Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ով որ չուրանա իր անձը, չվերցնի իր խաչը և չգա իմ հետևից, ինձ արժանի չէ»

«Ով որ չուրանա իր անձը, չվերցնի իր խաչը և չգա իմ հետևից, ինձ արժանի չէ»
14.09.2012 | 11:52

Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում ասում է. «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն և իմաստություն»։ Արդ, ո՞րն է խաչի զորությունն ու իմաստությունը։ Խաչը զորության նշան է. ներքևի մասն ավերեց դժոխքը, վերևի մասը բացեց երկնքի արքայության դռները, աջ թևը պարգևներ է բաշխելու արդարներին, ձախ թևը դատապարտելու է մեղավորներին։
Խաչն իմաստության նշան է։ Նոյից հետո մարդիկ, պարծենալով իրենց ամբարտավանությամբ, կամեցան աշտարակ շինել և հասնել Աստծո գահին։ Սակայն պատժվեցին, քանի որ Աստված խառնակեց նրանց լեզուները, և այլևս չէին կարողանում իրար հասկանալ։ Գրիգոր Լուսավորիչն իր վարդապետության մեջ ասում է, որ Աստված չանտեսեց մարդկանց աստվածանալու ձգտումը. նոր աշտարակ հաստատեց` երկրից մինչև երկինք` Քրիստոսի խաչը։ Սուրբ Հոգու հրեղեն լեզուները խաչի տեսքով իջան առաքյալների վրա և կրկին միավորեցին մարդկանց խառնակված լեզուները։ Եթե աշտարակի կործանումից հետո մարդիկ այլևս չէին հասկանում իրար, ապա հոգեգալստյան օրը, երբ Սուրբ Հոգին խաչի նշանով տրվեց առաքյալներին, տարբեր ազգության մարդիկ հասկանում էին միմյանց և միաբերան փառաբանում Աստծուն։
Ադամը ձեռքը մեկնեց և կերավ արգելված ծառի պտղից, ուստի Քրիստոս իր բազուկները տարածեց Խաչի ծառի վրա, որպեսզի Ադամի մեղքը գամի խաչափայտին։ Պատվիրանազանցության պատճառով նախաստեղծների առջև փակվեց դեպի կենաց ծառը տանող ճանապարհը, ուստի Քրիստոս Գողգոթայի բարձունքի վրա կանգնեցրեց նոր կենաց փրկության ծառը` խաչը, որից կախված է կենաց պտուղը` Հիսուս Քրիստոս։
Խաչի նշանով ստեղծվեցին բոլոր արարածները, այդ նշանն է երևալու երկնքում Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Առավել իմաստալից և խոր ըմբռնում ունի Քրիստոսի կենարար խաչը հայ եկեղեցու վարդապետության մեջ։ Մեր եկեղեցին ավանդաբար խաչը ներկայացնում է ծաղկած, որը կոչվում է Էջմիածնական ծաղկյալ խաչ։ Միայն մեր ազգին է բնորոշ տարբեր հորինվածքներով խաչքարերի կերտումը։ Սա ևս մեծ իմաստություն ունի. երբ Ծաղկազարդի օրը հրեաները կամենում էին լռեցնել աղաղակող բազմությանը, Քրիստոս ասաց. «Եթե դրանք լռեն, քարերը կաղաղակեն»։ Իրապես, այսօր վաղուց արդեն լռել է խաչքարագործների աղոթքը, բայց նրանց շինվածքները` խաչքարերը, դեռ աղաղակում են և պիտի աղաղակեն ու պատմեն խաչի ու Խաչյալի անպարտ զորության մասին։
Քրիստոսի արյամբ էր, որ ներկվեց այդ մահապատժի գործիքը, և դարձավ զորության ու փրկության նշան։ Քրիստոս իր խաչին խաչակից լինողներին խոստացավ նաև փառքին փառակից լինել։ Քրիստոս խաչի վրա յոթ նախադասություն արտասանեց, որոնք էլ դարձան մարդկության փրկագործության բանաձևերը։ Որպեսզի ամբողջապես ընկալենք ու հասկանանք խաչի փրկագործությունը, մեջբերենք խաչի պատմությունը։

ԽԱՉԱՓԱՅՏԻ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
Վարդապետներից ոմանք ասում են, թե երբ Ադամը հիվանդացավ մահվան հիվանդությամբ, Սեթին, որ բարի էր, ուղարկեց դրախտի հրեշտակի մոտ, որ պահապան էր կարգված, որպեսզի նա կենաց ծառից նրա առողջության համար գոնե մի պտուղ տա։ Եվ հրեշտակն այն ծառից, որ խաբվելով կերան, մի ոստ տվեց և ասաց. «Տնկի՛ր սա, և երբ պտուղ բերի, ճզմիր այն հորդ գլխին և կառողջանա»։ Երբ Սեթը բերեց այն, իմացավ, որ հայրը մահացել է։ Բայց ոստը տնկեց Ադամի սնարի վրա, և մեծ ծառ եղավ։ Ջրհեղեղից հետո Հոգու հրամանով այն հողմահարվելով տնկվեց Լիբանանի մայրիների մեջ։
Երբ Սողոմոնը շինեց տաճարը և ավարտեց այն, այդ բերված փայտն այդպես էլ ոչնչի պետք չեկավ, ու այն դրեցին որպես կամրջի մի գերան։ Այն ժամանակ, երբ հարավի թագուհին Սողոմոնին այցելության եկավ, տեսնելով այդ կամուրջը` չէր ուզում անցնել, ասաց. «Այս փայտից հրեաների թագավորին են կախելու, և այնուհետև կվերանա հրեական թագավորությունը»։ Սողոմոնը, այդ լսելով, հողը խոր փորեց ու փայտը գցեց այնտեղ, և այն չէր երևում։
Քրիստոսի ժամանակներում, Պրոբատիկեի ավազանի շարժի ժամանակ, այդ փայտը ջրի երես ելավ։ Եվ հրեշտակի` ջրերի խառնելով ու այդ փայտի զորությամբ ամեն ախտ, վերք ու հիվանդություն առողջանում էին, ինչը պատմվում է Ավետարանում։ Երբ Քրիստոսին տանում էին խաչելու, առան այդ փայտը և մի ուրիշ փայտի հետ խաչ պատրաստեցին, որի վրա էլ խաչեցին Նրան։ Եվ ճզմվեց Ադամի գանգին խաչի Պտուղը` Քրիստոս, և ճշմարտապես կենդանություն եղավ Ադամին։
Քրիստոս ասում է. «Ով որ չուրանա իր անձը, չվերցնի իր խաչը և չգա իմ հետևից, ինձ արժանի չէ»։ ՈՒստի, եղբայրներ, Քրիստոսի տեսությանն արժանանալու համար ուրանանք մեր անձը, վերցնենք մեր խաչը և հետևենք Փրկչի պատգամներին։


Տեր Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տաթևի վանքի վանահայր

Դիտվել է՝ 3812

Մեկնաբանություններ