ վարպետ են ազգի ու հայրենիքի մասին բաժակաճառեր գեղգեղալիս: Ես ինչպե՞ս շենացրի համայնքը: Ես հայրենասեր եմ, ով գործով է հիմնավորում իր սերը հայրենիքի, պետության, իր համայնքի և իր ժողովրդի առջև: Եվ, հավատացեք, երբեք հայրենիքի կենացը չեմ խմում հոտնկայս, հուզմունքից շնչահեղձ լինելով. դրա ժամանակը չունեմ:
-Բարի, ժամանակ ու միջոցներ գտաք համայնքի գազիֆիկացման համար: Ի՞նչ ճանապարհով ու ի՞նչ միջոցներով:
-Մեկ կիլոմետր գազամատակարարման խողովակի անցկացման նախագծային աշխատանքի գինը 8 մլն դրամ է: Ես աշխատանքը կատարեցի 2 մլն դրամով: ՈՒ եկեք պատկերացնենք. մի՞թե աղքատ երկիրը նման շռայլություն կարող է թույլ տալ իրեն. 1 կմ երկարությամբ գազի խողովակ և 8 մլն դրամ: Քիչ շեղվեմ և Այգեստանի մանկապարտեզը հիշեմ: Այս մայիսի 1-ին այն բացվեց, հիմնանորոգված ու աչք շոյող: Մեզ օգնության ձեռք մեկնեց «Սոցիալական ներդրումների հիմնադրամը», 80 մլն դրամով: Այս գումարից 5 մլն դրամը գյուղապետարանի ներդրումն էր: Եվ ահա «աղքատ երկրում» մի գյուղական, թեկուզ և փլուզված մանկապարտեզի հիմնանորոգումը կազմում է 80 մլն դրամ, որից տրանսպորտային ծախսերը 26 մլն դրամ են կազմում: Երևանից Այգեստան այդ ինչ ճանապարհ են անցնում, որ նման ծախս է պահանջում: Այստեղ որոշակի հիմնանորոգչական աշխատանքների ծախսը ներկայացրին 22 մլն դրամ: Ես կատարեցի 4 մլն-ով: Դարձյալ համայնքի բնակիչը ձեռք մեկնեց, աշխատեց ոչ պակաս որակով, բայց շատ ավելի էժան:
-Գյուղաբնակն իր բնույթով շատ է պահպանողական, նրան դժվար է հավատ ներշնչել ինչ-որ նոր բանի հանդեպ: Երևի թե շատ տեղին է այս դեպքում գործածել «տառապանքս փորձ ունի» խոսքը:
-Միանգամայն: Բայց չէ՞ որ նրանք տեսնում են, որ գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը, կներեք, չի լափում ու չի վատնում, այլ գյուղը վերակառուցում է գյուղի և գյուղացու համար, նրանց երեխաների համար: Այլ գաղտնիք չկա: Անկեղծ պիտի լինեմ մինչև վերջ. դեպքեր են եղել, երբ ոմանց աջակցել եմ ինչ-ինչ խնդիրների լուծման ժամանակ: Մեր իրականությունն ուղղակի ժանգապատած «լավության տակից դուրս գալու» չարաբաստիկ սովորույթի համաձայն փորձեցին գումարով փոխհատուցել: Լավ էր` չփորձեին: Ի վերջո, կաշառքն ազնիվ ճանապարհ գտավ, մի դեպքում մանկապարտեզի համար գույք գնեցին, մյուս դեպքում մեկ այլ բարի գործ կատարեցին: Մի այլ «գործարք» էլ հիշեմ: Գազի խողովակաշարը 8 մլն-ի փոխարեն անցկացրինք 2 մլն դրամով: Սա էլ է հետաքրքիր պատմություն:
-Լավ է, որ «պատմությունների» արդյունքում գյուղը շենանում է: Թե չէ վերջերս սահմանամերձ գյուղերից մեկում էի: Ոչ ճանապարհ ուներ գյուղը, ոչ էլ նորոգ դպրոց կամ բուժկետ: Իսկը Մուրացանի Չիբուխլուն: Փոխարենը կառուցիկ և հարդարուն էր գյուղապետարանը. եվրանորոգում, եվրակահույք, եվրաքարտուղարուհի:
-Պարզ է, բաժակաճառի վարպետ է եղել, ով, վստահաբար, վատնում էր համայնքային և պետական միջոցները: Ես ինչպե՞ս 2 մլն դրամով գազի հարցը լուծեցի: Տարիներ առաջ իր թիվ 51 որոշմամբ ՀՀ կառավարությունը ողջ Հայաստանի գազի խողովակաշարերը նվիրում է «Հայռուսգազարդ» ընկերությանը: Ինձնից առաջ Այգեստանի գազի խողովակների 90 կմ-ից պահպանվել էր 5 կմ-ն: Մնացածը, հասկանալի է, զոհ գնաց «հակահեղափոխականների» ախորժակին: Ջրագծի անցկացման ժամանակ գազի խողովակներն առանձնացրի: «Հայռուսգազարդը» խիստ բարկացավ և պահանջեց «իր» խողովակները: Նաև սպառնաց դատի տալ, եթե դիմադրեմ: Բնական է, որ ես ունեի պատասխան: Առաջարկեցի յուրաքանչյուր մետր խողովակի դիմաց ինձ վճարել 1000 դրամ, չէ՞ որ խողովակաշարը ապամոնտաժվել էր և խնամքով պահեստավորվել գոմում: Իսկ դա գումար է: Հրաժարվեցին: Դիմեցի կառավարությանը, թե հարգելի վարչապետ, բարոյական այդ ո՞ր իրավունքով Այգեստանի կոլտնտեսության սեփականությունը հանդիսացող գազի խողովակաշարը նվիրվեց «Հայռուսգազարդին»: ԽՍՀՄ-ում գոյություն ուներ երկու սեփականության ձև` պետական և կոլտնտեսային: Եվ ինչո՞ւ է հանրապետության կոլտնտեսային սեփականությունը նվեր տրվում, չէ՞ որ այն կոլտնտեսությունների սեփականությունն էր, ոչ պետական: Իսկ դա կատարվել է երկրի չափանիշներով:
Չերկարացնեմ: Միայն հավատացնեմ, որ ցանկության, սիրո դեպքում անհնարին ոչինչ չկա: Օրինակ, ինչ անհնարին բան կա, երբ գազի հին խողովակաշարը ապամոնտաժելուց հետո նույն հատվածով ջրագիծն անցկացրին: Սրա համար, ինչ է, մեծ հնարագիտությո՞ւն է պետք:
-Ասվում է, թե հայը «քարից հաց է քամում», իսկ այսօր թվում է, որ մեր չինովնիկական դասը քարից, հողից, քամուց և, առհասարակ, չեղած տեղից փող է քամում:
-Հենց մեր գյուղի օրինակով կարող եք համոզվել, թե նպատակային ձեռնարկումներով որքան գործ կարելի է անել: Այնինչ հսկայական պետական միջոցներ են վատնում, որոնց արդյունքը չնչին է: ՈՒ եթե ի մի բերենք ֆինանսական բոլոր հոսքերը, մղենք նպատակային հուն, ապա հանրապետությունը վաղուց պիտի ոտքի կանգներ:
-Ծրագրերի, անելիքների, ցանկությունների մասին խոսենք:
-Պետք է հանգստի գոտի ստեղծենք: Այժմ 4-5 հազար քմ մակերեսն ենք հարթեցնում, տեղափոխել ենք տարածքի բարձրավոլտ հոսանքագծի էլեկտրասյուները: Ստորգետնյա արտեզյան հորանցքով ջուր կհանենք և կունենանք մեր լողավազանը, հետո ծառատունկ, ճեմուղիներ, մանկական խաղահրապարակներ: Մի խոսքով` հանգստի գոտի, ինչպես մայրաքաղաքում: Այնուհետև խոր հորանցք կունենանք և արտեզյան ջրով կջրենք շուրջ 90 հեկտար անջրդի հողերը: Այնուհետև կավարտենք մշակույթի տան հիմնանորոգումը: Զուգահեռ շատ կարևոր մի գործ` գյուղի հիվանդանոցը, որը ևս կոլտնտեսության, այսինքն` Այգեստանի սեփականությունն էր: Բայց վերցրին ու հանգիստ խղճով հանձնեցին առողջապահության նախարարությանը: Այսօր այն մի աննշան բուժկետ է: Ժամանակին 6-7 մլն դրամի բուժսարքավորումներ բերեցին, որոնք փչացան, երբևէ չօգտագործվեցին: Այն անպատճառ հիմնանորոգելու ենք, և բնավ կարիք չի լինի, որ գյուղաբնակը հասնի Արտաշատ կամ Երևան` որակյալ բուժօգնություն ստանալու:
Այնուհետև փողոցները վերջնական բարեկարգ տեսքի ենք բերելու, լուսավորելու ենք գյուղը, և Այգեստանը չորս տարի անց օրինակելի համայնք կլինի ողջ Հայաստանի չափանիշներով:
Չմոռանամ, սկսելու ենք եկեղեցու կառուցումը: Նրա հիմնարկեքը կատարվեց դեռ խորհրդային տարիներին: Լաչինում զոհված լուսահոգի Խաչիկ Միքայելյանի հետ ենք սա նախաձեռնել: Եվ պարտավոր ենք ավարտին հասցնել:


Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ