Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Իմ նպատակն այն է, որ այս ընտրություններից հետո Բերդի ժողովրդի կյանքում լուրջ դրական փոփոխություն լինի» (տեսանյութ)

«Իմ նպատակն այն է, որ այս ընտրություններից հետո Բերդի ժողովրդի կյանքում լուրջ դրական փոփոխություն լինի» (տեսանյութ)
11.09.2012 | 03:32

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը բուռն իրարանցման մեջ է: Ընթանում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության գործընթացը: Բնական է, աչքից հեռու, մայրաքաղաքից կտրված տարածաշրջաններում այդ ամենն այլ կերպ է ընկալվում ու մեկնաբանվում: Մենք օրերս այցելել ենք նման բնակավայրերից մեկն ու փորձել ի մոտո ծանոթանալ այն ամենին, ինչը կոչվում է նախընտրական պայքար և ընտրություններին հաջորդող ապագա սպասելիքներ` այդ երևույթների ոչ մայրաքաղաքային ձևաչափով: Մեր ընտրությունը կանգ է առել սահմանամերձ Բերդ քաղաքի վրա, որտեղ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, մրցակցություն է սպասվում երկու ՀՀԿ-ականների` գործող քաղաքապետ Անդրանիկ Շառյանի և Հայաստանի էլեկտրացանցերի Բերդի մասնաճյուղի ղեկավար Հարություն Մանուչարյանի միջև: Իհարկե, այստեղ քաղաքապետի ևս երկու թեկնածու կա` մեկ անկուսակցական և մեկ ԲՀԿ-ական, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, «de facto» նրանք մրցակցությունից դուրս են: ՈՒստի մենք փորձեցինք ի մի բերել այն ամբողջ անցուդարձը, որը ծավալվում է երկու համակուսակիցների նախընտրական համապատկերում:
Ասել, թե հաճելիորեն տպավորված ենք Բերդի արտաքին տեսքից և բնակիչների բարոյահոգեբանական վիճակից, մեղմ ասած, կլինի չափազանցություն: Ամենուր զգալի էր անտարբերության, ավելին` անտերության դրոշմը: Թե՛ քաղաքի արտաքին տեսքը, թե՛ տեղացիների հուսահատ, դրական որևէ փոփոխության հանդեպ հավատ չտածող տրամադրությունը ցավալի ու անվիճելի իրողություններ էին, որոնց ականատես եղանք մեր այցելության, տեղացիների հետ շփումների ընթացքում: Մարդիկ վախվորած էին, հիմնականում խոսում էին առանց ներկայանալու, առանց կոնկրետացնելու իրենց ասելիքը: Սակայն ասելիք կար, և մենք ինչ-ինչ խոստովանություն-գանգատներ` ուղղված ներկա քաղաքապետին և տեղական իշխանություններին, այնուամենայնիվ, լսեցինք բերդցիներից: Փորձենք առանձնացնել «ամենաուշագրավները»:
Բերդում քաղաքապետի նախորդ ընտրությունից հետո պատվավոր քաղաքացու կոչումներ են շռայլվել այնպիսի մարդկանց, որոնց նկարագիրը կասկած է հարուցում: Այդ մասին մենք կարդացել էինք տարբեր հրապարակումներում և փորձեցինք տեղացիներից պարզել, թե ինչի համար են արժանացել պատվավոր քաղաքացու կոչման Ղազարյան Արթուրը (մականունը` Քանաքեռցի Տույ), նրա եղբայրը` Ղազարյան Անդրանիկը: Մարդիկ նախ ասացին, որ այդ կոչումները նրանց շնորհվել են «անլեգալ», քանզի որևէ դրական արժանիք վերագրել այդ մարդկանց դժվար է: Նրանց միակ «արժանիքը» սկսվում և ավարտվում է Բերդի քաղաքապետի նախորդ ընտրությունների ընթացքում գործող քաղաքապետին սատարելու և կասկածելի ծառայություններ մատուցելու շրջանակներում: Ի դեպ, որքան էլ տարօրինակ թվա, Բերդի բնակիչները գանգատվում էին, որ Ա. Շառյանին մատուցած համանման ծառայությունների հարցում չի թերացել նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլյանը, որ նույնպես, վերը թվարկվածների հետ, նույն որոշմամբ արժանացել է պատվավոր քաղաքացու կոչման, ու այդ փաստը նույնպես մնում է գաղտնի:
Պակաս վրդովված չէին մարդիկ այն պատճառով, որ մարշալ Բաղրամյանի տնկած եղևնին «կալանավորված» է անհայտ զինվորի հուշակոթողի տարածքում կառուցված օբյեկտի խոհանոցում:
Վաճառվել է քաղաքի միակ մանկական խաղահրապարակը:
Առհասարակ, քաղաքում վաճառված է այն ամենը, ինչ կարելի էր ու չէր կարելի վաճառել, ներառյալ մայթերին գտնվող աստիճաններն ու դրանց հարող տարածքները, որոնք ներկայումս ցանկապատված են ու ամուր «պաշտպանված» տեղացիների երթևեկից:
Բերդցիների համար անհասկանալի են մնում փողերի լվացման աղաղակող երևույթները. պետբյուջեից հատկացվող գումարները վերջին 10 տարում չեն ունեցել նպատակային կիրառություն Բերդում: Ո՛չ քաղաքն է բարեկարգվել, ո՛չ կարիքավոր մարդկանց վիճակն է բարելավվել, ո՛չ աշխատատեղեր են ստեղծվել:
Մենք հարցրինք, թե նման իրավիճակում ինչ ակնկալիքներ ունեն մարդիկ առաջիկա ընտրություններից: Նրանց մեծ մասն ուղղակի հարկ չհամարեց պատասխանել այդ հարցին, սակայն ոմանք, այնուամենայնիվ, խոստովանեցին, որ ինչ-ինչ սպասելիքներ ունեն ՀՀԿ-ական նոր թեկնածուից` Հարություն Մանուչարյանից, որը վերջին տարիներին բավական աշխատանքներ է իրականացրել իրենց քաղաքի համար ու եթե շարունակի նույն ոգով, ապա հնարավոր է, որ մի բան փոխվի Բերդի ու բերդցիների կյանքում:
Մեր տեսած համընդհանուր պատկերը բնավ ցանկություն չէր առաջացնում հանդիպելու և հարցուպատասխանի մեջ մտնելու գործող քաղաքապետի հետ. փաստերն ինքնին խոսուն էին ու աղաղակող: ՈՒստի փորձեցինք հասկանալ, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում ինչ է պատրաստ անելու իր քաղաքի համար Հարություն Մանուչարյանը, որի նախընտրական խոստումները հույս են ներշնչում: Եվ որպեսզի մերկապարանոց հայտարարություն չթվա ասվածը, ստորև ներկայացնում ենք քաղաքապետի թեկնածուի նախընտրական խոստումների ցանկը:
1. Հատուկ վերաբերմունք պատերազմի և աշխատանքի վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ:
2. Հատուկ վերաբերմունքի արժանացնել նախադպրոցական տարիքի երեխաներին, մանկապարտեզներում երեխաների խնամքը դարձնել անվճար:
3. Քաղաքի ճանապարհների բարեկարգման աշխատանքների շարունակականության ապահովում:
4. Չգազիֆիկացված թաղամասերի գազիֆիկացում:
5. Մատակարարվող խմելու ջրի որակի բարձրացում, ջրամատակարարման տևողության երկարացում` ընդհուպ մինչև շուրջօրյա ջրամատակարարում:
6. Բազմահարկ շենքերի տանիքների և շքամուտքերի նորոգում, բակերի բարեկարգում:
7. Աղբահանության կանոնավոր իրականացում քաղաքի բոլոր թաղամասերում:
8. Քաղաքային կոյուղու և ոռոգման ցանցերի վերանորոգում, նոր թաղամասերում դրանց ստեղծում:
9. Սպորտային և մշակութային միջոցառումների կանոնավոր կազմակերպման ավանդույթի ձևավորում և դրանց շարունակականության ապահովում:
10. Մանկական խաղահրապարակների և զբոսայգիների կառուցում:
11. Ներքաղաքային երթուղիների ստեղծում, տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովում:
12. Նպաստել քաղաքում նոր աշխատատեղերի ստեղծմանը:
13. Նպաստել զբոսաշրջության զարգացմանը տարածքում:
14. Մշտական ուշադրության դրսևորում սոցիալապես անապահով ընտանիքների հանդեպ, նրանց բարեկեցության բարձրացմանը նպաստող քայլերի ձեռնարկում:
15. Ոռոգման տակ գտնվող մշակելի հողերի շահագործում, նոր հողատարածքների ներգրավում մշակման աշխատանքներում: Մեքենատրակտորային կայանի ստեղծում և դրանց անխափան աշխատանքի ապահովում:
16. Բնակչության բարոյահոգեբանական վիճակի բարելավում, բնակիչների և ՏԻՄ մարմինների միջև անմիջական կապի ապահովում:
17. Համագործակցություն տարածքի բոլոր հիմնարկ ձեռնարկությունների և համայնքների միջև:
Իհարկե, նախընտրական գործընթացներում միշտ էլ թղթի վրա խոստումներ են շռայլում: Բայց հաճախ խոստացողն ինքն էլ չգիտի, թե ինչ է գրված իր նախընտրական ծրագրում: Նման երևույթի ականատես լինելու մտավախությամբ էլ հանդիպեցինք Բերդի քաղաքապետի թեկնածու ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ և նրա նախընտրական խոստումների համատեքստում ունեցած զրույցի ընթացքում մեզ համար պարզ դարձավ, որ այդ մարդն իր խոսքի տերն է ու գործի նվիրյալը: Դրանում դժվար չէ համոզվել` կարդալով այս և առաջիկա հրապարակումները Բերդ քաղաքի իրականության մասին:
-Պարո՛ն Մանուչարյան, Դուք բավական պատասխանատու պաշտոն եք զբաղեցնում ներկայում, ստանում եք բարձր աշխատավարձ, բայց ցանկանում եք թողնել այդ պաշտոնը, մտնել քաղաքական դաշտ, դառնալ Բերդի քաղաքապետ: Ո՞րն է Ձեր նպատակը:
-Նշեմ, որ իմ ֆինանսական եկամուտները միայն էլեկտրացանցի աշխատանքով չեն պայմանավորված: Ես միշտ ունեցել եմ և ունեմ նաև մասնավոր բիզնես: Քաղաքապետ դառնալուց հետո թողնելու եմ և՛ էլեկտրացանցի աշխատանքը, և՛ մասնավոր բիզնեսը: Կարճ ասած` ես ֆինանսական շահագրգռություն չունեմ` քաղաքապետ դառնալու նպատակի հետ կապված: Ընդամենը ճշմարտությունն այն է, որ ես հասել եմ մի մակարդակի, որը, որպես Բերդի իրավիճակով մտահոգված քաղաքացու, թույլ է տալիս մտածել Բերդի ու նրա բնակիչների մասին: Այսօրվա մեր իրավիճակը մտահոգիչ է: Թիվ մեկ խնդիրը, որ ես կփորձեմ լուծել Բերդում, բարոյահոգեբանական նպաստավոր մթնոլորտի ապահովումն է: Եթե դա եղավ, մնացածն ինքնըստինքյան կստացվի: Այսօր ոչ մի հիմնարկ-ձեռնարկություն ներկայացնող մարդ քաղաքապետարանի հետ չի համագործակցում: Ավելի ճիշտ` քաղաքապետարանը չի համագործակցում նրանց հետ: Այդ կապը, համագործակցությունն ստեղծելը առաջնային խնդիր է այսօր: Մարդիկ կարոտ են քաղաքապետարանի հետ շփմանը, համագործակցությանը: Հարկավոր է, որ նրանց լսող, հասկացող լինի:
-Ձեր նախընտրական խոստումներում նշում եք, որ պետք է ապահովեք հատուկ վերաբերմունք պատերազմի, աշխատանքի վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ: Ի՞նչ եք հասկանում` հատուկ վերաբերմունք ասելով:
-Ես, հատուկ վերաբերունք ասելով, նկատի չունեմ միայն նյութական օժանդակությունը: Մարդկանց պետք է բարոյապես սատարել, հիշել նրանց տարբեր տոների առիթներով ու առանց առիթների, մտնել յուրաքանչյուրի ընտանիք, կիսել օրվա հոգսը:
-Բերդցիներն ասացին, որ Դուք մինչ այս էլ որոշակի ծառայություններ եք մատուցել քաղաքին, մասնավորապես` Ձեր անձնական միջոցներով բարեկարգել եք քաղաքի ճանապարհները:
-Ես 6000 խորանարդ մետր ասֆալտի մնացորդով խճապատման աշխատանքներ եմ կատարել Բերդի ամենաանխնամ թաղամասերում: Այդ աշխատանքները կատարում եմ արդեն 13-14 տարի, և նախընտրական գործընթացի հետ դա ոչ մի կապ չունի: Դա եղել է իմ` որպես Բերդի քաղաքացու ցանկությունը:
-Դուք խոստանում եք հատուկ վերաբերմունքի արժանացնել նաև մանուկներին, այնինչ Ձեր քաղաքի միակ մանկական խաղահրապարակը ներկայումս վաճառված է մասնավոր անձերի: Ի՞նչ եք մտադիր անել այս հարցում, և բավարա՞ր են արդյոք Ձեր ուժերը:
-Եթե ես իմ խոստումների ռեալ իրագործման հնարավորությունը չտեսնեի, թեկնածությունս պարզապես չէի առաջադրի: Ես իմ վաղվա աշխատանքը հստակ տեսնում եմ: Այս քաղաքում հարգանք ու հեղինակություն ունեցող մարդ եմ, և ոչ մի կերպ չէի ցանկանա կործանել այդ հարգանքն ու հեղինակությունը: Եթե ի զորու չլինեի դա անելու, չէի ձգտի դառնալ քաղաքապետ: Ես ցանկանում եմ աշխատել: ՈՒ այդ խաղահրապարակի ճակատագիրը և Բերդի մանուկների բարեկեցությունն ինձ իսկապես մտահոգում են: Ես հավատացած եմ, որ մեր երեխաներն այդ հրապարակում խաղալու են, ես դա տեսնում եմ: Ես շարունակելու եմ ծառայել իմ քաղաքին, իրագործել այն ծրագրերը, որոնք արդեն իրագործում եմ տարիներ շարունակ: 20 տարի է, որ ծառայում եմ իմ քաղաքին: Ես այն ժամանակ չէի մտածում, թե պիտի քաղաքապետի թեկնածու դառնամ: Անում էի, որովհետև սիրտս ցավում էր իմ քաղաքի համար: Մարդկանց հետ շփվել ու նրանց իմ հնարավորության սահմաններում օժանդակել եմ միշտ` առանց քաղաքապետ դառնալու ծրագիր ունենալու: Ես դա արել եմ, որովհետև դրանից ինձ լավ եմ զգում: Ես քաղաքապետի թեկնածու եմ առաջադրվել ընտրվելու համար, չընտրվելու համար չեմ առաջադրվել: ՈՒ ես չեմ որոշել ընտրվել քաղաքապետ: Դա որոշել են իմ համաքաղաքացիները: Մարդիկ իրենք են ինձ հանգեցրել այս որոշմանը: Իմ քաղաքի անորոշ ճակատագրով մտահոգ մարդիկ նստել են, միասին քննարկել, հորդորել ինձ, որ առաջադրվեմ: ՈՒ ես, ի վերջո, համաձայնել եմ, որովհետև այդ պահը հասունացել էր: Ժողովրդի ցանկությունն է դա: Ինձ չեն էլ խնդրել, ուղղակի պարտադրել են: Եվ ինձ համար իմ ժողովրդի ցանկությունն ավելի կարևոր է, քան էլեկտրացանցի բարձր աշխատավարձը: Շամշադինում այսօր սիրով են հիշում բոլոր այն ղեկավարներին, ովքեր երբևէ բարի ծառայություններ են մատուցել մեր ժողովրդին: Լավ գործը չի մոռացվում, ու ես էլ եմ ցանկանում մնալ իմ համերկրացիների հիշողության մեջ ապագայում, ես էլ եմ ուզում, որ ինձ բարի անունով հիշեն: Ես ցանկանում եմ բարօրության մեջ տեսնել ոչ միայն իմ ընտանիքը, այլ նաև իմ քաղաքն ու նրա քաղաքացիներին: Եվ իմ հնարավորություններն ու ցանկություններն այս պահին համընկնում են Բերդի քաղաքապետ դառնալու հարցում:
-Բերդում գործում է երկու մանկապարտեզ: Դուք մանկապարտեզների հետ կապված ծրագրեր ևս ունեք: Ինչպե՞ս պիտի իրագործեք:
-Ես մտածում եմ, որ պիտի հասնենք այն բանին, որ երեխաների մանկապարտեզ հաճախելը դառնա լրիվ անվճար: Այս նպատակն իրագործելու համար ֆինանսներ պիտի ներդնեն թե՛ քաղաքապետարանը, թե՛ մեր համաքաղաքացի անհատ ձեռներեցները, որոնցից շատերն այսօր ապրում ու աշխատում են Ռուսաստանում և պատրաստակամ են տրամադրելու իրենց օժանդակությունը հարազատ քաղաքին: Ասեմ, որ նրանք խոստացել են, որ իմ` քաղաքապետ ընտրվելու դեպքում կստեղծեն «Բերդ» բարեգործական հիմնադրամ, և ամեն ամսվա կտրվածքով որոշակի գումար կտրամադրեն մեր քաղաքի շենացման համար: Նրանք առաջ էլ են փորձել օժանդակություն ցուցաբերել քաղաքին, բայց ստեղծված անվստահության մթնոլորտը թույլ չի տվել անել այդ:
-Ձեր քաղաքում, ինչպես և Հայաստանի շատ այլ քաղաքներում, կենցաղային խնդիրների պակաս չի զգացվում: Դա հենց առաջին հայացքից աչքի է զարնում: Ի՞նչ եք մտադիր ձեռնարկել այս ուղղությամբ:
-Մենք ունենք ջրամատակարարման լուրջ խնդիր: Եթե քաղաքապետարանի կողմից մի փոքր ներդրում լինի այս հարցում, ապա դա խթան կհանդիսանա, որ «Հայջրմուղկոյուղին» կատարի խոշոր ներդրումներ, և մեր քաղաքում ոչ միայն բարելավվի մատակարարվող ջրի որակը, այլև երկարացվի ջրամատակարարման ժամանակը և որոշ ժամանակից հետո էլ դառնա շուրջօրյա: Սրանք իրապես լուծելի խնդիրներ են: Հարկավոր է միայն ցանկություն ունենալ և խելացի քայլեր կատարել այս ուղղությամբ:
-Խոստանում եք Բերդում ստեղծել նոր աշխատատեղեր: Ինչպե՞ս եք դա պատկերացնում այս փոքր քաղաքում:
-Մեր տարածաշրջանը միշտ եղել է գյուղատնտեսական տարածաշրջան: Ես նոր աշխատատեղեր ստեղծելը պատկերացնում եմ մի ձևով. մարդկանց պետք է օգնենք, որ կարողանան մշակել իրենց հողը: Մի քանի տարի պետք է ինքներս ներդրում անենք, որ մշակեն հողը, ու հասցնեն այն վիճակին, որ հետագայում կարողանան ինքնուրույն մշակել:
Պարբերաբար, ամեն տարի պիտի համայնքի միջոցներից դոտացիա տրվի այդ հողերը մշակելու համար: Ով հող ունի, պիտի կարողանա այդ հողից եկամուտ ստանալ:
-Դուք ունեք ոռոգելի և չոռոգվող հողեր, այո՞:
-Այո՛: Եվ մեր հողագործական ծրագրերում առաջին հերթին ընդգրկվելու են ոռոգման տակ գտնվող հողերը: Դրանից հետո միայն պիտի զբաղվենք մյուս հողատարածքների իրացմամբ: Մենք ունենք «Պեռնո Ռիկար» կոնյակի մայր գործարանի մասնաճյուղն այստեղ, որը զբաղվում է խաղողի մթերմամբ: Կան «Մասիս Տոբակոյի» մթերման կետեր: Պիտի համագործակցենք այդ հաստատությունների հետ, ապահովենք գյուղատնտեսական արտադրանքի մթերման գործընթացը: Մենք պիտի ոռոգվող հողից կարողանանք բավարար արդյունք ցույց տալ, որպեսզի իրավունք ունենանք կառավարության առաջ հարց բարձրացնելու` զբաղվելու նաև չոռոգվող հողատարածքների իրացմամբ, պահանջելու այդ նպատակի համար համապատասխան ներդրումներ: Մեր կառավարությունն այնքան հարուստ չէ, որ կարողանա փողեր թափել այն տեղում, որտեղ դրա կարիքն իսկապես չկա: Մենք պիտի ապացուցենք, որ այդ ներդրմանն արժանի ենք: Պիտի ապացուցենք, որ մեր աշխատանքի արդյունքում մարդիկ ոչ թե լքում են Բերդը, այլ մնում ու ապրում են Բերդում:
-Հող մշակելու համար միայն մարդու ֆիզիկական ուժը բավարար չէ: Ի՞նչ եք մտադիր անել հողագործին գյուղտեխնիկայով ապահովելու հարցում:
-Առաջին հերթին պիտի ձեռք բերվեն աշխատող մեխանիզմներ, և դրանք պիտի լինեն այնպիսի վիճակում, որ գյուղացին չհիասթափվի: Ես ինքս հող եմ մշակում և հասկանում եմ, թե ինչ է նշանակում տեխնիկայի փչանալը հողագործական աշխատանքների ընթացքում: Թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից դա մեծ հարված է հողագործին: Մարդը ծանր հոգեվիճակի մեջ է լինում այդ պահերին, հիասթափվում է հողից: Բնականաբար, պետք է աշխատենք մարդկանց ապահովել նոր տեխնիկայով: Կան մարդիկ, մասնագետներ, որոնց հետ քաղաքապետարանը պետք է պայմանագրեր կապի, օգնի, որ տեխնիկան պահեն սարքին վիճակում և ծառայեցնեն ըստ նպատակի: Մենք շատ լավ մասնագետներ ունենք, որոնց պետք է շահագրգռել, որ աշխատեն: Եվ առաջին հերթին պետք է շահագրգռել հենց մարդկային վերաբերմունքով: Մեր ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է: Եթե մարդկային վերաբերմունքի արժանացնես, անպայման բարերար արդյունքը կերևա:
-Ձեր նախընտրական խոստումների մեջ այդ հանգամանքը նշված է առանձին կետով. փաստորեն, Բերդի բնակչությունը ղեկավարության հետ անմիջական շփման կարոտ ունի: Եթե դառնաք քաղաքապետ, Ձեր զբաղվածությունը թույլ կտա՞ այդ շփումներին ժամանակ հատկացնել:
-Իմ զբաղվածությունն այդ շփումների մեջ է լինելու:
-Մտադիր եք համագործակցել տարածաշրջանի հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների հետ: Մեխանիզմներ մշակե՞լ եք:
-Ես արդեն համագործակցում եմ: Բոլոր այդ օղակների հետ կապեր ունեմ, և այդ համագործակցությունը նպաստավոր հող է ստեղծում ոչ միայն Բերդի ու նրա բնակիչների, այլև հարակից շրջանների համար: Մենք պիտի նստենք ու որոշենք, թե որ ծրագրի իրագործումը Տավուշի որ հատվածի համար է ավելի նպատակահարմար: Մեր գյուղապետերը, հիմնարկների ղեկավարները պիտի համագործակցեն ու իրենց համար առաջնային դարձնեն ոչ թե նեղ անձնական, այլ տարածքի համընդհանուր շահը: Բերդցին պիտի մտածի չինարեցու, չինարեցին` այգեպարցու, այգեպարցին` մովսեսցու մասին: Մեկս մյուսին զիջելով` պիտի աշխատենք: Առաջնահերթը դիմացինին իրական խնդիրը հասկացնելն է, դրա լուծման կարևորությունն ապացուցելն է: Իսկ դրա համար պիտի լինի համատեղ աշխատանք, փոխըմբռնում: Բերդի բյուջեն այնքան մեծ չէ, որ կարողանաս բոլոր խնդիրները լուծել: Բայց փոխադարձ համագործակցության, խնդիրների հստակեցման պարագայում շատ բանի կարելի է հասնել: Ես կարծում եմ, որ մյուս համայնքները նույնպես կարող են օգտակար լինել: Սահմանամերձ քաղաք կամ գյուղ լինելը նշանակում է լինել սահմանապահ: Չինարիից ու Բերդից սկսած` բոլորը սահմանապահ գոտիներ են: Եվ համագործակցությունը սահմանապահ ժողովրդի ու սահմանը պահող զինվորի միջև առաջնային խնդիր է այսօր: Մեզ համար շատ կարևոր է սահմանամերձ տարածաշրջանի խաղաղության ապահովումը: Իսկ այդ խաղաղության ապահովողը ոչ միայն սահմանում կանգնած զինվորն է, այլև այս տարածաշրջանի ողջ ժողովուրդը: Մենք պետք է հասնենք նրան, որ զինվոր-ժողովուրդ համագործակցությունը լինի ամենաբարձր մակարդակում: Իմ նպատակն այն է, որ այս ընտրություններից հետո Բերդի ժողովրդի կյանքում լուրջ դրական փոփոխություն լինի: Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում խելացի համագործակցությունը և մեր խնդիրների ճիշտ առաջադրումը հանրապետության ղեկավարների առջև կտան իրենց դրական արդյունքը, և ես համոզված եմ, որ կարճ ժամանակում մենք Բերդում կարող ենք ունենալ մեքենատրակտորային կայան` համալրված նորագույն տեխնիկայով: ՈՒ սա կկանգնեցնի նաև արտագաղթը:
-Խոսեցիք ամենացավոտ հարցից` արտագաղթից: Իմ ունեցած տվյալներով` նախկին տասներկու հազարի փոխարեն այսօր Բերդում ապրում է ութ հազար մարդ: Այս աղետն ինչպե՞ս պիտի կանխվի:
-Ես Ձեզ վստահեցնում եմ, որ հենց հիմա իմ նախընտրական շտաբում կան մարդիկ, ովքեր սպասում են ընտրության արդյունքներին: Իմ ընտրվելու դեպքում նրանք պատրաստ են վերադառնալու Բերդ ու ապրելու, աշխատելու այս քաղաքում: Ես համոզված եմ, որ մեր տարածաշրջանի ամենալուրջ խնդիրը արտագաղթն է: Ցանկացած ընտանիքում այսօր այդ խնդիրը ծառացած է: Մենք պիտի մեր աշխատանքով նվազեցնենք կամ իսպառ բացառենք այդ խնդիրը: Իսկ դրա տարբերակներից մեկը մարդկանց աշխատանքով ապահովելը պիտի լինի: Արդեն խոսեցի գյուղատնտեսական աշխատանքներին նպաստելու ծրագրերի մասին: Պետք է նաև զարկ տալ մանր և միջին ձեռնարկատիրության, բիզնեսի զարգացմանը: Տեղական հարկերից և տուրքերից որոշակի զեղչեր պիտի արվեն օրենքի սահմաններում` հօգուտ բնակչության: Քաղաքապետարանն ունի այդ հնարավորությունը, և ավագանին էլ, բնականաբար, դեմ չի լինի այսպիսի մոտեցմանը:
-Մեր հանրապետությունում գրեթե անխուսափելի են նախընտրական և հետընտրական խմորումները: Եթե Դուք ընտրվեք քաղաքապետ, պարտված թեկնածուներին ինչպե՞ս կվերաբերվեք: Կառաջարկե՞ք համագործակցել:
-Նախկինում, իրոք, Ձեր նշած խմորումները եղել են: Իրականում ընտրված քաղաքապետը քաղաքապետ չի դարձել: Եվ դա լուրջ լարվածության մեջ է պահում քաղաքը մինչ օրս: Իմ նպատակը հետագայում միայն ու միայն այդ համագործակցության ապահովումն է: Իրավիճակային լարվածություն թույլ չտալը մեզ համար գերխնդիր է այսօր: Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ Բերդի տարածքում գրանցված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հիմա հավաքված են մեր շտաբում` ՀՀԿ-ի տարածքային գրասենյակում, և պաշտպանում են իմ թեկնածությունը:


Զրուցեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Բերդ-Երևան

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Վաճառված խաղահրապարակ Բերդում
Բերդի բնակչուհի Քրիստինե Նորեկյան
Բերդի բնակչուհի Նելի Օհանյան
Բերդի բնակչուհի Ժենյա Կարապետյան
Դիտվել է՝ 9573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ