USD484.29
EUR551.32
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Եվրախորհրդարանի բանաձևը` Ռամիլ Սաֆարովի գործով

Եվրախորհրդարանի բանաձևը` Ռամիլ Սաֆարովի գործով
13.09.2012 | 20:07

Եվրախորհրդարանում արդեն հրապարակվել է Ռամիլ Սաֆարովի գործով բանաձևը, որը քիչ հետո քննարկման կդրվի: Բանաձևում նշված է.

«Հիմք ընդունելով Ադրբեջանում տիրող իրադրության մասին ընդունած իր նախորդ, հատկապես` մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևերը, Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու առնչությամբ ԵՄ կառույցների հայտարարությունները, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը` հրապարակված սեպտեմբերի 3-ին, ըստ որի` Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորություններին համապատասխան (էքստրադիցիայի վերաբերյալ միջազգային օրենքում ամրագրված փորձը, էքստրադիցիայի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի, մասնավորապես` դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիան, Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի պաշտոնական նամակը` ուղղված Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարին), Եվրոպական խորհրդարանը համարում է, որ նախագահի կողմից նման կարճ ժամկետներում ներում շնորհելը հարցականի տակ է դնում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու խնդրագրի դրդապատճառները, որոնք չեն համապատասխանում օգոստոսի 15-ին Հունգարիային ուղղված` Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի նամակի բովանդակությանը:
Որպես հետևանք` Հայաստանը 2012 թվականի օգոստոսի 31-ին խզեց հարաբերությունները Հունգարիայի հետ:
Բանաձևի համաձայն` հայ զինվորին սպանողին ներում շնորհելը սրում է տարածաշրջանային լարվածությունը: Հաշվի առնելով վերը նշվածները` Եվրոպական խորհրդարանը.
1. Ափսոսանք է հայտնում մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ շուքով ընդունելու, ինչպես նաև նրան մայորի կոչում շնորհելու և ժամանելուն պես նրան` իր 8 տարվա աշխատավարձի չափով գումար շնորհելու առնչությամբ:
2. Քաջալերում է Հայաստանին և Ադրբեջանին` շարունակելու հաշտեցման գործընթացը:
3. Հիշեցնում է, որ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ Ադրբեջանի հետ ներկայումս բանակցություններ են ընթանում, ընդգրկում է մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դրույթներ ու չափորոշիչներ, որոնց պետք է հետևել:
4. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին` ջանքեր գործադրել` բարեփոխելու դատական ողջ համակարգը, մասնավորապես` դատական կարգով հետապնդման, դատավարության, դատապարտման, ազատազրկման ու բողոքարկման գործընթացները:
5. Կոչ է անում Ադրբեջանին` ենթարկվել այս երկրի մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռներին:
6. Հանձնարարում է Եվրախորհրդարանի նախագահին, որպեսզի նա այս բանաձևը փոխանցի Եվրոպայի խորհրդին, Հանձնաժողովին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Ադրբեջանի և ԵՄ անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao