Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Երբ շրջանառության մեջ են դրվում միլիարդավոր դոլարներ, ՀՀ դիվանագիտությունն անելիք չունի»

«Երբ շրջանառության մեջ են դրվում  միլիարդավոր դոլարներ,  ՀՀ դիվանագիտությունն անելիք չունի»
07.09.2012 | 12:20

Ադրբեջանական սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու նրան ներում շնորհելը միջազգային մեծ սկանդալի վերածվեցին։ Ընդ որում, այս հարցում անմասն չի մնացել նաև Թուրքիան, որը մշտապես փորձում է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խնդրի շուրջ զրուցում ենք պատմական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ։

-Գևորգ, վերջին շրջանում Թուրքիան ավելի հաճախ է հանդես գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու ցանկությամբ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից մինչ օրս Թուրքիայի Հանրապետությունն անընդհատ փորձում է իրեն Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի գործառույթներ վերապահել և հանդես է գալիս տարաբնույթ հայտարարություններով, ինչը հայկական կողմի համար անընդունելի է։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջամտության ցանկացած փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացների է՛լ ավելի ձգձգման։ Թուրքիան ինքը ԼՂՀ հարցում հակամարտության կողմ է։ Արցախյան պատերազմի տարիներին Թուրքիան ոչ միայն ժամանակակից զինտեխնիկա էր տրամադրում Ադրբեջանին, այլև աջակցում էր իր սպաներով, զինվորներով։ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններին մասնակցել են թուրք սպաներ։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի օգոստոսին արած այն հայտարարությունը, թե Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցությունները վարեն Ստամբուլում, անընդունելի է։ Չի կարող հակամարտող կողմը հանդես գալ միջնորդի դերում։ Մյուս կողմից` նշվածին ավելանում է նաև Սաֆարովի դեպքը։ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թուրքիայի հայտարարությունները, թե տարածաշրջանում ինքը կարող է ստանձնել միջնորդի դեր, դեմագոգիայի ոլորտից են և անընդունելի։ Մենք շատ կարևոր փաստ ենք մոռանում նշել. Սաֆարովն իր զինվորական պատրաստությունն անցել է Թուրքիայում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության անդամ է։ Բացի այդ, Սաֆարովի արտահանձնման հարցով թուրքական իշխանությունների թողտվությամբ իրականացվել է ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Ռամիլ Սաֆարովի, ինչը նույնպես վկայում է, որ հակամարտության չլուծված լինելու պարագայում Թուրքիան ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին նաև, որ Հունգարիայի և Ադրբեջանի միջև բանակցություններում որպես միջնորդ հանդես է եկել Թուրքիան։ Այս ամենն ապացույցն է այն բանի, որ Թուրքիան այսօր իրականացնում է իր վաղեմի հակահայկական քաղաքականությունը և հակամարտության լուծման գործում երբեք չի կարող լինել միջնորդ, առավել ևս հանդես գալ ԼՂՀ-ի վերաբերյալ որևէ նախապայմանով հայ-թուրքական սահմանը բացելու առնչությամբ։
-Ի դեպ, լուրեր տարածվեցին, որ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանակցություններում առանցքային դեր է ունեցել նաև ռուսական կողմը։
-Ադրբեջանական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Սաֆարովի էքստրադիցիայի հարցում ֆինանսական օգնություն է տրամադրել ռուսաստանաբնակ հայտնի ադրբեջանցի գործարարներից մեկը։ Ռուսաստանը, այո՛, մեր դաշնակիցն է, բայց Ռուսաստանում կան բազմաթիվ թուրք և ադրբեջանցի գործարարներ, ընդ որում, ավելի շատ, քան հայ։ Եվ ասել, թե ինչու է ՌԴ-ն թույլ տվել նման քայլ, իրավացի չէ։ Իսկ ո՞վ ասաց, որ ռուսական իշխանությունները տեղյակ են եղել։ Ռուսաստանն ինչպե՞ս պետք է կանխեր գործարարի` ինչ-որ գործարքի մասնակցելը։
-Այսօր շատերը նկատում են, որ Սաֆարովի հետ կապված պատմությունից հետո հայկական կողմը կարող է շահեկան դիրքում հայտնվել։
-Նախ՝ ես ողջունում եմ հանրապետության նախագահի կողմից Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցումը։ Եվ թող սա դաս լինի այն պետություններին, որոնք Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերություններ ունեն և փորձում են հայ ժողովրդի, Հայաստանի հաշվին ինչ-ինչ դիվիդենդներ ու ֆինանսական օգնություններ ստանալ այդ երկրից և իր մեծ եղբայր Թուրքիայից։ Մյուս կողմից, մենք պետք է արձանագրենք, որ միջազգային հարաբերություններում աննախադեպ էր, երբ դիվանագիտական հարաբերությունները խզվում են ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրի հետ մեկ հանցագործի պատճառով։ Մեզ համար խնդիրը միայն այդ հանցագործը չէ, խնդիրը պետք է դիտարկել բարոյականության և քաղաքականության տեսակետից։ Բարոյական տեսակետից անընդունելի է, որ եվրոպական արժեքներ կրող պետությունը արտահանձնում է դաժան մարդասպանին։ Իսկ քաղաքական տեսակետից՝ Հունգարիան Հայաստանի հետ ունի դիվանագիտական հարաբերություններ, մեր ղեկավարությանը բազմիցս տրվում են հավաստիացումներ, որ արտահանձնման որևէ խնդիր չի կարող լինել, և պատահաբար վերջում միայն տեղեկանում ենք, որ տեղի են ունեցել ինչ-ինչ ֆինանսական գործարքներ։ Սա պետք է դաս լինի բոլոր այն պետությունների համար, որոնք կփորձեն Ադրբեջանի ռասիստական քաղաքականությանն աջակցել։
-Հայաստանի դիվանագիտական պարտությունները հերթագայում են։ Ֆրանսիայում արձանագրեցինք դիվանագիտական անհաջողություն, այնուհետև՝ Հունգարիայում։ Մի կողմում ադրբեջանա-թուրքական գումարներն են, մյուս կողմում՝ հայկական դիվանագիտական անկարողությունը։
-Երբ շրջանառության մեջ են դրվում միլիարդավոր դոլարներ, Հայաստանի դիվանագիտությունն անելիք չունի։ Հունգարիան ունի լուրջ ֆինանսական խնդիրներ, այլ հարց է, եթե մենք կարողանայինք նրանց օգնել, մենք կպարտադրեինք մեր կանոնները։ Բայց Հայաստանն ու հայ ժողովուրդն այդ արժեհամակարգի կրողը չեն։ Իսկ թուրքերին դա բնորոշ է, նրանց մոտ ամեն ինչ առևտուր է։ Մեր արժեհամակարգն ավելի բարձր է, և երբեք չէինք գնա ֆինանսական գործարքի՝ հանցագործին ներում շնորհելու համար։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ի՞նչ պետք է աներ, երբ միլիարդավոր դոլարների պայմանագիր է կնքվել։
-Այսինքն՝ արդարացնո՞ւմ եք Հունգարիայի այդ քայլը։
-Իհարկե ո՛չ։ Ես նաև խստորեն դատապարտում եմ սփյուռքի շատ պասիվ կեցվածքը։ Մենք բազմաթիվ համայնքներ ունենք, բայց շատ քչերում տեղի ունեցան ցույցեր, բողոքի գործողություններ։ Միջազգային ճնշումը Հունգարիայի և Ադրբեջանի վրա մեր ունեցած ռեսուրսին համարժեք չէր։ Երբ մենք խոսում ենք ՀՀ արտաքին քաղաքականության և դիվանագիտական ապարատի մասին, պետք է հիշենք մեկ բան. դիվանագիտական ապարատն այսօր ունի երկու կարևոր խնդիր. առաջինը ԼՂՀ հակամարտության կարգավորումն է, երկրորդը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Եվ բոլոր խնդիրները բարդել արտգործնախարարության վրա, որը ռեսուրսներով այնքան էլ հարուստ չէ, հիմնավորված չէ։
-Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս պարագայում։
-Սաֆարովի դեպքը շատ լավ հնարավորություն էր միջազգային հանրության առաջ պատռելու ադրբեջանցիների դիմակը։ Այժմ Հայաստանը կարող է շատ կտրուկ քաղաքականություն վարել ԼՂՀ հարցում և պահանջել միջազգային հանրությունից, որ հակամարտության լուծման հարցում հավասարեցնող գնահատականներ չլինեն։ Այստեղ պետք է նախաձեռնողականություն ցուցաբերել և ասել՝ մենք խաղի կանոնները պահպանում ենք, բայց նույն խաղի կանոնները չի պահպանում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկիրը, որը երբեմն փորձում է մեզ ժողովրդավարության դասեր տալ։ Դատապարտելի են երկակի ստանդարտները։ Եվ ինչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների վերականգնումից հետո նման միջադեպեր չեն գրանցվի ԼՂ կամ ՀՀ քաղաքացիների հետ։
-Ստացվում է, որ Հունգարիան մարսե՞ց այս ամենը։
-Ոչ միայն Հունգարիան մարսեց, այլև Ադրբեջանը։ Հունգարիան մարսելու խնդիր չունի։ Ընդհանրապես Հունգարիան, որպես առանձին խաղացող, միջազգային ասպարեզում չկա և չի եղել։ Այդ պետությունը վարում է շատ պասիվ արտաքին քաղաքականություն, ունի շատ թույլ բանակ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն իր այս քայլով ապտակեց ամբողջ աշխարհին՝ ասելով՝ ես թքած ունեմ ձեր բոլոր արժեհամակարգերի վրա։


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ