Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գալիք տարում ԵԿԳ-ն ֆերմերների հետ կկնքի մինչև 9 տարի ժամկետով պայմանագրեր

Գալիք տարում ԵԿԳ-ն ֆերմերների հետ կկնքի մինչև 9 տարի ժամկետով պայմանագրեր
07.09.2012 | 16:02

Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ), ամփոփելով ֆինանսական տարին (2011 թ. հուլիս - 2012 թ. հունիս), նախորդ տարվա համեմատ արձանագրել է արտադրանքի վաճառքի 33 տոկոս աճ, ինչը վկայում է կառույցի որդեգրած ռազմավարության բարձր արդյունավետության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԿԳ-ի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Նրա խոսքերով, նշված ժամանակահատվածում ընկերությանը, մասնավորապես, հաջողվել է նաև ավելի քան 30 տոկոսով ավելացնել արտահանման ծավալները` զգալիորեն ընդլայնելով «ԱՐԱՐԱՏ» կոնյակների ներկայացվածությունը ԱՊՀ մի շարք երկրների օդանավակայանների առևտրային մաքսազերծ գոտիներում:

«Արտահանումը նախորդ տարվա 2,6 մլն լիտրից դարձել է 3,4 մլն լիտր, տեղական վաճառքը` 1,06 մլրդ դրամից 1,5 մլրդ դրամ, և գործարանի մաքուր շահույթն ավելացել է` 2,4 մլրդ դրամից դառնալով 5 մլրդ դրամ: Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսները նույնպես խոստումնալից են, որովհետև նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 240 հազար լիտրից հասել ենք 640 հազար լիտր վաճառքի»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Անդրադառնալով խաղողի մթերումներին, Արա Գրիգորյանը նշեց, որ այս տարի գործարանը իր հետ համագործակցող ֆերմերներից կմթերի ավելի քան 24 հազար տոննա խաղող, ինչը 3000 տոննայով կգերազանցի անցած տարվա ցուցանիշը: Նրա խոսքերով, սեպտեմբերի 10-ին մթերումը կմեկնարկի Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), 11-ին` Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ) և 20-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ):
Կարևորելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացումը` Արա Գրիգորյանը նշեց, որ ԵԿԳ-ն հետևողականորեն ավելացնում է Տավուշի մարզում մթերվող խաղողի ծավալները, որտեղ այս տարի նախատեսվել է մթերել շուրջ 3400 տ խաղող` վերջինիս մեջ ներառելով մարզի սահմանամերձ գյուղերում աճեցված ԵԿԳ-ին անհրաժեշտ հումքի գրեթե 100 տոկոսը:
«Մթերվող խաղողի մեկ կիլոգրամի գինը Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար սահմանվել է 140 դրամ, իսկ Տավուշի տարածաշրջանի համար` 130 դրամ: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո` առավելագույնը տասը բանկային օրվա ընթացքում», -ասաց Ա. Գրիգորյանը, հավելելով, որ ավարտված են մթերման գործընթացի արդյունավետ կազմակերպման բոլոր նախապատրաստական աշխատանքները և յուրաքանչյուր խաղողագործ իրազեկված է իր կողմից մատակարարվող խաղողի ընդունման օրվա մասին:
Անդրադառնալով ԵԿԳ-ի իրականացված ծրագրերին` տնօրենը նշեց, որ նախորդ ֆինանսական տարում ԵԿԳ-ի Բերդի մասնաճյուղում շահագործման է հանձնվել նորակառույց կոնյակի հնեցման արտադրամասը: Ընկերությունում ավարտվել են «ԱՐԱՐԱՏ» պատմատուրիստական համալիրի վերանորոգման աշխատանքները, որտեղ արձանագրվել է զբոսաշրջիկների զգալի աճ: Կառույցում բացվել են համտեսի սրահներ, որոնք հարմարեցված են նաև սահմանափակ ֆիզիկական կարողություններով այցելուների համար: Նշված ժամանակաշրջանում ընկերությունը հաջողությամբ վերաթողարկել է նաև լեգենդար «Դվին» կոնյակը, որը, արժանանալով սպառողի հատուկ ուշադրությանը, մեծ պահանջարկ է վայելում նաև արտերկրում:
«Գալիք տարում Երևանի կոնյակի գործարանը առաջին անգամ ֆերմերների հետ կկնքի մինչև 9 տարի ժամկետով պայմանագրեր: Առաջին փուլում նշված պայմանագրերը կկնքվեն ընկերության հետ համագործակցող շուրջ 30 տոկոս խաղողագործների հետ: Նշված գործընթացը, երկարաժամետ և կայուն համագործակցություն ապահովելուց բացի, կնպաստի խաղողի այգիների պահպանմանն ու ընդլայնմանը», -եզրափակեց Արա Գրիգորյանը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ