ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Վտանգված է երկրագնդի կենսատու թաղանթը

Վտանգված է երկրագնդի կենսատու թաղանթը
11.09.2012 | 02:58

Սեպտեմբերի 16-ը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է որպես Օզոնային շերտի պաhպանման միջազգային օր: Ի՞նչ վիճակում է այժմ մթնոլորտը, և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում երկրագնդի այդ կենսատու թաղանթը վերականգնելու ուղղությամբ:
«Իսկ ի՞նչ է օզոնը, ինչի՞ց է այն առաջանում» այս հարցով «Իրատես de facto»-ն սկսեց զրույցը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր ԱՇՈՏ ԽՈՅԵՑՅԱՆԻ հետ:

-Օզոնային շերտը, որը կլանում է Երկրի մակերեսին Արեգակից ընկնող վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթների 97-99 տոկոսը, ինչպես վահան հիվանդություններից և այլ վնասակար երևույթներից պաշտպանելով մարդկանց, կենդանիներն ու բույսերը, գտնվում է վերին մթնոլորտային առավել խոցելի երկու շերտերի` տրոպոսֆերայի և ստրատոսֆերայի արանքում` ծովի մակերևույթից 20-25 հազար մետր բարձրության վրա: Բնության մեջ այն առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ կամ ամպրոպային էլեկտրական պարպումների ժամանակ: Լինելով թթվածնային տարրերի յուրահատուկ միացություն, այն պարունակում է թթվածնի երեք անկայուն ատոմ` Օ3, որոնք տրոհվում և վերականգնվում են խիստ հավասարակշռված հարաբերակցություններով: Եթե մթնոլորտում եղած օզոնը հավասարաչափ բաշխվի երկրագնդի ամբողջ մակերեսով, կստացվի նրբաքողից էլ բարակ, շուրջ 3 մմ հաստությամբ շերտ:
-Ե՞րբ է սկսվել օզոնային շերտի քայքայում-նոսրացումը, և ի՞նչ է կատարվում այժմ մթնոլորտի վերին շերտում:
-Քայքայում-նոսրացումն սկսվել է դեռևս անցած դարի 70-ականներին: Նշված ժամանակահատվածում գիտնականները բազմիցս ահազանգել, նախազգուշացրել են, որ որոշ սինթետիկ քիմիկատներ` քլոր-ֆտոր-ածխածինները (ֆրեոններ) և հալոգենացված ածխաջրատները քայքայում են վերնոլորտում գտնվող օզոնային մոլեկուլները: Չնայած դրան, ահազանգերն անտեսվել են մինչև 80-ական թվականների կեսերը, ինչի հետևանքով հարավային բևեռում օզոնային շերտն ավելի քան 50 տոկոսով կամ երկու անգամ «հյուծվելով», նոսրացել է: Նշված պրոցեսը հարավային կիսագնդի մթնոլորտում առաջացրել է օզոնազերծ անցք, որն ամեն գարնան նախօրեին կանոնավոր կերպով վերաբացվում է: Ներկայումս նշված անցքի մեծությունը հասնում է մինչև Հարավային Ամերիկա, որտեղ (հատկապես Չիլիում և Արգենտինայում) արդեն առկա են դրա վնասակար հետևանքները: Ասեմ, որ օզոնային շերտի նվազումը դիտվել է ամենուրեք, իսկ Անտարկտիդայում երկրագնդի այդ հատվածի կլիմայական, ինչպես նաև մթնոլորտային շրջանառության առանձնահատկություններով պայմանավորված, այդ երևույթն առավել քան արտահայտված է: Մասնագետների հաշվարկներով, 2020 թվականին օզոնն ընդհանուր առմամբ կնվազի 40 տոկոսով:
-Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել օզոնային շերտը փրկել-վերականգնելու համար:
-Փրկելու համար յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր արդյունաբերական ձեռնարկություն պարտավոր է հրաժարվել ֆրեոնների օգտագործումից: Դա կարող է անել նաև յուրաքանչյուր մարդ` այդ նյութերի գործարկմամբ սառնարաններ, սառցարաններ, օդափոխիչներ, կրակմարիչներ, հեղուկացիրներ, էլեկտրոնային սարքավորումներ չգնելով: Ֆրեոնները, ինչպես նաև տրանսպորտային և արդյունաբերական արտանետումներից առաջացած նյութերը, որոնք մթնոլորտային վերին շերտում (ստրատոսֆերա) վերածվում են քլորինի և բրոմի, իրենց կայունության շնորհիվ պահպանվում են տասնյակ տարիներ: Դրանք արագորեն քայքայում են օզոնի հազարավոր մոլեկուլներ` հնարավորություն չտալով վերջիններիս վերականգնվելու:
-Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել օզոնային շերտի քայքայում-նվազումը:
-Մթնոլորտ արտանետվող քիմիական նյութերի պատճառով քայքայվում-նվազում է օզոնային շերտը, ավելանում են վտանգավոր ճառագայթումները` պատճառ դառնալով դերմատիտների, մաշկի քաղցկեղի, աչքի ցանցաթաղանթի վնասման, կատարակտի, կուրացման, վարակիչ հիվանդությունների առաջացման նաև կենդանիների միջավայրում: Նշված գործոնն ազդում է բույսերի հետագա աճի և զարգացման վրա` կրճատելով նաև դրանց բերքատվությունը: ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ուժգնությունից կտրուկ թուլանում է մարդկային օրգանիզմի դիմադրողականությունը: Անգամ եթե մարդը պատվաստված է վարակիչ (տուբերկուլյոզ, մալարիա) հիվանդությունների դեմ, ապա պատվաստման արդյունքը զրոյանում է, քանի որ օրգանիզմը կորցնում է վարակի և դրա հարուցիչի դեմ պայքարելու ունակությունը: Մի խոսքով, եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը շարունակվի, հետևանքներն աղետալի կլինեն նաև կենսաբազմազանության համար:
-Օզոնային շերտի քայքայումը կանխելու ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում միջազգային զարգացած երկրների գիտական ներուժը:
-Երևույթը կանխելու նպատակով (միջազգային հանրության պահանջով) ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը (ՅՈՒՆԵՊ) մշակել և համակարգել է «Օզոնային շերտի պահպանության համամոլորակային գործողությունների ծրագիր»: Նշված ծրագրով սահմանվել են օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրության, արտահանման և ներմուծման կանոնակարգմանն ուղղված միջոցառումներ: Ծրագրով նախատեսվել է անցկացնել օզոնային շերտի քայքայման ընթացքը կասեցնող կանխարգելիչ միջոցառումներ: Բացի այդ, դեռևս 1985 թվականին պետությունները Վիեննայում ընդունել են «Օզոնային շերտի պահպանման մասին» կոնվենցիան, իսկ դրանից հետո` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը: Նշված փաստաթղթերով զարգացած տերությունները, ապագա սերունդների հետագա բնականոն կյանքը պահպանելու նպատակով, պարտավորվել են միավորված ջանքերով զարգացող երկրներին օգնել Մոնրեալի արձանագրության պահանջները փուլ առ փուլ իրականացնելու հարցում: Այդ նպատակով ստեղծվել է նաև «Համամոլորակային բնապահպանական հիմնադրամ», որտեղ միջոցներ են ներդնում զարգացած երկրները:
-Օզոնային շերտի պահպանման ուղղությամբ ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում Հայաստանում:
-Բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման պայմաններում գտնվող, լեռնային երկիր համարվող Հայաստանում օզոնային շերտի պահպանմանն ուղղված առաջին քայլը ՀՀ կառավարության որոշմամբ օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի ներմուծման արգելումն էր:
Բացի դրանից, 2005 թ. Հայաստանում մեկնարկել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում մշակվել է համապատասխան օրենսդրական դաշտ, վերապատրաստվել են օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման գործընթացին անմիջական մասնակցություն ունեցող մաքսային ծառայողները, նոր տեխնոլոգիաներ են ներդրվել օզոնային շերտը քայքայող նյութեր օգտագործող կազմակերպություններում, կատարվել են նաև բնակչության իրազեկմանն ուղղված միջոցառումներ: Ներկայումս մշակվում է ռազմավարական ծրագիր` ուղղված երկրորդ կարգի օզոնաքայքայիչ նյութերի (հիդրոքլորֆտորածխածինների) փոխարինմանը: Նշեմ նաև, որ զուգահեռաբար նվազեցվել են նաև օզոնաքայքայիչ նյութերի ներկրումները: Եթե մինչև 1988 թվականը Հայաստան էին ներկրվում շուրջ 2500 տոննա օզոնաքայքայիչ նյութեր, ներկայումս դրանց քանակը չի գերազանցում 100-150 տոննան: Միաժամանակ Հայաստանում իրականացվում են օզոնային շերտի վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ: Այդ նպատակով դեռևս 2000 թվականից պարբերական չափումներ են կատարվել Երևանում (ծովի մակերևույթից 1113 մ բարձրության վրա), Սևանա լճի (1927 մ) և Արագած լեռան հարավային լանջի (2070 մ և 3200 մ) տարածքներում: Նշված տեղանքներում գրանցված ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալներն ու կատարված աշխատանքները, որոնք ներկայացվելուց հետո ստացել են միջազգային ճանաչում, Հայաստանին հնարավորություն են տվել միանալու օզոնային շերտի մոնիթորինգի համաշխարհային ցանցին:
Հավելեմ նաև, որ ամբողջ աշխարհում գիտական խմբերի կողմից իրականացվող օզոնային շերտի բազմակողմանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1986 թվականի համեմատությամբ քայքայիչ նյութերի օգտագործումը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով, շնորհիվ դրա նշված շերտի վերականգնման ուղղությամբ առաջընթաց է նկատվել: Այդուհանդերձ, օզոնային շերտն առաջիկա 10 տարիներին խոցելի կլինի, և այն վերականգնելու համար մարդկությունից դեռ շատ ջանքեր կպահանջվեն:

Զրույցը`
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 7848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ